Նայել RSS հոսքը

Անուկապատում

Մի քիչ էն ծեծված ու ծեծող կարոտի մասին...

Գնահատական. 5 ձայն, 5.00 ընդհանուր:
Ինչ միամիտն էի մինչև ԱՄՆ գալս, երբ կարծում էի, թե գիտեմ՝ ինչ է իսկական կարոտը։ Հա, Հայաստանում էլ էի երբեմն կարոտում։ Փոքր ժամանակ, երբ մայրս մեզ տանում էր տատիկի տուն ու մի քանի օրով կամ մեկ–երկու շաբաթով թողնում էնտեղ, ահավոր կարոտում էի։ Օրերն էինք հաշվում, թե երբ պիտի գա, մեզ տանի։ Ոչ թե տատիկի տանն էր վատ, այլ առանց մամայի էր վատ, ու էդ պարագայում մնացածն արդեն կարևոր չէր։

Հիշում եմ՝ մի անգամ զգացի, որ ահավոր կարոտեմ եմ եղբորս՝ նույն հարկի տակ ապրելու ու ամեն օր տեսնելու դեպքում։ Պարզվում է՝ էդպես էլ է պատահում... Կարելի է մարդու հետ ամեն օր տեսնվել,
հետը շփվել ու միաժամանակ ուժեղ կարոտել։ Պարզապես էդ շրջանում, չգիտեմ՝ ոնց էր ստացվել, մի տեսակ հեռացել էինք իրարից, ու մի օր հանկարծ պարզեցինք, որ երկուսս էլ ահավոր կարոտել ենք իրար։ Ու դա էնքան իրական էր, որ «կարոտել էի քեզ» բառերը ոչ մեկիս համար էլ տարօրինակ չհնչեցին, թեև կողքից կարող էր ծիծաղելի թվալ։

Այնուամենայնիվ, հիմա որ հիշում եմ Հայաստանում ապրածս կարոտները, դրանք բոլորը մանուկ կարոտիկներ են թվում էն մեծ ու հասուն կարոտի կողքին, որը հիմա՝ ԱՄՆ–ում ապրելիս եմ զգում...

Ճիշտ է, չեմ կարող ասել, թե ամբողջ օրը կարոտակեզ ման եմ գալիս։ Չէ, միայն պարբերաբար է կարոտն այցելում, թեև ոչ հազվադեպ։ Բայց այցելելիս՝ լավ բեռով–բարձով, տեղը–տեղին... Պատահում է՝ հանգիստ նստած եմ ինձ համար, կարծես կարոտի նշաններ չկան, միտքս էլ լրիվ ուրիշ բաներով է զբաղված, բայց մեկ էլ պահի տակ ինչ–որ մանրուքից, արտաքուստ անէական մի բանից ակնթարթորեն հո չի խոցում... Էնքան խորն ու ցավոտ, որ թվում է՝ եթե հենց հիմա մերոնց չտեսնեմ, չգրկեմ, ուղղակի կմեռնեմ... Ու լացում եմ՝ անհույս, անզուսպ... Էդ պահերին, որպես կանոն, դուրս են ժայթքում մեջս կուտակված բառերը, որոնց դեմ ամբողջ ընթացքում պայքարում եմ ներքուստ. «Զզվու՜մ եմ էս քամբախ Ամերիկայի՜ց... Տու՜ն եմ ուզու՜մ... (մեկը լիներ, ասեր՝ Ամերիկա՞ն է քամբախ, թե՞ քո երկիրը)»։ Երբեմն ահագին ժամանակ է պահանջվում, որ ամուսինս ինձ էդ վիճակից հանի։ Հետո ամեն ինչ անցնում է։ Կյանքը շարունակվում է։ Երբեմն նույնիսկ թվում է (կամ գուցե էդպես էլ կա), թե կյանքը հրաշալի է, թեկուզ Ամերիկայում։ Ու էդպես մինչև կարոտի հաջորդ նոպան...

Կարոտը երբեմն շատ նենգաբար է հարձակվում. շեշտակի հարված թիկունքից... Պատահում է՝ տանը նստած եմ և պահի տակ փորձում եմ նստածս տեղից պատկերացնել պատուհանից այն կողմ գտնվող մոտակա տեղանքի դասավորությունը, և պատկերն ակամա սկսում է գծագրվել մեր Երևանի տան շրջակայքի տեսքով... Մի տեսակ հանգստության ու ջերմության ծանոթ զգացողություն սկսում է ներսս սողոսկել՝ հաճելիորեն լցնելով ինչ–որ դատարկ մնացած տեղեր... Ու մեկ էլ կտրուկ կերպով դաժանորեն շպրտվում եմ դեպի իրականություն... Ու պատկերն ակնթարթորեն փոխվում է... Էդ շրխկալն էնքան ցավոտ է լինում, որ «գետնին պառկած» ցավից գալարվում եմ, հետո դրան անմիջապես հաջորդում է էն սրտակեղեք գիտակցումը, որ էն տեղանքը, որ քիչ առաջ պատկերացնում էի, ու ինձ թվում էր՝ կողքիս է, իրականում անհույս, անհնար կերպով հեռու է ինձնից... Ու կարոտը մի հատ էլ պառկածս վիճակում քացով խփում է փորիս...

Համանման ձևով երբեմն մեքենայով կամ ավտոբուսով ինչ–որ փողոցով անցնելիս ինքս էլ չեմ նկատում, թե ոնց փողոցի որոշակի մասեր աչքիս դառնում են Երևանի ինչ–որ ծանոթ փողոցի մի հատված... Ու մի պահ իրոք սկսում եմ հավատալ, որ, ասենք, Բաղրամյանով ենք անցնում, կամ Կիևյանի կամրջով... Էլի էն ծանոթ ջերմությունը սկսում է աննկատ տարածվել ներսումս... Ու մեկ էլ նորից՝ շրը՜խկ... Վերադարձ դեպի դաժան իրականություն. առռըհա քեզ Կիևյան, Բաղրամյան։ Ու էլի ջարդուփշուր...

Պարբերաբար լինում են նաև նմանատիպ սյուժեներով երազներ։ Չէ, իրադարձություններով ավելի հարուստ, ավելի գունեղ ու հանգամանալից։ Էսօր էդպիսի մի երազից արթնանալով՝ սկսեցի լացել...

Ու մի՛ ասեք, թե այս ամենը կանցնի, կսովորեմ, կընտելանամ և այլն, ինչպես բոլորն են անում։ Ես սրան ընտելանալու ոչ մի ցանկություն չունեմ։ Տուն եմ ուզում։

Ուղարկել «Մի քիչ էն ծեծված ու ծեծող կարոտի մասին..."» Digg-ին Ուղարկել «Մի քիչ էն ծեծված ու ծեծող կարոտի մասին..."» del.icio.us-ին Ուղարկել «Մի քիչ էն ծեծված ու ծեծող կարոտի մասին..."» StumbleUpon-ին Ուղարկել «Մի քիչ էն ծեծված ու ծեծող կարոտի մասին..."» Google-ին

Պիտակներ: ամերիկա Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Dayana-ի ավատար
    Անուկապատումում արդեն ասել եմ, էստեղ մի անգամ էլ պաչիկ անեմ
  2. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Dayana-ի խոսքերից
    Անուկապատումում արդեն ասել եմ, էստեղ մի անգամ էլ պաչիկ անեմ


    Ի դեպ, արդեն վաղուց էս բլոգիս անունն էլ է Անուկապատում։
  3. Չամիչ-ի ավատար
    մեկը լիներ, ասեր՝ Ամերիկա՞ն է քամբախ, թե՞ քո երկիրը
    )

    իիիի, մեր երկրին քամբախ մի ասա
    Լավա,ինչքան Ամերիկան շատերը քամբախ համարեն, էնքան շուտ կվերադառնան: