Իմ ամենամեծ նվերները
Բաժակը վերցրել եմ, ուզում եմ կենաց անել: Ես, որ սովորաբար ասելիքի պակաս չեմ ունենում, բառեր էի փնտրում, որ բացատրեմ, թե ինչքան կարևոր են սեղանի շուրջ հավաքված ընկերներս ինձ համար:
- Հեսա կլացեմ,- ասաց Իննան:
Նկատեցի, որ ես էլ եմ հուզվում: Նախադասությունը կիսատ թողեցի ու եզրափակեցի.
- Ձեր կենացը:
Ափսո˜ս էդ պահին Լիլյան արդեն գնացել էր, իսկ Աննաներիցս մեկը չկար:
Մինչ այդ, երբ Իննան եկավ (իսկ նա վերջինը ժամանեց), մի ծաղկեփունջ տվեց մորս:
- Գուցե իրա՞ն պիտի տաս,- ու մայրս ցույց տվեց ինձ:
- Չէ, Ձեզ համար ա...
Իսկ հետո, երբ մայրս արդեն ծաղիկներով էր զբաղվում, Իննան բացատրեց.
- Ինչու՞ են ծնունդներին մենակ էրեխեքին շնորհավորում: Բա ծնողնե՞րը՝ նրանց նախատեսողներն ու ստեղծողները:
Ընդհանրապես, այս ծննդյանս օրը յուրահատուկ էր նրանով, որ ոչ թե ինձ ուշադրության կենտրոնում զգացի, ինչպես սովորաբար, այլ զգացի, թե որքան շատ եմ սիրում համալսարանիս տված ընկերներիս: Ձևականությունների հետևից չընկա: Օրս անցկացրի միայն նրանց հետ, ում ուզում էի տեսնել:
Իսկ ես արտասվում եմ... երջանկությունից: