07.06.2009, 00:30 (13160 Դիտումներ)
Վերջերս տարբեր կոնտեքստներում շատ է արծարծվում «ստրուկ» բառը. փորձեմ իմ մտքերն էլ շարադրել «ստրկության» ասպեկտներից մեկի մասին:
Չեմ հասկանում մի բան, ու դա ինձ շատ է նյարդայնացնում: Բոլորս էլ հաճախ ենք լսել մտքի այսպիսի փայլատակումներ. «Ախպեր էս երկրին բռնակալ ա պետք, էս երկրին Ստալին ա պետք, էս ա պետք, էն ա պետք»: Առանց ավելորդ աջուձախ ընկելու ասեմ. այսպես արտահայտվողները ստրկական հոգեբանության կրողների տիպիկ օրինակներ են: Ավելին՝ դրանք անուղեղ, անկամ, մինչև վերջին խազը նվաստացված ու ընկած մարդիկ են: Բացատրեմ վիրավորանքներիս այս հեղեղը. եթե մարդն ընդունում է, որ անզոր է սեփական ձեռքերով ու սեփական ցանկությամբ ինքն իրեն դնելու ճիշտ ուղու վրա (իսկ «մեզ քացուտակքցող է պետք»-ատիպ խոսակցությունների հիմքում սովորաբար այն ափսոսանքն է, որ «երկիրը երկիր չի, մարդիկ մարդ չեն»), ապա այդ մարդը արժանի չէ ուղղակի մարդ կոչվելու: Այսինքն՝ նա խոստովանում է, որ մինչև իրեն մտրակով չծեծեն, չգոռան վրան, չվախեցեն, ինքը սեփական բարօրության համար մատը մատին չի խփի: Բանջարաբոստանային կուլտուրա է, ոչ թե մարդ, մի խոսքով: Սա՝ որպես լիրիկական զեղում: Այնուամենայնիվ, այդպես մտածողները դեռ շատ են, ու դեռ կլինեն, քանի չենք հասկացրել իրենց մի պարզ բան. ոչ ոք բարեկեցիկ կյանքն ու պայծառ ապագան չի ծամելու-դնելու ձեր բերանը: Եթե ուզում ես ինչ-որ բան կառուցել, պիտի ձեռքերդ կեղտոտես:
Այլ հարց է, թե արդյո՞ք նման՝ ճորտային մտածելակերպ ունեցող մարդկանց երբևէ գրավել է ազատ քաղաքացի լինելու հեռանկարը: Համոզված եմ, որ ոչ. նրանք պարզապես չգիտեն, թե ինչ ասել է «ազատ մարդ»: Նրանց աչքերը փակ են, ապագան տեսնելու կարողությունը ձգվում է մինչև հաց ուտելու հաջորդ պահը ու վերջ: Դժվար է ասել՝ իրենք մեղավոր են, թե ոչ. իրենք կամովի՞ն են ընտրել այսպես կոչված «ճորտային» կարգավիճակը, թե՞ ուղղակի այլ բան չեն տեսել և չեն պատկերացնում: Սակայն փաստն այն է, որ թալանի, սպանությունների, ստորացման, ահաբեկման դեմ-հանդիման վախկոտի նման լռում է միայն ճորտն ու ստրուկը: Լռելը, իհարկե, տարբեր է լինում. կարելի է բառացիորեն ձայն-ծպտուն չհանել. կարելի աշխատեցնել գորշ նյութն ու հիմնավոր պատճառներ փնտրել ստորանալու համար՝ ինքն իր աչքում սեփական չոքած դրությունն արդարացնելու նպատակով. կարելի է մոլուցքի մեջ ընկնել ու, մազերը պոկելով, աղաղակել, որ «ես չեմ նվաստացվում, ամեն ինչ լավ է, խոտը՝ կանաչ, ապագան՝ ճաճանչափայլ», ու նույնիսկ հավատալ դրան: Բայց փաստ մնում է փաստ. նման մարդիկ ամեն ինչի մասին կխոսեն, բոլորին կմեղադրեն, ամեն մտածողական հնարամտության կդիմեն, բացի խոստովանելուց ու տեսնելուց ամենատարրականը. այն, որ իրենք այսօր ենթարկված են, ճնշված են, կաշկանդված են ինչ-ինչ շղթաներով: Օրինակները շատ են, ապացույցները՝ բազմաթիվ, չխորանամ:
Մեծագույն ծաղրուծանակն այն է, որ մարդուն ասում են. «Երևակայիր, որ ազատ-անկախ ես, թե չէ ավելի շատ կծեծեմ, ավելի կծանրացնեմ շղթաներդ ու ուտելիք էլ չեմ տա»: Ու երևակայում են:
Ցավոք՝ չեմ կարող ասել՝ ինչպես արագ բուժել այս ախտը: Մարդու աչքերը բացելը խիստ դժվար բան է, մանավանդ եթե այդ մարդը ամեն կերպ պայքարում է կույր մնալու համար:
Շարունակեմ. ցավն այն է, որ թե՛ այն մարդիկ, ովքեր պայքարում են այդ ստրկության դեմ և թե՛ այն մարդիկ, ովքեր պայքարում են այդ ստրկության համար, հավասարաչափ են տուժում տիրոջ մտրակից: Ես կփորձեմ հասկանալ, եթե ինչ-որ մեկը ատամներով սկսի պաշտպանել իր փաստացի տիրոջը, եթե իմանամ, որ այդ մեկը գոնե շահ ունի. գործ, փայ, հարկերից ազատված լինելը, օրենքում որոշ ծակուծուկերից օգտվելը և այլն և այլն: Սակայն այնպիսի՛ մարդիկ են պաշտպանում մտրակավորներին, կամ գոնե ոչ մի քայլ չանում՝ այդ լծից ազատվելու համար, որ պարզապես ապշում ես: Ախր պայքարողն ու չպայքարողը այսօր իրարից տարբերվում են միայն ու միայն իրենց՝ պայքարելու ու չպայքարելու փաստով: Մնացած ամեն ինչ փաստորեն նույնն է. սոցիալական դիրք, կրթություն, ստատուս, ընտանիք, աշխատանք և այլն: Տարբեր են, իհարկե, գիտակցությունները: Պայքարողը չհարմարվողն է, միշտ ավելի լավին ձգտողը, վիզ չծռողը: Չպայքարողը շատ հաճախ նա է, ով կա՛մ առաջնորդվում է «ինձնից հետո ջրհեղեղ» սկզբունքով, կա՛մ՝ «տնեցիք լավ ըլնեն, մնացածը՝ ջհանդամ», կա՛մ, առավել հաճախ, պրպտում ու փնտրում է, թե որտեղից ինչ կարելի է այսօր գողանալ, շահել, պոկել, ճարել ու այս օրն էլ ապրել, իսկ վաղը՝ տեսնենք: Այսինքն ենթարկվում է: Հնազանդվում՝ իր վիճակին, իրեն ճնշողին, «իր չար բախտին»: Հայի բախտ ա, է՛լի: Մեկ ա՝ էս ա լինելու: Մեկ ա: Այ հենց սա՛ է չարիքը: Սա նույնիսկ սեփական ուժերի հանդեպ անվստահություն էլ չէ, սա լրիվ բարձիթողի վիճակ է, որից օգտվում են ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնված ստահակները:
Կա նաև մեկ այլ երևույթ, որը բացատրում է, թե ինչու են ոմանք հանդուրժում մտրակավորներին: Դա հայերիս մեջ քարացած՝ մտրակավոր դառնալու արատավոր երազանքն է ու հարգանքը՝ ուրիշին ճնշել կարողացողի նկատմամբ: Բա ո՞նց. եթե կարողանում ես ուրիշին թալանել, ծեծել, սպանել ու մնալ անպատիժ, ուրեմն դու լավ տղա ես: Մուրա՜զ: Ու հարգում են նման մարդկանց: Պաշտում են, կուռք են դարձնում, առերես քծնում են, թաքուն՝ սարսափում ու չեն խոստովանում իրենք իրենց, որ իրենց այդ հարգանքի պատճառը նախևառաջ վախն է:
Փիլիսոփայական շեղումները թողնեմ մի կողմ. նշեմ վերևում ակնարկածս փաստերից մի քանիսը: Հեռու չգնամ՝ մթերքի, բենզինի գներ, հարկեր, մաքսեր, մի խոսքով՝ ֆինանսական մտրակ: Վաղուց ի վեր հայտնի փաստ է. Հայաստանում եթե մի բան հանկարծ թանկանում է, ապա հույսներդ կտրեք, որ այլևս կարող է հանկարծ էժանանալ: Չի՛ լինի նման բան: Քանի որ հարմարվողները շատ են: Երթուղայինները 50 դրամից դարձան 100 դրա՞մ. մի քանի օր պատիտակային բողոքներ, նույն «երկիրը երկիր չի» տրտունջը, ու վե՛րջ: Հարմարվեցինք 100 դրամին: Նույն կերպ հարմարվելու ենք 200-ին կամ 500-ին, եթե մեր տիրոջ խելքին նման բան փչի: Իսկ ինչու՞ ոչ: Ինչու՞ չանի: Չէ՞ որ ենթարկվում են իրեն: Վախեցած լսում են ու լռում: Հայաստանում արդեն դոգմա է, որ բենզին, շաքար, ձեթ, ալյուր և այլն ներկրել դու չե՛ս կարող: Ինչու՞: «Այսինչն է բերում»: Այսքան մի բան: Բոլորը ընդունում են դա որպես կայացած երևույթ, ամրագրված փաստ, ադաթ, ոնց ուզում եք՝ անվանեք: Ու ստրկացման մեխանիզմն անխափան գործում է: Ստրուկին թալանում են՝ թալանված փողով նորոգելու համար այն մտրակը, որ իջնելու է նույն այդ ստրուկի մեջքին, երբ նրան է՛լ ավելի դաժանաբար թալանելիս կլինեն, և դարձ ի շրջանս յուր: Իսկ հակաճառողները քիչ են: Ու լռողները հակաճառողներին համարում են հիմար, ծիծաղում են նրանց՝ չծեծվելու ու չթալանվելու բնական ցանկության վրա, քծնողաբար կամ կարճամտորեն ուրախանում են, երբ տերն, ի վերջո, բռնի ուժով լռեցնում է հակաճառողին, ու թաքուն փառք են տալիս Աստծուն այն բանի համար, որ իրենք լուռ են, խելոք են, հնազանդ են, որ իրենց, ընդամենը, ասենք, կանոնավոր ծեծում ու վախեցնում են և ոչ երբեք՝ սպանում:
Գրածիս մեջ այլաբանությունը շատ էր, աղոտ ձևակերպումներն ու օրինակները՝ գերակշռող: Սակայն սա այժմէական է հենց մեր այսօրվա կյանքի ու մեր հասարակության համար: Աջուձախ նայեք. լռողները շատ են, մտրակից վախեցողները՝ ամենուր: