08.12.2009, 20:15 (4478 Դիտումներ)
Ինչ հրաշք է բալիկս, ու չեմ կասկածում, մնացած բոլորի բալիկներն էլ են հրաշք։
Դառել է մի չարաճճի սնդիկ։ Շատ բաներ է անում, որոնք անթույլատրելի են։ Ու բարկության տեղիք տալիս։ Ձայնս բարձրացնում եմ նրա վրա։ «Չի կարելի»-ն անպակաս է դառել իմ ու փոքրիկիս բառապաշարից։ Բայց... Ամեն մի «չի կարելի»-ից հետո նրա անմեղ աչուկների անմեղ հայացքը բավական է, որ դեմքիս բարկացած արտահայտությունն անմիջապես վերանա ու ես ժպտալով ասեմ. «Ուտեմ մռութդ»։
Իմ փոքրիկի քաջագործություններին ուզո՞ւմ եք ծանոթանալ
Շատ է սիրում հոր թերթերը ուտել։ Երբ Արտակը ձեռքից վերցնում է թերթի կտորը, որ լնդերով պոկել է թերթից, Կորյունչիկը թերթը նետում է հատակին ու գնում այն փոքրիկ թերթի կտորին, որն իր լնդերով էր կտրել, ու որից զրկել էր նրան հայրը։
Անչափ շատ է սիրում հեռուստացույցի հեռակառավարման վահանակը կամ մեր բջջային հեռախոսները տանել բերանը։ Բայց այնքան «չի կարելի»-ներ է լսել, որ ամեն անգամ, բերանը տանելուց նայում է աչքերիս մեջ, հետևում հայացքիս, ու եթե հանկարծ այդ պահին նայում եմ վրան, խելոք-խելոք ձեռքինը հեռացնում է բերանից։
Քայլասայլակի մեջ վազվզում է տնով մեկ։ Ու... գտնելով քաղաքային հեռախոսը (կամ հեռուստացույցի հոսանքի լարը) կամ սկսում է լարերից քաշքշել, կամ էլ հենց հեռախոսի հետ է խաղում։ Երեկ պատահաբար աչքս ընկավ, թե ինչպես էր հեռախոսի մոտ 3 մետրանոց լարը փաթաթել վզին։ Բարկացա, բայց էլի անմեղ հայացքը... ու «Մռութդ ուտեմ»-ը...
Կորյունչիկս, ուտեմ մռութդ