Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Ժողովրդի քվեն պետք չի՛ արհամարհել

Գնահատական. 3 ձայն, 5.00 ընդհանուր:
2009 թ. Հունիսի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած առաջին ետընտրական հանրահավաքին, իր ելույթի վերջում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ մաս կազմող բոլոր կուսակցությունների որոշմամբ ՀԱԿ ցուցակով բոլոր ավագանու թեկնածուները վայր են դնում իրենց մանդատները:

Սա շատերի կողմից սպասված որոշում էր, անշուշտ, սակայն լինելով բավական հզոր ու համարձակ քայլ, այսուհանդերձ լայն շրջանակներում դարձավ քննարկման հիմնական թեմաներից մեկը: Դիրքորոշումները շատ են, յուրաքանչյուրն ունի իր որոշակի հիմնավորումները: Կան այս հարցն աներկբա ողջունողներ, կան քննադատողներ, կան չեզոքություն մշտական խաղացողների կողմից իբր երկու տարբեր տեսակետներից դիտարկողներ, ըստ որոնց այսինչ պատճառով լավ է, իսկ այնինչ պատճառով՝ վատ: Բավական ծավալուն նյութ կստացվի, եթե փորձեմ անդրադառնալ այս բոլոր տեսակետներին, դրա համար կփորձեմ կենտրոնանալ դրանցից միայն մեկի վրա, որը հակառակորդ ճամբարից առավել հաճախ է լսվում:

Այսպիսով, ոմանք պնդում են, որ թողնելով բոլոր քաղաքական հաշվարկները մի կողմ սխալ էր ընդդիմության մանդատներից հրաժարվելը, առանց իրենց ձայն տված 70000 քաղաքացիների կարծիքը հարցնելու: «Չէ՞ որ, - ասում են այս մարդիկ, - 70000 քաղաքացիները իրենց ձայնը տվել են, որ ՀԱԿ-ը ավագանիում զբաղվի քաղաքի հոգսերով, ինչպե՞ս կարելի է նրա կարծիքն արհամարհել»:

Այժմ փորձեմ հիմնավորել, որ այս միտքը ոչ այլ ինչ է, եթե ոչ դեմագոգիկ պնդում, որը կատարվում է նորից քաղաքական նպատակներով՝ դիվիդենտներ շահելու համար, և իրականում այս մտքի հեղինակներին բոլորովին չի հետաքրքրում ժողովրդի կարծիքը, նրա քվեն:

Տեսականորեն պնդումը ճիշտ է, եթե այդ պնդումը վերաբերվում է ազատ, արդար և թափանցիկ ընտրություններին, եթե այն տոկոսային հարաբերությունը, որով այս ու այն ուժերն անցել են ավագանի, համապատասխանում է իրականությանը, հասարակությունում տիրող տրամադրությունների իրական պատկերն է: Սակայն այն պարզ դեմագոգիա է այն դեպքում, երբ ի սկզբանե պետական ապարատի կողմից հաշվի չի առնվել, արհամարհվել է բառիս բուն իմաստով այդ նույն քաղաքացու իրական կարծիքը, նրա քվեն գողացվել է, ձայնը կեղծվել: Եթե հասարակության ընտրություններին մասնակցողների իսկապես 17%-ը ձայն տված լինի ՀԱԿ-ին, ապա այդ համատեքստում այո՛, ՀԱԿ-ը արհամարհած կլիներ այդ ընտրողներին, եթե հրաժարվեր ավագանու մանդատներից: Սակայն պատկերը լրիվ այլ է:

Հասկանալու համար, որ պատկերն այլ է, պետք է հիշել, թե ընտրություններն ինչ ընթացքով են գնացել.
- Հանրապետության տարբեր քաղաքներից ավտոբուսներով և միկրոավտոբուսներով մայրաքաղաք են բերվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք չունեցող հազարավոր քաղաքացիներ,
- Ընտրություններին մասնակցելու համար արձակուրդ են ստացել, կամ արագացված կարգով զորացրվել են ընտրություններին մասնակցելու իրավունք չունեցող զինծառայողներ, անօրինական կերպով ստացել են իրենց անձագրերն ու մասնակցել ընտրություններին,
- Պետական ապարատի անմիջական հովանավորությամբ ընտրատեղամասեր գազելներով տարվել են իրականում քաղաքական հայացքներ չկրող, պասիվ ընտրազանգվածը (ուժի ճնշման տակ կամ գումար ստացած լինելու համար) հազարավոր քաղաքացիներ, ըստ որոշ տվյալների նույն քաղաքացիները տարբեր անձնագրերով քվեարկել են բազում ընտրատեղամասերում (այստեղ պարզապես նշեմ, որ ուժի ճնշման տակ կամ գումարներով քվեարկող քաղաքացին փոխում է ընտրությունների պատկերը՝ խեղաթյուրելով հասարակության տրամադրության իրական պատկերը, մինչդեռ օրինական ընտրություն կոչվածը այն է, երբ ընտրությունների միջոցով արձանագրվում է տվյալ հասարակության տրամադրությունների ԻՐԱԿԱՆ պատկերը, այսպիսի քվեարկությունը),
- Եղել են բազում լցոնումների դեպքեր, որոշ դեպքերում անձամբ հանձնաժողովի նախագահի կողմից,
- Հաշվարկի ժամանակ բազում իշխանական թևի օգտին դիտավորյալ սխալ քվեարկված (անվավեր ճանաչելու համար) քվեաթերթիկներ ճանաչվել են վավեր, ՀԱԿ օգտին քվեարկված անվավեր քվեաթերթիկներ՝ անվավեր,
- Հաշվարկի ժամանակ ամենկոպիտ կերպով ՀԱԿ օգտին քվեարկված քվեաթերթիկներ դրվել են ՀՀԿ կամ ԲՀԿ տրցակներում,
- և այլն:

Այս ամենը նշանակում է, որ ընտրությունների՝ պետության կողմից արձանագրված արդյունքները չեն ներկայացնում հասարակության իրական պատկերը, այլ հանդիսանում են դրանց խեղաթյուրումը, ծաղրը: Սա նշանակում է, որ ի սկզբանե արհամարհվել է ժողովրդի կարծիքը, հաշվի չի առնվել նրա քվեն: Հետևաբար հենց հակառակը, քվեարկության այս արդյունքները ընդունելը ու արձանագրված տոկոսներով ավագանի մտնելը կնշանակի արհամարհել ժողովրդին, քաղաքացուն, նրա տված քվեն: Որովհետև քաղաքացին իր ձայնը չի տվել 13 ավագանու համար, որոնք այդ ավագանու կազմում լինելով փոքրամասնություն ոչինչ անել չեն կարող, եղանակ ստեղծել չեն կարող: Քաղաքացին իր ձայնը տվել է մեծաքանակ ընդդիմադիր ավագանիների համար, որը հանցավոր կերպով չի արձանագրվել: Ուրեմն էլ ինչի՞ մասին է խոսքը: Միթե՞ դեմագոգիա չի այդ մարդկանց ասածը:

Եվ վերջապես, ինչպե՞ս են իրենք պատկերացնում, ինչպե՞ս էր Հայ Ազգային Կոնգրեսը հարցնելու այդ «70000» հոգուն. «համաձա՞յն եք, որ մենք մանդատները վայր դնենք»: Հատ-հատ թակելու՞ էր նրանց դռները: Այն էլ այն դեպքում, որ ընտրությունները փակ են, քվեարկությունը՝ գաղտնի: Ինչպե՞ս էր իմանալու այդ 70000-ի տեղը: Բայց իրականում այդ խնդիրն էլ է լուծված: ՀԱԿ-ին ձայն տված հազարավոր քաղաքացիներ հունիսի 1-ին Մատենադարանի հարակից տարածքում էին, և նրանք ՀԱԿ որոշումը ընդունեցին բուռն ու միասնական ծափահարություններով, վանկարկումներով, դրանով իսկ փաստելով, որ ՀԱԿ-ին ձայն տված քաղաքացիների առնվազն մեծամասնությունը կողմ է ՀԱԿ ղեկավարության այդ որոշմանը, այդ որոշումը համարում է ճիշտ ու տեղին:

Հետևաբար, պարոնայք հակառակորդ ճամբարի դատարկախոսներ, բավ է դեմագոգիայով զբաղվեք:

ՀԱԿ որոշումը ճիշտ է պայքարի մարտավարության, որդեգրած ուղու տեսակետից: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին ասելու առաջին իսկ օրվանից ՀԱԿ ղեկավարությունը հայտարարել է, որ թեև իրենք ընտրվելու դեպքում զբաղվելու են քաղաքի հոգսերով ու գործերով, սակայն մասնակցությունն առաջին հերթին քաղաքական ենթատեքստ ունի, այն ուղղված է Հայաստանում օրինականության հաստատման հրամայականին, այն ուղղված է սահմանադրական կարգի վերականգնմանը: Օրինականությունն ու սահմանադրությունը մայիսի 31-ին ավազակապետության հանցավոր բանդաների կողմից բռնաբարվեցին, հետևաբար օրինականության մարտիկը պիտի ընդվզեր հայտարարված արդյունքները, պիտի վայր դներ իր մանդատները ու շարունակեր պայքարը, այլ ոչ թե գործ անելու իմիտացիա ստեղծեր՝ բազմելով 13, ոչ մի նշանակություն չունեցող աթոռներին:

Ուղարկել «Ժողովրդի քվեն պետք չի՛ արհամարհել"» Digg-ին Ուղարկել «Ժողովրդի քվեն պետք չի՛ արհամարհել"» del.icio.us-ին Ուղարկել «Ժողովրդի քվեն պետք չի՛ արհամարհել"» StumbleUpon-ին Ուղարկել «Ժողովրդի քվեն պետք չի՛ արհամարհել"» Google-ին

Մեկնաբանություն