Նայել RSS հոսքը

Անուկապատում

Կահույքափոխանակություն

Գնահատական. 2 ձայն, 3.00 ընդհանուր:
Էստեղ՝ ԱՄՆ–ում, մի հետաքրքիր ու բավական օգտակար սովորույթ կա. ուսանողների շրջանում խիստ տարածված ու սովորական երևույթ է օգտագործած կահույքն իրար վաճառելը։ Դե, բնական է, ուսանողներն անընդհատ տեղափոխվում են մի տեղից մյուսը, շատերն ընդհանրապես հեռանում են հայրենիք, իրենց կահույքն էլ էժան գնով վաճառում այլ ուսանողների, որոնք նոր են տեղափոխվել ու հաստատվել տվյալ տարածքում կամ պարզապես կահույքի կարիք ունեն։ Վաճառքն առավելագույնս հարմարավետ ու արդյունավետ կազմակերպելու լայն հնարավորություններ էլ ունեն. կարող են էլ. փոստով հայտարարություն տալ, որն ստանում են որոշակի տարածքի սահմաններում կամ պարզապես տվյալ համալսարանում սովորող բոլոր ուսանողները։ Հաճախ պատահում է նաև, որ ուսանողը տեղափոխվելիս օգտագործած կահույքը վաճառելու ժամանակ չի ունենում կամ գուցե համարում է, որ վաճառելու համար այն այլևս բավականաչափ ներկայանալի վիճակում չէ, դրա համար էլ կահույքը դնում է դրսում՝ աղբամաններից ոչ հեռու մի տեղ, որպեսզի ցանկացողները տեսնեն, վերցնեն։ Ու, պատկերացրեք, լավ էլ վերցնում են։

Երբ ամուսինս դեռ ուսանող էր, մենք էլ Նյու Ջերսիում մի համալսարանական քաղաքում էինք ապրում, բնականաբար, մենք էլ առնչվեցինք էդ երևույթին։ Երբ տեղափոխվեցինք ամուսնացածների հանրակացարան, ստիպված էինք ամբողջ տունը զրոյից կահավորել՝ սրանից–նրանից գնելով օգտագործված կահույք, մի մասն էլ լրացնելով դեսից–դենից գտածով։ Ի դեպ, գտածոները հաճախ այնքան լավ վիճակում էին լինում, որ նույնիսկ զարմանում էինք, թե ինչպես կարելի էր նման կահույքը դեն նետել։ Մի անգամ տեսանք, որ մեր հնդիկ հարևանը, որը նաև ամուսնուս ընկերն էր, կնոջ հետ տնից դուրս էր հանում իրենց մետաղյա մահճակալը, մեզ էլ էդ պահին հենց մահճակալ էր պետք, վերցրինք ու բերեցինք տուն։ Հաճախ մտածում էի՝ տեսնես քանի՞ հոգու ձեռքի տակով են անցել էս բոլոր իրերը, մենք որերո՞րդն ենք, ու դեռ քանի՜ հոգու ձեռքն են ընկնելու մեզնից հետո... Երբեմն կահույքը զարմանալի ճամփորդություններ է կատարում...

Երբ արդեն պիտի տեղափոխվեինք Նյու Յորք, որոշեցինք մեր ունեցած կահույքի մի մասը վաճառել, հատկապես որ իրեր կային, որոնք տեղափոխման համար հեչ հարմար չէին. կամ չափից դուրս ծանր էին, ու նախընտրում էինք դրանց փոխարեն ավելի թեթևը գնել, կամ էլ էնքան հնամաշ էին, որ հերթական տեղափոխման «չարչարանքին» պարզապես չէին դիմանա։ Մյուս կողմից էլ, քանի որ ավելի ընդարձակ բնակարան էինք տեղափոխվում, ավելի շատ առնելիք ունեինք, քան վաճառելիք։ Հարևանից մեզ հասած մահճակալը, որ առանձնապես վաճառելու բան չէր, ուղղակի դրեցինք դրսում, որից հինգ րոպե հետո իմացանք, որ արդեն տարել են։ Մի հատ էլ բազմոց ունեինք, որ համ կարգին ծանր էր, համ էլ առանձնապես աչքներիս լույսը չէր, որոշեցինք վաճառել, տեղը մի ուրիշը գնել՝ էլի նույն սկզբունքով։ Պարզվեց՝ մեր դիմացի հարևանն էլ, որին իսկի չէինք էլ ճանաչում, տեղափոխվելիս իր բազմոցը որոշել էր թողնել միջանցքում։ Մեզ էլ հենց դա էր պետք։ Միանգամից կրկնակի տեղափոխման խնդրից էլ ազատվեցինք։ Մի պահ էնպիսի վիճակ էր, որ արդեն գնել էինք այն ամենը, ինչ մեզ պետք էր նոր տուն տեղափոխվելու համար, բայց դեռ գրեթե ոչինչ չէինք վաճառել։ Տանն ուղղակի շարժվելու տեղ չկար արդեն։

Էդ օրերին մեկ էլ հնդիկ հարևանուհիս, կարդալով մեր հայտարարությունը, գալիս է մեր տուն՝ բազմոցն առնելու։ Մտնում է, աչքն ընկնում է պատի տակ մի կերպ տեղավորված բազմոցին, որը մի երկու շաբաթ առաջ հարևանից էինք ստացել, ու ի՞նչ ասի, որ լավ լինի.
– Վայ, էս մեր բազմոցն է եղել։
– Ո՞նց,– իմ հերթին զարմանում եմ ես։
– Հա, մի տարի առաջ դրել էինք դրսում, որ ում պետք է՝ վերցնի, ձեր էս դիմացի հարևանն էլ եկավ, տարավ։

Մի խոսքով՝ իրենց մեր հին բազմոցը բաժին հասավ, մեզ էլ իրենց հնագույնը։ Կարևորը՝ երկուսս էլ գոհ էինք։

Ուղարկել «Կահույքափոխանակություն"» Digg-ին Ուղարկել «Կահույքափոխանակություն"» del.icio.us-ին Ուղարկել «Կահույքափոխանակություն"» StumbleUpon-ին Ուղարկել «Կահույքափոխանակություն"» Google-ին

Պիտակներ: կապիտալիզմ Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Այստեղ ինձ դուր է գալիս Գարաժի վաճառքը։ Մի անգամ մի սղոց եմ գնել, հին, հալից ընկած, բայց հո չի՜ աշխատում…նոր սղոցներն այդքան չէին դիմանա։