մեկնում
Էնտեղ շենքեր են հին, ցնցոտիավոր, անորոշ տարիքի, դատարկ ու անուրախ աչքերով: Լավագույնները թաքցնում են աչքերն ու աշխատում գոյությունը քարշ տալ աննկատ` անգործունեությամբ, չմտածմունքով հալեցնելով-լուծելով իրենց տձև ու անշնորհք զանգվածը շուրջը թափառող անէության բացարկների մեջ:
Նրանք չունեն պատմություն: Նրանց պատմությունը կիսատ մի էջ է` անբովանդակ, մոխրագույն թափվող ծվեններով, որը լրացնելու հավես ու հետաքրքրություն չունի ոչ ոք, անգամ իրենք:
Թեև կար մի ժամանակ, երբ քանդվող, փշրվող քարերի խրթխրթոցի ու փոշու մեջ մինչև պռունկը լցված կյանք ու ախորժելիություն էր բվվում, էդ էն ժամանակներն էր, երբ ապրում էին ինչ-որ հենքով, ինքնագոհության պես մի բան, կամ քամի էր գլուխներում ու բեռը` թեթև, երբ հավատում էին, որ արցունքները ցավից են ծնվում, երբ հավատում էին ցավին, ու գիտեին, որ իրենք միակը չեն այդպիսի հավատացող:
Բայց էդ բոլորը մի սովորական օր փլվեց, ինչպես օդեղեն պատերն են կտոր-կտոր առանձնանում ու փուլ գալիս, ու ձև չկա բռնելու, կանգնեցնելու...
Ստոպ
Այս ամենը ձեզ չէր վերաբերում: Ինչպես և չի վերաբերում այն, ինչից շենքերը չեն փլվում ու հաստակող շարունակում իրենց ծանրացած գոյությունը: Դա ձեզ, ձեզ չի վերաբերում:
Ում վերաբերում է, եկավ մի օր ու ուշադիր աչքերով լսեց: Հետո ասաց, որ մարդիկ կան` ցավեցնում են, որ համոզվեն, որ գոյություն ունեն: Կյանքում առաջին անգամ որոշեցի մարդ սպանել: Երբ հայտարարեցի այդ մասին, ցանկությունս կորավ: Միայն հարցրի, թե որտեղ են անդամահատում: Մի ատրճանակ տվեց ու ասաց` սրանով: Մի քանի անգամ կրակեցի: Այրոցներ զգացի ու ծխի հոտ: Ասաց` վերջ, դե փախի հիմա: Փախնեմ ինչի՞: Ու՞մ համար ես մնում, ասեց, ստեղ էլ մարդ չկա: Տեսա, որ իսկապես չկա, նստեցի հենց էդ պահին ժամանած առաջին իսկ գնացքը ու մեկնեցի: Ճանապարհին խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս. ես հենել էի գլուխս պատուհանի հաստ ապակուն ու քնել: Երևի շատ երկար, որովհետև երբ արթանացա ոչինչ չէի հիշում, միայն ապագան, որը ձյան հոտ ուներ: Ես շնորհակալ էի: