Ադնակլասնիկային ժամանակագրություն
Երբ "Одноклассники" կայքը դեռ նոր էր հաղթականորեն մուտք գործել համացանց, գրեթե բոլորը խանդավառությամբ նետվում էին այնտեղ՝ գրանցվելու։ Կարճ ժամանակ անց համարյա յուրաքանչյուր իրեն հարգող հայ ինտերնետցու համար կարծես պատվի հարց էր դարձել էդ կայքում գրանցված լինելը։ Ենթադրում եմ, որ "Одноклассники"-ն էն հազվագյուտ կայքերից է, որտեղ «բնակություն են հաստատում» գրեթե ցանկացած մակարդակի մարդիկ։ Որևէ մեկի հետ ծանոթության կամ վաղեմի ծանոթի հետ հանդիպման անհրաժեշտ ու անխուսափելի բաղադրիչն էր դարձել «"Одноклассники"–ում կա՞ս» հիթ–հարցը։ Եվ, բնականաբար, որոշ ժամանակ անց արդեն դժվար էր գտնել ինտերնետում ակտիվ այնպիսի մարդու, որ "Одноклассники"–ում չլիներ։ Այդ կայքում լինելը շատ մարդկանց համար դարձել էր ժամանակի հետ քայլելու գլխավոր ցուցանիշներից մեկը։ Բայց այդ վիճակին հաջորդեց թերևս դրա տրամաբանական շարունակությունը. երբ ադնակլասնիկամոլությունն արդեն հասել էր իր շաբլոնության գագաթնակետին, հիմա էլ այնտեղ չլինելը սկսեց ընկալվել որպես ճիշտ ու յուրօրինակ դիրքորոշում, և շատ մարդիկ սկսեցին հպարտությամբ հայտարարել, որ իրենք իրենց ջնջել են այդ անկապ կայքից։ Հիմա "Одноклассники"–ից ինքնաջնջումը կարծես բավական լուրջ իրադարձություն ու վճռական քայլ է համարվում, հակառակ դեպքում, կարծում եմ, այդ մասին հրապարակային տեղեկացումներն այնդքան հաճախադեպ չէին լինի։
Մի խոսքով՝ ուզու՞մ եք նորաձև լինել, ջնջե՛ք ձեզ "Одноклассники" կայքից։
Հուսով եմ՝ ոչ ոքի չեմ վիրավորում, քանի որ նման մտադրություն չեմ ունեցել, գրածս նույնիսկ քննադատություն չէր, ընդամենը նկատածս օրինաչափություններն եմ շարադրել մարդկանց՝ "Одноклассники"–ի հետ ունեցած հարաբերությունների մասին ինձ հայտնի փաստերի հիման վրա։