Նայել RSS հոսքը

Արիացի

Օրհասական պահ

Գնահատել այս գրառումը
Հասունանում է օրհասական պահը ու Հայ ազգը կրկին կանգնած է կարևոր ընտրության առջև: Այսօր Հայկի սերնդի գլխին ամպեր են կուտակվում, որոնց տեղատարափի արդյունքները դեռևս դժվար է գուշակել: Այսօր մի նոր Բել է ի հայտ եկել, միջազգային հանրություն ու քաղաքակիրթ աշխարհ կոչվածի տեսքով: Եվ այս Բելը կրկին փորձում է Հայկի ցեղին ստիպել` շարժվել խաղի իր պայմաններով: Սակայն ի տարբերություն 4500 տարի առաջվա դեպքերի, այսօր մենք չունենք Հայկ: Ամենացավալին այսօր այն է, որ մենք չունենք ղեկավար, որին հավատա և որի շուրջը համախմբվի ամբողջ Հայությունը: Եվ այդ պատճառով յուրաքանչյուր Հայ, որ մտահոգված է նրանով ինչ տեղի է ունենում, պետք է իր մեջ փնտրի այդ Հայկին և գոնե սեփական ուժերով փորձի ինչ-որ բան անել, վերահաս աղետը կանխելու համար: Ամեն Հայ պետք է գիտակցի, որ այստեղ արդեն ինքնապահպանման հարց է դրված:
Պետք է սթափվել ու հստակ գիտակցել, որ պահը իրոք օրհասական է, բայց միևնույն ժամանակ պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ ու վախի մթնոլորտ ստեղծել, քանի որ վախը ավելորդ լարվածություն է ստեղծում ու պատճառ է հանդիսանում ոչ ճիշտ քայլերի:
Եկեք պարզենք, թե ինչ ունենք այսօրվա դրությամբ և ինչ կարելի է անել վտանգը կանխելու համար:
Ինչ ունենք այսօրվա դրությամբ
Մենք պարտություն ենք կրում երկու ճակատով: Նախ հայ-թուրքական փրոթոքոլները, որոնք փորձում են փաթաթել մեր վզին, իրենց մեջ պարունակում են ինչպես Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր, այնպես էլ ամբողջ Հայությանը վարկաբեկող մի շարք դրույթներ: Պատմական հանձնաժողովի ստեղծումը կասկածի տակ է դնում ցեղասպանության հարցը և վարկաբեկում է ցեղասպանությունը վերապրած մարդկանց ու նրանց սերունդներին: Հայ հասարակության հիմնական մասը (իմ ոչ ճշգրիտ գնահատականներով մոտ 80%) դեմ է հայ-թուրքական փրոթոքոլներին: Իսկ սփյուռքում վիճակը ավելի հստակ է: Միայն այն փաստը, որ դաշնակ, հնչակ ու ռամկավար կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ դատապարտում ու իրենց բողոքն են արտահայտում այս փաստաթղթերի հետ կապված, արդեն շատ բան է ասում: Առանձին հայտարարությամբ է նաև հանդես եկել Կիլիկիո Հայոց պատրիառք Արամ Առաջինը: Այս ամենը ցույց են տալիս, որ Հայության հիմնական մասը դժգոհ է այն ամենից ինչ տեղի է ունենում ՀՀ և ԹՀ միջև, իսկ սփյուռքահայությունը նաև իրեն խաբված է զգում, քանի որ ՀՀ իշխանությունները մինչ այժմ արհամարհել են սփյուռքի շահերը:
Նույնն է վիճակը Ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Վերջերս մեր հարգարժան նախագահը ռուսական հեռուստաալիքին հարցազրույցի ժամանակ բառացիորեն ազատագրված տարածքները անվանեց անվտանգության գոտի, որը վաղ թե ուշ կվերադարձվի Ադրբեջանին: Պարզից էլ պարզ է, որ նման մարդը չի կարող ներկայացնել Հայ մարդու և մասնավորապես Արցախցու շահերը: Արցախահայությունը տարբեր հայտարարություններով դեմ է արտահայտվել հողի ցանկացած կտորի հանձնումը թուրքերին: Ժամանակն է, որ յուրաքանչյուր մարդ գիտակցի, որ ազատագրված տարածքները մեր հայրենիքի անբաժանելի մասն են և դրանց մասին խոսելուց հիշի միայն Լեոնիդ Ազգալդյանի խոսքերը` <<Սա Հայաստանն է: Եվ վերջ>>: Ազատագրված տարածքները մեզ վերադարձրեցին հույս ու հավատ, որ մեր կորուսյալ հայրենիքը միայն ժամանակավոր է կորուսյալ և եթե այսօր մենք արևելքում կարողանում ենք վերականգնել մեր հողերը (թեկուզ և մասամբ), ապա վաղը մենք կվերականգնենք նաև մնացած կորուստները: Բացի բարոյական օգուտից, ազատագրված տարածքները այսօր Հայությանը տալիս են նաև տնտեսական մեծ օգուտ: Պետք չէ անտեսել այն փաստը, որ այդ տարածներում արդեն վերականգնվել են մի շարք գյուղեր: Այնտեղ բնակեցվել են ընտանիքներ, որոնք այդ հողը իրենց կյանքի անբաժան մասն են համարում: Մարդիկ ապրում են ու չնայած վատ սոցիալական պայմաններին, ամեն ինչ անում են, կյանքը բարելավելու ու Հայրենիքի այդ մի փոքր վերականգնված մասը վերաբնակեցնելու ու աշխուժացնելու ուղղությամբ: Բավական է բերել Քարվաճառում բնակվող 11 զավակ ունեցող ընտանիքի օրինակը, որպեսզի հասկանանք, թե ինչ կարևորություն ունի այդ հողը Հայության համար: Եվ նաև պետք չէ մոռանալ, որ այդ հսկայական հողերը այսօր ապրուստի միջոց են ոչ միայն Արցախի, այլ նաև Սյունիքի մի շարք գյուղերի բնակիչների համար: Հսկայական տարածքներով վարուցանք է կատարվում ինչպես Արցախի, այնպես էլ Սյունիքի գյուղացիների կողմից: Եվ այս պայմաններում խոսք անգամ չի կարող լինել որևէ տարածք զիջելու մասին: Տարածքի զիջումը կբերի նոր պատերազմի սկզբին: Միամտություն է, կարծել, թե տարածքները հետ ստանալով թուրքերը կարող են հանդարտվել ու հաշտության գնալ: Դա բացառվում է! Պատերազմը կավարտվի կամ Հայերի կողմից Կուրի ափ հասնելով, կամ էլ թուրքերի կողմից Արցախի ու Սյունիքի գրավումով:
Հետևաբար, մարդը, որը խոսում է տարածքների հանձնման մասին, ոչ այլ ինչ է, քան դավաճան:

Ինչ կարելի է անել, վտանգը կանխելու համար:
Այս մռայլ իրավիճակի մեջ մի դրական բան կա, որը հույս է տալիս, որ հայ-թուրքական համաձայնությունը այնուամենայնիվ չի ստորագրվի: Սերժը հոկտեմբերի 1-ին մեկնում է համահայկական շրջագայության, որի ընթացքում կլինի Փարիզում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում, Դոնի Ռոստովում և եթե չեմ սխալվում, Մոսկվայում: Քննարկման հիմնական նյութը լինելու է հայ-թուրքական հարաբերությունները: Հաշվի առնելով, որ սփյուռքը միաձայն դեմ է այդ հարաբերություններին, հույս է արթնանում, որ Սերժի վրա ճնշումներ կգործադրվեն, որի արդյունքում նա կվերանայի իր դիրքորոշումները ու այնուամենայնիվ կգնա զիջման, չնայած միջազգային հանրության ճնշումներին: Սակայն միայն սրա վրա հույս դնել չի կարելի ու պետք է օգտագործել ցանկացած միջոց, մեր բողոքը արտահայտելու ու այս ամենի դեմ հանդես գալու համար: Առաջին քայլը, որ առաջարկում եմ` մասնակցել Միացում շարժման կազմակերպվող բողոքի ակցիաներին: Այսօր ժամը 15-ին այն տեղի կունենա Մյասնիկյանի արձանի մոտ: Հուսով եմ այդ ակցիաները հետագայում ևս կլինեն: Միացումը դեմ է արտահայտվում և տարածքների հանձնմանը (հող հանձնողը դավաճան է) և հայ-թուրքական համաձայնագրին: Եվ պետք է անպայման այս ակցիաներին մասնակցել:
Սրանից բացի, պետք է օգտագործել ձեռքի տակ եղած այլ հնարավորություններ ևս մեր իշխանություններին ու միջազգային հանրությանը մեր խոսքը հասցնելու համար: Սրան հասնելու շատ լավ միջոց է ինտերնետը: Պետք է էլեկտրոնային նամակներ գրել բոլորին: Պետք է գրել շատ ու գրել կոշտ: Սա նաև կարևոր է այն առումով, որ հայ-թուրքական համաձայնագիրը վերջնականորեն ներկայացվելու է ազգային ժողովի քննարկմանը: Ճիշտ է, մեր ազգային ժողովը տիկնիկային թատրոն է հիշեցնում, բայց պետք է փորձել նաև նրանց վրա ճնշում գործադրել: Առաջիկա օրերին (հավանաբար վաղը) կներկայացնեմ ազգային ժողովի պատգամավորների ու կուսակցությունների էլեկտրոնային հասցեների ցուցակը: Կսկսենք նամակներ գրել ու մեր բողոքը հասցնել նրանց: Հույսը քիչ է, բայց մասսայական գրոհի դեպքում կարող է մի բան ստացվել:
Եվ ամենակարևորը. պետք է այս ամենը տարածել ամենուր` էլեկտրոնային բոլոր միջոցներով, ինչպես նաև ծանոթ բարեկամներով: Պետք է բոլորին հասկացնել, որ գործը լուրջ է: Անհրաժեշտ է բոլորի համախմբված գործունեությունը: Ունենք հստակ նպատակ` կանխել հայ-թուրքական ոչ հայանպաստ հարաբերությունների հիմնումը ու կանխել տարածքների հանձնումը ու Ղարաբաղյան հակամարտության ոչ հայանպաստ ելքը: Չունենք ոչ մի շահ, բացի Հայրենիքի առաջ մեր պարտավորվածությունից ու ինքնապահպանման բնազդից: Եվ պետք է մեր բազկը ձուլենք մնացածի բազկին ու մի բռունցք դառնանք, որպեսզի կանխենք մոտալուտ խայտառակությունը:

Եթե ունեք ինչ-որ առաջարկություններ, որոնք կարծում եք, որ կարող են օգտակար լինել, գրեք քննարկենք:

Ուղարկել «Օրհասական պահ"» Digg-ին Ուղարկել «Օրհասական պահ"» del.icio.us-ին Ուղարկել «Օրհասական պահ"» StumbleUpon-ին Ուղարկել «Օրհասական պահ"» Google-ին

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Լեռնցի-ի ավատար
    Շատ լավ է:
    Շնորհակալություն:
    Ես հավատում եմ Հայի Բնազդին և Բնության ճշմարտացիությանը և պատրաստ եմ բազկս Ձուլել համայն հայության բազկին:

    Կե՜ցցե՜ Հայությու՜նը, Կե՜ցցե՜ Արդարությո՜ւնը
  2. Chuk-ի ավատար
    Իհարկե պաթոսային էր ու ասելիքդ կարող էր հակիրճ ու լակոնիկ էլ ներկայացնեիր, բայց դե: Ուղղակի ուզում եմ գոհունակությունս հայտնել, որ վերջապես արթնացաք: Անշուշտ կարելի էր արթնանալ 1.5 տարի առաջ, օրինակ, երբ ահազանգվում էր այս մասին, ու առնել դեմը իսկապես, այլ ոչ թե վերջին, ճարահատյալ քայլերի գնալ հիմա, բայց դե որ գոնե հիմա եք արթնացել էլի վատ չի: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք

    Ողջունում եմ Միացման ակցիաներին մասնակցելու ձեր ցանկությունը:
  3. Արիացի-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Իհարկե պաթոսային էր ու ասելիքդ կարող էր հակիրճ ու լակոնիկ էլ ներկայացնեիր, բայց դե: Ուղղակի ուզում եմ գոհունակությունս հայտնել, որ վերջապես արթնացաք: Անշուշտ կարելի էր արթնանալ 1.5 տարի առաջ, օրինակ, երբ ահազանգվում էր այս մասին, ու առնել դեմը իսկապես, այլ ոչ թե վերջին, ճարահատյալ քայլերի գնալ հիմա, բայց դե որ գոնե հիմա եք արթնացել էլի վատ չի: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք

    Ողջունում եմ Միացման ակցիաներին մասնակցելու ձեր ցանկությունը:
    Այո, կարելի էր ավելի հակիրճ, բայց ես ուզեցի մի քիչ էլ էդ պաթոսային վիճակը ստեղծել: Ամեն դեպքում, շնորհակալություն:
  4. Norton-ի ավատար
    Ողջունելի ա ակցիաներին մասնակցելու որոշումը:
    Թերևս ուշացած , բայց ճիշտ որոշում:
  5. Մեղապարտ-ի ավատար
    Քո պես մտածողերը մեր ազգի գոյատեվման գրավակնն են:
    Չնայած որ հեռու եմ ,բայց կռվող եմ :

    Ով քնա չի արթուն կացեք ,
    Ով արթուն է ելեք կանգնեք:
  6. Արիացի-ի ավատար
    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից
    Քո պես մտածողերը մեր ազգի գոյատեվման գրավակնն են:
    Չնայած որ հեռու եմ ,բայց կռվող եմ :

    Ով քնա չի արթուն կացեք ,
    Ով արթուն է ելեք կանգնեք:
    Շնորհակալություն, Մեղապարտ ջան; Քո նման մարդկանց կարծիքը շատ կարևոր է ինձ համար: Հուսով եմ կգա այն օրը, որ միայն գոյատևմամբ չենք բավարարվի:
  7. Հայկօ-ի ավատար
    Հետներդ մետաղյա ձողեր ու ոզնիներ վերցրեք :

    Ճիշտ եք անում, ողջունում եմ: Երեկ մի բան եղա՞վ: Ի՞նչ պոտենցիալ կա: