Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Սպորտային փողոց կամ տնից աշխատանքի ճանապարհին

Գնահատական. 3 ձայն, 5.00 ընդհանուր:
Սա իմ քաղաքն: Իր բոլոր թերություններով ու լավ կողմերով: Իմն է:

Դուրս եմ գալիս տնից:
- 50000 դոլլար պարտքով տուր, երկու օրից կտամ, - հարևանս է, հիսունն անց տղամարդ:
- Մոտս մանր չկա, կներեք, - պատասխանում եմ ու գնում:
Սա իմ քաղաքն է, իմ թաղը, իմ բակը, իմ բակի սրամիտ հարևանս, որը տարիներ շարունակ նույն կատակն է անում: Ամեն անգամ ես եմ նոր պատասխան մտածում, միապաղաղությունը հաղթահարելու համար: Իսկ գուցե չի՞ կատակում: Գուցե նրան 50000 դոլլար է պետք ու նա ահա տարիներ շարունակ ում տեսնում է, ուզում է... մեկ էլ տեսար մեկնումեկը տվեց...

Կոմիտասից Բարեկամություն մետրո ամեն օր նույն ճանապարհով: Մեկուկես կլիոմետր քայլ՝ տնից աշխատանքի: Կարմիր լույս ու ճողոպրող քաղաքացիներ ու մայթեզրին կանգնած՝ ես, սպասում եմ կանաչ լույսին: Կանաչ լույս, անցնող՝ ես: Ու ճողոպրող ես, որովհետև գոլդ համարներով մեքենան նախընտրում է կանգնել զեբրի վրա, խաչմերուկից աջ թեքվող մեքենան կարծում է, որ ոչ թե ինքն ինձ պիտի զիջի, այլ ես իրեն: Ամեն օր նույն ինքնասպան ճանապարհը: Չեմ կանգնում ու չեմ զիջում: Մեքենայի վարորդը, երևի, մտքում հայհոյում է ինձ: Մտքումս փոխադարձում եմ հայհոյանքը, եթե վերջին վայրկյանին է կանգնել, տեսնելով, որ մեկ է չեմ կանգնելու: Պետք է ժամանակին կանգներ ու ճանապարհ տար:

Այս մի խանութը, ավելի ճիշտ բանկը, նոր է ընդլայնում իր տարածքը: Մայթի կեսը նրանն է արդեն: Բանվորները մեքենան, չգիտես թե ինչու, մայթին են կանգնացնում: Անցնելու տեղ մի մարդալայնք է մնացել: Պիտի կարողանաս սողալ խանութի նորաշար պատի ու մեքենայի արանքով: Չհաշված շինաղբը, որ շաղ է տված ողջ մայթով, ու այդ աղբի մեջ նախաճաշի կամ ճաշի մնացորդները, ցելոֆանի մեջ... դե ինչ ա եղել որ, զիբիլ ա, մի բան ավել, մեկը՝ պակաս, ի՞նչ տարբերություն:

Շենքի կողքից մի ծերուկ է դուրս գալիս: Տաբատը կարճ է, բայց նոր է ու որակյալ: Դա իր ոճն է: Մորուքավոր ծերուկը գլխին տաջկական քառակուսի գլխարկ ունի, ականջներին ականջակալներ... հաստատ ջազ է լսում, կամ էլ ռոք: Քայլում է առույգ, երիտասարդություն կա քայլվածքում: Երբ իր տարիքին հասնեմ, կուզեմ իր պես լինել: Ի՜նչ լավ է, որ ականջին ականջակալներ են ու բարձր երաժշտություն է լսում, թե չէ պիտի լսեր քաղաքիս անցորդների իր հասցեին արված ապուշ մեկնաբանությունները. «Յանը տարած է», «Գիժ ա», «Ապուշ ա»... Զայրացած նայում եմ ասողներին, բայց ինչ ասես, մակարդակը դա է... ծերունին, ով հաստատ խելքը գլխին մարդ է, ուղղակի իր մեջ ազատություն կրող, ոչ թե ստրուկ, ստրկացած ինչ-որ ավանդույթների, ադաթների, պատկերացումների, ոճի ու չգիտեմ ինչի, քայլում է առույգ, արագ, առանց լսելու կողքի մարդկանց ու շուտով կորում տեսադաշտիցս:

Հաջորդ խաչմերուկում թերթի կրպակն ու ծաղկի կրպակը նորից նեղացրել են մայթը: Բայց այստեղով սիրում եմ անցնել: Անցնելիս քայլս դանդաղացնում եմ ու նայում ծաղկավաճառուհուն: Դեռ ինձ երբևէ չի տեսել: Միշտ կռացած է ծաղիկների վրա, խնամում է, խնամում սիրով, շոյում ու փայփայում իր ծաղիկները: Զգացվում է նրա ջերմություն ու սերը առ ծաղիկներ: Երբ որ ծաղիկ առնելու լինեմ, նրանից եմ գնելու:

Հաջորդ կանգառում էլ են ծաղիկներ ծախում: Երկու երիտասարդ են, երբեմն՝ մեկը: Քայլերս արագացնում եմ, որ չտեսնեմ նրանց պպզող կերպարը:

Շուտով հասնում եմ Կասյան փողոցին:
Սա մեր քաղաքի ամենասպորտային փողոցն է:
Չափազանց նեղ մայթերն էլ ավելի են նեղացրել խանութների ցուցափեղկերը, նկուղային խանութների համար սարքված լայն աստիճանները, սեղանիկները, հագուստի խանութների առջև դրված մանեկենները, փոխանակման կետերի առջև դրված գներով ցուցատախտակները...

Այս մայթին տեղեր կան, որ իրար կողք կարող են երեք մարդ տեղավորվել: Բայց դա հազվադեպ է: Իսկ սովորաբար երկու, տեղեր կան, որ մեկ մարդ, ավելի մարդ պարզապես չի տեղավորվի: Ու այս փողոցում մարդիկ սիրում են ճեմել: Քաղաքի շատ բանուկ մի հատված է, անհրաժեշտ մի հանգրվան, սակայն մարդիկ այստեղ ճեմում են: Այս մայթով արագ գնացող մարդիկ խիստ սակավ են:

Գրեթե անհնար է Կասյանով արագ գնալը, անպայման մի խոչընդոտի կհանդիպես: Դա կլինի քո առջևից ճեմող մարդը, ով անպայման ՀԱՆԿԱՐԾԱԿԻ կանգնում է ինչ-որ խանութի մոտ, շրջվում, նայում ներս ու մտածում մտնե՞լ, թե՞ ոչ: Մտածում է երկար, փակելով իր հետևից եկողների ճանապարհը: Դա կլինեն քեզ դեմառդեմ եկող մարդիկ ու ստիպված կլինես մի կողմ քաշվել ու ճանապարհը նրանց զիջել: Դա կլինեն խանութներից հանկարծակի դուրս եկող քաղաքացիները, որոնց այդ դուրս գալը չէիր կարող գուշակել: Այս փողոցում բախումներն էլ սակավ չեն: Մարդիկ հանկարծակի իրար են բախվում, բախվում են ցուցատախտակներին, սյուներին, ծառերին, մանեկեններին, կամ փոխանակման կետի աշխատողին, ով չգիտես ինչու որոշել է իր սուրճը խմել կամ ծխախոտը ծխել մայթի մեջտեղում, իսկ անցորդները ստիպված են մի կերպ նրան շրջանցել:

Ես սովորաբար հանգիստ եմ քայլում: Ու այդպես հանգիստ քայլելով հասնում եմ Կասյան փողոց: Կարող եմ Կասյանը շրջանցել, իջնելով զուգահեռ՝ Քոչար փողոցով: Բայց Կասյանն իմ սիրելի փողոցն է, քաղաքի ամենասպորտային փողոցը: Ու ես հասնում եմ Կասյան, հասնում հանգիստ քայլելով, բայց ոտքս Կասյան դնելուն պես քայլքս արագանում է, շատ է արագանում:

Սպորտային միջոցառումը սկսված է: Մրցույթը մեկնարկված է: Նպատակ. Կասյանի մի ծայրից մյուսը գնալ խիստ արագ քայլքով, առանց որևէ տեղ կանգնելու, առանց որևէ մեկին կամ որևէ բանի բախվելու, հպվելու, շփվելու: Սա այնքան էլ հեշտ չի: Պետք է ամեն ինչ հաշվի առնես: Դիմացիցդ ճեմողների ու քեզ ընդառաջ եկողների արագությունը ու կետը, որտեղ պետք է նրանց շրջանցես, որովհետև շրջանցման տեղերը շատ չեն: Դու նրանց կարող ես այնպիսի կետում հասնես, ուր շրջանցման տեղ չկա, կանգնում եք դեմառդեմ ու ձեզնից մեկը պիտի մի կողմ քաշվի՝ ճանապարհ ազատելով: Դա պայմաններին հակասում է: Պետք է առանց դիմացինին խոչընդոտելու ու ինքդ խոչընդոտվելու անցնես: Պետք է հաշվի առնես նրանց հոգեբանական վիճակը, հասկանաս դիմացինիդ հետաքրքրությունները, որպեսզի կռահես, թե ինքը որ խանութի առաջ կարող է կանգնել, դա քո հաշվարկներում հաշվի առնելու ու արագությունդ և երթուղիդ ճիշտ կազմակերպելու համար: Պետք է հաշվի առնես յուրաքանչյուր խանութից քաղաքացու դուրս գալու հնարավորությունն ու իմանաս, թե յուրաքանչյուր պահին այդ հնարավորության դեպքում ինչ ես անելու, որ կանգ չառնես, չբախվես, առաջ գնաս: Ու գնում ես ոլորապտույտ, իմանալով թե որ հատվածում որ ոտքդ որ հատվածում ես դնելու, այսինչ սյան կամ ծառի կողքով ինչպես ես անցնելու: Ու նորից գնում եմ: Այսօր հաշվարկներս ճիշտ են: Արդեն գրեթե ողջ փողոցն անցել եմ: Հասել եմ վերջին: Դիմացից գեր տիկին է գալիս: Նրա հետ հավասարվելու եմ այն ծառի մոտ: Այդ մասում ծառի ու պատի արանքում մի մարդ կարող է տեղավորվել ու դա լինելու է տիկինը: Ուրեմն պիտի կանգեմ կամ էլ շրջանցեմ: Շրջանցման ձևը գիտեմ. ձախ ոտքս դնելու եմ ծառի հողը շրջապատող քարին, ու տիկնոջ կողքով անցնելու, ծառին գրեթե քսվելով, իրականում չքսվելով: Տիկինը ոչ մի անհարմարություն չի զգա, ամեն ինչ հաշվարկված է, մնում է 7 քայլ, 6 քայլ, 5 քայլ, 4 քայլ, 3 քայլ, 2 քայլ, 1... և ես կանգնում եմ: Մի կողմ քաշվում, ճանապարհս զիջելով տիկնոջ ետևից եկող երիտասարդին: Այս տղային արժեր ճանաչել: Նույն հաշվարկները նրանն էին: Իմ գծած ճանապարհով ինքն անցավ: Այսօր պարտված եմ: Բայց ոչինչ, վաղը նորից ամեն ինչ կսկսվի զրոյից:

Դուրս կգամ տնից, բակում կհանդիպեմ հարևանիս:
- 50000 դոլլար պարտքով տուր, երկու օրից կտամ, - կասի նա...

