Նայել RSS հոսքը

Աբելյան

Թերթելով Կյանքիս էջերը...(մաս 1)

Գնահատական. 2 ձայն, 5.00 ընդհանուր:
"Կյանք" չեմ ունեցել ի սկզբանե: "Կյանքիս էջեր" ասելով օրագրերիս էջերը նկատի ունեմ: Ակումբում 3 հատ անկապ օրագիր ա եղել, 3-ում էլ գրել եմ, դրա համար էլ էդ օրագրերը պայմանականորեն կարամ համարեմ ԻՄը: Ու որոշել եմ թերթեմ 3 օրագրերիս էջերը, տեսնեմ, հիշեմ, ուրախանամ, տխրեմ, մի խոսքով, պարապ եմ մնացել: Տարին մի 2-3 անգամ էլ տնային ալբոմն եմ նայում, էլի հիշում, բայց էս մեկը ուրիշ զգացողություններ ինձ կբերի, որովհետև իմ վերջի 2 տարիների կյանքն ա "հանգչում" էդ անկապ օրագրերում: Ուրիշ ոչ մի օրագրի մեջ չեմ "թաղել" ապրածս օրերը:
Հա, ու միանգամից ասեմ, ձեր համար էս ամենը կարդալը ձանձրալի կլնի: Ընդամենը իմ համար եմ գրում:

է՜ աշխարհ, աշխարհ...
ռեֆերատի համար սկի մի քանի տող ինքնուրույն գրել էլ չեմ ուզում, copy-paste եմ անում
ոչ մի բանի հավես չունեմ ու ինչ-որ բանի հավես ունենալու հավես էլ չունեմ
Իմ հետ մի բան էն չի: Մի տեսակ դատարկություն եմ զգում իմ ներսում: Կարող ա՞ սոված եմ: Կարող ա: Բայց թե ուտելու հավես էլ չունեմ: Կարող ա՞ լավ չեմ քնել, հոգնած եմ մնացել: Բայց թե քնելու հավես էլ չունեմ: Քնեմ էլ՝ բա միջանկյալներ-զաչոտները... Մի ամիս էլ չի մնացել: Պարապել ա պետք: Օրը 4-5 ժամ... Արա դե լավ էլի...

19.11.2007 թ.
Է՜ Հայկո ջան, դու հլա փառք էիր, իսկ այ ես զարմացա, որ կարդացի քո օրական 4-5 ժամ պարապելու մտադրության մասին: Իսկականից արա դե լավ էլի...

Ինչ լավ օր էր...
Էսօր ես մի քանի ժամով երջանիկ եմ եղել: Բայց ընդամենը մի քանի ժամով:
Կյանքումս էսքան չէի պարել: Կյանքումս էսքան չէի երգել: Կյանքումս էսքան չէի ուրախացել երևի: Կյանքումս էսքան չէի զգացել կուրսեցիների հետ լինելու կայֆը: Էհ, ափսոս... Էս օրն էլ անցավ, գնաց: Էլի տխուր եմ: Մնաց 1.5 տարի, դրանից հետո` հայդե բանակ, դրանից հետո կյանքն ա սկսելու: Էլ չեմ զվարճանալու կուրսեցիներիս հետ, էլ չեմ պարելու, էլ չեմ զգալու էտ կայֆը: Նայելու եմ ֆոտոները ու ասեմ. "ինչ լավ օր էր... "
Տխուր եմ: Մեխանիկայի հաստաքամակ խնդրագիրքը սեղանի վրա կազմ ու պատրաստ ինձ ա սպասում, որ էս կեսգիշերին զբաղվեմ (վատ բան չմտածեք) մեջի խնդիրներով ու շեղվեմ ֆուտբոլից: Գտնել էս կետի հավասարումը, էն կետի արագությունը, էս զիբիլը, էն զահրմարը... Տո իմ ինչին ա պետք էտ անտեր կետի հավասարումը: Կետ, որ ով գիտի իրականում գոյություն էլ չունի Բայց քննություն կա դեմը: Վաղը անալիզը սեմինարի եմ, 5 օրից էլ միջանկյալն ա: Ու էտ ամեն ինչը իմ կայֆը հարամ ա անում:
Ինչ լավ օր էր...

13.12.2007
Ցավոք սրտի, Հայկո ջան, քո կանխատեսումները չիրականացան, ու դու նորից հայտնվել ես "մնաց 1.5 տարի" կարգավիճակում, դրանից հետո` հայդե բանակ: Էս անգամ հաստատ:

Երեկ մեխանիկա էի պարապում, ու հանկարծ իմ պայծառ ուղեղով մի կարևոր հայտնագործություն արեցի. վերջում ինձ խփելու ա կամ ինֆակտը, կամ` ես ինքս: Իսկ էտ վերջը երբ ա գալու, կպարզվի երևի երկու շաբաթից: Էհ... Ամեն մի կիսամյակից մազապուրծ ըլնելուց հետո ինձ հույս եմ տալի, որ մյուս կիսամյակը ավելի հեշտ կլնի, բայց արի ու տես, ամեն հաջորդ կիսամյակ ինձ ավելի մեծ տանջանքներ ա բերում, քան թե նախորդը: Համենայն դեպս, ոչ մեկին խորհուրդ չի տրվում իմ պարապելուն ներկա գտնվել իմ հետ նույն սենյակում, եթե տենում եք, որ մոտս ինչ-որ մի բան չի ստացվում: Առայժմ ինձ զսպում եմ մի կերպ, բայց մեկ էլ տեսար չդիմացա, ու ես էլ չգիտեմ ինչ կկատարվի: Ախր որ մեղքիս համար ինձ ստիպեցին, որ մաթեմատիկոս դառնամ, եթե լեզուներից ես ավելի ուժեղ եմ: Ուր էր մի հատ նորից ծնվեի, որ ամեն ինչը իմ ուզածով սադավորեի...
12.01.2008
Հերթական քննությանը պատրաստվելիս իմ անկարողությունը ինձ հերթական անգամ ստիպեց վերցնել ձեռքս գրիչը ըըըըը... Ստեղնաշարը ու տպել հերթական ռեքվիեմը, որը անմահ չէր, բայց թեթևացրեց դարերի խորքից եկող իմ նախաքննական վշտերի հերթական նոպան: Իսկ ինչ վերաբերվում ա քննությանը, 4 ստացա, ու էդքանից հետո էլ ինձ կկոտորեի 5-ի համար, եթե էսօրվա համառությունից ունենայի:

"Բարև իմ մանչուկ: Խնդրում եմ քեզ վատ չզգաս իմ այս բառերից, քանզի մանչուկը դա դեռևս մաքուր հոգով, ազնիվ և բարի էակ է, ինչպիսին ես դու՝ իմ մտածմունքների փոքրիկ իշխան:"
Կյանքումս առաջին անգամ Վալենտինի օրվա առթիվ նամակ ստացա ու զարմացա. ո՞ր մեկը իմ նմանին տենց բան կգրի: Ինչքան էլ հաճելի բաներ էին գրված... Երկու էջանոց նամակ էր, որ ձեռիս մեջ գանձի նման շուռումուռ էի տալի ու կարդալով քայլում էի ֆակուլտետի միջանցքով: Մինչև միջանցքի ծերը չհասած, արդեն ամբողջությամբ կարդացել էի: Մի շնչով:
"Բացեմ մի գաղտնիք՝ ես նույնպես քո ֆակուլտետից եմ"
որից հետո եկան քաղաքական բնույթի նախադասություններ, որոնք կազմողը երևի ժամանակի սղության պատճառով շտապել էր ու մի քիչ ոչ ռոմանտիկ էր գրել.
"Սա արդեն լավ նախապայման է մեր հարաբերությունները դեպի լավը զարգացնելու համար, չքնաղ ջա՜ն..."
"Ես չեմ հանձնվի, կհետաքրքրվեմ քեզանով, կշարունակեմ մտածել քո մասին, ինչպես հիմա է", սա արդեն էս նախընտրական շրջանում ոնց որ նախընտրական խոստում ըլներ:
Ես քյոռի նման կարդում էի ու ինձ զգում նույն վիճակում, ինչ որ իշխանությունների քաղցր ստերից խաբված շարքային քաղաքացին:
Վերջում քառատող էր գրված.
"Հմայում ես բոլորին,
Անորոշ է քո հոգին,
Յուրովի ես այս աշխարհում,
Կհաստատվես դու իմ սրտում"
էհ, կարդացի ու հենց որ հուզմունքս ցրվեց, հասկացա, որ հոգեպես երազախաբ եմ եղել: Ոնց կարա մի ինչ-որ աղջիկ լրջով տենց բան գրած ըլնի: Ախր ձեռագիրն էլ ոնց որ տղու ձեռագիր ըլներ: Բայց լավ ա. հաճելի պահեր ապրեցի: Հետո կուրսեցիներիս մոտ եմ կարդացել, ու միասին կուշտ խնդացել ենք: Ոչ մեկ չիմացավ, թե ում ձեռի գործն ա դա: Մեկն էլ ասեց, որ հաստատ աղջկա գրած ա: Ամեն դեպքում, էսի իմ կյանքում առաջին նմանատիպ նամակն ա, ճիշտ ա անլուրջ, բայց թե ոչինչ: Տարիներով պահելու եմ մոտս, ու եթե հայտնի մարդ դառնամ, մեռնելուցս առաջ կասեմ, որ իմ ապագա տուն-թանգարանում դա որպես նմուշ պահեն ու խնամքով վարվեն հետը, կամ էլ հակառակ դեպքում աճուրդի հանեն:

14.02.2008
Տաղ նախընտրական: Խոստումներ, լավ խոսքեր ու ինչպես միշտ` օդ ու փուչիկ, որին ես, որպես փորձված քաղաքագետ, չհավատացի: Հետագայում պարզվեց, որ նամակի հեղինակը կուրսեցիս ա եղել, որի հետ միասին դասերին ջրիկանում էի: Հնարել ա, թելադրել ա մեկին, էդ մեկն էլ գրել ա կիսաաղջկական ձեռագրով: Բայց թե նամակը մինչև օրս էլ պորտմանիս ջեբում եմ պահում:

Ավարտվեց նախագահական ընտրությունների ամբողջ պրոցեսը՝ սկսած քարոզարշավից (ավելի ճիշտ՝ հակաքարոզարշավից), վերջացրած նախագահի փոփոխությամբ: Պրոցեսը տևեց ոչ թե 2.5, այլ 6.5 ամիս (սկսվել էր 2007 թ. սեպտեմբերի վերջին) և ավարտվեց ժողովրդի հաղթանակով: Այո, նախագահ "ընտրվեց" Սերժ Սարգսյանը, բայց այսօր գրեթե բոլորը գիտեն, որ մեր երրորդ նախագահը ամենևին էլ նա չէ: Իրական նախագահը այն նախագահն է, որը ոչ թե "ընտրվում" է, այլ որին ընտրում է ժողովուրդը: Հետընտրական իրադարձությունները վկայում են, որ Սերժ Սարգսյանին ժողովուրդը չի ընտրել: Եթե այդպես լիներ, ապա Հայաստանի Հանրապետական Հրապարակում բռնի կերպով բերված տասնյակ հազարավոր "ցուցարարները" չէին գնա դեպի Ազատության Հրապարակ: Եթե այդպես լիներ, ապա ժողովուրդը երթեր չէր կազմակերպի քաղաքի կենտրոնով: Եվ վերջապես, եթե այդպես լիներ, ապա այսօրը այսքան մռայլ ու ցուրտ չէր լինի և ժողովուրդը միահամուռ կերպով կասեր. "առա՛ջ, Հայաստան": Իսկ դա այդպես չէ:
Այսօր շատերը կասեն. "ԱՄՈ՛Թ, ՀԱՅԱՍՏԱՆ": Ամոթ ոչ թե նրա համար, որ ընտրել ես Սերժ Սարգսյանին, այլ որ ունես մարդիկ, որոնք իրենց երկիրը վարձով տալիս են իրենց համար անծանոթ, կամ իրենց կողմից չընդունված թեկնածուի (ընդ որում վարձը՝ տարեկան 1000 դրամ ): Որոնք կեղծ արդյունքներ են ներկայացնում հանձնաժողովին: Որոնք վախենում են չընտրել այդ թեկնածուին, համարելով, որ կզրկվեն աշխատանքից: Հիրավի, նրանք արժանի են այդպիսի ղեկավարի: Բայց նրանք ժողովրդի հետ չեն: Գումարած դրան՝ ժողովրդին այդպիսի ղեկավար պետք չի: Ժողովուրդը հաղթել է, և նա արժանի է ղեկավարի, որը նրանց տվել է այդ հաղթանակը: Դա ՀՀ 3-րդ իսկական նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Իսկական, քանի որ ժողովուրդը ընտրել է նրան: Մարդ, որը մեզ դուրս է բերել մութ ու ցուրտ տարիներից: Մարդ, որը դուրս է բերել մեզ ճգնաժամից: Մարդ, որը առաջնորդել է մեր երկիրը դեպի զարգացում (ինչը այսօրվա իշխանությունները իրենց են վերագրում): Եվ վերջապես մարդ, որը հանեց ժողովրդին այս կիսաստրկական վիճակից: Շատերի կարծիքով մենք պարտվել ենք, բայց դա այդպես չէ: Մենք հաղթել ենք, քանի որ մենք հիմա միասնական ենք, գիտակից, վճռական և այլևս չենք հանդուրժի ոչ մի բռնապետական իշխանություն: Իշխանությունների կողմից ոչ մի վնասակար քայլ՝ ուղղված մեր դեմ: Եվ բացի այդ՝ մենք մեր վրա բևեռեցինք խոշոր տերությունների ուշադրությունը: Արտասահմանում հասկացան, որ Հայաստանը ոչ թե մի հոյակապ երկիր է, որտեղ մարդիկ ապրում են հոյակապ կյանքով, այլ մի խղճուկ երկիր է, որտեղ ժողովուրդը ցանկանում է կուշտ ապրել, ցանկանում է ազատ ապրել, ցանկանում է աշխատել և կերտել իր ապագան սեփական ձեռքերով: Այո, հաղթե՛լ ենք: Եվ հավատացեք՝ վաղվա համար ավելի մեծ հաղթանակներ ունենք: Մեր ամենամեծ հաղթանակները դեռ առջևում են: Այսպիսով՝ կեցցե՛ ժողովուրդը: Կեցցե՛ ազատ Հայաստանը: Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու:

09.04.2008
Վայ խեղճ Հայկո: Ռոմանտիզմի ալիքի վրա մի փառահեռ պոռթկում երկնեցիր: ՀԱԿ հերթական հայտարարությունը, կապված 2013 թ. նախագահական ընտրությունների հետ, կարծում եմ պատրաստ ա: Ի դեպ, Հայկո ջան, ե՞րբ եք հաղթելու, ամոթ չլնի հարցնելը: Տարիուկես առաջ ուրիշներին էի էդ հարցը տալի, հիմա քեզ եմ ուզում տամ:

Օֆ-օֆ-օֆ
Էս ամեն ինչը անտանելի ա դառել: Էլ սենց ապրել չի կարելի: Բայց ավելի լավ բան սպասել էլ հնարավոր չի: Մնում ա մի հատ լավ տարբերակ, դե էտ էլ ուժերիցս վեր ա:

19.04.2008
Բազմադարյա չարչարանքներդ ընդմիշտ են Կոկա-կոլայի պես: Իսկ դեպի Գողգոթա դեռ հարյուրավոր կիլոմետրեր կան:
Ժամանակը ոչ մի բան չփոխեց: Նույն տրամադրություններն են, ուղղակի օֆերի փոխարեն իշխանության են եկել ուֆերը: Նմանօրինակ իշխանափոխությունը ոչ մի լավ բանի չհանգեցրեց:

Վաղվանից՝ գործ :
Տենաս 3 ամիս կդիմանա՞մ: Բա քննությունները... Չնայած, շատ պետքս ա 5-ը: Մեկ ա մագիստրատուրան մաքսիմում կիսավճար նստեմ, էն էլ պետք չի տենց: Ջհանդամը: Տանում են՝ թող տանեն: Ինչքան շուտ պրծնեմ, էնքան լավ:

01.06.2008
Փաստորեն, եթե նախկինում. "Մագիստրատուրա չեմ անցնի" էր, այժմ արդեն. "Մագիստրատուրան մաքսիմում կիսավճար նստեմ" ա: Մարդկային մտքի էվոլյուցիա...

...Տարօրինակ ոչ մի բան չկա: Մարդը ապրում ա, կյանքը շարունակվում ա իրա բնականոն ընթացքով: Տարօրինակ կլներ, եթե ընդհանրապես տարօրինակություններ չլնեին էս տարօրինակ կյանքում...
...Անարդարությունները կօգտագործես հարմարվելու համար, իսկ ամեն մի բնականոն երևույթ ուրախանալու առիթ կլնի քո համար...

09.06.2008
Իսկ ես էսքանով եզրափակեմ 1-ին մասը ու գնամ քնելու… Մի ուրիշ անգամ կշարունակեմ:

Ուղարկել «Թերթելով Կյանքիս էջերը...(մաս 1)"» Digg-ին Ուղարկել «Թերթելով Կյանքիս էջերը...(մաս 1)"» del.icio.us-ին Ուղարկել «Թերթելով Կյանքիս էջերը...(մաս 1)"» StumbleUpon-ին Ուղարկել «Թերթելով Կյանքիս էջերը...(մաս 1)"» Google-ին

Թարմացել է 10.12.2009, 19:47 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ուլուանա-ի ավատար
    Հայկ։
    Հեչ էլ ձանձրալի չէր։ Քո գրածներն ընդհանրապես ձանձրալի չեն լինում, դե, համենայնդեպս, ինձ համար։ Ուղղակի մի քիչ լավատեսությունը չէր խանգարի։
  2. Աբելյան-ի ավատար
    Հույս ունենանք, որ մի քանի տարուց ամեն ինչ կմոռանամ, եթե էդքան ապրեմ: Բայց էս մոտակա մի քանի տարին լավ բան չեմ սպասում "որպես փորձված քաղաքագետ":
  3. Ուլուանա-ի ավատար
    Իսկ ինչի՞ ես ամեն ինչ քաղաքականության հետ կապում։ Ես ավելի նեղ իմաստով էի ասում։ Չնայած քաղաքականության դեպքում էլ հաստատ լավատեսությունը չի խանգարի, իմ կարծիքով։
  4. Աբելյան-ի ավատար
    Էս վերջին մեկուկես տարին իմ հետ կատարվող երևույթները քաղաքական անցուդարձ եմ համարում, ինձ էլ՝ պետություն: Չգիտեմ, ինձ թվում ա, որ էդ ձևով ավելի հեշտ եմ հասկանում ինքս ինձ:
  5. Ուլուանա-ի ավատար
    Չգիտեմ, ինձ թվում ա, որ էդ ձևով ավելի հեշտ եմ հասկանում ինքս ինձ:
    Ու ավելի պեսիմիստաբար։
  6. Աբելյան-ի ավատար
    Անահիտ ջան, լավատեսությունը ինձ քիչ չի խանգարել: Մինչև ամեն ինչը իրական ձևով ծանրութեթև չարվի, նորմալ լուծում չի գտնվի:
  7. Yeghoyan-ի ավատար
    Հայկօ ջան Ռեմարկը հատուկ քո պատվին տես ինչա ասել

    Իրական ողբերգությունները կարճատև են լինում: Քսան տարուց ավելի ձգվող յուրաքանչյուր ողբերգության` կատակերգության վերածվելու վտանգ է սպառնում…

    Հ.Գ. Հուսով եմ հասկացար
  8. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից
    Անահիտ ջան, լավատեսությունը ինձ քիչ չի խանգարել: Մինչև ամեն ինչը իրական ձևով ծանրութեթև չարվի, նորմալ լուծում չի գտնվի:
    Լավատեսությունն իրատեսությանը չի հակասում ու չի խանգարում, Հայկ, այլ օգնում ա, հաստատ։ Էլի իրատեսորեն ծանրութեթև արա, բայց լավատեսորեն։ Ուղղակի լավատեսությունը, չգիտես ինչի, մարդիկ հաճախ խառնում են ուրիշ երևույթների հետ, դրանից ա էդ պատրանքն առաջանում, որ, իբր, խանգարում ա։ Ի վերջո, ո՞նց կարելի ա պայքարել հանուն ինչ–որ բանի, փորձել ինչ–որ բան փոխել, լուծում գտնել՝ առանց հավատալու, որ կհաջողվի։ Իսկ հավատալն ի՞նչ ա, եթե ոչ լավատեսություն։
  9. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից
    Հայկօ ջան Ռեմարկը հատուկ քո պատվին տես ինչա ասել

    Իրական ողբերգությունները կարճատև են լինում: Քսան տարուց ավելի ձգվող յուրաքանչյուր ողբերգության` կատակերգության վերածվելու վտանգ է սպառնում…
    Չգիտեմ՝ ում պատվին ա ասել, բայց իրոք լավ ա ասել։
    Թարմացել է 11.12.2009, 19:49 ըստ [ARG:5 UNDEFINED]
  10. Հայկօ-ի ավատար
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Չգիտեմ՝ ում պատվին ա ասել, բայց իրոք լավ ա ասել։
    ...
  11. Աբելյան-ի ավատար
    Իրատեսորեն ասում եմ՝ քսան տարի չի ձգվի:
  12. Yeghoyan-ի ավատար
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից
    Իրատեսորեն ասում եմ՝ քսան տարի չի ձգվի:
    Ահա, իհարկե չի ձգվի, դու կմտածես այդ մասին ու նման բան թույլ չես տա