Բլո՞գ, թե՞ թարախակույտ
Ակումբի բլոգի բացման համար մի քանի ամիս նստել էի Չուկի ականջին, հա հիշեցնում, բզում էի, որ շուտ բացեր։ Կարծում էի՝ լավ բան եմ անում։ Էն էլ բանից պարզվեց, որ բլոգ կոչվածն Ակումբում վերածվելու է իրար գզելու հերթական բեմահարթակի, դառնալու է մի վայր, որտեղ գրեթե բոլորն ազատորեն դուրս են թափելու իրենց մեջ կուտակված մաղձը։ Քողարկված կամ բացահայտ ատելությամբ, հեգնանքով լի գրառումները կարծես գնալով շատանում են ու միաժամանակ արագ տեմպերով ախտահարում մյուսներին... Մեկնաբանությունների մասին էլ չեմ խոսում։
Մյուս կողմից էլ մտածում եմ՝ գուցե լավն էլ սա էր, թե չէ միայն Ակումբի գրառումներով, փաստորեն, դժվար էր լիարժեք պատկերացում կազմել այն մասին, թե ում մեջ ինչքան մաղձ ու ատելություն կա դիմացինի նկատմամբ։ Իսկ ես սիրում եմ մարդկանց խորությամբ ուսումնասիրել։
Հասկանում եմ, երբ մարդու սիրտն անտանելի խառնում է, փսխումն անխուսափելի է, բայց դրա համար զուգարան կա, չէ՞, ի՞նչ պարտադիր է հյուրասենյակում բոլորի ներկայությամբ փսխել հատակին, որ մյուսների սիրտն էլ սկսի խառնել գարշահոտից...
Թե՞ մենակ իմ սիրտն է խառնում էդ հոտից...
Չէ, չսիրեցի Ակումբի բլոգը...Ես էսպիսին չէի պատկերացրել...