18.06.2009, 21:46 (3253 Դիտումներ)
Ժամը մեկի կողմերը մտա ընթերցասրահ: Գրադարանավարուհին հարցրեց.
- Երկրաշարժը զգացի՞ր:
- Չէ՛, ե՞րբ էր:
- Մի քիչ առաջ: Չիմացա, որ երկրաշարժ ա: Բան էի կարդում, մեկ էլ գլուխս սկսեց գնալ-գալ: Մտածեցի՝ երևի լավ չեմ: Բայց վերևում ավելի ուժեղ ա զգացվել, սաղ դուրս են եկել:
Գիրքս վերցրի, գնացի վերջին շարք, բացեցի ու սկսեցի կանացի արտաքին սեռական օրգաններ պարապել: Անատոմիայից զզվում եմ, բայց որոշել էի դրանով սկսել, որ լավ մարսեմ, անցնեմ մյուսներին: Բայց պարապելս չէր գալիս. երեկվա քննությունից հետո շատ էի հոգնել: Մեկ էլ Մարիան զանգեց, ասաց, որ սոված է, գնում է ուտելու: Որոշեցի միանալ նրան: Դուրս գալիս գյումրեցի Իննային տեսա: Ասաց, որ առանձին բան ունի ասելու: Երբ դուրս եկանք, շշնջաց.
- Գիտե՞ս, որ էսօր երկրաշարժ ա էղել:
- Հա, գիտեմ:
- Ասում են՝ չի մարել, էլի ա լինելու: Նայի, էս էն շենքի հիմնական պատերը: Նենց տեղ նստի, որ կարանաս դուրս գաս: Կգաս, ստեղ կգանգնես:
- Էղավ,- ժպտացի:
- Աստված քեզ հետ,- ասաց գնալիս:
Զանգեցի մորս, խնդրեցի, որ ճշտի, թե ինչ կա-չկա երկրաշարժից:
Ես ու Մարիան «Լիստիկում» սնվեցինք, լիցքաթափվեցինք, քայլեցինք դեպի ընթերցասրահ: Էլի պարապել չէր լինում: Սաթին մի քիչ էլեկտրասրտագրություն բացատրեցի: Հետո նորից անցա էդ անտեր սեռական օրգաններին: Կողքս Ժաննան էր: Մեկ էլ հեռախոսը զանգեց: Մայրն էր: Ասում էր՝ ժամը երեքին երկրաշարժ է լինելու: Ասում էր՝ քաղաքապետարանից է լսել:
Տասը րոպեից երեքը պիտի լիներ:
- Արի դուրս գանք,- խուճապահար ասաց Ժաննան:
- Ժա՛ն, գժվե՞լ ես: Դու չգիտե՞ս, որ աշխարհում չկա մի սարք, որ կարողանա էդքան ճշգրիտ երկրաշարժ կանխագուշակել:
- Չէ, արի դուրս գանք:
- Բայց ի՞նչ պիտի փոխվի: Արի մնանք ստեղ: Թե հանկարծ երկրաշարժ լինի, էս սեղանների տակ կմտնենք. ամուր են:
- Չէ, ի՞նչ գիտես: Որ ասում են, ուրեմն մի բան գիտեն:
Իսկ ընթերցասրահում արդեն իրարանցում էր: Էրեխեքը հոսքերով դուրս էին գալիս, մյուսներին էլ կոչ անում, որ հետևեն իրենց օրինակին: Վերջը Ժաննան համոզեց, պայուսակս վերցրի, դուրս եկանք:
Լաբորատորի բակում լիքը էրեխեք էին հավաքվել: Մի մասը գրքերով էին. որոշել էին ժամանակ չկորցնել: Գրադարանի աշխատողներն էլ էին դրսում:
- Տասը բալանոց ա լինելու,- թարմ նորություն:
- Որ ստեղ կանգնել եք, ի՞նչ: Հենց երկրաշարժ լինի, էս սյուները մեր գլխին են փլվելու,- փնթնփնթացի:
- Գնանք կանաչ նստարաններ,- ինչ-որ մեկն առաջարկեց:
Լցվել ենք ֆուտբոլի դաշտում: Լիքը ուսանողներ կան: Մի մասը գրքերով են: Մի մասն էլ հենց կենտրոնում են շարվել: Ամենաապահով տեղն է. թե՛ շենքերից է հեռու, թե՛ ծառերից: Զանգում եմ մամայիս, որ ավելի ստույգ մի բան իմանամ: Գծերը խառնվել են իրար:
- Էրեխեք, առաջին դեպքը չի: Սուտ ա: Էկեք հետ գնանք,- ասում եմ ու հիշում տոննաներով զզվելի անատոմիան ու կնոջ ամոթույքը պատկերող էջով բաց մնացած գիրքը:
- Ի՞նչ գիտես: Բա որ լինի:
- Ո՞վ ա մինչև հիմա երկրաշարժի ժամ կանխագուշակել:
- Ասում են՝ երեքից երեքանցկես:
Արդեն 15:20 է:
- Էրեխեք, էկեք գնանք: Էս ազգը ֆոբիա ունի: Հենց երկրաշարժի անուն ա լինում, սաղ խառնվում են իրար:
- Ի՞նչ գիտես՝ սուտ ա:
- Ոչ մի երկրաշարժ էլ չի լինելու. ես դեռ պիտի դիպլոմ ստանամ,- ասում է Մարիան:
- Բայց որ լինի, մեր գրքերը մնան ներսում, վատ չի լինի. կասենք՝ գիրք չկար, որ պարապենք:
- Էկեք գնանք: Ի՞նչ տարբերություն՝ որտեղ ենք մեռնելու: Եթե տենց ա պետք, առանց երկրաշարժի էլ ավտոյի տակ կընկնենք,- փիլիսոփայում է ինչ-որ մեկը:
Մեկ էլ՝ ամպերի գոռոց: Տեղներիցս վեր ենք թռնում: Մեր կողքով անցնում է մի առաջին կուրսեցի տղա.
- Չգիտե՞ք, որ երկրաշարժը ներքևից ա, ոչ թե վերևից:
- Էրեխեք, ոչ մեկդ պսիխոզի մեջ չընկնեք:
- Գնանք, դիազեպամ առնենք:
- Մորֆինն էլ չէր խանգարի. գոնե կյանքներիս վերջում օդերով կգնայինք:
- Էրեխեք, էկեք գնանք: Անիմաստ ա: Կարո՞ղ ա սաղ օրը ստեղ մնանք:- Մամայիս վերջապես գտնում եմ: Ասում եմ՝ խուճապ է, թող փորձի պաշտոնական լուր ճարել:
- Ասում են՝ երեքից հինգն ա լինելու:
Ըհը, գնալով երկարացնում են:
- Ախր տենց բան չկա: Ոչ մեկ կյանքում չի կարա ասի երբ ա լինելու:
- Բայց մեկը նաղդ էղել ա, չէ՞:
- Հա, բայց դա ոչ մի կերպ չի նախատեսում, որ էլի կլինի:
Մարին կապվում է հայրենի քաղաքի՝ Վանաձորի հետ: Այնտեղ կարկուտ է, ջրհեղեղ: Ջուրը տներն է լցվել: Իսկ քիչ այն կողմ տեսնում ենք հայոց լեզվի ամբիոնի դասախոսներին, որոնք նույնպես դուրս են եկել:
Մայրս զանգում է: Պաշտոնական տեղեկություն. անհանգստանալ պետք չէ, օջախը մարում է: Ասում եմ էրեխեքին: Վերջապես շարժ է նկատվում: Քայլում ենք դեպի ընթերցասրահ: Ճանապարհին.
- Բյուր, բա որ լինի՞: Սաղիս կյանքը քո ձեռքում ա:
- Չգիտեմ. ես ավելի շուտ պաշտոնականին եմ հավատում:
- Կարող ա տենց են ասում, որ ժողովրդին հանգստացնեն:
- Էս էն դեպքը չի: Եթե վտանգ լիներ, կասեին՝ ինչ անենք:
Մտնում ենք, նստում մեր տեղերը: Սաթի գլուխը ցավում է: Քունս տանում է: Գլուխս դնում եմ, աչքերս փակում: Արթնանում եմ հինգի կողմերը: Ամեն ինչ խաղաղ է: Մարդիկ պարապում են:
Երկրաշարժը մեր երկրի թույլ կողմն է: Թող ասեն հրդեհ է, ռումբ կա դրված, աշխարհը փուլ է գալու: Դժվար՝ էսքան խուճապ առաջանա, ինչքան երկրաշարժի անուն լսելիս: Չեմ սիրում շաբլոն արտահայտություններ, բայց էստեղ են ասում՝ աչքը տեսածից է վախենում: