Կյանք
Կյանքն այն ֆիզիկան է, որի բացահայտման համար սկզբնավորման շրջանից մարդիկ, հիմնականում գիտնականները, փիլիսոփաները, ջարդում են իրենց գլուխները, նվիրում ու տրամադրում իրենց ողջ կյանքը: Չնայած՝ չեմ կարծում, թե որևէ բանի հասնում են:
Կյանքը մի ֆունկցիա է, ընդհանուր դեպքում նաև ոչ անընդհատ, թեկուզ մաթեմատիկանան արտահայտություների թերություններին չառնչվելով: Ամեն իրական պահին կյանքը համարյա ստատիկ և համարյա անվերջ է թվում, ինչպես ֆունկցիային տրված կետում տարած շոշափողը: Կարծես կյանքը կարելի կլիներ նկարագրել միայն գծային տեսքով: Բայց արդյունքում՝ կյանքը բարդ կոր է, միգուցե Թեյլորի շարքով է պետք ներկայացնել: Միգուցե այն մեզ համար անհասանելի բարդություն ունի, թեկուզ ոչ թե տեսականորեն, այլ գործնականորեն՝ պատկերացնելու առումով: Երևի բարդությամբ N չափանի տարածություն պատկերացնելու հետ կարելի է համեմատել: Եթե ֆիզիկայի օրենքներից օգտվենք և կազմենք կյանքի ֆունկցիան, ստիպված կլինենք նշել, հաշվի առնել այն բոլոր գործոնները, որոնք ազդում են կյանքի վրա. Նյուտոնի երկրորդ օրենքն է: Կամ էլ կկազմենք Լագրանժյանը Երկրային պայմաններում: Քիչ, թե շատ մոտարկումներ անելով և խնդիրը բերելով հայտնի օրենքների մասնավոր լուծումներին՝ միգուցե հնարավոր լինի ստանալ մի ֆունկցիա, կամ , ավելի ճիշտ, մի համակարգ, որի լուծմանը մասնակցի մոտավորապես այնքան պայման ու գործոն, որքան, ասենք, մի դույլ ջրի ցանկացած մոլեկուլի դիրքը տարածության մեջ ժամանակի ընթացքում նկարագրող համակարգում կլինի: Գործնականում նման խնդիր լուծել հնարավոր չի: Երևի կյանքի գաղտնիքն ու խորհրդավորությունը այդպիսի անհաղթահարելի պինդ փակի տակ է դրված, որ հանկարծ կյանքի նկատմամբ հետաքրքրությունը չկորչի որևէ ժամանակաշրջանում:
Ամբողջությամբ վերցրած՝ կյանքը անընդհատ է, բայց ոչ մի կենդանու համար դա անընդհատ չէ, դիսկրետ է, հենց միայն այն պատճառով, որ մեր ընկալումները ժամանակի ընթացքում են, այսինքն՝ մենք ամեն կարճ ժամանակամիջոցում չենք կարող փոփոխությունը զգալ: Դա վերաբերում է և՛ տեսողական, և՛ լսողական, և՛ բոլոր մնացած զգայարաններին:
Իսկ պահի անվերջությունը միգուցե այսպես կլինի բացատրել: Օրինակ, եթե կետը անչափ երկրաչափական մարմին է, իսկ գիծը այդպիսի կետերից է բաղկացած, փաստորեն ոչնչից, նշանակում է՝ ցանկացած փոքր հատվածում անվերջ թվով կետեր կան: Իսկ այդ կյանքի գրաֆիկին տարված շոշափողը կարծես անվերջ կետերի /քանակով/ նման ձգտում է անվերջ տևել: Բայց կա տարբերություն գործնականի և տեսականի միջև: Վերը նկարագրած է տեսականը: Իսկ գործնականում անվերջներ չկան: Գրաֆիկին շոշափող տանելիս հնարավոր չէ այնպես տանել, որ մի կետում հատվի գրաֆիկի հետ, քանի որ գիծը հաստություն չունի, կետը՝ չափ, կետը կարելի է բաժանել ավելի փոքր կետերի և այլն: Կյանքն էլ համանմանորեն համապատասխանաբար կհամընկնի մեր զգայական սահմանափակումներին: Բնությունը անվերջ փոքր և անվերջ մեծ հասկացություններ չունի: Կարելի է ասել հակառակը, կյանքը գործում է փոքրագույն գործողության սկզբունքով: Կյանքն ամեն ինչը միջինացնում է, կոկում: Օրինակ՝ հիշողությունը մեղմում է բոլոր զգացմունքները, հուշերը, ընդ որում՝ և՛ որակով, և՛ տևողությամբ: Այն դասավորում է ամենն ըստ ուրիշ կանոնների: Նույնիսկ անմոռանալի թվացող բերկրալի պահերի փայլը հետագայում աղոտ ու ստվերոտ է հիշվում: Երբեմն չի էլ հիշվում: Երևի մեր զգայարանների սահմանափակումները հաշվի առնելով, կյանքը կարելի է համարել անընդհատ, բայց միևնույնն է, ոչ ամբողջ տիրույթում: Այդ տիրույթի չափերը մի ժամի կարգի են, կամ մի րոպեի, վայրկայանի՝ չեմ կարծում, իսկ օրվա՝ առավել ևս, այսինքն՝ երկու կողմից էլ սահմանափակ է: Իսկ այս պայմանով կարելի է համարել, որ սահմանափակ տիրույթի վրա կյանքն անընդհատ է: Ճիշտ է, այդ տիրույթի չափը կոնկրետ չի, տատանվում է ըստ տարբեր հանգամանքների:
18.4.2006թ![]()