Նայել RSS հոսքը

Jarre

Մի՛ տխրիր

Գնահատական. 12 ձայն, 4.58 ընդհանուր:
Իմ վիճակը անելանելի է։
Ես էլ այսպես չեմ կարող ապրել։
Ո՞ւմ է պետք նման կյանքը։
Ինչո՞ւ է կյանքն այսքան անարդար։
Ապրում ենք միայն մի կտոր հաց վաստակելու համար։
Ինձ ոչ մեկը չի հասկանում։
Ես ոչ մեկի պետք չեմ։
Ես այլևս չեմ կարող լինել երջանիկ։
Իմ վիճակն անելանեիլ է։

Նման արտահայտությունների ցանկը կարելի է շարունակել անվերջ։

Եթե ձեզ էլ են այցելում այպիսի մտքեր, ինչպես և ինձ, ապա այս բլոգը ձեզ համար է։ Կամ ավելի ճիշ ՄԵՐ համար ։

Եկե՛ք միշտ հիշենք ու վստահ լինենք, որ կյանքի ցանկացած իրավիճակից կա ելք, նույնիսկ ամենասարսափելի դժբախտության ժամանակ։

Այսօր հիշեցի ընկերներիցս մեկի ուղարկած մեյլը, երբ ես շատ անտրամադիր վիճակում էի գտնվում։ Այստեղ կարևորը թվերը և վիճակագրությունը չի, այլ.... Վստահ եմ ինքներդ կհասկանաք։

Դե սկսենք.

Եթե այսօր տրամադրություն չունես և քեզ թվում է, որ դու շատ վատ վիճակում ես գտնվում, ապա խնդրում եմ մտածիր.

  • Եթե դու արթնացել ես առողջ, ուրեմն դու երջանիկ ես մեկ միլիոն մարդկանցից ովքեր չեն կարողանա ապրել մինչև այս շաբաթվա վերջ
  • Եթե դու չես տեսել պատերազմ, չես գտնվել կալանավայրում, չես ենթարկվել չարչարանքների, ուրեմն դու երջանիկ ես կես միլիոն մարդկանցից, ովքեր այս ամենը զգացել են իրենց մաշկի վրա
  • Եթե քո համոզմունքների պատճառով ստիպված չես վտանգելու կյանքդ, ազատությունդ, դու երջանիկ ես երեք միլիարդ մարդկանցից, ովքեր ենթարկվում են հալածանքի իրենց ընտրած կրոնի պատճառով
  • Եթե քո սառնարանում կա կերակուր, դու հիմա հագնված ես, ապրում ես փակ տանիքի տակ և ունես անկողին, ուրեմն դու ավելի հարուստ ես, քան ութհարյուր միլիոն մարդ, որոնք մատնված են սովի
  • Եթե դու տանը կամ բանկում ունես գումար, ուրեմն դու ծայրահեղ աղքատ չես
  • Եվ վերջապես, եթե դու կարդում ես այս տեքստը և հիմա մտքումդ քննադատում ես ինձ ոչ այնքան էլ ճիշտ վիճակագրություն ներկայացնելու համար, կամ մեկ ուրիշ բանի համար, ուրեմն դա նշանակում է, որ.
    1) անկախ ամեն ինչից, ինչ որ մեկը (տվյալ դեպքում՝ ես) մտածել է քո մասին և այսքան գրել է
    2) դու չես մտնում այն յոթհարյուր միլիոն մարդկանց ցուցակում, ովքեր չգիտեն գրել և կարդալ
    3) և վերջիվերջո, եթե դու կարդում ես սա, ուրեմն դու ունես համակարգիչ կամ հնարավորություն օգտվելու ինտերնետից


Բա որ ասում եմ, ՄԻ՛ ՏԽՐԻՐ

Ուղարկել «Մի՛ տխրիր"» Digg-ին Ուղարկել «Մի՛ տխրիր"» del.icio.us-ին Ուղարկել «Մի՛ տխրիր"» StumbleUpon-ին Ուղարկել «Մի՛ տխրիր"» Google-ին

Թարմացել է 04.12.2009, 16:10 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. ars83-ի ավատար
    Բարև, Արթուր ջան:

    Ես այս թեմայով մի ֆորումում բանավիճած կամ, հիմա մի հատ էլ այստեղ գրեմ:

    Այս տիպի փաստարկները իմ կարծիքով եսասիրական, կեղծավոր և անընդունելի են:

    Ստորև մի փոքր վերաձևակերպած կգրեմ ամեն մի փաստարկը, որպեսզի միտքս պարզ դառնա:

    Եթե դու արթնացել ես առողջ, ուրեմն դու երջանիկ ես մեկ միլիոն մարդկանցից ովքեր չեն կարողանա ապրել մինչև այս շաբաթվա վերջ
    Լավ ա՝ էսօր էլ ապրեցինք: Ջանդամը, թե մի միլիոն մարդ մեռավ, ի՞նձ ինչ:

    Եթե դու չես տեսել պատերազմ, չես գտնվել կալանավայրում, չես ենթարկվել չարչարանքների, ուրեմն դու երջանիկ ես կես միլիոն մարդկանցից, ովքեր այս ամենը զգացել են իրենց մաշկի վրա
    Լավ ա, լավ ա, բանակից ու պատերազմից էլ պրծանք: Ուրիշները գնացին մեռան, զատո մենք ապրում ենք: Ուռաա՜

    Եթե քո սառնարանում կա կերակուր, դու հիմա հագնված ես, ապրում ես փակ տանիքի տակ և ունես անկողին, ուրեմն դու ավելի հարուստ ես, քան ութհարյուր միլիոն մարդ, որոնք մատնված են սովի
    Լավ ա, փորներս կուշտ, տեղներս տաք: Թե չէ էն ի՞նչ վիճակում են աֆրիկացիք՝ կեղտոտ, սոված: Բռռռ, մեղա-մեղա, Աստված ջան...

    Եթե դու տանը կամ բանկում ունես գումար, ուրեմն դու ծայրահեղ աղքատ չես
    Լավ ա, փող էլ ունենք կուտակած, ոնց էլ չլինի, հացի փող ա: Կարագն ու պանիրն էլ հետո: Ուրիշները էդ էլ չունեն: Գնամ, բանկից մի երկու կոպեկ փող հանեմ:

    Այդպիսի մեկը կար մի առակում, որ ասում էր «Փառք քեզ, Աստված, որ ես այս մաքսավորի նման չեմ»: Ուրիշի դժբախտության հետ սեփական վիճակը համեմատելու ու դրանով մխիթարվելու, դրա վրա լավ տրամադրություն կառուցելու մեջ ի՞նչ լավ բան կարող է լինել:

    Մի խոսքով, ես, օրինակ, այս փաստարկները կարդացի, ջղայնացա ու տրամադրությունս եղածից ավելի վատը դարձավ:

    Հ.Գ. Դու այստեղ, իհարկե, ոչ մի կապ չունես. ինձ համար նման տրամաբանությունն է անտանելի: Ու դու առաջին մարդը չես, որին այս կարծիքս եմ հայտնում:
  2. Jarre-ի ավատար
    Ես քեզ հասկանում եմ ու արտահայտածդ սկզբունքի հետ համաձայն եմ

    Պարզապես իմ գրած և քո մեջբերած այս մտքին կարելի է նայել տարբեր տեսանկյուններից։

    Իմ համարել է անհասկանալի ուրիշի դժբախտության հետ համեմատականներ անցկացնելով ուրախանալը։ Կամ սեփական անձը ուրիշներից բարձր դասելը։

    Բայց նաև շատ անհասկանալի է անընդհատ կյանքից դժգոհ լինելը և չնկատելը այն ամեն լավը, որ դու արդեն ունես։ Եվ ես դա այդ մտքով էի գրել. շատերը իրոք գտնվում են վատ վիճակում, իսկ եթե մենք այսօր այդ վիճակում չենք, ապա պարտավոր ենք սովորել ունեցածով բավարարվել հիշելով, որ կան մարդիկ ովքեր զրկված են ամենաանրհրաժեշտ բաներից։ Ու այստեղ ամենևին էլ խոսքը չի գնում համեմատելու մասին կամ թքած ունենալու։ Ու այդ օրինակը մեջբերելով ես ավելի շատ նկատի ուեի՝ «խնջույք ժանտախտի ժամանակ» սկզբունքը։ Այսինքն եթե մենք հիշենք, թե ինչ վիճակում են գտնվում շատերը, ավելի զուսպ ու գոհ կլինենք մեր կյանքից ու չենք ցանկանա ավելացնել այն անդունդը, որ կա Երկիր մոլորակի ծայրահեղ աղքատ և քչից շատից բավարված բնակիչների միջև։

    Արի հիշենք մեր մանկությունը, երբ մենք համարյա թե գտնվում էինք իմ նկարագրած իրավիճակում և եթե էն սև ցեխոտ հացերից տալոնով ձեռք բերեինք աշխարհը մերն էր լինում։ Երբ շաբաթվա մեջ երկու ժամ լույս էին տալիս, աշխարհով մեկ էինք լինում։ Երբ սև սպիտակ Նոյի թվի Նոկիայի էկրանից փոքր հեռուստացույցով, որը աշխատում էր հարևանի մեքենայի ակումլյատրով, ֆիլմ էինք նայում երջանկությունից մեռնում էինք....

    Իսկ այսօր՝ արա էս ինտերնետս կամացա աշխատում, վերջին էլսիդի տելեվիզր եմ ուզում, խի պիտի ես էլ սև իկրա չուտեմ և այլն, ու էդ մեր խի-երով մի հատ ողբերգություն ենք սարքում.... բայց եթե սթափ ուղեղով ես հարցին մոտենում, ապա տեսնում ես, որ չնայած իրավիճակը, կյանքը քո ուզածը չի, բայց ամեն դեպքում էդքան էլ վատ չի, ինչքան պատկերացնում ես։ Ու ինչու, չէ, այո՛ անցյալը հիշելն էլ ու համեմատականներ ացնկացնելն էլ օգնում է ավելի զուսպ լինել ակնկալիքներում։

    Բայց իհարկե, եթե նշում ես, որ այդ օրինակը քեզ մոտ այդպիսի տպավորություն է թողել, ապա մյուս անգամ երբ այն օգտագործեմ ավելի զգույշ կլինեմ և անպայման հաշվի կառնեմ դիտողությունդ, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ Արսեն ջան
  3. Jarre-ի ավատար
    Սա Անկապ օրագրում կատարած իմ գրառումներից մեկն է։ Ուղղակի քանի որ անմիջականորեն կապված է այս բլոգի հետ, որոշեցի այստեղ էլ տեղադրել։

    Օրագրում նույնպես նշել եմ, որ սա իմ մտահղացումը չէ։ Իրականում սա ռուս երգիծաբան, դերասան, երգիչ Եվգենի Գրիշկովեցի գրած երգի փոքր ինչ՝ աննշան վերափոխված տարբերակն է։

    Գրիշկովեցին Ակումբում շատ չհավանեցին, բայց հավատացեք հետաքրքիր երևույթա։ Վերջում տեղադրում եմ կլիպը։

    Տրամադրությունդ արդեն բարձր է....

    Պատահում է, որ առավոտից նամռոտ տրամարդություն ունես։ Ու հենց այդ օրը կռվում ես ամենամոտիկ ընկերոջդ հետ։ Ու մտածում ես. «Ա, դե հերիք է ինչքան հետը ընկերություն արեցի։ Քսան տարի.... Արդեն հոգնել եմ։ Անհասկացողի մեկնա...»։ Բայց հետո երեկոյան քայլում ես ու ինքդ քեզ նախատում։ Մոտենում ես հեռախոսին, ու հենց էդ պահին զանգ է գալիս։ Վերցնում ես։ Ինքն է. «Արտ, կներես, չափերս անցա»։ Իսկ դու էլ ասում ես. «Հա, ընկեր, ճիշտ ես ասում էրկուսս էլ չափերներս անցանք, արի վաղը հանդիպենք խոսենք, կարոտել եմ քեզ»։ Դնում ես լսափողը ու տրամադրությունդ արդեն բարձր է

    Կամ գալիս է գարունը, ինչպես շուտով մեզ մոտ։ Շկաֆից հանում ես աշնանից նաֆթալին դրված քո ամենասիրած պիջակը ու հագնում ես։ Դուրս ես գալիս փողոց, ձեռքդ մտցնում ես գրպաններից մեկը ու գտնում ես անցած տարվանից մնացած հազար դրամ։ Էղածը բան չի՝ թղթի կտոր, բայց տրամադրությունդ արդեն բարձր է

    Կամ հարևանդ մեքենա է առնում, ու մի քանի շաբաթ գիշերները էդ մեքենայի սիգնալիզացիայի ձայնից չես կարողանում քնել։ Բայց մեկ էլ զգում ես, որ էս երկու գիշեր է արդեն լավ քնում ես։ Մի օր էլ է անցնում՝ էլի հանգիստ ես քնում։ Չորրորդ օրը, հինգերորդ...։ Հետո շաբաթվա վերջում հանդիպում ես էդ հարևանիդ, ու հարցնում ես՝ «Գև ջան, ո՞նց ես»։ Ինքն էլ թե. «Է՜, ապեր, մեքենաս գողացել են»։ Ու դու այդ պահին տրագիկ հայացքով, գլուխդ օրորելով՝ «Վա՜յ, ի՜նչ վատ բան է եղել....»։ Բայց հենց էդ պահին տրամադրությունդ արդեն բարձր է

    Կամ էլ քո էն վերևում նշված սիրած պիջակովդ փողոցում ման ես գալիս, մեկ էլ մյուս մայթում մի գեղեցիկ աղջիկ ես տեսնում ու ինքը քո վրա մի վայրկյանից ավել է նայում։ Դու գիտես, որ էլ կյանքում իրան չես տեսնելու, երբեք հետը չես խոսալու, բայց տրամադրություն արդեն բարձր է (դե հասկացաք, մաքուր, մանկական փոխհարաբերությունների մասին եմ խոսում)

    Կամ մտնում ես խանութ բոթաս առնելու։ Էս ես փորձում, էն մյուսը։ Մեկ էլ տեսնում ես մի փոքրիկ տղա մամային համոզում է իրեն առնել այդ բոթասից, իսկ մաման էլ, թե. «Էս քառորդ երեք հատ հինգ կունենաս կառնեմ»։ Ու հենց էդ մոմենտին, դու հասկանում ես, որ բոթաս առնելու համար դու կարիք չունես լավ սովորելու, քեզ խելոք պահելու.... Դու արդեն մեծ մարդ ես, դու ես որոշումներ կայացնում, դու կայացած մարդ ես, ունես քո կյանքը, ինչ կուզես կառնես, ունես աշխատանք, պլաններ ապագայի համար, ունես ընկերներ, էս երեկո իրենց հետ հանդեիպելու ես ժամանակ անցկացնելու և ուրախանալու, կյանքդ եռում է։ Ու մտածում ես. «Ես մեծ մարդ եմ»։ Ու տրամադրությունդ արդեն բարձր է

    Ու էդ ամեն ինչից հետո մեքենայովդ գնում ես ու մեկ էլ գայիշնիկը կանգնացնում է։ Տրամադրությունդ ընկնում է, հիշում ես էն անեկդոտը, որ երջանկությունն ու ուրախությունը հյուր են գնում ու գայիշնիկը կանգնեցնում է։ Կամ որ, Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա ու էլի գայիշնիկը կանգնեցնում է։ Ու էդ պահին ջղայնացած հանում ես անձնագիրդ, պռավաներդ ու մեջը փող դնելով պատրաստվում ես մեկնել գայինշիկին, ու հենց էդ պահին ինքը ասում է. «Գիտեք փողոցի շարունակությունը քանդված է ու լավ կլինի էս մյուս փողոցով գնաք, որ հետո իզուր տեղը հետ չգաք»։ Ու դու ասում ես. «Օ՜, շնորհակալ եմ, ձեզ լավ օր եմ մաղթում։ Ու մեկ անգամ ևս շնորհակալություն», ու մեքենայովդ գնում ես։ Ու դու էնքա՜ն ես ամաչում, որ միանգամից վատ բան մտածեցիր էդ գայիշնիկի մասին։ Բայց տրամադրությունդ արդեն բարձր է։ Այո՛, դու ամաչում ես ու հենց էդ ամոթից էլ տրամադրությունդ բարձրանում է

    Ո՜նց եմ սիրում էս կյանքը....

  4. Jarre-ի ավատար
    Տրամադրությունը դա հոգեվիճակ է։

    Երբեմն ասում ենք. «տրամադրությունս գցել եմ»։ Երբեմն էլ ասում ենք. «Լավ, հավաքիր քեզ, ժամանակն է տրամադրվել (հանգստանալու կամ ինչ որ բան անելու)»։ Փաստորեն մենք ինքներս կարողանում ենք գցել մեր տրամադրությունը կամ տրամադրել ինքներս մեզ ինչ որ բան անելու։

    Մարդը ոնց որ երաժշտական գործիք լինի. կամ լարված է լինում՝ ու ամեն ինչ լավ է ընթանում, կամ էլ լարից ընկած՝ ու ամեն ինչ ֆալշ է անում՝ ոչ մի լավ բան չի կարողանում անել

    Ինչպե՞ս կարելի է նվագել լարից ընկած գործիքը։ Իսկ ինչպե՞ս կարելի է ապրել տխուր։

    Դե, երաժշտական գործիքների հետ ամեն ինչ պարզ է՝ կան հատուկ մասնագետներ, որոնք օժտված են լավ սլուխով, գալիս են, լարում են գործիքը, կարգի բերում այն և գնում։

    Բա մարդկանց համա՞ր ինչ անենք

    Հաճախ միմյանց ասում ենք. «Տրամադրությունդ մի գցիր, ոչինչ, ամեն ինչ լավ կլինի»։ Կամ ինչպես այս բլոգն է ասում՝ «Մտ՛ տխրիր»։

    Դա ասում ենք, որ ոգևորենք դիմացինին, քաջալերենք։ Բայց չգիտես ինչու, դրանից մարդու տրամադրությունը չի բարձրանում և նա շարունակում է տխրել։

    Ու որքան էլ հակասական թվա, բայց փաստ է. այսքան ջանքերը հաճախ ոչնչի հավասար են համեմատած մի աննշան մտքի կամ հուշի հետ։ Բարդ ասեցի չէ՞։ Բացատրեմ։ Երբեմն կողքից կարողա հազար հոգի մեզ ոգևորի, անի այնպիսի բաներ, որ մեր տրամադրությունը լավանա, բայց մեկա՝ ոչինչ չի օգնում։ Բայց մի քանի րոպե հետո մի շատ-շատ աննշան բան է պատահում, կամ մի շատ-շատ աննշան բան ենք հիշում՝ սենց ուղղակի, ձեռքի հետ, էլի, ու միանգամից տրամադրություններս կտրուկ բարձրանում է, աշխարհը փոխում է իր գույները՝ կարծես սկսում է ծախկել

    Այո՛, մենք ենք մեր տրամադրության տերը ու մենք կարող ենք չտխրել և լինել ուրախ
  5. Թամարա-ի ավատար
    Նախ շնորհակալություն գրառման համար…Շատ էի կարդացել նման բովանդակությամբ տեքստեր, բայց սրա ազդեցությունը չգիտեմ ինչու անսպասելի մեծ եղավ:Համաձայն չեմ վերևում հնչած մեկնաբանություներից 2-ի հետ.
    Չեմ ընդունում «ավելի երջանիկ, քան…» տիպի արտահայտությունները: Երջանիկ կա՛մ լինում են, կա՛մ ոչ: Դա համեմատելի չի:
    Լրիվ երջանկություն չի լինում,լինում են երջանիկ պահեր, շատ կամ քիչ:
    Այս տիպի փաստարկները իմ կարծիքով եսասիրական, կեղծավոր և անընդունելի են:
    Ուրիշի դժբախտության հետ սեփական վիճակը համեմատելու ու դրանով մխիթարվելու, դրա վրա լավ տրամադրություն կառուցելու մեջ ի՞նչ լավ բան կարող է լինել:
    Սա ուրիշի դժբախտության հետ համեմատելով ուրախանալ չի, այլ գիտակցում,որ ավելի վատն էլ է լինում: