Նայել RSS հոսքը

Գիշերային

Մի չարչրկված բառի մասին

Գնահատական. 2 ձայն, 5.00 ընդհանուր:
Վերջերս տարբեր կոնտեքստներում շատ է արծարծվում «ստրուկ» բառը. փորձեմ իմ մտքերն էլ շարադրել «ստրկության» ասպեկտներից մեկի մասին:

Չեմ հասկանում մի բան, ու դա ինձ շատ է նյարդայնացնում: Բոլորս էլ հաճախ ենք լսել մտքի այսպիսի փայլատակումներ. «Ախպեր էս երկրին բռնակալ ա պետք, էս երկրին Ստալին ա պետք, էս ա պետք, էն ա պետք»: Առանց ավելորդ աջուձախ ընկելու ասեմ. այսպես արտահայտվողները ստրկական հոգեբանության կրողների տիպիկ օրինակներ են: Ավելին՝ դրանք անուղեղ, անկամ, մինչև վերջին խազը նվաստացված ու ընկած մարդիկ են: Բացատրեմ վիրավորանքներիս այս հեղեղը. եթե մարդն ընդունում է, որ անզոր է սեփական ձեռքերով ու սեփական ցանկությամբ ինքն իրեն դնելու ճիշտ ուղու վրա (իսկ «մեզ քացուտակքցող է պետք»-ատիպ խոսակցությունների հիմքում սովորաբար այն ափսոսանքն է, որ «երկիրը երկիր չի, մարդիկ մարդ չեն»), ապա այդ մարդը արժանի չէ ուղղակի մարդ կոչվելու: Այսինքն՝ նա խոստովանում է, որ մինչև իրեն մտրակով չծեծեն, չգոռան վրան, չվախեցեն, ինքը սեփական բարօրության համար մատը մատին չի խփի: Բանջարաբոստանային կուլտուրա է, ոչ թե մարդ, մի խոսքով: Սա՝ որպես լիրիկական զեղում: Այնուամենայնիվ, այդպես մտածողները դեռ շատ են, ու դեռ կլինեն, քանի չենք հասկացրել իրենց մի պարզ բան. ոչ ոք բարեկեցիկ կյանքն ու պայծառ ապագան չի ծամելու-դնելու ձեր բերանը: Եթե ուզում ես ինչ-որ բան կառուցել, պիտի ձեռքերդ կեղտոտես:

Այլ հարց է, թե արդյո՞ք նման՝ ճորտային մտածելակերպ ունեցող մարդկանց երբևէ գրավել է ազատ քաղաքացի լինելու հեռանկարը: Համոզված եմ, որ ոչ. նրանք պարզապես չգիտեն, թե ինչ ասել է «ազատ մարդ»: Նրանց աչքերը փակ են, ապագան տեսնելու կարողությունը ձգվում է մինչև հաց ուտելու հաջորդ պահը ու վերջ: Դժվար է ասել՝ իրենք մեղավոր են, թե ոչ. իրենք կամովի՞ն են ընտրել այսպես կոչված «ճորտային» կարգավիճակը, թե՞ ուղղակի այլ բան չեն տեսել և չեն պատկերացնում: Սակայն փաստն այն է, որ թալանի, սպանությունների, ստորացման, ահաբեկման դեմ-հանդիման վախկոտի նման լռում է միայն ճորտն ու ստրուկը: Լռելը, իհարկե, տարբեր է լինում. կարելի է բառացիորեն ձայն-ծպտուն չհանել. կարելի աշխատեցնել գորշ նյութն ու հիմնավոր պատճառներ փնտրել ստորանալու համար՝ ինքն իր աչքում սեփական չոքած դրությունն արդարացնելու նպատակով. կարելի է մոլուցքի մեջ ընկնել ու, մազերը պոկելով, աղաղակել, որ «ես չեմ նվաստացվում, ամեն ինչ լավ է, խոտը՝ կանաչ, ապագան՝ ճաճանչափայլ», ու նույնիսկ հավատալ դրան: Բայց փաստ մնում է փաստ. նման մարդիկ ամեն ինչի մասին կխոսեն, բոլորին կմեղադրեն, ամեն մտածողական հնարամտության կդիմեն, բացի խոստովանելուց ու տեսնելուց ամենատարրականը. այն, որ իրենք այսօր ենթարկված են, ճնշված են, կաշկանդված են ինչ-ինչ շղթաներով: Օրինակները շատ են, ապացույցները՝ բազմաթիվ, չխորանամ:

Մեծագույն ծաղրուծանակն այն է, որ մարդուն ասում են. «Երևակայիր, որ ազատ-անկախ ես, թե չէ ավելի շատ կծեծեմ, ավելի կծանրացնեմ շղթաներդ ու ուտելիք էլ չեմ տա»: Ու երևակայում են:

Ցավոք՝ չեմ կարող ասել՝ ինչպես արագ բուժել այս ախտը: Մարդու աչքերը բացելը խիստ դժվար բան է, մանավանդ եթե այդ մարդը ամեն կերպ պայքարում է կույր մնալու համար:

Շարունակեմ. ցավն այն է, որ թե՛ այն մարդիկ, ովքեր պայքարում են այդ ստրկության դեմ և թե՛ այն մարդիկ, ովքեր պայքարում են այդ ստրկության համար, հավասարաչափ են տուժում տիրոջ մտրակից: Ես կփորձեմ հասկանալ, եթե ինչ-որ մեկը ատամներով սկսի պաշտպանել իր փաստացի տիրոջը, եթե իմանամ, որ այդ մեկը գոնե շահ ունի. գործ, փայ, հարկերից ազատված լինելը, օրենքում որոշ ծակուծուկերից օգտվելը և այլն և այլն: Սակայն այնպիսի՛ մարդիկ են պաշտպանում մտրակավորներին, կամ գոնե ոչ մի քայլ չանում՝ այդ լծից ազատվելու համար, որ պարզապես ապշում ես: Ախր պայքարողն ու չպայքարողը այսօր իրարից տարբերվում են միայն ու միայն իրենց՝ պայքարելու ու չպայքարելու փաստով: Մնացած ամեն ինչ փաստորեն նույնն է. սոցիալական դիրք, կրթություն, ստատուս, ընտանիք, աշխատանք և այլն: Տարբեր են, իհարկե, գիտակցությունները: Պայքարողը չհարմարվողն է, միշտ ավելի լավին ձգտողը, վիզ չծռողը: Չպայքարողը շատ հաճախ նա է, ով կա՛մ առաջնորդվում է «ինձնից հետո ջրհեղեղ» սկզբունքով, կա՛մ՝ «տնեցիք լավ ըլնեն, մնացածը՝ ջհանդամ», կա՛մ, առավել հաճախ, պրպտում ու փնտրում է, թե որտեղից ինչ կարելի է այսօր գողանալ, շահել, պոկել, ճարել ու այս օրն էլ ապրել, իսկ վաղը՝ տեսնենք: Այսինքն ենթարկվում է: Հնազանդվում՝ իր վիճակին, իրեն ճնշողին, «իր չար բախտին»: Հայի բախտ ա, է՛լի: Մեկ ա՝ էս ա լինելու: Մեկ ա: Այ հենց սա՛ է չարիքը: Սա նույնիսկ սեփական ուժերի հանդեպ անվստահություն էլ չէ, սա լրիվ բարձիթողի վիճակ է, որից օգտվում են ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնված ստահակները:

Կա նաև մեկ այլ երևույթ, որը բացատրում է, թե ինչու են ոմանք հանդուրժում մտրակավորներին: Դա հայերիս մեջ քարացած՝ մտրակավոր դառնալու արատավոր երազանքն է ու հարգանքը՝ ուրիշին ճնշել կարողացողի նկատմամբ: Բա ո՞նց. եթե կարողանում ես ուրիշին թալանել, ծեծել, սպանել ու մնալ անպատիժ, ուրեմն դու լավ տղա ես: Մուրա՜զ: Ու հարգում են նման մարդկանց: Պաշտում են, կուռք են դարձնում, առերես քծնում են, թաքուն՝ սարսափում ու չեն խոստովանում իրենք իրենց, որ իրենց այդ հարգանքի պատճառը նախևառաջ վախն է:

Փիլիսոփայական շեղումները թողնեմ մի կողմ. նշեմ վերևում ակնարկածս փաստերից մի քանիսը: Հեռու չգնամ՝ մթերքի, բենզինի գներ, հարկեր, մաքսեր, մի խոսքով՝ ֆինանսական մտրակ: Վաղուց ի վեր հայտնի փաստ է. Հայաստանում եթե մի բան հանկարծ թանկանում է, ապա հույսներդ կտրեք, որ այլևս կարող է հանկարծ էժանանալ: Չի՛ լինի նման բան: Քանի որ հարմարվողները շատ են: Երթուղայինները 50 դրամից դարձան 100 դրա՞մ. մի քանի օր պատիտակային բողոքներ, նույն «երկիրը երկիր չի» տրտունջը, ու վե՛րջ: Հարմարվեցինք 100 դրամին: Նույն կերպ հարմարվելու ենք 200-ին կամ 500-ին, եթե մեր տիրոջ խելքին նման բան փչի: Իսկ ինչու՞ ոչ: Ինչու՞ չանի: Չէ՞ որ ենթարկվում են իրեն: Վախեցած լսում են ու լռում: Հայաստանում արդեն դոգմա է, որ բենզին, շաքար, ձեթ, ալյուր և այլն ներկրել դու չե՛ս կարող: Ինչու՞: «Այսինչն է բերում»: Այսքան մի բան: Բոլորը ընդունում են դա որպես կայացած երևույթ, ամրագրված փաստ, ադաթ, ոնց ուզում եք՝ անվանեք: Ու ստրկացման մեխանիզմն անխափան գործում է: Ստրուկին թալանում են՝ թալանված փողով նորոգելու համար այն մտրակը, որ իջնելու է նույն այդ ստրուկի մեջքին, երբ նրան է՛լ ավելի դաժանաբար թալանելիս կլինեն, և դարձ ի շրջանս յուր: Իսկ հակաճառողները քիչ են: Ու լռողները հակաճառողներին համարում են հիմար, ծիծաղում են նրանց՝ չծեծվելու ու չթալանվելու բնական ցանկության վրա, քծնողաբար կամ կարճամտորեն ուրախանում են, երբ տերն, ի վերջո, բռնի ուժով լռեցնում է հակաճառողին, ու թաքուն փառք են տալիս Աստծուն այն բանի համար, որ իրենք լուռ են, խելոք են, հնազանդ են, որ իրենց, ընդամենը, ասենք, կանոնավոր ծեծում ու վախեցնում են և ոչ երբեք՝ սպանում:

Գրածիս մեջ այլաբանությունը շատ էր, աղոտ ձևակերպումներն ու օրինակները՝ գերակշռող: Սակայն սա այժմէական է հենց մեր այսօրվա կյանքի ու մեր հասարակության համար: Աջուձախ նայեք. լռողները շատ են, մտրակից վախեցողները՝ ամենուր:

Ուղարկել «Մի չարչրկված բառի մասին"» Digg-ին Ուղարկել «Մի չարչրկված բառի մասին"» del.icio.us-ին Ուղարկել «Մի չարչրկված բառի մասին"» StumbleUpon-ին Ուղարկել «Մի չարչրկված բառի մասին"» Google-ին

Թարմացել է 07.06.2009, 15:29 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    Երջանիկ եղեք առանց դրա, դա հնարավոր է:
    Թող դա երջանիկ մարդիկ ասեն... իսկ դու, որքան հասցրեցի հասկանալ, դու քեզ երջանիկ չես համարում:
    Կարծում եմ, այլևս բան չկա ասելու այս թեմայում:
  2. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    Խոսքի ազատությունի՞ց խոսենք: Հայկօն ասում էր, որ մեկը իրեն վիրավորական բան ասի ու չհիմնավորի, նրա ոտքերը կջարդի: Էլ ու՞ր մնաց խոսքի ազատությունը: Ձեր երազած երկրում նման արարքի համար տարիներով ճաղերի ետևում են հայտնվում, ձեզ նման հեռանկարը դու՞ր է գալիս:
    Հ.Գ. Չէի կարող չգրել. այո, ինձ նման հեռանկարը դուր է գալիս:
  3. Mephistopheles-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    ԽՍՀՄ-ը հաղթեց ֆաշիստական Գերմանիային, երբ դեմոկրատիկ երկրները մեկը մյուսի հետևից հանձնվեցին: Քի՞չ է: Գիտեմ, հիմա կասես, որ ռեժիմն այդտեղ կապ չուներ, ինչի հետ համաձայն չեմ, ամենամեծ կապը հենց ռեժիմն ուներ: Համոզելու հավես չունեմ, ես արդեն Հայկօ-ի օրինակի վրա համոզվեցի, որ ձեզ ինչ-որ բան համոզելը չափազանց դժվար է, եթե ընդհանրապես հնարավոր է:
    Մենակը չի հաղթել, ԱՄՆ-ի, Մեծն Բրիտանիայի հետ… իհարկե նա եղել է մեծ ուժ… բայց ռեժիմը չի հաղթել… Նապոլեոնին էլ է՞ Ստալինը հաղթել…

    կոմունիստական երկրներն էլ մեկը մյուսի հետևից իրենք-իրենց քանդվեցին…կամ ձևափոխվում են այսօր…տենց չի՞…

    Ազիզ ջան, որ կարողանայիր, կհամոզեիր… կամ եթե հավես չունես, ընդհանրապես մի գրի… սա ստիպողական բան չի
  4. Mephistopheles-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    Տրիբուն, իմ պատկերացմամբ ազատությունը աբստրակտ գաղափար է, որի մասին կարելի է խոսել միայն կոնկրետ բանի վրա կիրառելով: Ես այն կիրառել էի գնումների վրա, այսինքն, ազատություն ինչ-որ բան գնելու համար: Եթե օրինակը չես հավանում, ուրիշն առաջարկի:

    Վիշապ, իսկ դու ինչի՞ հիման վրա ես ենթադրում, որ դեմոկրատիկ երկրներում մարդիկ ավելի երջանիկ են ապրում: Կողքից նայելով այնտեղ ապրողներին` դու հնարավորություն չունես թափանցելու նրանց ներաշխարհի մեջ: Դու ունե՞ս Եվրոպայում կամ Ամերիկայում ծնված և մեծացած ծանոթներ, որոնք քեզ պատմել են թե իրենք ինչքան երջանիկ են:
    Վատ օրինակի վրա ես ցույց տվել, քեզ է վնասում… օրինալ Սաուդի Արաբիայում կինը կարող է սրտի ուզածն առնել, բայց Ալլահը մի արասցե հանկարծ գնա ընտրության (որը վերջերս է ընդունվել տեղական ինքնակառավարման համար) կամ նրան տեսնեն մեքենայի առաջի նստարանին նստած, նա էլ կյանքում արևի երես չի տեսնի… Հիմա եթե քո ազատությունները պայամանավորված են գնումներով ու նյութականով միայն, ապա դու իմ կատվի պես երջանիկ ես, նրան էլ դրանից ավել ոչինչ պետք չի… և ուզում է որ իրեն սիրենք

    Այո դեմոկրատական երկրներում ապրողները երջանիկ են, որովհետև նրանք չեն կարող ավտորիտար երկրում ապրել ու չեն ապրում, իսկ ավտորիտար երկրի մարդիկ այնքանով են դժբախտ, որ երազում են գոնե դեմոկրատական երկրի բարիքներից օգտվել, բայց չեն կարողանում… ու ես նյութականը ինկատի չունեմ…

    Եթե քո ազատություններն ու երջանկությունը միայն նյութականի հետ է կապված, ապա դու երջանիկ, բայց պրիմիտիվ մարդ ես ու ազատության մասին քո պատկերացումները կարելի է ասել էլեմենտար է…
  5. Mephistopheles-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    Ես իրականում չէի ուզում կենտրոնանալ ֆինանսականի վրա, պարզապես հարմար օրինակ էր տեսակետս բացատրելու համար:

    Խոսքի ազատությունի՞ց խոսենք: Հայկօն ասում էր, որ մեկը իրեն վիրավորական բան ասի ու չհիմնավորի, նրա ոտքերը կջարդի: Էլ ու՞ր մնաց խոսքի ազատությունը: Ձեր երազած երկրում նման արարքի համար տարիներով ճաղերի ետևում են հայտնվում, ձեզ նման հեռանկարը դու՞ր է գալիս:

    Հայաստանում դեմոկրատիա չի լինի: Երջանիկ եղեք առանց դրա, դա հնարավոր է: Այլևս այս թեմայով չեմ ուզում խոսել, հոգնեցի: Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից ովքեր ինձ հարցեր ունեին:
    այսօրվա Հայաստանում մարդասպանները պետության հետ են սերտաճել ու ոչ մի անմեղ մարդու սպանության համար բանտ գնացող չկա… իսկ սա քեզ դուր է՞ գալիս… ու դու հարմարվել ես և այս երկրում երջանիկ ես… մեզ ել ասում ես հարմարվեք… կներես բայց սա ստրկամտություն է … բայց իօգուտ քեզ պիտի ասեմ "երջանիկ ստրկամտություն"… դու ձևը գտել ես

    իսկ Հայկօյի ասած "մեկը իրեն վիրավորական բան ասի ու չհիմնավորի, նրա ոտքերը կջարդի"-ն մեր երկրի համար մեծ առաջխաղացում կլինի
  6. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից
    իսկ Հայկօյի ասած "մեկը իրեն վիրավորական բան ասի ու չհիմնավորի, նրա ոտքերը կջարդի"-ն մեր երկրի համար մեծ առաջխաղացում կլինի
    Անտեղի վիրավորանք հասցնողի հետ հարցերը ոտքերը ջարդելու միջոցով լուծելը, ճիշտ է ասված, «առաջխաղացում» կլինի մեր երկրի համար, իսկ ընդհանրապես, առաջխաղացում կլինի խոսքերի համար ինչ-որ մեկի ոտքերը ջարդողի՝ բանտում հայտնվելու միանշանակ հեռանկարը, և բացարձակապես կապ չունի թե ով ում ոտքերն է ջարդել: (խոսքի ազատությունն էլ մի շփոթեք լպիրշության, սանձարձակության և անկապ դուրս տալու հետ. տարբերություն կա):
    Թարմացել է 10.06.2009, 14:19 ըստ [ARG:5 UNDEFINED]