Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Թե ինչպես մաման մայրիկ դարձավ

Գնահատական. 7 ձայն, 5.00 ընդհանուր:
Թերթում ես մտքիս օրագրի էջերը: Շատ են, բազում, պատառոտված, ջնջված, կեսից ավելին կորած:
Հասնում եմ 1988 թվականին: Վա՛յ, կապույտ կարճ շալվարս, կարոտել եմ: Կարմիր մայկա՝ սպիտակ գծերով: Ու աշխարհի անցուդարձին անտեղյակ՝ Ես: Խաղում ենք ընկերոջս հետ, վազվզում ենք ու ուրախ ճչում: Ի՜նչ իմանայի, որ այդ օրը իմ ապագայի համար բեկումնալի նշանակություն է ունենալու:

Դոփ-Դոփ-Դոփ-Դոփ... լսում ենք քայլերի ձայնը: Ռուս զինվորը ծանր կոշիկները գետնին դխկացնելով հայտնվում է շենքի մի ծայրից: Մանկական երազկոտ ու հիացած աչքերով նայում ենք նրան, նրա քրտնած, արևից այրված դեմքին, ձեռքի զենքին, ճմրթված բայց խրոխտ հագուստին.. Դոփ-Դոփ-Դոփ-Դոփ... գալիս է ռուս զինվորը: Հասնում է մեզ, ավտոմատը պահում մեր վրա ու ռուսերեն ասում. «Կսպանե՜մ, լակոտներ»: Դեմքին դաժան արտահայտություն է, աչքերում զայրույթ... Գոռում ենք ու փախնում: Ես մեր տուն, ըներս՝ իրենց: Երևի կատակ էր անում հիմարը, չգիտեմ, բայց մենք մանուկ էինք, միամիտ ու վախկոտ:

Շատ էի վախեցել: Գոռալով տուն հասա ու պատմեցի ինչ է եղել: Պատմեցի դողացող ձայնով, արցունքն աչքերիս: Հայրս տնից դուրս թռավ, որ այդ զինվորին գտնի, իսկ մայրս ինձ էր փորձում հանգստացնել:

Վիրավորված էի: Ներաշխարհս լրիվ խառնվել էր: «Մամ, էլ ռուսերեն չեմ խոսելու, իրանք... իրանք մարդ չեն»,- ասացի նեղացած աշխարհից: Մայրս ժպտաց: Ի՞նչ իմանար, թե որքան լուրջ եմ ես: Որոշեց կատակել. «Բա ինչի՞ ես մամ ասում, դա էլ ա ռուսերեն», - ասաց ժպտալով: «Ո՞նց, - զարմացա ես, - բա հայերեն ո՞նց ա»: «Հայերեն մայրիկ ա», - պատասխանեց մայրս: «Բա պապան», - հարցրի: «Պապան էլ՝ հայրիկ», - չուշացրեց պատասխանը:

Այդ օրվանից հետո երբևէ ծնողներիս մամա կամ պապա չեմ ասել: Ասել եմ մայրիկ ու հայրիկ: Հետագայում կրճատել ու ասել եմ մայր, հայր: Հետաքրքիր էր, երբ բակում խաղում էինք ու ծնողներս կանչում էին, եթե եղբորս էին կանչում, բակի երեխաները վազում ու լուրը հասցնում էին. «Տարո՛ն, մամադ (կամ պապադ) կանչում է»: Իսկ երբ ինձ էին կանչում, լուրն այսպես էին հասցնում. «Արտա՛կ, մայրիկդ (կամ հայրիկդ) կանչում է»:

Ու ես սկզբունքորեն չսովորեցի ռուսերեն: Դպրոցում դասատուս հինգեր էր դնում, որովհետև սիրում էր: Իսկ ես չէի սիրում այդ լեզուն, նեղացած էի, չէի սովորում: Ինձ հակառակը ոչ մեկը չէր կարողանում համոզել. ո՜չ ծնողներս, ո՜չ ազգականներս, ո՜չ ուսուցիչներս: Տարիներ հետո նոր փոշմանել եմ այդ որոշման համար ու սկսել սովորել: Արդեն հասուն մարդ էի այդ ժամանակ: Բայց դեռ հիշում եմ այն փոշոտ հագուստով հիմար ռուս զինվորին, ով կատակել չգիտեր:

Փակում եմ օրագրիս հերթական էջը... Արդեն խունացել է, սկսել են ջնջվել մեջի գրերը: Մեկ այլ տեղ արտատպելու կարիք կա: Բացում եմ «Դար» ակումբը...

Ուղարկել «Թե ինչպես մաման մայրիկ դարձավ"» Digg-ին Ուղարկել «Թե ինչպես մաման մայրիկ դարձավ"» del.icio.us-ին Ուղարկել «Թե ինչպես մաման մայրիկ դարձավ"» StumbleUpon-ին Ուղարկել «Թե ինչպես մաման մայրիկ դարձավ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Անկապ օրագրային , ‎ Դեսից-Դենից , ‎ Հիշողություններ

Մեկնաբանություն

  1. Dayana-ի ավատար
    Նենց հավես ա, որ ծնողներդ զանգում են ասում ես ՝ հա Մայր(Հայր):
  2. Ֆոտոն-ի ավատար
    Ես էլ եմ ուզում մամային մայրիկ ասել:
  3. Ռուֆուս-ի ավատար
    Իսկ ես արդեն 15 տարի կլինի մամայիս անունով եմ դիմում

    Շատերի կարծիքով դա տարօրինակ է ու մամայիս համար վիրավորական...
  4. Ձայնալար-ի ավատար
    Իրականում էն ինչ որ դու հասկացել ես ձ տարեկանում, թեկուզ և ոչ խորությամբ, շատ մեծահասակներ մինչև հիմա չեն հասկանում՝ սըհաթ մըհաթ են օրհնում:
  5. Chuk-ի ավատար
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից
    Իրականում էն ինչ որ դու հասկացել ես ձ տարեկանում, թեկուզ և ոչ խորությամբ, շատ մեծահասակներ մինչև հիմա չեն հասկանում՝ սըհաթ մըհաթ են օրհնում:
    Բացեց
  6. Smokie-ի ավատար
    Շատ հաճելի ա, որ մայրիկ են ասում՝ շատ գեղեցիկ ա հնչում: ՄԱՅՐԻԿ . . . սիրուն ա ու մայրիկի համար հաճելի:
    Այսօր ես առաջին անգամ եմ բլոգներ մտնում, առաջին մարդը ում բլոգները կարդում եմ դու ես:
  7. Անտիգոնե-ի ավատար
    Բավականին մեծ էի երբ շատ ուժեղ ցանկություն ունեցա մամայի փոխարեն մայրիկ ասել: Փորձեցի 2 անգամ: Անբնական ստացվեց: Ամաչեցի: Էլ չեմ ասում...
    Իմ ապագա երեխաների համար ես հաստատ ՄԱՅՐԻԿ կլինեմ, ոչ թե....
  8. Թամարա-ի ավատար
    Նման մի դեպք ես էլ հիշեցի:Երևի 5-6 տարեկան էի,մի մարդ մի օր բարկացավ վրաս ու ասաց,որ եթե մի անգամ էլ ինձ տեսավ չթույլատրված տեղում ճանապարհը հատելիս վրաերթի կենթարկի:Մի օր էլ էլի բռնացրեց ու մեքենայով սկսեց հետապնդել...Նենց էի վախեցել,հավատում էի,որ լուրջ ա ասում,վազելով եկա տուն մերոնց ասեցի ծիծաղում էին,ես էլ նույնիսկ համարներն էի վերցրել,որ հոպարս գար գնայինք վախացնեինք նրան:Դրանից հետո համարյա միշտ զեբրաներով եմ անցնում