Նայել RSS հոսքը

Բեատրիս

Անհավանական թռիչք դեպի կատարելություն

Գնահատական. 2 ձայն, 5.00 ընդհանուր:
Հանգիստ իմ համար նստած մտածում էի, թե ինչի՞ մասին գրեմ, երբ հիշեցի <<Հարրի Փոթթերին>> նա հայտնի հրաշագործ էր և ուներ կախարդական փայտիկ։<< Երանի ես էլ նույնից ունենայի>>,- մտածեցի ես։ Որոշեցի ընկնել երազների գիրկը և մի պահ ինձ պատկերացնել որպես հրաշագործ։ Ահա ես գտնվում եմ մի բա՜րձր ժայռի կատարին, ներքևում կանաչազարդ բնությունն է, արևը շողում է երկնային ծովում ,իսկ իմ ձեռքում կախարդական փայտիկն է, որով կարող եմ անել այն, ինչ ուզեմ։ Ես որոշում եմ մի փոքր ճամփորդել ու զննել աշխարհը։ իմ կախարդական փայտիկը դառնում է ցախավել, ու ես հեծնած ցախավելին, թռչում եմ սար ու ձորերի վրայով։ Ճանապարհին հանդիպում եմ հայ-ադրբեջանական բախմանը, տեսնում եմ, թե ինչպես են երկու կողմերը կրակում մեկը մյուսի վրա, ցախավելս վերածում եմ կախարդական փայտիկի և վերացնում թշնամությունը։ Կրակոցները դադարում են։ Երբ արդեն ուզում եմ շարունակել ճանապարհս, հիշում եմ, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք պատերազմում են իրար դեմ ,և որոշում եմ հաշտեցնել նրանց։ Փայտիկի մեկ շարժումով աշխարհում խաղաղություն է հաստատվում։ Ապա շարունակում եմ ճանապարհս։ Թռչում էի մի խուլ քաղաքի վրայով, տարօրինակ էր, այդ քաղաքում կենդանության և ոչ մի նշույլ չէր նշմարվում։ Կարծես ողջ քաղաքը մահացած լիներ։ Փողոցները ավերակ էին, ամեն բան փոշու տակ էր անցել, սակայն մի փոքր էլ առաջ շարժվելուց հետո հանկարծ մի մարդ նկատեցի, ով նստած էր մի ավերակ տան առջևում։ Որոշեցի մոտենալ նրան։ Մոտեցա։ Նա կարճահասակ էր, հագին ուներ ցնցոտիներ, որոնք վաղուց արդեն բանի պիտանի չէին, մազերը երկար էին, սափրված չէր։ Ձեռքին, ինչպես հասկացա, մի նկար էր, և նա սեվեռուն հայացքով նայում էր նկարին։
-Ո՞վ ես դու, ինչու՞ այստեղ ոչ ոք չկա,-մոտենալով նրան՝ հարցրի ես։
Նա ոչինչ չպատասխանեց, կարծես ինձ չէր էլ նկատել։ Ստիպված էի նորից հարցնել։
- Ո՞վ ես դու, ինչու՞ քաղաքում ոչ ոք չկա։
Այս անգամ նա լսեց ինձ, գլուխը վեր բարձրացրեց, ուշի ուշով զննեց ինձ ու նորից կախեց գլուխը։
- Դուք ինձ չե՞ք լսում, պարո՛ն,- զայրացած ասացի ես։
-Ի՞նչ ես ուզում ինձնից,-վերջապես խոսեց նա,-չե՞ս տեսնում, ի՞նչ է, երկրաշա՜րժ, կորուստնե՜ր, զոհե՜ր։ Նրանք մահացա՜ն, հասկանու՞մ ես, մահացա՜ն։
Նա սկսեց հեկեկալ։ Ես նայեցի նկարին ու հասկացա, որ նկարում պատկերված էր նա իր ընտանիքի հետ։ Իսկ կցկտուր խոսքերից կռահեցի, որ երկրաշարժ է եղել քաղաքում։ Այդ պահին հիշեցի կախարդական փայտիկի մասին։ Ես ցանկություն հայտնեցի, որ քաղաքը կենդանանա, ամեն բան նույնը լինի, և աշխարհում էլ երկրաշարժներ չլինեն։ Նույն վայրկիանին քաղաքը նոր շունչ առավ, ծերուկը նույնիսկ չէր հիշում իր դժբախտության մասին, կարծես ոչինչ էլ չէր եղել։
Ինձնից գոհ շարունակեցի ճանապարհս։ Թռչում էի ահռելի ծովի վրայով։ Երբ հասա ափին, նկատեցի մի երեխայի, ով բազմաթիվ մարդկանց մեջ փող էր մուրում։ Ոտաբոբիկ , կապուտաչյա, գանգուր մազերով փոքրիկը մտավ իմ սիրտն ու ինձ ստիպեց օգտագործել փայտիկս։ Ես առանց ժամանակ կորցնելու ցանկացա, որ չքավորությունը վերանա աշխարհից, և նույն երեխային տեսա գեղեցիկ, մաքուր հագուստով։
Արդեն ուզում էի նստել ցախավելիս և շարունակել ճամփորդությունս, երբ սենյակ մտավ մայրիկը.
-Նունե՜, ուշանում ես քանոնի դասից, շու՛տ գնա երաժշտական դպրոց։
Ես ստիպված դուրս եկա երազների աշխարհից ու մտա իրական կյանք՝ թողնելով կախարդական փայտիկս երազների աշխարհում։

Ուղարկել «Անհավանական թռիչք դեպի կատարելություն"» Digg-ին Ուղարկել «Անհավանական թռիչք դեպի կատարելություն"» del.icio.us-ին Ուղարկել «Անհավանական թռիչք դեպի կատարելություն"» StumbleUpon-ին Ուղարկել «Անհավանական թռիչք դեպի կատարելություն"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն