Կարոտել եմ ակումբը ...
Կարոտել եմ ակումբը, այն ակումբը, որ գոյություն ուներ ընդամենը մեկուկես-երկու տարի առաջ: Կարոտել եմ այն համերաշխությունը, որ կար մեր ակումբցիների ընկերախմբում: Կարոտել այն օրերը, երբ կազմակերպված հանդիպման կոնկրետ ժամին գնում էին ընդամենը մի-երկու հոգի ու մեկ ժամից ավել սպասում, թե երբ կհավաքվեն մնացած անդամները, և հետո գնում էինք Square One, պաղպաղակ պատվիրում (մեկ բաժինը երկուսի մեջ բաժանված), այնտեղ նստում մինչև ուշ գիշեր… Չէ, ինչ-որ տեղ ստեցի, կարոտել եմ հենց ակումբցիների ընկերախումբը, որը դեռ պառակտված չէր, ինչպես հիմա…
Չեմ հասկանում, քաղաքականությունն ավելի՞ հզոր էր, քան մեր ընկերախումբը, թե՞ հենց մեր ընկերախումբն էր իլյուզիա, որ այդքան շուտ անհետացավ: Չնայած, չէ, մեր ընկերախումբը դեռ ինչ-որ չափով ուժեղ է, քանի որ մեզանից շատերի ջանքերով, գոնե կողքից նայողի համար այն գոյություն ունի:
Շատ լավ եմ հիշում, 2008-ի ամանորյա հանդիպումներից մեկի ժամանակ մեր շատ սիրելի ակումբցու հայրը ուրախացավ մեր ընկերությամբ ու մաղթեց, որ քաղաքականությունը երբեք չքայքայի այն (մատնացույց անելով այն հանգամանքը, որ հենց ինքն ունի քաղաքական այլ հայացքի տեր լավ ընկերներ): Սակայն կարծես թե այդ մաղթանքն այդպես էլ անիրական կմնա: Քաղաքականությունն ավելի հզոր էր: