Թե ինչպես մաման մայրիկ դարձավ
Թերթում ես մտքիս օրագրի էջերը: Շատ են, բազում, պատառոտված, ջնջված, կեսից ավելին կորած:
Հասնում եմ 1988 թվականին: Վա՛յ, կապույտ կարճ շալվարս, կարոտել եմ: Կարմիր մայկա՝ սպիտակ գծերով: Ու աշխարհի անցուդարձին անտեղյակ՝ Ես: Խաղում ենք ընկերոջս հետ, վազվզում ենք ու ուրախ ճչում: Ի՜նչ իմանայի, որ այդ օրը իմ ապագայի համար բեկումնալի նշանակություն է ունենալու:
Դոփ-Դոփ-Դոփ-Դոփ... լսում ենք քայլերի ձայնը: Ռուս զինվորը ծանր կոշիկները գետնին դխկացնելով հայտնվում է շենքի մի ծայրից: Մանկական երազկոտ ու հիացած աչքերով նայում ենք նրան, նրա քրտնած, արևից այրված դեմքին, ձեռքի զենքին, ճմրթված բայց խրոխտ հագուստին.. Դոփ-Դոփ-Դոփ-Դոփ... գալիս է ռուս զինվորը: Հասնում է մեզ, ավտոմատը պահում մեր վրա ու ռուսերեն ասում. «Կսպանե՜մ, լակոտներ»: Դեմքին դաժան արտահայտություն է, աչքերում զայրույթ... Գոռում ենք ու փախնում: Ես մեր տուն, ըներս՝ իրենց: Երևի կատակ էր անում հիմարը, չգիտեմ, բայց մենք մանուկ էինք, միամիտ ու վախկոտ:
Շատ էի վախեցել: Գոռալով տուն հասա ու պատմեցի ինչ է եղել: Պատմեցի դողացող ձայնով, արցունքն աչքերիս: Հայրս տնից դուրս թռավ, որ այդ զինվորին գտնի, իսկ մայրս ինձ էր փորձում հանգստացնել:
Վիրավորված էի: Ներաշխարհս լրիվ խառնվել էր: «Մամ, էլ ռուսերեն չեմ խոսելու, իրանք... իրանք մարդ չեն»,- ասացի նեղացած աշխարհից: Մայրս ժպտաց: Ի՞նչ իմանար, թե որքան լուրջ եմ ես: Որոշեց կատակել. «Բա ինչի՞ ես մամ ասում, դա էլ ա ռուսերեն», - ասաց ժպտալով: «Ո՞նց, - զարմացա ես, - բա հայերեն ո՞նց ա»: «Հայերեն մայրիկ ա», - պատասխանեց մայրս: «Բա պապան», - հարցրի: «Պապան էլ՝ հայրիկ», - չուշացրեց պատասխանը:
Այդ օրվանից հետո երբևէ ծնողներիս մամա կամ պապա չեմ ասել: Ասել եմ մայրիկ ու հայրիկ: Հետագայում կրճատել ու ասել եմ մայր, հայր: Հետաքրքիր էր, երբ բակում խաղում էինք ու ծնողներս կանչում էին, եթե եղբորս էին կանչում, բակի երեխաները վազում ու լուրը հասցնում էին. «Տարո՛ն, մամադ (կամ պապադ) կանչում է»: Իսկ երբ ինձ էին կանչում, լուրն այսպես էին հասցնում. «Արտա՛կ, մայրիկդ (կամ հայրիկդ) կանչում է»:
Ու ես սկզբունքորեն չսովորեցի ռուսերեն: Դպրոցում դասատուս հինգեր էր դնում, որովհետև սիրում էր: Իսկ ես չէի սիրում այդ լեզուն, նեղացած էի, չէի սովորում: Ինձ հակառակը ոչ մեկը չէր կարողանում համոզել. ո՜չ ծնողներս, ո՜չ ազգականներս, ո՜չ ուսուցիչներս: Տարիներ հետո նոր փոշմանել եմ այդ որոշման համար ու սկսել սովորել: Արդեն հասուն մարդ էի այդ ժամանակ: Բայց դեռ հիշում եմ այն փոշոտ հագուստով հիմար ռուս զինվորին, ով կատակել չգիտեր:
Փակում եմ օրագրիս հերթական էջը... Արդեն խունացել է, սկսել են ջնջվել մեջի գրերը: Մեկ այլ տեղ արտատպելու կարիք կա: Բացում եմ «Դար» ակումբը...