Հյուրերս
Մանկուց սիրել եմ հյուրեր, սիրել եմ, որ մեր տունը, միշտ լիքն է եղել մեր բարեկամներով, մտերիմներով, հարազատներով: Իսկ վերջերս պարզեցի, որ հյուրերը միայն դռնից չէ որ ներս են մտնում և անպայման չէ, որ ծանոթ-բարեկամ լինեն:
Իմ նոր տունը գտնվում է 3-րդ հարկում, բայց քանի որ շենքը բլրակի վրա է կառուցված, փողոց նայող կողմը շատ ավելի բարձր է, իսկ իմ տան երկու պատշգամբներն էլ փողոց են նայում: Իսկ փողոցի ու մայթի արանքի փոքրիկ հողակտորում երկարակյաց ու շաատ մեծ սոճիներ կան, նրանց վրա ագռավներ, կաչաղակներ և այլ թռչուններ են բնակվում: Խոհանոցի պաշտգամբի դռները միշտ բաց եմ թողնում, որ համ օդ գա, համ էլ կատուս սիրում է նստել ու ավտոմեքենաներին նայել: Դե դիմացի շենք-ծառի հարևաններս էլ առիթը բաց չեն թողնում և ամեն առավոտ հյուր են գալիս, նստում խոհանոցում, զրուցում կատվիս` Չալոյի հետ, իսկ երբ ես գնում եմ, որ գոնե մի բաժակ սուրճ հյուրասիրեմ, շտապում են վերադառնալ տուն` պատճառ բռնելով, թե առորյա հոգսերը կանչում են:
Վերջերս արտասահմանից մի հյուր եկավ, հավանաբար խեղճը կորել էր անծանոթ քաղաքում և պատշգամբներից ամենահյուրընկալը մերն էր թվացել: Մի դեղնականաչ, բավականին գեղեցիկ волныстый попугай եկավ ներս մտավ, դե իմ Չալոն էլ շատ ոգևորվեց վազելով գնաց հյուրին դիմավորելու, նա էլ դա այլ կերպ ընկալեց և թռավ գնաց: Սակայն դեռ երկար ժամանակ նստած դիմացի ծառի ճյուղից կարոտով նայում էր մեզ:
Իսկ այսօր կաղամբի հետ խխունջի ձագուկը հյուր եկավ, կարծում եմ նա շաատ շփոթված էր, չէր նախատեսում հյուրընկալվել, քանի որ ամոթից գլուխը անընդհատ պատյանի մեջ էր մցնում, հետո հանում այս ու յան կողմ նայում, կարմրում, ես էլ որոշեցի նրան երկար այդպիսի անհարմար դրության մեջ չպահեմ և աղբի հետ դուրս տարա:
Սիրում եմ հյուրեր, անկոչ թե սպասված, սովորական, թե անսովոր...