Ուղարկել «Սպորտային փողոց կամ տնից աշխատանքի ճանապարհին"» Digg-ին Ուղարկել «Սպորտային փողոց կամ տնից աշխատանքի ճանապարհին"» del.icio.us-ին Ուղարկել «Սպորտային փողոց կամ տնից աշխատանքի ճանապարհին"» StumbleUpon-ին Ուղարկել «Սպորտային փողոց կամ տնից աշխատանքի ճանապարհին"» Google-ին

Թարմացել է 27.09.2009, 21:58 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Անկապ օրագրային , ‎ Դեսից-Դենից

Մեկնաբանություն

  1. Yellow Raven-ի ավատար
    Վայ ես ինչ ծանոթ իրավիճակա
    Սկզբից շատ ծանոթ վայրեր, իսկ վերջում Կասյանի նեղ <<անցքերով>> վազքը շատ հարազատ են ինձ...
    Իմ մոտ սովորաբար լինումա գետնանցումից մինչև կանգառ (էդ անտեր կանգառն էլ ահագին վերև են դրել) ... Քայլում եմ ու անընդհատ նայում ետ` հանկարծ երթուղայինս չգա (որովհետև ժամը մեկա գալիս ) ու շտապում, որ հանկարծ չուշանամ:

    Ու միշտ նույն իրավիճակում եմ, լինումա նույնիսկ դուրս եմ գալիս մայթից, որ չբախվեմ ինչ-որ մեկին Բայցերբեք ուշադրություն չեմ դարձրել, նոր պատկերացրեցի, թե վազքս ինչ զվարճալիա ստացվում, մյուս անգամ զգոն կլինեմ..

    5+ էս գրառման համար
  2. One_Way_Ticket-ի ավատար
    Կասյանի աջ մայթը (եթե նայենք Բարեկամության կողմից) հագեցած է նաև այն պատճառով, որ մարդիկ այդտեղ կանգառ են հորինել: Նույնիսկ երբ երթուղայինը գալիս է (ես ամեն աշխատանքային օր այդ ճանապարհով եմ գնում), մարդիկ վարորդին ասում են "կանգառում պահի", չնայած այդտեղ կանգառ չկա: Սակայն վարորդը նույնպես գիտի այդ չեղած կանգառի տեղը և կանգնում է:
  3. Yellow Raven-ի ավատար
    Ժամանակին կար, մինչև կամուրջի կառուցումը մի քիչ ներքև էր, հետո բարձրացրին վերև, վերջում էլ լրիվ հանեցին

    Բայց սովորության համաձայն դեռ «համարվումա» կանգառ
  4. Հիդրոգեն-ի ավատար
    >հետո բարձրացրին վերև, վերջում էլ լրիվ հանեցին
    Դե, եթե հաշվի առնենք, որ վարորդները կանգառից դուրս հիմնականում հրաժարվում են կանգնել ոստիկաններից և տուգանքներից վախենալով, և որ այդ նույն ոստիկանները այդ կանգառում դեռ ոչ մեկին չեն տուգանել, ուրեմն կանգառը, անկախ ամեն ինչից, դեռ օրինական է համարվում:
    Գրառումը շատ դուրս եկավ: Չնայած ես այդ փողոցով հիմնականում վաղ առավոտներով եմ անցնում, և մարդիկ դեռ անյքան էլ շատ չեն, միևնույնն է ճանապարհի կեսը փողոցով եմ անցնում: Տենց շատ ավելի հարմար է, չնայած և մի օր գցելու են մեքենայի տակ: Իսկ կեսօրով հաջողացնել մի ծայրից մյուսը հասնել ոչ մեկին չբախվելով... չգիտեմ, առաջին հայացքից անհնար է թվում:
  5. Վիշապ-ի ավատար
    Կարգին գեղարվեստական պրոզա է, իսկ դուք ինչ եք քննարկում