Նայել RSS հոսքը

Գիշերային

Մի չարչրկված բառի մասին

Գնահատական. 2 ձայն, 5.00 ընդհանուր:
Վերջերս տարբեր կոնտեքստներում շատ է արծարծվում «ստրուկ» բառը. փորձեմ իմ մտքերն էլ շարադրել «ստրկության» ասպեկտներից մեկի մասին:

Չեմ հասկանում մի բան, ու դա ինձ շատ է նյարդայնացնում: Բոլորս էլ հաճախ ենք լսել մտքի այսպիսի փայլատակումներ. «Ախպեր էս երկրին բռնակալ ա պետք, էս երկրին Ստալին ա պետք, էս ա պետք, էն ա պետք»: Առանց ավելորդ աջուձախ ընկելու ասեմ. այսպես արտահայտվողները ստրկական հոգեբանության կրողների տիպիկ օրինակներ են: Ավելին՝ դրանք անուղեղ, անկամ, մինչև վերջին խազը նվաստացված ու ընկած մարդիկ են: Բացատրեմ վիրավորանքներիս այս հեղեղը. եթե մարդն ընդունում է, որ անզոր է սեփական ձեռքերով ու սեփական ցանկությամբ ինքն իրեն դնելու ճիշտ ուղու վրա (իսկ «մեզ քացուտակքցող է պետք»-ատիպ խոսակցությունների հիմքում սովորաբար այն ափսոսանքն է, որ «երկիրը երկիր չի, մարդիկ մարդ չեն»), ապա այդ մարդը արժանի չէ ուղղակի մարդ կոչվելու: Այսինքն՝ նա խոստովանում է, որ մինչև իրեն մտրակով չծեծեն, չգոռան վրան, չվախեցեն, ինքը սեփական բարօրության համար մատը մատին չի խփի: Բանջարաբոստանային կուլտուրա է, ոչ թե մարդ, մի խոսքով: Սա՝ որպես լիրիկական զեղում: Այնուամենայնիվ, այդպես մտածողները դեռ շատ են, ու դեռ կլինեն, քանի չենք հասկացրել իրենց մի պարզ բան. ոչ ոք բարեկեցիկ կյանքն ու պայծառ ապագան չի ծամելու-դնելու ձեր բերանը: Եթե ուզում ես ինչ-որ բան կառուցել, պիտի ձեռքերդ կեղտոտես:

Այլ հարց է, թե արդյո՞ք նման՝ ճորտային մտածելակերպ ունեցող մարդկանց երբևէ գրավել է ազատ քաղաքացի լինելու հեռանկարը: Համոզված եմ, որ ոչ. նրանք պարզապես չգիտեն, թե ինչ ասել է «ազատ մարդ»: Նրանց աչքերը փակ են, ապագան տեսնելու կարողությունը ձգվում է մինչև հաց ուտելու հաջորդ պահը ու վերջ: Դժվար է ասել՝ իրենք մեղավոր են, թե ոչ. իրենք կամովի՞ն են ընտրել այսպես կոչված «ճորտային» կարգավիճակը, թե՞ ուղղակի այլ բան չեն տեսել և չեն պատկերացնում: Սակայն փաստն այն է, որ թալանի, սպանությունների, ստորացման, ահաբեկման դեմ-հանդիման վախկոտի նման լռում է միայն ճորտն ու ստրուկը: Լռելը, իհարկե, տարբեր է լինում. կարելի է բառացիորեն ձայն-ծպտուն չհանել. կարելի աշխատեցնել գորշ նյութն ու հիմնավոր պատճառներ փնտրել ստորանալու համար՝ ինքն իր աչքում սեփական չոքած դրությունն արդարացնելու նպատակով. կարելի է մոլուցքի մեջ ընկնել ու, մազերը պոկելով, աղաղակել, որ «ես չեմ նվաստացվում, ամեն ինչ լավ է, խոտը՝ կանաչ, ապագան՝ ճաճանչափայլ», ու նույնիսկ հավատալ դրան: Բայց փաստ մնում է փաստ. նման մարդիկ ամեն ինչի մասին կխոսեն, բոլորին կմեղադրեն, ամեն մտածողական հնարամտության կդիմեն, բացի խոստովանելուց ու տեսնելուց ամենատարրականը. այն, որ իրենք այսօր ենթարկված են, ճնշված են, կաշկանդված են ինչ-ինչ շղթաներով: Օրինակները շատ են, ապացույցները՝ բազմաթիվ, չխորանամ:

Մեծագույն ծաղրուծանակն այն է, որ մարդուն ասում են. «Երևակայիր, որ ազատ-անկախ ես, թե չէ ավելի շատ կծեծեմ, ավելի կծանրացնեմ շղթաներդ ու ուտելիք էլ չեմ տա»: Ու երևակայում են:

Ցավոք՝ չեմ կարող ասել՝ ինչպես արագ բուժել այս ախտը: Մարդու աչքերը բացելը խիստ դժվար բան է, մանավանդ եթե այդ մարդը ամեն կերպ պայքարում է կույր մնալու համար:

Շարունակեմ. ցավն այն է, որ թե՛ այն մարդիկ, ովքեր պայքարում են այդ ստրկության դեմ և թե՛ այն մարդիկ, ովքեր պայքարում են այդ ստրկության համար, հավասարաչափ են տուժում տիրոջ մտրակից: Ես կփորձեմ հասկանալ, եթե ինչ-որ մեկը ատամներով սկսի պաշտպանել իր փաստացի տիրոջը, եթե իմանամ, որ այդ մեկը գոնե շահ ունի. գործ, փայ, հարկերից ազատված լինելը, օրենքում որոշ ծակուծուկերից օգտվելը և այլն և այլն: Սակայն այնպիսի՛ մարդիկ են պաշտպանում մտրակավորներին, կամ գոնե ոչ մի քայլ չանում՝ այդ լծից ազատվելու համար, որ պարզապես ապշում ես: Ախր պայքարողն ու չպայքարողը այսօր իրարից տարբերվում են միայն ու միայն իրենց՝ պայքարելու ու չպայքարելու փաստով: Մնացած ամեն ինչ փաստորեն նույնն է. սոցիալական դիրք, կրթություն, ստատուս, ընտանիք, աշխատանք և այլն: Տարբեր են, իհարկե, գիտակցությունները: Պայքարողը չհարմարվողն է, միշտ ավելի լավին ձգտողը, վիզ չծռողը: Չպայքարողը շատ հաճախ նա է, ով կա՛մ առաջնորդվում է «ինձնից հետո ջրհեղեղ» սկզբունքով, կա՛մ՝ «տնեցիք լավ ըլնեն, մնացածը՝ ջհանդամ», կա՛մ, առավել հաճախ, պրպտում ու փնտրում է, թե որտեղից ինչ կարելի է այսօր գողանալ, շահել, պոկել, ճարել ու այս օրն էլ ապրել, իսկ վաղը՝ տեսնենք: Այսինքն ենթարկվում է: Հնազանդվում՝ իր վիճակին, իրեն ճնշողին, «իր չար բախտին»: Հայի բախտ ա, է՛լի: Մեկ ա՝ էս ա լինելու: Մեկ ա: Այ հենց սա՛ է չարիքը: Սա նույնիսկ սեփական ուժերի հանդեպ անվստահություն էլ չէ, սա լրիվ բարձիթողի վիճակ է, որից օգտվում են ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնված ստահակները:

Կա նաև մեկ այլ երևույթ, որը բացատրում է, թե ինչու են ոմանք հանդուրժում մտրակավորներին: Դա հայերիս մեջ քարացած՝ մտրակավոր դառնալու արատավոր երազանքն է ու հարգանքը՝ ուրիշին ճնշել կարողացողի նկատմամբ: Բա ո՞նց. եթե կարողանում ես ուրիշին թալանել, ծեծել, սպանել ու մնալ անպատիժ, ուրեմն դու լավ տղա ես: Մուրա՜զ: Ու հարգում են նման մարդկանց: Պաշտում են, կուռք են դարձնում, առերես քծնում են, թաքուն՝ սարսափում ու չեն խոստովանում իրենք իրենց, որ իրենց այդ հարգանքի պատճառը նախևառաջ վախն է:

Փիլիսոփայական շեղումները թողնեմ մի կողմ. նշեմ վերևում ակնարկածս փաստերից մի քանիսը: Հեռու չգնամ՝ մթերքի, բենզինի գներ, հարկեր, մաքսեր, մի խոսքով՝ ֆինանսական մտրակ: Վաղուց ի վեր հայտնի փաստ է. Հայաստանում եթե մի բան հանկարծ թանկանում է, ապա հույսներդ կտրեք, որ այլևս կարող է հանկարծ էժանանալ: Չի՛ լինի նման բան: Քանի որ հարմարվողները շատ են: Երթուղայինները 50 դրամից դարձան 100 դրա՞մ. մի քանի օր պատիտակային բողոքներ, նույն «երկիրը երկիր չի» տրտունջը, ու վե՛րջ: Հարմարվեցինք 100 դրամին: Նույն կերպ հարմարվելու ենք 200-ին կամ 500-ին, եթե մեր տիրոջ խելքին նման բան փչի: Իսկ ինչու՞ ոչ: Ինչու՞ չանի: Չէ՞ որ ենթարկվում են իրեն: Վախեցած լսում են ու լռում: Հայաստանում արդեն դոգմա է, որ բենզին, շաքար, ձեթ, ալյուր և այլն ներկրել դու չե՛ս կարող: Ինչու՞: «Այսինչն է բերում»: Այսքան մի բան: Բոլորը ընդունում են դա որպես կայացած երևույթ, ամրագրված փաստ, ադաթ, ոնց ուզում եք՝ անվանեք: Ու ստրկացման մեխանիզմն անխափան գործում է: Ստրուկին թալանում են՝ թալանված փողով նորոգելու համար այն մտրակը, որ իջնելու է նույն այդ ստրուկի մեջքին, երբ նրան է՛լ ավելի դաժանաբար թալանելիս կլինեն, և դարձ ի շրջանս յուր: Իսկ հակաճառողները քիչ են: Ու լռողները հակաճառողներին համարում են հիմար, ծիծաղում են նրանց՝ չծեծվելու ու չթալանվելու բնական ցանկության վրա, քծնողաբար կամ կարճամտորեն ուրախանում են, երբ տերն, ի վերջո, բռնի ուժով լռեցնում է հակաճառողին, ու թաքուն փառք են տալիս Աստծուն այն բանի համար, որ իրենք լուռ են, խելոք են, հնազանդ են, որ իրենց, ընդամենը, ասենք, կանոնավոր ծեծում ու վախեցնում են և ոչ երբեք՝ սպանում:

Գրածիս մեջ այլաբանությունը շատ էր, աղոտ ձևակերպումներն ու օրինակները՝ գերակշռող: Սակայն սա այժմէական է հենց մեր այսօրվա կյանքի ու մեր հասարակության համար: Աջուձախ նայեք. լռողները շատ են, մտրակից վախեցողները՝ ամենուր:

Ուղարկել «Մի չարչրկված բառի մասին"» Digg-ին Ուղարկել «Մի չարչրկված բառի մասին"» del.icio.us-ին Ուղարկել «Մի չարչրկված բառի մասին"» StumbleUpon-ին Ուղարկել «Մի չարչրկված բառի մասին"» Google-ին

Թարմացել է 07.06.2009, 15:29 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Որմիզդուխտ-ի ավատար
    Բավականին իրատեսական մոտեցում է: Իրադրության մասին պատկերացումներն ու դատողությունները կախված են դատողի աշխարհընկալումից: Այդ այսպես կոչված չարչրկված ստրուկը ստրկատիրական հասարակարգից հետո հայտնվելով ֆեոդալական հասարակարգում՝ կարող է իրեն իսկապես «ազատ» զգալ: Իսկ այն քաղաքացին, որը պատկերացում ունի, թե ինչ ի նկատի ունեն ազատ ձեռնարկատիրական համակարգ ունեցող քաղաքակիրթ երկրներում «մարդ» ասելով, ֆեոդալական հասարակարգում իրեն ստորացված կզգա և երբեք իրչեն ազատ և անկախ չի համարի: Ազատության ձգտող, սեփական ուժերով բարեփոխումներ կատարել ցանկացող յուրաքանչյուր մարդ, որն ունի արժանապատվություն, կընդունի, որ այսօրվա մեր հասարակարգը շատ բաներով հիշեցնում է ֆեոդալիզմը: Այսօր մարդիկ կան, որ դեռևս զարմանում են, երբ «հարկային»-ի աշխատակիցների հետ գործ ունենալիս հանկարծ «շնորհակալություն» բառն են լսում /զարմանքն իսկույն անհետանում է, երբ գիտակցում են, որ դա տեղի ունեցավ ընտրություններից մեկ-երկու օր առաջ/:
    Իսկ քո իրատեսական և բովանդակալից գրառման մեջ հատուկ իմաստ է ձեռք բերում հետևյալ նախադատսույթունը.
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից
    Եթե ուզում ես ինչ-որ բան կառուցել, պիտի ձեռքերս կեղտոտես:
  2. Հայկօ-ի ավատար
    Որմիզդուխտ, խմբագրեցի, շնորհակալություն:
  3. One_Way_Ticket-ի ավատար
    Երբ նման գրառումներ եմ կարդում, ինքնասիրությունս սկսում է կռվել բանականությանս հետ: Բանականությունս ասում է "մարդ է, մի բան էլ ասում է", ինքնասիրությունս էլ չի համաձայնվում` "քեզ անվանեցին անուղեղ, անկամ, նվաստացած մարդ, պետք է ասողին տեղը դնել": Հիմա ի՞նչ ես առաջարկում, բանավիճե՞նք:
  4. Հայկօ-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    Երբ նման գրառումներ եմ կարդում, ինքնասիրությունս սկսում է կռվել բանականությանս հետ: Բանականությունս ասում է "մարդ է, մի բան էլ ասում է", ինքնասիրությունս էլ չի համաձայնվում` "քեզ անվանեցին անուղեղ, անկամ, նվաստացած մարդ, պետք է ասողին տեղը դնել": Հիմա ի՞նչ ես առաջարկում, բանավիճե՞նք:
    Չգիտեմ՝ ծիծաղեմ, թե լացեմ: Գիտե՞ս, այսքանը դու ընդամենը կարդացել ես, իսկ ես գրել եմ: Ես: Հայերի մասին: Ես էլ եմ հայ: Բայց գրելիս իմ ինքնասիրությունը վիրավորվելու նշաններ բնավ ցուց չի տվել: Որովհետև ես ինձ այս նկարագրածս կատեգորիայի մեջ չեմ տեսնում ու չեմ համարում, իսկ քո վիրավորվելուց զգացվում է, որ այդ ամենը դու առանց աջուձախ ընկնելու դիտարկում ես որպես անմիջականորեն քեզ ուղղված վիրավորանք: Ինչու՞: Դու քեզ ստրուկ համարու՞մ ես: Եթե ոչ, ապա էլ ինչու՞ ես վիրավորվում: Եթե նկարագրածս երևույթները քեզ խորթ են, ապա ինքնասիրությունդ ինչու՞ է ըմբոստանում: Որովհետև նման բան կա, սակայն դու անզո՞ր ես դեմը առնելուն: Կասկածում եմ:

    Ու կկրկնեմ. այն մարդը, ում շարունակաբար պարտադրում են ենթարկվել անհեթեթ օրենքների, շարունակաբար ավելի ու ավելի բարձրացող գների, ավելի ու ավելի մոնոպոլացվող շուկայի միջոցով թալանում են, շարունակաբար վախեցնում ու ճնշում են տարատեսակ հաստավզերի, փողկապավոր հարկայինների, ֆուռաժկայակիր պեպելնիցաների ձեռքով, սակայն նա ոչ մի ձայն չի հանում ու ոչ մի քայլի չի դիմում՝ ազատվելու համար, այդ մարդը անուղեղ ու անկամ է: Ինչ-որ սխա՞լ ես տեսնում տրամաբանությանս մեջ:
  5. One_Way_Ticket-ի ավատար
    Սխալներ իրականում շատ կան, իմ կարծիքով:
    Ասենք, եթե մարդու աշխատավարձը ավելի արագ է աճում քան գները, արդյոք նրան պե՞տք է նյարդեր ծախսել դրա դեմ պայքարելու համար: Ասենք, ես թքած ունեմ, երթուղայինի վճարը 50 դրամ է, 100, թե 200, հետևաբար ես անուղե՞ղ եմ: Չեմ կարծում:
  6. Հայկօ-ի ավատար
    Բնակչության նույնիսկ մեկ տոկոսն էլ այդքան արագ աճող աշխատավարձ չունի: Մեծագույն մասը հիմա ստիպված է ավելի պիտդ ձգել գոտիներն ու գոյատևել: Մանավանդ որ՝ արտերկրից եկող տրանսֆերտային գետն էլ հիմա դառել է փոքրիկ կիսացամաքած առու: Ու նորից եմ ասում, եթե դու քեզ չես դասակարգում այս՝ իմ նշած կատեգորիայի մեջ, ինչու՞ ես վիրավորվում: Եթե դու այնքան ավելորդ փող ունես, որ պատրաստ ես աշխատել ու դրա մի մասը անիմաստ տեղը դնել սրա-նրա գրպանը, ապա ես ասելու բան չունեմ, դա միայն ու միայն քո գործն է: Սակայն փաստը կա. այսօր իշխանությունն ամեն ինչ անում է, ամեն լծակ օգտագործում է՝ թալանելու (չեմ վարանի օգտագործել այդ բառը) համար միջին ու ցածր խավերին, միջին ու մանր բիզնեսը: Ինչու՞: Որովհետև բյուջե պիտի կատարվի (վերցնում եմ լավագույն ու ազնվագույն օրինակը, մոնտեկառլո կայֆերն ու միլիարդանոց հարսանիքները թողնում եմ մի կողմ), ու հիմա, ասենք, հարկայինը դրած յոքը կաշի է քերթում մարդկանց վրայից: Այնինչ այդ նույն իշխանությունը իր բյուջեն պիտի կատարեր՝ նաև լրջորեն հենվելով խոշոր հարկատուների ու տնտեսվարողների վճարած հարկերի վրա: Ավելին՝ հենց դրանք պիտի կազմեին հարկային մուտքերի մեծ մասը: «Ֆլեշ» ընկերութունը կարող է տարեկան մի քանի անգամ ավելի շատ հարկ վճարել, քան մի քանի տոնավաճառների բոլոր մանր առևտրականները միասին վերցրած:

    Դեռ խոսում եմ հարցի միայն ու միայն ֆինանսական կողմի մասին:
    Թարմացել է 08.06.2009, 21:55 ըստ [ARG:5 UNDEFINED]
  7. One_Way_Ticket-ի ավատար
    Լավ, ֆինանսականը թողնենք մի կողմ:
    Իմ կարծիքով Ստալինի ու մեր այսօրվա իշխանությունների միջև սարերի տարբերություններ են: Ես իհարկե շատ բան չգիտեմ, սակայն ինչքան որ գիտեմ, Ստալինը ոչ իր բարեկամներին և ընկերներին էր առաջ մղում, ոչ էլ իր գրպանների հաստության մասին էր մտածում: Ինչ նա անում էր, անում էր իդեայի համար: Ստանալով ջարդ ու խուրդ եղած երկիր` նա կառուցեց համաշխարհային գերտերություն` ԱՄՆ-ին լուրջ մրցակից: Կարելի է երկար շարունակել: Ամեն կառավարման ձև էլ ունի իր "հակառակ կողմը", ինչպես բռնապետությունն, այնպես էլ դեմոկրատիան:
  8. Հայկօ-ի ավատար
    Չես կարծու՞մ, որ Ռուսաստանը Հայաստանի հետ համեմատելը սխալ է, ինչպես որ սխալ է Ստալինին ՍՍ-ի հետ համեմատելը: Տրամաչափերը տարբեր են: Ընդ որում, նկատիր, ես Ստալինի անումը չէի տվել, մտադիր էլ չէի: Ի՞նչ կապ ուներ այս դիտարկումդ բլոգիս հետ:
  9. One_Way_Ticket-ի ավատար
    Ուշադիր կարդա գրառումդ, Ստալինի անունը կգտնես։
  10. Հայկօ-ի ավատար
    Բլոգիս քննարկման մեջ նկատի ունեի, ոչ թե բուն բլոգում: Որովհետև բավականին շեղվել ենք: Իսկ վերևում գրածիս կոնտեքստ արդեն իսկ հուշում է, որ ես դա չեմ կարող լուրջ միտք համարել: Գրել եմ, որ ոմանք «Ստալին» են երազում Հայաստանի համար՝ «Ստալին» բառն օգտագործելով որպես «բռնակալի» հոմանիշ: Կարող էի «Ներոն» կամ «Չինգիզ-խան» գրել, ուրեմն պիտի Հայաստանը համեմատեիր Հին Հռոմի կամ Մոնղոլիայի հե՞տ:

    Լրջորեն խրվել Ստալին-ՍՍ համեմատության մեջ չեմ ուզում, անիմաստ ու աննպատակ զբաղմունք է:
  11. One_Way_Ticket-ի ավատար
    Իսկ Հայաստանին Նորվեգիայի հետ համեմատելը (ինչը անբացահայը ձևով դուք անում եք) ինչո՞վ է ավելի ճիշտ է, քան Ռուսաստանի, Հին Հռոմի կամ Մոնղոլիայի։ Դու կարող ես ունենալ կամայական քաղաքական դիրոքորոշում, դա քո իրավունքն է։ Սակայն այլ դիրքորոշում ունեցողներին (ասենք, ով գտնում է, որ Հայաստանին դիկատատուրա է պետք) անուղեղ անվանելու իրավունք չունես։
  12. Հայկօ-ի ավատար
    Ո՞վ է Հայաստանը համեմատել Նորվեգիայի հետ: Չգիտեմ՝ դու անբացահայտ ձևով ինչեր ես նշմարել կամ երևակայել, սակայն սա բացահայտ ապատեղեկատվություն ու մոլորություն է: Սա՝ մեկ: Երկրորդ. «դուք» ասելով ու՞մ նկատի ունես: Արդեն «մենքի» ու «դուքի՞» ես բաժանում:

    Ես իրավունք ունեմ քաղաքական կամ բարոյական դիրքորոշում ունենալու, իրավունք ունեմ բարձրաձայն արտահայտելու դա և իրավունք ունեմ իրերը կոչելու իրենց անունով: Ու հա՛, ես, որպես ազատ, անկախ, ժողովրդավարական Հայաստանի քաղաքացի, ինձ իրավունք ու պարտականություն եմ վերապահում հենց նրանց, ովքեր կարծում են, թե Հայաստանին հիմա դիկտատուրա է պետք, համարել ապուշներ, ինչքան կարող եմ բարձր հայտարարել այդ մասին ու ամեն կերպ պայքարել, որ այդ մարդիկ կա՛մ մտքափոխ լինեն ու համոզվեն, որ իրենք սխալ են, կա՛մ ոտքի տակ չընկնեն ու ձայնները կտրեն: Խղճի ազատությունը ամենաթողության հետ մի՛ շփոթիր: Ես պարտավոր չեմ մնալ դիկտատուրայի՝ բռնակալության լծի տակ, ինչ է թե որոշ անինքնասերների ու անուղեղների ձեռք է տալիս մտրակով ամեն օր ծեծ ուտելը: Թող իրերը հավաքեն ու փասա-փուսաները քաշեն Հայաստանից, եթե այդպես էլ չեն կարողանալու հասկանալ, թե ազատությունն ու ժողովրդավարությունն ինչ են ենթադրում: Թող մի առանձին տեղ հիմնեն իրենց դիկտատուրան ու կզեն կամ կզցնեն, դա արդեն իրենց խնդիրն է: Որովհետև այստեղ նրանք իրենց հետևից խորտակում են նաև հասկացող ու ազատություն սիրող մարդկանց: Այսօր դիկտատուրա երազող մարդկանց տեղը գժանոցն է: Ու հարկավոր չէ դեմագոգիաներ անել, թե «բա խոսքի ազատությու՜ն, ազատ կա՜մք» ու նման բաներ: Մարդը ազատ է, քանի դեռ նրա ազատությունը չի դարձել ուրիշին վնաս տվող փորձանք: Իսկ այսօր լուռումունջների ու չորեքթաթների բանակը վնասում է Հայաստանի ոչ լուռումունջ ու ոչ չորեքթաթ քաղաքացիներին:

    Ի դեպ՝ այդքան մի վրդովվիր: Սա ընդամենը օրագրային գրառում է, մտածմունք, բլոգ: Իրականում ես ընդունում եմ, որ այդ տեսակի մարդկանց ոչ թե նվաստացնել է պետք, այլ փոխել: Բայց այս փոքրիկ հաճույքից չեմ կարողանում ինձ զրկել, ի՞նչ արած: Համարենք փոքրիկ քնարական ընդմիջում:
  13. One_Way_Ticket-ի ավատար
    Հայաստանում եվրոպական չափանիշների համապատասխան ընտրություններ անցկացնելու փորձը արդեն անբացահայտ ձևով Հայաստանը համեմատում է եվրոպական երկրների հետ։

    Դուք ասելով ի նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր քեզ նման են մտածում, որոնց քանակը քիչ չէ։

    Հայաստանից ով կգնա, ով չի գնա, դու չես որոշում։

    Եվ պատասխանիր ինձ մի հարցի։ Եթե մի տեղ դահլիճում նստած լինեն մարդիկ, այդ թվում դու, ու մեկը բարձրաձայն հայտարարի ասենք "Այս ընտրություններին ՀԱԿ-ի օգտին քվեարկած մարդիկ դեբիլ են", դու ի՞նչ կանես։ Այս ֆորումն էլ վերջին հաշվով յուրօրինակ դահլիճ է։

    Ինչ վերաբերվում է մտածմունքին, հայտնի խոսք կա (քեզ չեմ ուղղում, պարզապես ի գիտություն)՝ "Հիմար մտքեր անցնում են կամայական մարդու ուղեղով, սակայն մենակ հիմարն է դրանք արտահայտում"։
  14. Հայկօ-ի ավատար
    Լսի՛ր, դու կամ չես ուզում, կամ էլ չես կարողանում հասկանալ, թե ես քեզ ինչ եմ ասում: Անձամբ ես հակված եմ երկրորդ տարբերակին: Հիմա դու, փաստորեն, մարդկանց մեղադրում ես, որ փորձել են Հայաստանում արդար ընտրություններ անցկացնելու պահա՞նջ ներկայացնեն:
    Իսկ Հայաստանին Նորվեգիայի հետ համեմատելը (ինչը անբացահայը ձևով դուք անում եք) ինչո՞վ է ավելի ճիշտ է, քան Ռուսաստանի, Հին Հռոմի կամ Մոնղոլիայի։
    Հայաստանում եվրոպական չափանիշների համապատասխան ընտրություններ անցկացնելու փորձը արդեն անբացահայտ ձևով Հայաստանը համեմատում է եվրոպական երկրների հետ։
    Քո խոսքերն են: Այսինքն՝ յա Հին Հռոմ, յա Մոնղոլիա, յա արդար ընտրություննե՞ր, հա՞: Այո՛, լինի բացահայտ, լինի ոչ բացահայտ ձևերով, ես Հայաստանը համեմատելու եմ, բայց ո՛չ Եվրոպայի, այլ այն իդեալական պետության մոդելի հետ, որը բոլորս էլ, եթե քիչ թե շատ մտածող մարդ ենք, ունենք մեր գլխում: Ու այո՛, այդ մոդելը նաև հիմնված է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների վրա: Ու բնավ էլ դիկտատուրա չէ: Հիմա ձգում եմ այդ մոդելին. ինչքան մոտ, այդքան՝ լավ: Ու ցանկացած մարդ էլ, ով քմծիծաղ է տալիս արդար ընտրություններ ունենալու ցանկության վրա ու ինքը անարդար ընտրություններից շահ չունի, ինձ համար արդեն ավտոմատ կերպով գրանցվում է այս բլոգային գրառմանս մեջ առանձնացված դասակարգում: Առնվազն ողբալի է տեսնելը, թե ինչպես են մարդիկ ծաղրուծանակի ենթարկում մի բան, որ պարտավոր էին պաշտպանել:

    Ես, բնականաբար, չեմ որոշում, թե Հայաստանից ով կգնա և ով կմնա Հայաստանում: Հաշվիր, թե խորհուրդ եմ տալիս կամ բարձրաձայն մտածում եմ: Շատ ուրիշ՝ ցենզուրայից դուրս բաներ եմ նաև մտածում, որ բարձրաձայն չեմ ասում, չնայած երբեմն ինձ թվում է, որ սխալ եմ անում:

    «Դեբիլների մասին» հայտարարությունիցդ աբիժնիկության հոտ է գալիս, հազար անկեղծ ներողություններ, չէի կարող չասել: Որովհետև ես այստեղ չեմ խոսում ուրիշ ուժերի օգտին քվեարկածների մասին. դա մի առանձին թեմա է: Խոսում եմ հլու-հնազանդների մասին: Ինչու՞, օրինակ, հիշեցիր ՀԱԿ-ին: Ինչու՞, օրինակ, ցանկացած մարդ, ով համարձակվում է խոսել ազատության մասին, մեքենայորեն ասոցացվում է ՀԱԿ-ի հետ: Այդ ո՞ր օրվանից է ազատություն ուզելը դարձել քննադատելի մի բան, մեղադրելու հիմունք: Իսկ ՀԱԿ-ի հետ կապը այսօր շատերի կողմից համարվում է հենց մահացու մեղք: Բան չունեմ ասելու, խոսուն օրինակ է և վառ փաստ, բայց, այնուամենայնիվ, ինչու՞: Գուցե ես դաշնակ եմ: Գուցե՝ ռամկավար: Իսկ գուցե (և սա է ճշմարտությունը) անկուսակցական եմ: Ու ինձ համար վիրավորական է «լևոնական» պիտակումը, ինչպես և շատ շատերին դուր չի գալիս «ստրուկ» անունը: Իսկ այս ֆորումում՝ դահլիճում, նման բաների հանդիպում ես ամեն օր, ամեն ժամ:

    Դե, գիտես, մի ուրիշ հայտնի խոսք էլ կա (քեզ չեմ ուղղում, պարզապես ի գիտություն). «Խոզերի առջև մարգարիտներ շաղ մի տվեք»:
  15. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    Սխալներ իրականում շատ կան, իմ կարծիքով:
    Ասենք, եթե մարդու աշխատավարձը ավելի արագ է աճում քան գները, արդյոք նրան պե՞տք է նյարդեր ծախսել դրա դեմ պայքարելու համար: Ասենք, ես թքած ունեմ, երթուղայինի վճարը 50 դրամ է, 100, թե 200, հետևաբար ես անուղե՞ղ եմ: Չեմ կարծում:
    Պատահական չէ, որ հարցը ֆինանսական տեսանկյունից սկսեցիք դիտարկել: Այժմ շատ խնդիրներ լուծվում են շնորհիվ դրամական միջոցների: Բայց միևնույն է, «գներից արագ աճող աշխատավարձ» ունեցող չնչին տոկոսի համար էլ իմաստ ունի մտահոգվել բոլոր տեսանկյուններից անհեթեթ համակարգում բարեփոխումներ կատարելու մասին: Միամտություն է դիտարկել միայն հասարակական տրանսպորտի, բենզինի կամ այլ սպառողական ապրանքների ու ծառայությունների գների՝ աշխատավարձից ավելի դանդաղ բարձրանալը: Բա օրե՞նքը, որը տեղ-տեղ գործում է, տեղ-տեղ ոչ: Համակարգը, որտեղ դուք աշխատում և ապրում եք, կոռումպացված է: Միայն այն փաստը, որ ներկայումս ֆինանսական միջոցներով կարելի է շատ հարցեր լուծել նշանակում է, որ դուք ևս դուք ևս վաղ թե ուշ ձեր կաշվի վրա կզգաք անարդարությունը, ձեզ էլ վաղ թե ուշ կստիպեն զգալ օրենքների ճկունությունը փողի նկատմամբ, քանի որ փող ունեցողից միշտ էլ ավելի շատ փող ունեցողներ կգտնվեն /դուք ասելով ի նկատի ունեմ այն համեստ և գործունյա մարդկանց, ովքեր կարծում են, որ ֆինանսապես ապահովված են և շնորհիվ դրա այս համակարգում խնդիրներ չունեն կամ չեն ունենա/:
  16. One_Way_Ticket-ի ավատար
    Իսկ ինչո՞վ կարող ես հիմնավորել, որ իդեալական պետությունում ղեկավարը պիտի ժողովրդավարությամբ որոշվի։ Պատճառն այն է, որ քեզ և շատերի մոտ ազատություն, ժողովրդավարություն և այլն այնքան ակնհայտ աքսիոմներ են, որոնք ապացույցի կարիք չունեն։ Իսկ դու այնուամենայնիվ փորձիր ապացուցել։ Այսինքն, արդյո՞ք ինչքան ազատ է մարդը, այնքան ավելի երջանիկ է։ Գոնե մտածիր այդ ուղղությամբ։ Մի փոքր օրինակ բերեմ։ Երբ դպրոցական էի, ինձ 100 դրամ էին տալիս որ դպրոցում բուլկի առնեմ։ Ես 20 օր բուլկի չկերա և գնացի խանութ ուզածս դիսկը գնեցի։ Լամ եմ հիշում թե ինչքան երջանիկ էի այդ օրը։ Իսկ հիմա՞։ Դիսկերի տեսականին շատ ավելի լայն է, հնարավորություններս էլ ներում են թեկուզ ամեն օր գնել։ Չեմ ուզում։ Սա դասական օրինակ է թե ինչպես ազատությունը (տվյալ դեպքում ֆինանսական) ունենում է հակառակ էֆեկտ։

    Դեբիլների մասին հայտարարության մեջ "ՀԱԿ-ին ընտրողները" պարզապես օրինակ էր։ Եթե քեզ համար դա վիրավորական էր, կներես։ Ընդհանուր առմամբ ուզում էի նշել մի խումբ, որի մեջ կաս նաև դու։ Կարող էի ասել "բոլոր նրանք ում անունը Հայկ է"։ Դա չէ էականը։ Հարցին դու ի դեպ չպատասխանեցիր։
  17. One_Way_Ticket-ի ավատար
    Որմիզդուխտ, մի ժամանակ մտահոգվում էի։ Ասենք, ես գտնում եմ, որ լավ կլինի եթե հետիոտնները զեբրայի վրայով քայլեն և անպայման լուսացույցի (դրա առկայության դեպքում) կանաչ լույսի տակ, իսկ վարորդները նրանց ճանապարհ զիջեն։ Ինքս անխտիր հետևում էի այդ կանոններին, իսկ խախտողների հետ փողոցում վեճի մեջ մտնում՝ փորձելով իմ լուման ներդնել կարգուկանոնի հաստատման գործընթացում։ Բայց հետո հոգնեցի, զգացի որ նյարդերս ափսոս են։ Ինքս առաջվա պես հետևում եմ կանոններին, բայց ասենք եթե մեքենան զեբրայի վրա է ելել, խելոք շրջանցում եմ։
  18. Հայկօ-ի ավատար
    Ուշ է արդեն, հավես չունեմ խորանալու. ժողովրդավարության մասին հազարավոր գրքեր են գրված ու խոսքեր են ասված, ես ընտրել եմ ժողովրդավարությունը, դա ի՛մ ընտրությունն է, ոչ ոքի առջև հաշվետու չեմ դրա համար և բնավ չեմ պատրաստվում բացատրել ակնհայտը. եթե քեզ համար մնացած մոդելները (ստրկատիրություն, ավատատիրություն, մենիշխանություն, վասալություն և այլն) նախընտրելի են, հարց չկա. ինձ համար նախընտրելի է այն մոդելը, որտեղ իշխանությունն իրականացնում է ժողովուրդը: Ես սիրում եմ, երբ ընտրելու ու որոշում կայացնելու հնարավորություն ու իրավունք ունեմ, այլ ոչ թե որ իմ փոխարեն ընտրում են ու որոշում են կայացնում: Չերչիլն է կարծեմ ասել, որ ժողովրդավարությունը ահավոր վատ հասարակարգային մոդել է, սակայն մարդկությունը դեռ դրանից լավը չի հորինել: Ի դեպ, իսկ եթե ոչ «ժողովրդավարությամբ» է որոշվում ղեկավարը, ապա էլ ինչպե՞ս: Զենքի ուժով կամ ժառանգականությա՞մբ: Իսկ ազատությունն, այո՛, աքսիոմ ու դոգմա է ու ապացուցելու կարիք չունի: Նորից կրկնեմ. ազատությունը, ոչ թե ամենաթողությունը: Ղեկավար պետք է լինի, բռնակալ՝ ոչ: Իրավունքի կողքին պետք է լինի պարտականությունը: Սեփական ազատության գիտակցման հետ՝ դիմացինիդ ազատության գիտակցումը: Ու հարգանք: Իսկ այսօր սրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ ֆանտաստիկա: Հարգանքը մի տեսակ չի տեղավորվում ծեծուջարդի, թալանի ու ահաբեկչության կողքին:

    Օրինակդ չեմ մեկնաբանում, անհասկանալի ու աննպատակ օրինակ էր: Ուզում ես գնիր այդ դիսկը, ուզում ես՝ ոչ. ազատությունը դա է, ոչ թե դիսկ գնելու պարտադրանք:

    Իսկ եթե ինձ ինչ-որ մեկը ինչ-որ վիրավորական անվամբ կոչի ու չկարողանա հիմնավորել ու պատասխան տալ դրա համար, ոտերը կջարդեմ: Սակայն սա ընդհանրապես կապ չունի այս խոսակցության հետ, ու նաև չեմ ուզում նորմալ քննարկումը այլ հարթություններ տեղափոխել: Ես իմ գրածը հիմնավորել եմ, առանձնացրել եմ մարդկանց մի տեսակի ու իմ բնութագիրն եմ տվել նրանց. թո՛ղ ամեն մեկը ինքն իր համար որոշի՝ ինչքանով է ինքը համապատասխանում այդ տեսակին ու ինչքանով է նպատակահարմար բարձրաձայն հայտարարելը, որ ինքն այդ տեսակի մարդ է:
  19. One_Way_Ticket-ի ավատար
    Երևի իզուր այսքան խոսեցինք։ Չգիտեմ ոնց դու, բայց ես այս խոսակցությունից ոչ մի օգուտ չքաղեցի։ Պարզապես ի պատասխան քո բնութագրերին՝ քո ոճով։ Դեմոկրատիան ու երջանիկ ապրելը իրար հետ ընդհանրապես կապ չունեցող հասկացություններ են։ Եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, նշանակում է նրա ուղեղը շատ վատ է աշխատում։

    Այլևս ասելու բան քեզ չունեմ։ Եթե դու ինչ-որ ասելիք ունես, ապա դա արդեն կլինի, ինչպես դու նշեցիր, "այլ հարթության" խոսակցություն, որը ոչ ինձ է պետք, ոչ էլ, հույս ունեմ, քեզ։ Հաջողություն։
  20. Հայկօ-ի ավատար
    Համաձայն եմ, որ դեմոկրատիան երջանիկ ապրելու համար անհրաժեշտ նախապայման չէ, սակայն ավտորիտարիզմն ու բանդիտոկրատիան էապես խանգարում են կատարյալ երջանկությանս, սա էլ է փաստ: