06.12.2009, 10:41 (4613 Դիտումներ)

1) Երբ հարգարժան, սակայն արդեն ծերացած գիտնականը պնդում է, որ ինչ որ բան հնարավոր է, ապա նա հավանաբար համարյա թե ճիշտ է։ Իսկ երբ նա պնդում է, որ ինչ որ բան ահնար է, ապա նա հավանաբար սխալվում է։
2) Հնարավորության սահմանները իմանալու միակ ճանապարհը, այդ սահմաններից դուրս գալու քաջություն ունենալն է։
3) Ցանկացած լավ զարգացած տեխնոլոգիա հեշտությամբ կարելի է շփոթել մոգության և կախարդության հետ։
Սրանք գիտնական, գիտաֆանտաստիկ վեպերի հեղինակ Արթուր Քլարքի երեք հիմնական օրենքներն են։
Արթուր Քլարքը «2001 թվականի տիեզերական ոդիսականը» կուլտային վեպի հեղինակն է։ 2001-ի թողարկմանը հաջորդող 30 տարիների ընթացքում Քլարքը ավարտին հասցրեց այս թեմային նվիրված քառհատորյակը՝ աշխարհին ներկայացնելով 2010, 2061 և 3001 թվականների ոդիսականները, որոնք համարվում են գիտաֆանտաստիկ ժանրի կլասիկա։
Այս բլոգը անվանվում է 2010 ի պատիվ «2010 թվականի տիեզերական ոդիսականը» գրքի և նվիրվում է Արթուր Քլարքին և նրա վեպերին։ Հույս ունեմ, որ գիտաֆանտաստիկ ժանրի սիրահար գալիք սերունդները 2061 և 3001 թվականներին կստեղծեն նմանատիպ (ես կասեի՝ անհամեմատ ավելի մեծ պրոեկտներ) 
Արթուր Քլարքը իր պատմվածքներում և վեպերում «հոմո սապիենսին» քարոզում է բանականության ավելի մասշտաբային դրսևորում, զսպվածություն և հանդուրժողականություն։ (Պետք չէ անդադար առաջնորդվել անասնականից ավելի ցածր բնազդներով՝ ափսոսալով ի գործ դնել բանականությունը, չէ որ այն մեզ տրված է օգտգործելու համար, արխային օգտագործեք չի պրծնի...
Երբեմն անասունը իր բնազդներով ավելի բանական է, քան մարդը իր բանականությամբ
)։ Դա անելու համար նա փորձում է այսօր արդեն սովորական դարձած սարսափելի երևույթները՝ պատերազմները, ցեղասպանությունները, համատարած ատելությունը, և անհանդուրժողականության ամենատարբեր դրսևորումները մեկնաբանել այլ քաղաքակարթության ներկայացուցչի տեսակետից։ Ահա այդպիսի մի հիանալի օրինակ «Տիեզերական ոդիսականը» քառհատորյակից.
«Պատկերացրեք, որ դուք բանականությամբ օժտված այլմոլորակային եք, որին հետաքրքրում են միայն փաստերը, որոնք հնարավոր է ապացուցել և ստուգել։ Եվ այսպես, Երկիր մոլորակի վրա դուք հայտնաբերում եք արարածների, որոնք բաժանված են հազարավոր.... չէ, արդեն ոչ թե հազարավոր, այլ՝ միլոնավոր ազգային խմբերի։ Տիեզերքի առաջացման և աշխարհում մարդու դերի վերաբերյալ նրանք ունեն անհավանականության հասնող քանակի հավատալիքներ, որոնք հիմնականում նույն բանն են ասում։ Սակայն եթե նույնիսկ 99 տոկոսով նրանք նույնն են և կա ընդամենը 1 տոկոս տարբերություն, դա էլ է հերիք նրանց ստիպելու, որ ատեն, սպանեն և տանջեն միմյանց իրենց դավանանքի աննշան տարբերությունների պատճառով։ Ի՞նչ կարծիք կկազմեիք նման արարածների մասին....»։
Մեր իրականությունը ներկայացնող սարսափելի ճշմարտություն։ Իսկ դու, ի՞նչ կարծիք ես կազմում....
Այս բլոգում ես կտեղադրեմ նմանատիպ մտքեր նրա մյուս գրքերից։
(Ի դեպ, իմ կարծիքով մարդուն «հոմո սապիենս» անվանելը ամենաչափազանցված արտահայտությունն է, որ երբև է ստեղծել է մարդ արածը։ Եթե համաձայն չեք, ուրեմն փորձեք բացատրել, թե ինչպես կարող է իրեն բանական էակ համարողը կատարել նման վայրագ գործողություններ, որոնք մենք տեսնում ենք մեր շրջապատում։ Եվ սարսափելին ոչ թե կատարելն է, այլ այդ երևույթները արդարացնելը, աստվածացնելը և քարոզելը, իսկ չանողին էլ մարդ կոչվելու իրավունքի զրկելը.... բանականության լիակատար բացակայություն)։
Արթուր Քլարքը կատարել է նաև բազմաթիվ կանխատեսումներ (ոչ թե գուշակություններ), որոնցից ոմանք արդեն իրականություն են դարձել՝ ինտերնետը, բջջային կապը, երկրի արհեստական արբանյակները և այլն։ Ես կփորձեմ ավելի մանրամասն ներկայացնել արդեն կատարված և չկատարված կանխատեսումները։ Վստահեցնում եմ, որ չկատարված կանխատեսումները նույնպես ձեզ համար կլինեն անչափ հետաքրիր և ուսանելի, քանի որ դրանք արտահայտում են Արթուրի երազանքները՝ ինչպիսին նա կուզենար տեսնել մարդ արարածին։ «Տիեզերական ոդիսականներում» Քլարքը, ի տարբերություն մյուս մարդկանց ովքեր տառապում էին 2000 թվականի աշխարհի վերջով, կատարեց մի հետաքրքիր և համարձակ կանխատեսում, ըստ որի 2000 թվականի դեկտեմբերի 31-ից պետք է չեղյալ համարվեին միջազգային հեռախոսազանգերի համար վարձվող գումարները։ Այպիսով երկրի վրա գտնվող բոլոր հեռախոսահամարները համարվելու էին «տեղական» և մարդկությունը մուտք էր գործելու նոր հազարամյակ, որպես մեկ միաբան ու վիթխարի ընտանիք....
Բարի՛ գալուստ Արթուր Քլարքի առեղծվածներով լի անծայրածիր աշխարհ....