11.05.2009, 01:23 (5379 Դիտումներ)
Օրեցօր մեծանում է «կտրուկ գործողությունների» մասին խոսակցությունների նկատմամբ սրտխառնուքս: Որպես կանոն դրանք ոչնչով չեն տարբերվում շարքային դատարկաբանություններից:
Մի քանի օր առաջ էր, տաքսիով շտապ տեղ եմ գնում, հանդիպումից ուշանում եմ: Վարորդի կողքին նկատեցի ՀԱԿ համայնքների հանդիպումների մասին տեղեկացնող թռուցիկն ու ուրախացա: «Մերոնցական է», - մտածեցի:
- Էս թռուցիկը տեսա, շարժման մե՞ջ եք, - հարցրի վարորդին:
- Վա՛յ, չէ, - խառնվեց իրար, - ես շարժման հետ ի՞նչ կապ ունեմ, էս ուղևորներն են թողնում...
Հասկացա որ վախենում է:
- Իսկ ես շարժման մեջ եմ, - ասեցի ու սկսեցի քարոզել: Իրավունք ունեմ: Քարոզարշավը մեկնարկվել է, ես էլ ավագանու թեկնածու եմ ՀԱԿ ցուցակներով: Ասացի նաև այդ մասին: Շուտով բացվեց.
- Տղա ջան, շարժման մեջ եմ, բա ի՞նչ եմ, - ու խորացավ, խոսում է ինձնից շատ, քարոզում ինձնից շատ: Բայց...
- Բայց դե Լևոնենցից դժգոհ եմ մի քիչ, - ասում է:
- Ինչու՞, - հարցնում եմ:
- Որտև կտրուկ գործողությունների չեն գնում, ինչի՞ մի հատ չեն ասում գրոհենք նախագահականի վրա:
Գլխիս կափարիչը թռավ: Մի կողմ թողնենք որ ես ուղնուծուծով սահմանադրական ճանապարհի, այսինքն Հայ Ազգային Կոնգրեսի որդեգրած ճանապարհի կողմնակից եմ ու հստակ գիտեմ, որ այդ ճանապարհով հասնելու ենք վերջնական հաղթանակին: Բայց մի պահ դա էլ մի կողմ թողնենք: Չդիմացա, բորբոքվեցի.
- Էդ դու՞ ես ասում, - ասացի բարկացած, - դու՛, որ իմ նման փոքրիկ-մոքրիկ տղային տեսնելով վախեցել ու ասում էիր, որ չէ, ինչ շարժում, ինչ բան, դու՞ ես դա ասում: Իսկ եթե հանկարծ էդպիսի որոշում լինի, դու՞ ես գնալու, որ սենց հասարակ բաներից ես վախենում, թե հույսներդ էն ա, որ ՀԱԿ-ի ակտիվը, որ անվախ մասսա ա, պիտի ձեր փոխարեն գնա ու կռիվ, չնայած որ իրանք այլ համոզմունքների տեր են, չեն ընդունում գրոհը...
Խեղճացել էր: Ձեն չէր հանում: Ի՞նչ ասեր: Ամբողջ խնդիրն այն է, որ ինքը մենակ չի: Էլի կան էսպես «կտրուկ գործողություններ» պահանջողներ: Բայց որպես կանոն էդ պահանջողները էն շարքերում են, ովքեր առաջին են փախնում: Սա պոռոտախոսություն ա հիմնականում: Էդքան մի բան:
Արդեն սիրտս խառնում ա էդ խոսակցություններից: