Նայել RSS հոսքը

Գիշերային

Մի չարչրկված բառի մասին

Գնահատական. 3 ձայն, 3.67 ընդհանուր:
Վերջերս տարբեր կոնտեքստներում շատ է արծարծվում «ստրուկ» բառը. փորձեմ իմ մտքերն էլ շարադրել «ստրկության» ասպեկտներից մեկի մասին:

Չեմ հասկանում մի բան, ու դա ինձ շատ է նյարդայնացնում: Բոլորս էլ հաճախ ենք լսել մտքի այսպիսի փայլատակումներ. «Ախպեր էս երկրին բռնակալ ա պետք, էս երկրին Ստալին ա պետք, էս ա պետք, էն ա պետք»: Առանց ավելորդ աջուձախ ընկելու ասեմ. այսպես արտահայտվողները ստրկական հոգեբանության կրողների տիպիկ օրինակներ են: Ավելին՝ դրանք անուղեղ, անկամ, մինչև վերջին խազը նվաստացված ու ընկած մարդիկ են: Բացատրեմ վիրավորանքներիս այս հեղեղը. եթե մարդն ընդունում է, որ անզոր է սեփական ձեռքերով ու սեփական ցանկությամբ ինքն իրեն դնելու ճիշտ ուղու վրա (իսկ «մեզ քացուտակքցող է պետք»-ատիպ խոսակցությունների հիմքում սովորաբար այն ափսոսանքն է, որ «երկիրը երկիր չի, մարդիկ մարդ չեն»), ապա այդ մարդը արժանի չէ ուղղակի մարդ կոչվելու: Այսինքն՝ նա խոստովանում է, որ մինչև իրեն մտրակով չծեծեն, չգոռան վրան, չվախեցեն, ինքը սեփական բարօրության համար մատը մատին չի խփի: Բանջարաբոստանային կուլտուրա է, ոչ թե մարդ, մի խոսքով: Սա՝ որպես լիրիկական զեղում: Այնուամենայնիվ, այդպես մտածողները դեռ շատ են, ու դեռ կլինեն, քանի չենք հասկացրել իրենց մի պարզ բան. ոչ ոք բարեկեցիկ կյանքն ու պայծառ ապագան չի ծամելու-դնելու ձեր բերանը: Եթե ուզում ես ինչ-որ բան կառուցել, պիտի ձեռքերդ կեղտոտես:

Այլ հարց է, թե արդյո՞ք նման՝ ճորտային մտածելակերպ ունեցող մարդկանց երբևէ գրավել է ազատ քաղաքացի լինելու հեռանկարը: Համոզված եմ, որ ոչ. նրանք պարզապես չգիտեն, թե ինչ ասել է «ազատ մարդ»: Նրանց աչքերը փակ են, ապագան տեսնելու կարողությունը ձգվում է մինչև հաց ուտելու հաջորդ պահը ու վերջ: Դժվար է ասել՝ իրենք մեղավոր են, թե ոչ. իրենք կամովի՞ն են ընտրել այսպես կոչված «ճորտային» կարգավիճակը, թե՞ ուղղակի այլ բան չեն տեսել և չեն պատկերացնում: Սակայն փաստն այն է, որ թալանի, սպանությունների, ստորացման, ահաբեկման դեմ-հանդիման վախկոտի նման լռում է միայն ճորտն ու ստրուկը: Լռելը, իհարկե, տարբեր է լինում. կարելի է բառացիորեն ձայն-ծպտուն չհանել. կարելի աշխատեցնել գորշ նյութն ու հիմնավոր պատճառներ փնտրել ստորանալու համար՝ ինքն իր աչքում սեփական չոքած դրությունն արդարացնելու նպատակով. կարելի է մոլուցքի մեջ ընկնել ու, մազերը պոկելով, աղաղակել, որ «ես չեմ նվաստացվում, ամեն ինչ լավ է, խոտը՝ կանաչ, ապագան՝ ճաճանչափայլ», ու նույնիսկ հավատալ դրան: Բայց փաստ մնում է փաստ. նման մարդիկ ամեն ինչի մասին կխոսեն, բոլորին կմեղադրեն, ամեն մտածողական հնարամտության կդիմեն, բացի խոստովանելուց ու տեսնելուց ամենատարրականը. այն, որ իրենք այսօր ենթարկված են, ճնշված են, կաշկանդված են ինչ-ինչ շղթաներով: Օրինակները շատ են, ապացույցները՝ բազմաթիվ, չխորանամ:

Մեծագույն ծաղրուծանակն այն է, որ մարդուն ասում են. «Երևակայիր, որ ազատ-անկախ ես, թե չէ ավելի շատ կծեծեմ, ավելի կծանրացնեմ շղթաներդ ու ուտելիք էլ չեմ տա»: Ու երևակայում են:

Ցավոք՝ չեմ կարող ասել՝ ինչպես արագ բուժել այս ախտը: Մարդու աչքերը բացելը խիստ դժվար բան է, մանավանդ եթե այդ մարդը ամեն կերպ պայքարում է կույր մնալու համար:

Շարունակեմ. ցավն այն է, որ թե՛ այն մարդիկ, ովքեր պայքարում են այդ ստրկության դեմ և թե՛ այն մարդիկ, ովքեր պայքարում են այդ ստրկության համար, հավասարաչափ են տուժում տիրոջ մտրակից: Ես կփորձեմ հասկանալ, եթե ինչ-որ մեկը ատամներով սկսի պաշտպանել իր փաստացի տիրոջը, եթե իմանամ, որ այդ մեկը գոնե շահ ունի. գործ, փայ, հարկերից ազատված լինելը, օրենքում որոշ ծակուծուկերից օգտվելը և այլն և այլն: Սակայն այնպիսի՛ մարդիկ են պաշտպանում մտրակավորներին, կամ գոնե ոչ մի քայլ չանում՝ այդ լծից ազատվելու համար, որ պարզապես ապշում ես: Ախր պայքարողն ու չպայքարողը այսօր իրարից տարբերվում են միայն ու միայն իրենց՝ պայքարելու ու չպայքարելու փաստով: Մնացած ամեն ինչ փաստորեն նույնն է. սոցիալական դիրք, կրթություն, ստատուս, ընտանիք, աշխատանք և այլն: Տարբեր են, իհարկե, գիտակցությունները: Պայքարողը չհարմարվողն է, միշտ ավելի լավին ձգտողը, վիզ չծռողը: Չպայքարողը շատ հաճախ նա է, ով կա՛մ առաջնորդվում է «ինձնից հետո ջրհեղեղ» սկզբունքով, կա՛մ՝ «տնեցիք լավ ըլնեն, մնացածը՝ ջհանդամ», կա՛մ, առավել հաճախ, պրպտում ու փնտրում է, թե որտեղից ինչ կարելի է այսօր գողանալ, շահել, պոկել, ճարել ու այս օրն էլ ապրել, իսկ վաղը՝ տեսնենք: Այսինքն ենթարկվում է: Հնազանդվում՝ իր վիճակին, իրեն ճնշողին, «իր չար բախտին»: Հայի բախտ ա, է՛լի: Մեկ ա՝ էս ա լինելու: Մեկ ա: Այ հենց սա՛ է չարիքը: Սա նույնիսկ սեփական ուժերի հանդեպ անվստահություն էլ չէ, սա լրիվ բարձիթողի վիճակ է, որից օգտվում են ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնված ստահակները:

Կա նաև մեկ այլ երևույթ, որը բացատրում է, թե ինչու են ոմանք հանդուրժում մտրակավորներին: Դա հայերիս մեջ քարացած՝ մտրակավոր դառնալու արատավոր երազանքն է ու հարգանքը՝ ուրիշին ճնշել կարողացողի նկատմամբ: Բա ո՞նց. եթե կարողանում ես ուրիշին թալանել, ծեծել, սպանել ու մնալ անպատիժ, ուրեմն դու լավ տղա ես: Մուրա՜զ: Ու հարգում են նման մարդկանց: Պաշտում են, կուռք են դարձնում, առերես քծնում են, թաքուն՝ սարսափում ու չեն խոստովանում իրենք իրենց, որ իրենց այդ հարգանքի պատճառը նախևառաջ վախն է:

Փիլիսոփայական շեղումները թողնեմ մի կողմ. նշեմ վերևում ակնարկածս փաստերից մի քանիսը: Հեռու չգնամ՝ մթերքի, բենզինի գներ, հարկեր, մաքսեր, մի խոսքով՝ ֆինանսական մտրակ: Վաղուց ի վեր հայտնի փաստ է. Հայաստանում եթե մի բան հանկարծ թանկանում է, ապա հույսներդ կտրեք, որ այլևս կարող է հանկարծ էժանանալ: Չի՛ լինի նման բան: Քանի որ հարմարվողները շատ են: Երթուղայինները 50 դրամից դարձան 100 դրա՞մ. մի քանի օր պատիտակային բողոքներ, նույն «երկիրը երկիր չի» տրտունջը, ու վե՛րջ: Հարմարվեցինք 100 դրամին: Նույն կերպ հարմարվելու ենք 200-ին կամ 500-ին, եթե մեր տիրոջ խելքին նման բան փչի: Իսկ ինչու՞ ոչ: Ինչու՞ չանի: Չէ՞ որ ենթարկվում են իրեն: Վախեցած լսում են ու լռում: Հայաստանում արդեն դոգմա է, որ բենզին, շաքար, ձեթ, ալյուր և այլն ներկրել դու չե՛ս կարող: Ինչու՞: «Այսինչն է բերում»: Այսքան մի բան: Բոլորը ընդունում են դա որպես կայացած երևույթ, ամրագրված փաստ, ադաթ, ոնց ուզում եք՝ անվանեք: Ու ստրկացման մեխանիզմն անխափան գործում է: Ստրուկին թալանում են՝ թալանված փողով նորոգելու համար այն մտրակը, որ իջնելու է նույն այդ ստրուկի մեջքին, երբ նրան է՛լ ավելի դաժանաբար թալանելիս կլինեն, և դարձ ի շրջանս յուր: Իսկ հակաճառողները քիչ են: Ու լռողները հակաճառողներին համարում են հիմար, ծիծաղում են նրանց՝ չծեծվելու ու չթալանվելու բնական ցանկության վրա, քծնողաբար կամ կարճամտորեն ուրախանում են, երբ տերն, ի վերջո, բռնի ուժով լռեցնում է հակաճառողին, ու թաքուն փառք են տալիս Աստծուն այն բանի համար, որ իրենք լուռ են, խելոք են, հնազանդ են, որ իրենց, ընդամենը, ասենք, կանոնավոր ծեծում ու վախեցնում են և ոչ երբեք՝ սպանում:

Գրածիս մեջ այլաբանությունը շատ էր, աղոտ ձևակերպումներն ու օրինակները՝ գերակշռող: Սակայն սա այժմէական է հենց մեր այսօրվա կյանքի ու մեր հասարակության համար: Աջուձախ նայեք. լռողները շատ են, մտրակից վախեցողները՝ ամենուր:

Ուղարկել «Մի չարչրկված բառի մասին"» Digg-ին Ուղարկել «Մի չարչրկված բառի մասին"» del.icio.us-ին Ուղարկել «Մի չարչրկված բառի մասին"» StumbleUpon-ին Ուղարկել «Մի չարչրկված բառի մասին"» Google-ին

Թարմացել է 07.06.2009, 15:29 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    Որմիզդուխտ, մի ժամանակ մտահոգվում էի։ Ասենք, ես գտնում եմ, որ լավ կլինի եթե հետիոտնները զեբրայի վրայով քայլեն և անպայման լուսացույցի (դրա առկայության դեպքում) կանաչ լույսի տակ, իսկ վարորդները նրանց ճանապարհ զիջեն։ Ինքս անխտիր հետևում էի այդ կանոններին, իսկ խախտողների հետ փողոցում վեճի մեջ մտնում՝ փորձելով իմ լուման ներդնել կարգուկանոնի հաստատման գործընթացում։ Բայց հետո հոգնեցի, զգացի որ նյարդերս ափսոս են։ Ինքս առաջվա պես հետևում եմ կանոններին, բայց ասենք եթե մեքենան զեբրայի վրա է ելել, խելոք շրջանցում եմ։
    Իհարկե չեմ կարծում, որ արժե քննարկել երթևեկության կանոնները, բայց այդ ոլորտում կանոնների խախտումներն ավելորդ անգամ ապացուցում են, որ կոռումպացման պատճառով օրենքները ոմանց համար նշանակություն չունեն:
  2. Mephistopheles-ի ավատար
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից
    Համաձայն եմ, որ դեմոկրատիան երջանիկ ապրելու համար անհրաժեշտ նախապայման չէ, սակայն ավտորիտարիզմն ու բանդիտոկրատիան էապես խանգարում են կատարյալ երջանկությանս, սա էլ է փաստ:
    Անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է
  3. Mephistopheles-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    Սխալներ իրականում շատ կան, իմ կարծիքով:
    Ասենք, եթե մարդու աշխատավարձը ավելի արագ է աճում քան գները, արդյոք նրան պե՞տք է նյարդեր ծախսել դրա դեմ պայքարելու համար: Ասենք, ես թքած ունեմ, երթուղայինի վճարը 50 դրամ է, 100, թե 200, հետևաբար ես անուղե՞ղ եմ: Չեմ կարծում:
    Հարցերը նյարդերով չեն լուծում, այլ սառնասրտությամբ… եթե նյարդայնանաս երթուղայինի վճարը չի իջնի դրանից, բայց եթե գտնես մարդկանց որոնք քեզ պես դժգոհ են ու կազմակերպեք ձեր բողոքը, թերևս լուծում լինի…
  4. Mephistopheles-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    Լավ, ֆինանսականը թողնենք մի կողմ:
    Իմ կարծիքով Ստալինի ու մեր այսօրվա իշխանությունների միջև սարերի տարբերություններ են: Ես իհարկե շատ բան չգիտեմ, սակայն ինչքան որ գիտեմ, Ստալինը ոչ իր բարեկամներին և ընկերներին էր առաջ մղում, ոչ էլ իր գրպանների հաստության մասին էր մտածում: Ինչ նա անում էր, անում էր իդեայի համար: Ստանալով ջարդ ու խուրդ եղած երկիր` նա կառուցեց համաշխարհային գերտերություն` ԱՄՆ-ին լուրջ մրցակից: Կարելի է երկար շարունակել: Ամեն կառավարման ձև էլ ունի իր "հակառակ կողմը", ինչպես բռնապետությունն, այնպես էլ դեմոկրատիան:
    20 միլլիոն մարդ աքսորներում, բանտերում ու գնդակահարությունից մահացան… սա իդեա չէ,այլ պարանոյա, … էդ երկիրն էլ իրենք են ջարդուխուրդ արել, իսկ Ռուսաստանը միշտ էլ գերտերություն է եղել ու միշտ էլ դիկտատուրա…

    դեմոկրատիայի լավ կողմենր ավելի շատ են քան դիկտատուրայինը… մի հատ դիկտատուրայի լավ կողմ ասա
  5. Mephistopheles-ի ավատար
    Ապեր, ընդհանուր առմամբ ճիշտ ես գրել… ստրկամտությունը երբ որ դառնում է հեշտ ապրելու միջոց (մեղքը ուրիշի վրա բարդելը) , մարդիկ դառնում են նառկոմանի պես… միայն տենց են կարողանում ապրել… սիրում են երբ իրենց ասում են ինչ պետք է անեն և ոչ միայն սիրում, այլև կարիքն են զգում
  6. One_Way_Ticket-ի ավատար
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից
    Հարցերը նյարդերով չեն լուծում, այլ սառնասրտությամբ… եթե նյարդայնանաս երթուղայինի վճարը չի իջնի դրանից, բայց եթե գտնես մարդկանց որոնք քեզ պես դժգոհ են ու կազմակերպեք ձեր բողոքը, թերևս լուծում լինի…
    Ես այն աստիճան դժգոհ չեմ որ բողոք կազմակերպեմ, եթե դու դեռ չհասկացար: Այդ նյարդերն ու ժամանակը, որը պիտի ծախսեմ բողոքի վրա, կարող եմ օգտագործել ավելի շատ փող աշխատելու վրա, եթե դրա կարիքն ունենամ: Կարող ես ասել որ ես ինձ մասին եմ մենակ մտածում, ազգի մասին չեմ մտածում: Առարկություն չունեմ այդ պնդմանը:
  7. One_Way_Ticket-ի ավատար
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից
    20 միլլիոն մարդ աքսորներում, բանտերում ու գնդակահարությունից մահացան… սա իդեա չէ,այլ պարանոյա, … էդ երկիրն էլ իրենք են ջարդուխուրդ արել, իսկ Ռուսաստանը միշտ էլ գերտերություն է եղել ու միշտ էլ դիկտատուրա…

    դեմոկրատիայի լավ կողմենր ավելի շատ են քան դիկտատուրայինը… մի հատ դիկտատուրայի լավ կողմ ասա
    ԽՍՀՄ-ը հաղթեց ֆաշիստական Գերմանիային, երբ դեմոկրատիկ երկրները մեկը մյուսի հետևից հանձնվեցին: Քի՞չ է: Գիտեմ, հիմա կասես, որ ռեժիմն այդտեղ կապ չուներ, ինչի հետ համաձայն չեմ, ամենամեծ կապը հենց ռեժիմն ուներ: Համոզելու հավես չունեմ, ես արդեն Հայկօ-ի օրինակի վրա համոզվեցի, որ ձեզ ինչ-որ բան համոզելը չափազանց դժվար է, եթե ընդհանրապես հնարավոր է:
  8. Հայկօ-ի ավատար
    One_Way_Ticket, վերևում նշված են կոնկրետ խնդիրներ ու կոնկրետ փաստեր, որ կան: Ես այստեղ համոզելու կամ համոզվելու խնդիր իմ առջև չեմ դրել, դրա համար էլ գրել եմ այս՝ բլոգային ֆորմատով, ոչ թե ընդհանուր ֆորումում: Դու, սակայն, փորձում էիր ինձ համոզել, որ.

    ա. Եթե մարդու աշխատավարձն ավելի արագ է աճում, քան չարդարացված գները, ապա կարելի է թքած ունենալ, որ նույն բանը կարելի է առնել ավելի էժան: Եթե:

    բ. Մարդ իրավունք ունի լինելու ճնշված ու ստորացված, եթե դա նրա սեփական ընտրությունն է կամ ընտրության բացակայության պատճառով ունեցած դրությունը:

    գ. Դեմոկրատիան ավելի լավ հասարակարգ չէ, քան դիկտատուրան:

    Ընդ որում՝ փաստարկներիդ մեծամասնությունը հանգում էին հետևյալին. «դե հիմա ինձ ապացուցիր, որ էդպես չէ»: Ասենք՝ կոնկրետ օրինակներ էիր ուզում, որ դեմոկրատիան դիկտատուրայից ավելի լավն է: Ըստ իս՝ անիմաստ է անգամ խոսելը այդ մասին, քանի որ օրինակները բազմաթիվ ու բազմատեսակ են: Ընդ որում՝ կարելի է, ասենք, հարյուրավոր օրինակներ բերել, թե փաստացի դիկտատուրայի ժամանակ ոնց են մարդկանց կոտորել. երեսունյոթ թիվ, Պինոչետ, աֆրիկաներ, նույնիսկ կոմունիստական Չինաստան և այլն (իսկ այդ մարդկանցից յուրաքանչյուրը կարող էր, Աստված չանի, դու կամ քո մի մտերիմը լինել, մարտի մեկը դեռ թարմ է): Կամ, ասենք, ասել, թե նորմալ դեմոկրատ հասարակարգում ոնց կարելի է հարմար գնով մի քանի վագոն շաքար ներկրել Հայաստան, վաճառել ու մի քիչ փող ստեղծել: Կամ հիշեցնել, որ բնակչության մեծագույն մասը աղքատության շեմից ցածր է, ու այն գյուղացին, որ շուկայում օրվա վերջում խնդրում է, որ ընդամենը 10 դրամով առեն իր աճեցրած տանձը (աչքովս եմ տեսել), պիտի տասը կիլո միրգ վաճառի՝ էդ իմ ասած 100-200 տարբերությունը տալու համար, որ տրանսպորտով տուն գնա: Որ մենք այս աստիճանին հասել ենք միայն ու միայն այն պատճառով, որ մարդիկ լռել են: Խնդրում եմ՝ այսքան ժամանակ վերևում գրածներիս մեջ նշիր մի կետ, որ սխալ է, ու հիմնավորի, թե ինչու: Կընդունեմ, ազնիվ պիոներական: Բայց եթե պնդում ես, որ, ասենք, դիկտատուրան դեմոկրատիայից լավն է, բարի եղիր հիմնավորել ասածդ, ոչ թե դիմացինիցդ պահանջել, որ հակառակը համոզի: Այս դեպքում համոզողը դու ես, ես չեմ. ես իմ համոզմունքները վերևում արդեն շարադրել եմ:
  9. One_Way_Ticket-ի ավատար
    Հայկօ, հիմանակն դրույթը, որի վրա ես հիմնվում եմ և որի մեջ համոզված են այն է, որ ինչքան մարդ ազատություն է ստանում, այնքան ճոխանում է իր ցանկությունների մեջ և արդյունքում նրա "երջանկության աստիճանը" չի աճում: Մեծահարուստը աշխարհի լավագույն կերակրատեսակները ճաշակելով ավելի քիչ հաճույք է ստանում, քան աղքատ մարդը, ում ձեռքը մի կտոր հաց է ընկել: Իմ բերած օրինակը դիսկի մասին դու չգիտեմ թե ինչու չհասկացար: Ախր իմ կարծիքով շատ պարզ բան է, չգիտեմ էլ ոնց ասեմ, որ հասկանաս:

    Ուզում ես գնիր այդ դիսկը, ուզում ես՝ ոչ. ազատությունը դա է
    Ճիշտ ես ասում: Այսինքն, այն ժամանակ ես տվյալ ազատությունը չունեի, քանի որ ֆինանսականս չէր ներում: Հիմա ունեմ այդ ազատությունը: Սակայն տվյալ կոնտեքստում ես այն ժամանակ ավելի երջանիկ էի: Ո՞ր պահի հետ համաձայն չես:
  10. Երվանդ-ի ավատար
    Հաստատ ավելի երջանիկ էիր?, եթե հա ինչն ա քեզ խանգարում փողերդ նվիրատվություն անել որևէ մանկատան, ու էլի առաջվա նման երջանիկ լինել
  11. Rammer-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    Հայկօ, հիմանակն դրույթը, որի վրա ես հիմնվում եմ և որի մեջ համոզված են այն է, որ ինչքան մարդ ազատություն է ստանում, այնքան ճոխանում է իր ցանկությունների մեջ և արդյունքում նրա "երջանկության աստիճանը" չի աճում: Մեծահարուստը աշխարհի լավագույն կերակրատեսակները ճաշակելով ավելի քիչ հաճույք է ստանում, քան աղքատ մարդը, ում ձեռքը մի կտոր հաց է ընկել: Իմ բերած օրինակը դիսկի մասին դու չգիտեմ թե ինչու չհասկացար: Ախր իմ կարծիքով շատ պարզ բան է, չգիտեմ էլ ոնց ասեմ, որ հասկանաս:


    Ճիշտ ես ասում: Այսինքն, այն ժամանակ ես տվյալ ազատությունը չունեի, քանի որ ֆինանսականս չէր ներում: Հիմա ունեմ այդ ազատությունը: Սակայն տվյալ կոնտեքստում ես այն ժամանակ ավելի երջանիկ էի: Ո՞ր պահի հետ համաձայն չես:
    Ես ավելի լավ առաջարկ ունեմ, ես իմ երջանկությունը զոհաբերում եմ...Ջանդամ...Ունեցվածքդ տուր ինձ, ու քեզ երջանկություն եմ ցանկանում, թող ես դժբախտանամ..Իսկ մանկատան երեխանները թող երջանիկ շարունակեն ապրել...Փաստորեն ամենաերջանիկ մայրցամաքը Աֆրիկան է...
  12. Վիշապ-ի ավատար
    Հայկօ ջան, ինձ թվում է անտեղի ես բորբոքվել այսպես կոչված «ստրկամիտ» մարդկանց անհույս ցանկությունները լսելով
    Իրականում այս մարդիկ ոչ թե ուզում են ստրուկ լինել, այլ իրենք պարզապես իրենց թուլությունների դեմ չեն կարողանում պայքարել, ու ցանկանում են լինի մեկը, որը ուժի ու սարսափի միջոցով հասարակությանը կստիպի օրենքով շարժվել։ Իսկ իրենք էլ վերջնականապես զգան որ իրենցից բան կախված չի, «հանգիստ» ապրեն Սա է այս «ստրկամտության» էությունը։ Սրան կից մտքեր նաև կարող է լսած լինես՝ մոտավորապես այսպես. «Ով էլ գա, թալանելու է», կամ «ես էլ լինեմ, թալանելու եմ»։ Սա ըստ էության անզորության արտահայտում է, համազգային թուլությունների մեջ սեփական թուլության արդարացման փորձ ու մխիթարանք նաև պատասխանատվությունից ազատվելու արդարացում։ Մի խոսքով պետք չի շատ ծանր տանել, այդ մարդիկ գուցե թուլամորթներ են, բայց իրականում հաստատ ստրուկ չեն ուզում լինել։
    Իսկ դեմոկրատիայի ու երջանկության կապը զավեշտալի է, որ չեք տեսնում, մնում է կարծել, թե դեմոկրատիան մի կառավաման ձև է, որին պարտադիր պետք է անցնել զուտ նրա համար, որ մեր երկիրը բռնատիրության համբավ չունենա Տեսնես One_Way_Ticket–ը ինչու է իր մականունը այդպես ընտրել, չլինի՞ դեմոկրատական երկիր է ուզում թռնել։ Դեմոկրատիան նորմալ, մարդավարի ապրելու համար և նախապայման է և անհրաժեշտություն: Դրա համար փորձեք թափառել մի դեմոկրատական երկրում և կհասկանաք։ Մարդիկ իզուր չեն վիզ դրել ու վիզ չեն դրել մենակ նրա համար, որ իրենց երկրի անունը լինի դեմոկրատական, մարդիկ ԱՊՐՈՒՄ ԵՆ։ Այն մարդիկ, որ պնդում են թե Հայաստանում էլ վատ չեն ապրում, ապա այդ մարդիկ պարզապես համեմատելու բան չունեն, այսինքն նրան «ապրելը» չեն տեսել, թե ինչպես է լինում
  13. One_Way_Ticket-ի ավատար
    Երվանդ, Rammer, ես ֆորումում մի տեղ արդեն նշել եմ, որ մարդ ձեռք բերելով ինչ-որ ազատության աստիճան, այլևս հետ գնալ չի կարող: Ինչպես դուք եք նշում, ֆինանսական վիճակս կարող եմ վերադարձնել հին վիճակին, սակայն հոգեկանս չեմ կարող:

    Վիշապ, ես եղել տարբեր երկրներում, թե Եվրոպայում, թե Ամերիկայում, թե Ռուսաստանում, թե հեռավոր Ասիայում (Աֆրիկայում չեմ եղել, պետք է ուղղել , այնպես որ ուրիշ բան մտածիր: Ճիշտ է երկար ժամանակ չեմ ապրել, սակայն ի դեպ հենց երկար ժամանակ ապրողներն են հասկանում այնտեղաց կյանքի հակառակ կողմը:

    Ասեմ որ ես էլ էի երկար ժամանակ ձեզ նման մտածում: Փոխվեցի փիլիսոփայության դասերի հաճախելով (շատ շնորհակալ եմ դասախոսիցս) և ավելի խորը այս հարցերի շուրջ մտածելով:
  14. Տրիբուն-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    Հայկօ, հիմանակն դրույթը, որի վրա ես հիմնվում եմ և որի մեջ համոզված են այն է, որ ինչքան մարդ ազատություն է ստանում, այնքան ճոխանում է իր ցանկությունների մեջ և արդյունքում նրա "երջանկության աստիճանը" չի աճում: Մեծահարուստը աշխարհի լավագույն կերակրատեսակները ճաշակելով ավելի քիչ հաճույք է ստանում, քան աղքատ մարդը, ում ձեռքը մի կտոր հաց է ընկել: Իմ բերած օրինակը դիսկի մասին դու չգիտեմ թե ինչու չհասկացար: Ախր իմ կարծիքով շատ պարզ բան է, չգիտեմ էլ ոնց ասեմ, որ հասկանաս:


    Ճիշտ ես ասում: Այսինքն, այն ժամանակ ես տվյալ ազատությունը չունեի, քանի որ ֆինանսականս չէր ներում: Հիմա ունեմ այդ ազատությունը: Սակայն տվյալ կոնտեքստում ես այն ժամանակ ավելի երջանիկ էի: Ո՞ր պահի հետ համաձայն չես:
    Հարգելիս, տնտեսագիտական «սահմանային օգտակարության» տեսությունը կրառելի է միայն նյութական բարիքների համար: Այո կարելի է զզվել, երբ չափից շատ բաստումա ես ուտում, եթե հարուստ ես: Բայց հույս ունեմ ընդունում ես, որ բաստուրմայի ու ազատության միջև որոշակի տարբերություն կա: Նախ, ազատությունը չեն ուտում: Երկրորդ, ազատությունը չի կարող քանական չափորոշիչներ ունենալ, ու ասել, թե մեկ տոննա ազատությունն է շատ թե՝ երեք տոննա:

    Ազատությունը բացարձակ արժեք է:
  15. Վիշապ-ի ավատար
    One_Way_Ticket ջան, այ էդ փիլիսոփայության դասերն են համը հանել, որովհետև դասախոսդ քեզ սովորեցրել է երջանիկ զգալ նաև բռնատիրություններում Էն անեկդոտը գիտես չէ՞ որ մեկը անընդհատ գիշերը տակն է միզում, դիմում է տարբեր բժիշկների, չեն օգնում, վերջում գնում է հոգեբանի մոտ։ Հոգեբանը նրան սովորեցնում է թքած ունենալ այդ երևույթի վրա Ապեր ամբողջ խնդիրը հավանականությունն է։ Այն որ դու մի օր կկոճկվես մի մեծ պրոբլեմի դիկտատուրայում, այդ ժամանակ կհասկանաս թե ինքան երջանիկ կզգայիր, եթե այդ պրոբլեմին կոճկվեիր դեմոկրատական երկրում Ապեր, «մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում» թեզիսը ջրի, դրանով դու հաստատ չես մխիթարի այն քաղաքացիներին, որոնց «այստեղ լավ չեն կերակրում»։ Սա նրանից է, որ դու չես ուզում հասկանալ մասնավորի ու ընդհանուրի տարբերությունը: Ընդհանուրը դեմոկրատական երկրներում շատ ավելի հարմար է ապրում, ու ըստ դրա էլ ավելի հակված է երջանիկ լինելուն, քան թե ընդհանուրը բռնատիրության մեջ: Այն որ դու տարբեր երկրներում լինելով տարբերություններ չես նկատել, կամ էլ մտածել ես որ յուրաքանչյուրը ունի իր ուրույն թերությունները, ապա ինքդ քեզ խաբել ես:
  16. One_Way_Ticket-ի ավատար
    Տրիբուն, իմ պատկերացմամբ ազատությունը աբստրակտ գաղափար է, որի մասին կարելի է խոսել միայն կոնկրետ բանի վրա կիրառելով: Ես այն կիրառել էի գնումների վրա, այսինքն, ազատություն ինչ-որ բան գնելու համար: Եթե օրինակը չես հավանում, ուրիշն առաջարկի:

    Վիշապ, իսկ դու ինչի՞ հիման վրա ես ենթադրում, որ դեմոկրատիկ երկրներում մարդիկ ավելի երջանիկ են ապրում: Կողքից նայելով այնտեղ ապրողներին` դու հնարավորություն չունես թափանցելու նրանց ներաշխարհի մեջ: Դու ունե՞ս Եվրոպայում կամ Ամերիկայում ծնված և մեծացած ծանոթներ, որոնք քեզ պատմել են թե իրենք ինչքան երջանիկ են:
  17. Վիշապ-ի ավատար
    Ապեր, արի վերացական բաներ չխոսենք ու դրանով չծանրացնենք Հայկօյի բլոգը։ Թեմա բաց քաղաքականության բաժնում, ասենք՝ «դեմոկրատիան՝ դա հավայի բան է», կամ «լեգենդներ ու առասպելներ դեմոկրատիայի մասին», կամ «դեմոկրատիայի տիրոջ մերը» կգնանք կզրուցենք։
  18. One_Way_Ticket-ի ավատար
    Վիշապ, եթե կարդացել ես նախորդ մեկնաբանություններս, ես մի տեղ գրել էի "դեմոկրատիան ու երջանկությունը իրար հետ կապ չունեն": Այսինքն, ես չեմ պնդում, որ դեմոկրատիան վատ բան է:

    Իմ կարծիքով մենք քննարկում ենք Հայկօի գրառումը և թեմայից չենք շեղվել: Եթե Հայկօն ուզի, կարող է մեկնաբանությունները ջնջել, ինձ թվում է ինքն այդ հնարավորությունն ունի:
  19. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    Հայկօ, հիմանակն դրույթը, որի վրա ես հիմնվում եմ և որի մեջ համոզված են այն է, որ ինչքան մարդ ազատություն է ստանում, այնքան ճոխանում է իր ցանկությունների մեջ և արդյունքում նրա "երջանկության աստիճանը" չի աճում: Մեծահարուստը աշխարհի լավագույն կերակրատեսակները ճաշակելով ավելի քիչ հաճույք է ստանում, քան աղքատ մարդը, ում ձեռքը մի կտոր հաց է ընկել: Իմ բերած օրինակը դիսկի մասին դու չգիտեմ թե ինչու չհասկացար: Ախր իմ կարծիքով շատ պարզ բան է, չգիտեմ էլ ոնց ասեմ, որ հասկանաս:

    Ճիշտ ես ասում: Այսինքն, այն ժամանակ ես տվյալ ազատությունը չունեի, քանի որ ֆինանսականս չէր ներում: Հիմա ունեմ այդ ազատությունը: Սակայն տվյալ կոնտեքստում ես այն ժամանակ ավելի երջանիկ էի: Ո՞ր պահի հետ համաձայն չես:
    Երջանկության կամ ազատության զգացումը մի էլ փորձեք փնտրել ֆինանսապես ապահովված լինելու մեջ, չեք գտնի: Միայն նյութականից զերծ անկախությունն է ստեղծում ազատության զգացում, որը և կարելի է համարել իսկական հարստություն: Դուք մի կարծեք, որ դեմոկրատիայի համար պայքարողներն այսօր մի կտոր հացի կարիք ունեցող թշվառներ են, կամ մնացել են հասարակական տրանսպորտի հույսին: Փողը մեր հասարակությունում լոկ փոխանակման միջոց է, բայց միաժամանակ այն մեծ ուժ է: Ինչպես ցանկացած ուժ, այն կարող է ստեղծել և՛ բարիք, և՛ չարիք: Ինչպես ատոմային էներգիան, բանակը, ոստիկանությունը, ուժեղ մարդը: Ինչպես ցանկացած գիտելիք: Գուցե հարկավոր է փոխել մեր և ձեր վերաբերմո՞ւնքը փողի նկատմամբ, ա՞յլ անկյան տակ նայել դրան:

    Փողի նկատմամբ վերաբերմունքի վերլուծության ժամանակ ուշադրությունը դարձրեք հետևյալ մտքին. փողը միջոց է, ոչ թե նպատակ: Դա շատ նուրբ միջոց է ինքն իր վրա աշխատել և կատարելագործվել ցանկացող մարդու համար (սակայն փողը դա չի պարտադրում): Եթե զգացվում է փողի ավելցուկ, նշանակում է նպատակներն են ցածր /կամ բացակայում են/: Դրեք ձեր առջև ավելի բարձր անձնական նպատակներ և փորձեք հասնել դրանց: Մի բարկացեք փողի վրա, գուցե այն ձեզ տրված է ձեր հետագա աճի և կատարելագործմա՞ն համար: Եթե հետագա աճի կամ կատարելագործման տեղ չունեք, մինչդեռ առաջացել է փողի ավելցուկ, կիսվեք կարիքավորների հետ: Արեք դա նրանց համար: Արեք դա ինքներդ Ձեզ համար: Փողի ավելցուկն իսկապես վտանգավոր է, երբ մարդ չունի կամ չի դնում անձնական կամ ոչ անձնական վեհ նպատակներ: Աննպատակ ֆինանսական միջոցներ պահող մարդիկ ևս կարող են լինել ստրուկ՝ ֆինանսական միջոցների ստրուկը:
    Մենք խոսում են մտքի, խոսքի ազատությունից, ընտրության ազատությունից, մարդու իրավունքներից, իրավահավասարությունից: Մի շփոթեք ֆինանսական ապահովվածությունը հոգևոր, նյութականից զերծ ազատության հետ:
  20. One_Way_Ticket-ի ավատար
    Ես իրականում չէի ուզում կենտրոնանալ ֆինանսականի վրա, պարզապես հարմար օրինակ էր տեսակետս բացատրելու համար:

    Խոսքի ազատությունի՞ց խոսենք: Հայկօն ասում էր, որ մեկը իրեն վիրավորական բան ասի ու չհիմնավորի, նրա ոտքերը կջարդի: Էլ ու՞ր մնաց խոսքի ազատությունը: Ձեր երազած երկրում նման արարքի համար տարիներով ճաղերի ետևում են հայտնվում, ձեզ նման հեռանկարը դու՞ր է գալիս:

    Հայաստանում դեմոկրատիա չի լինի: Երջանիկ եղեք առանց դրա, դա հնարավոր է: Այլևս այս թեմայով չեմ ուզում խոսել, հոգնեցի: Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից ովքեր ինձ հարցեր ունեին: