Էհ...
Տեսնում եմ, այն մարդկանց… Ու միանգամից զգում եմ…
Ում մասին եմ խոսում?
Այն մարդկանց, ում փոքր ժամանակ չեն սիրել: Այն մեծերի, որ մի օր երեխա են եղել ու իրենց ծնողների ջերմությունը, ուշադրությունը չեն ստացել:
Եւ ինչու միայն երեխա ժամանակ? Հիմա էլ, մեծ են, բայց ծնողները նրանց չեն սիրում, միայն հակառակը` պահանջներ են ներկայացնում ու “ոստիկանություն” են անում, սկսած` “ինչ կերար այսօր”, “տաք հագնվիր”, “իսկ այդ ընկերդ քեզ հարմար չէ, չշփվես նրա հետ”, “դու պետք է”…
Մի քանի օր առաջ երթուղային մի կին մտավ, մոտ 17-18 տարեկան որդու հետ:
Կինը “մաշված” տեսք ուներ, ոչ կիրթ, բայց երևում էր, որ իր արտաքինին ուշադրություն է դարձնում ու դեմքից թափվում էր “ստեռվայությունը”. խիստ դիմագծեր, ագրեսիվ հայացք :
Ամբողջ ճանապարհի ընթաքում որդուն ցուցումներ էր տալիս, թե ինչպես կանգնի, դռանը չհենվի, դուռը բացի, դուռը փակի, փատուհանից հեռու գնա, որ չփչի… Մնում էր ասեր, երբ շնչի-արտաշնչի:
Եւ այդ ամենը այնպիսի տոնով, այնպիսի ագրեսիվ ձայնով, որ ես էի վախից սարսռում ու մտածում էի. “Գոսպաձի, ոնց կարելի է նման մայր ունենալ, նման մարդու հետ ապրել ու դիմանալ: Ոնց էս տղեն երակները չի փռթում…”:
Իսկ տղան երևի ուղղակի սովոր էր արդեն: Հանգիստ լսում էր մոր հրահանգները ու խելոք կատարում: Մյուս կողմից էլ, երևի` ինքն էլ էր վախենում: Արդեն, ըստ փոքր ժամանակվանից մնացած սովորության, ենթագիտակցորեն վախենում է… Չէ, դա հարգանք չէ ծնողի նկատմամբ, դա պատկառանք չէ… Դա հոգեբանական խորը նստված է, որ տարիների ընթացքում արդեն վերածվում է անհաղթահարելի վախի ու տաբուի…
Բայց այնքան հեշտ կլիներ այդ վիճակը ուղղել, ընդամենը ուժ հավաքել, քաջություն ունենալ… Ընդամենը մեկ անգամ պետք էր ցույց տալ, որ դու արդեն մեծ ես, ու ինքդ կարող ես պատասխանատվություն կրել արարքներիդ համար:
Այո, դա դժվար է, բայց…
Պատկերացնում եմ արդեն մոտավորապես այդ տղայի ապագա ընտանիքը լօլ Ավելի ճիշտ` մամայի ապագա ընտանիքը:
Հետաքրքիր է, մաման երբևէ մտածում է, թե ինչ է անելու իր երեխան այն ժամանակ, երբ արդեն իր տարիքին դառնա? Արդյոք կլինի մեկը, ով նրան մամա, կամ պապա կասի ու ով կհոգա նրա մասին? Բայց չէ, ծնողները կարծես չեն նկատում դա, չեն հասկանում, որ պետք է թողնեն իրենց երեխաներին ազատ, պետք է թողնեն իրենց կյանքն էլ դասավորեն ու պետք է նպաստեն, օգնեն, աջակցեն, որ իրենց երեխաներն էլ լավ ընտանիք ունենան, հոգատար, սիրող ամուսիններ ու երեխաներ: Չէ որ մարդու ընտանիքը իր համար որոշակի մոդել է ծառայում: Եւ ինչ ընտանիք է ձևավորելու այդ մարդը ապագայում? Վախի, տեռորի, ուժային մեթոդներով, այլ ոչ թե սիրով ու հոգատարության վրա կազմված հարաբերություններ?
Արդյոք այդ հիպերուշադրությունը սեր է երեխայի նկատմամբ? Թե ուղղակի ծնողները չեն կարողանում հոգեբանորեն գիտակցել այն փաստը, որ երեխաները, թեև իրենցն են, բայց իրենց սեփական առարկաները չեն, կամ էլ ընտանի կենդանիները?
Նաև որոշ դեպքեր եմ նկատել, որ այն ծնողները, որ փոքր տարիքում անուշադրության են մատնել երեխաներին, արդեն մեծ տարիքում չափից ավելի ուշղադիր ու պահանջկոտ են դառնում երեխաների նկատմամբ: Արդյոք դա պայմանավորված է երեխայի նկատմամբ սիրով, թե ուղղակի էգոիզմ է ու ապագայի, մենակ մնալու նկատմամբ վախ?
Տանել չեմ կարողանում այդ տեսարանները, սիրտս կիսվում է, երբ տեսնում եմ անտարբեր ծնողներ:
Պատահում է, երբ երեխաներից միայն մեկն է լինում “չսիրված” : Ծնողները, քույրերը, եղբայրները անտեսում են երեխաներից մեկին: Դա կարող է արտահայտվել տարբեր ձևերով:
Օրինակ, ինչպես հասկանալ, երբ քույրերից մեկը մյուս քրոջ ու նրա ամուսնու պարտքերն է տալիս տարիներ շարունակ` անելով շատ դժվար աշխատանք եւ սեփական կյանքը մի կերպ քարշ տալով?
Ինչպես հասկանալ, եթե երեխաներից մեկն ունի ամենանորաձև հագուստները, խաղալիքները ու մի քանի սպորտի է հաճախում, իսկ մյուսը` ոչ?
Ինչպես հասկանալ, եթե ծնողները թքած ունեն, թե իրենց 11 տարեկան երեխան ուր է գիշերվա 2-ին, արել է արդյոք դասերը եւ ինչ է անելու, եթե 8ամյա դպրոցը չկարողանա ավարտել նույնիսկ?
Ինչպես հասկանալ, եթե ծնողները երեխաներից մեկին ստիպում են զոհաբերել իրենց քույրերի կամ եղբայրների համար? Մեկի համար սիրտը ցավում է, իսկ մյուսի համար` ոչ?
Եւ, օ~, պարադո~քս…
Այն երեխան, ով ամենից քիչ ջերմություն է ստացել իր ընտանիքից, ով ամենից շատն է անտեսված եղել, ում բանի տեղ չեն դրել ու միայն այս կամ այն բանն են պարտադրել ու պահանջել, այդ երեխան ավելի շատ է ձգտում տալ իր ընտանիքին, քան ընտանիքի մյուս անդամները:
Այդպիսի մարդկանց մոտ կարծես անհաղթահարելի զգացում է առաջանում` անել ամեն ինչ, նվիրվել մինչև վերջին կաթիլը: Որոշ դեպքերում նրանք նույնիսկ սեփական կամքով են գնում անձնազոհության, իրենք են առաջարկում, նույնիսկ երբ չեն խնդրում:
Նույնիսկ երբ լայաղ էլ չեն անում իրենց խնդրել: Ամբողջ կյանքը ձգտում են լավը լինել, լավ բան անել, որ իրենց էլ սիրեն: Բայց… ավաղ… միևնույնն է, իրենց հասնելու է միայն դժգոհություն, խրատ, “կարելի էր ավելին անել, ավելի լավ անել, իսկ դու ինչպես միշտ ամեն ինչ փչացրեցիր”…
Երբեմն, ավագ եղբայրներն ու քույրերը դառնում են կոմպլեկսների ու ճնշվածության պատճառ: Նրանք տարիքով ավելի մեծ են, եւ, հետևաբար, ավելի շատ փորձ ունեն, ավելի շատ բան են հասկանում: Իսկ կրտսեր երեխան միշտ գտնվում է անխելքի, միամիտի դերում, նրան միշտ խելք են սովորացնում: Հաճախ` այն ժամանակ, երբ սխալներն արդեն գործած են եւ ոչ ավելի շուտ, երբ պետք է օգնել, ուղղություն ցույց տալ:
Ընտանիքի անտարբերությունը բերում է նրան, որ երեխան մեծանում է անինքնավստահ ու ճնշված, ինքնամփոփ, կամ հակառակը` ագրեսիվ, հավասարակշռությունը հեշտությամբ կորցնող, հակահասարակական արարքների գնացող, սեփական անձը զոհի տեսքով ներկայացնելու ձգտումներով տոգորված, որը կրկին անինքնավստահության ու ճնշվածության արդյունք է: Ու հերիք է մի փոքր փորես այդպիսի մարդու ընտանիքի պատմությունը, պատճառները ջրի երես են դուրս գալիս ու տարածվում բենզինի գունավոր լաքաների պես:
Որոշ մարդիկ, զգալով այդ ամենը, ուրիշ ձևով են դասավորում իրենց կյանքը, այնպես, ինչպիսի կյանք որ երազել են իրենց համար: Մնացածը` շարունակում են իրենց ծնողների դրած հիմքերը ու կարծես մուռ են հանում իրենց երեխաներից իերնց ծնողների գործածի համար:
Բայց ինչ էլ լինի, անցյալը կարևոր չէ: Կարևոր է ապագան, եւ այն, թե ինչ կանես այսօր քո ուզած կյանքը ունենալու համար վաղը: