Նայել RSS հոսքը

Անուկապատում

«Էլի» բառը

Գնահատել այս գրառումը
Իմ ուսանողական տարիներին մի անգամ կուրսեցիներով հավաքվել էինք, մեզ հետ եկել էր նաև մեր բուհում դասավանդող ամերիկացի դասախոսներից մեկը, որը կարծեմ մի քիչ հայերեն գիտեր, որոշ բաներ հասկանում էր, ու որ հայերենից խոսք եղավ, մի հարց տվեց, որին պատասխանելը, պարզվեց, բավական բարդ էր։ Ասեց. «Ձեր «էլի» բառն ի՞նչ է նշանակում։ Ինչքան փորձում եմ հասկանալ, ոչ մի կերպ չի հաջողվում»։ Փորձեցինք բացատրել, միաժամանակ ինքներս էլ էինք փորձում ի մի բերել «էլի»–ի բոլոր հնարավոր իմաստները, ու զգացինք, որ էնքան էլ հեշտ չի։ Դե, սկզբում ասեցինք «ավելի շատ» իմաստը, բայց դա ամենահեշտն ու ամենահասկանալին էր, մեր ամերիկացին բոլորովին էլ դա նկատի չուներ. «Էն որ մի բան եք ասում, ու վերջում ասում եք՝ էլի»։ Հը՜մ... Դե արի ու էս մարդուն բացատրի էդ տեսակ «էլի»–ի իմաստը։ Օրինակներ. «մի բան արա, էլի», «գիտեմ, ուղղակի դժվարանում եմ բացատրել, էլի», «մի մտածի, լավ կլինի, էլի» «չէ՛, էլի, չգնամ», «... ընդ որում, ինքը գիտեր, էլի, որ ես գալու եմ, նենց չէր, որ անակնկալի եկավ», և, վերջապես, «լավ, էլի», «դե, զզվացրի՛ք, է՛լի»։ «Էլի»–ի բազմաթիվ իմաստային նրբերանգներ, որոնցից օրինակ չեմ բերել, հնարավոր է բացահայտել միմիայն համատեքստում, ու շատ դեպքերում նույնիսկ ամբողջ նախադասությունը բավական չէ՝ հենց տվյալ նրբերանքը ցույց տալու համար։ Դե արի ու ամերիկացուն բացատրի էդ բոլորը։

Ի դեպ, հաշվի առնելով մեր ազգային մտածելակերպի ու հոգեբանության անբաժանելի մաս հանդիսացող այնպիսի երևույթներ, ինչպիսիք են մուննաթը, լոպպազությունը և ընդհանրապես էմոցիոնալությունը` թե՛ դրական և թե՛ բացասական իմաստներով, դրականի դեպքում, մասնավորապես, ժողովրդական լեզվով ասած՝ ջիգյարը, կարելի է նկատել, որ «էլի»–ն որոշ դեպքերում վերոնշյալ երևույթների դիպուկ արտահայտչամիջոցներից է՝ էնքան խորն արմատավորված ու ու միաձուլված մեր էությանը, որ շատ դեպքերում ուղղակի չենք կարող զգալ։
Մի խոսքով՝ բացառիկ կոլորիտային բառ ա, էլի։

Ուղարկել ««Էլի» բառը"» Digg-ին Ուղարկել ««Էլի» բառը"» del.icio.us-ին Ուղարկել ««Էլի» բառը"» StumbleUpon-ին Ուղարկել ««Էլի» բառը"» Google-ին

Թարմացել է 31.10.2009, 04:48 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Չամիչ-ի ավատար
    «Էլի լավա» երգը հիշեցի Ռեանկարնացիա խմբի կատարմամբ:
    «Էլի, էլի, ախ լավ էլի», այս երգն էլ Հռիփսիմե Հակոբյանն է երգում:
    Էլի տենց երգեր կան, էս պահին չեմ հիշում:
  2. Բարեկամ-ի ավատար
    Ան? "նրբերանքը"

    Նման անթարգմանելի բառերից է հայերենի "բան"-ը:
  3. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից
    Ան? "նրբերանքը"

    Նման անթարգմանելի բառերից է հայերենի "բան"-ը:
    Օ՜ֆ։ Հազարից մեկ մի վրիպակ եմ թույլ տալիս, միանգամից բոլորի աչքը ծակում ա։ Էն մի բլոգումս էլ Վազգենն էր նկատել, ասել, ես էլ համ էնտեղ, համ էլ «Անկապ օրագրում» ուղղեցի, իսկ էստեղ մոռացա, հիմա էլ դու։ Ուղղեցի արդեն։
  4. Սահակ-ի ավատար
    ինձ թվումա «էլի»-ն «լինել» բառից ա գալիս, ու նմանա «կլինի», «եղավ», «թող լինի» իմաստներին
  5. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    ինձ թվումա «էլի»-ն «լինել» բառից ա գալիս, ու նմանա «կլինի», «եղավ», «թող լինի» իմաստներին
    Վայ, էս քոմենթդ նոր եմ տեսնում։
    Չի բացառվում։ Չգիտեմ՝ իրականում ոնց է, բայց ամեն դեպքում ասածդ ինձ էլ է խելքին մոտ թվում։
  6. Հայկօ-ի ավատար
    Նույն կերպ ահավոր դժվար են թարգմանվում կամ բացատրվում, օրինակ, «ախր», «դե», «հո» ու էլի մի քանի բառեր: Տեսա՞ք, էլի «էլի» :

    Սիրում եմ, էլի, էս հայերենը: Ախր շա՜տ եմ սիրում, hո զոռով չի՞: Դե արի ու մի սիրի :
  7. Ուլուանա-ի ավատար
    Հա, հենց էդ նշածդ բառերի մասին ես էլ էի մտածում։
    Հա, լավն ա մեր հայերենը։ Ուղղակի ով չի ճանաչում՝ չի սիրում։