Տնային արև
Որոշել եմ տնային արև սարքել: Իսկական: Հրե գունդ, որն ուրախ շողշողում ու լուսավորում է շրջապատը ու ջերմացնում, տաքացնում քեզ: Ուղղակի ուզում եմ, որ այդ արևը փոքրիկ լինի, էնպես, որ կարողանամ տանը պահել, առաստաղից մի քիչ ներքև, սենյակի անկյունում: Չնայած չէ, ավելի լավ է խոհանոցում, որովհետև մեր ծաղիկների մեծ մասն այնտեղ են, իսկ նրանց իմ արևիկը նույնքան է պետք, որքան որ ինձ: Ուղղակի դեռ չգիտեմ թե ինչպես եմ սարքելու այդ արևը, ինչ նյութից է, կամ որ սարքեմ, ո՞նց եմ թռցնելու առաստաղի տակ պահեմ: Չէ, մարդու ձեռքից եկած հազիվ «լամպըչկան» ա, մի անկենդան լուսատու, որին նայում ես, ջերմության փոխարեն անհաղորդություն ես զգում, անտարբերություն: Արևիս միջուկը պարզ է, պիտի խմոր լինի: Մեր գյուղում մի բարի տատիկ կա, ինքը որ լավաշի համար խմոր է հունցում, զգում ես, թե էդ խմորի գնդիկի մեջից ոնց է ճառագում կյանքը: Էդ խմորը պիտի գունդ անես ու վրան քսես կարագ ու մեղր: Սա արդեն արևի միջուկ ա: Բա մնացա՞ծը... մնացածը չեմ գտել դեռ, բայց պիտի գտնեմ, ինձ տանը արև է պետք...