Նայել RSS հոսքը

MkhArm

Քողարկված ճշմարտություն

Գնահատել այս գրառումը

Մարգարտա գյուղը Լոռվա ողջ հրաշք բնության պատկերն է ասես իր մեջ հավաքել: Հատկապես գարունն այստեղ այնքան գեղեցիկ էր, որ թվում էր՝ դրախտի դարպասներն այստեղ են գտնվում: Թեժ լեռան ստորոտին բազմած բնության այս հրաշք անկյունը մարդկությանը դեռ վաղուց է հայտնի: Այս տարածաշրջանում հնագիտական պեղումները զարմացնում են իրենց վաղեմությամբ ու միևնույն ժամանակ լավ պահպանվածությամբ: Գյուղն իր անունը ստացել էր հին ավանդապատումից, ըստ որի Աստղիկ դիցուհին այստեղ հաճախ է զբոսնել, ու նրա անցած ճանապարհի ողջ երկայնքով մարգարտածաղիկներ են ծաղկել: Մինչ օրս էլ գյուղում և շրջակա հովիտներում մարգարտածաղիկը ամենատարածված ծաղիկն է: Գյուղից հարավ` Փամբակի լեռներն են ու հենց այդ լեռնաշղթայի ամենաբարձր կատարը` Թեժ լեռը, որը նաև սահմանաբաժան է հանդիսանում Լոռվա ու Կոտայքի մարզերի միջև: Լեռան փեշին, կանաչ մարգագետնի ու թավ անտառների միջև ընկած գյուղից, հրաշալի տեսարան է բացվում դեպի Լոռվա աշխարհը, բնության անձեռակերտ հրաշք մի աշխարհ: Թեժ լեռան բարձրությունից երևում է Գուգարք աշխարհի մյուս լեռանապարը՝ Բազումի լեռները, իսկ մի փոքր աջ նայելիս՝ Խալաբ լեռան բարձունքը: Գուգարաց աշխարհի այս մի փոքրիկ հատվածն է միայն, որ Հայաստանի Հանրապետության կազմում է մնացել: Հանրապետության հյուսիս-արևելյան այս հայտվածը առանձնանում է իր անտառներով, գեղեցիկ մարգագետիններով, խոր ձորերով ու կիրճերով:
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես գարունը չէր խնայել կանաչն ու ողջ լեռան փեշը պատել էր զմրուխտ կանաչով: Մարգարտա գյուղը ևս բնության այս հրաշագործության մասն էր կազմում: Փոքրիկ գյուղի յուրաքանչյուր անկյունում փթթում էին ծառերը: Բայց այս գարունը այդքան էլ բարի չէր թվում մոտ մեկ հարյուր շեն ունեցող համայնքի համար: Հենց գարնան սկզբից, գյուղից ոչ հեռու սկսվեցին շինարարական աշխատանքներ անցկացվել: Ոչ ոք տեղյակ չէր թե ինչ է կառուցվում, սակայն շուտով պարզվեց. կառուցվում էր շինություն, որը պետք է ծառայեր մոտակա հանքավայրի շահագործման աշխատակիցների համար գրասենյակ, հետազոտական և տեղանքի ուսումնասիրման աշխատանքների մշակման վայր: Գյուղի բնակիչներն այդքան էլ մեծ ոգևորությամբ չընդունեցին այս լուրը, թեպետ նախագծի շրջանակներում պետք է կառուցվեր դեպի գյուղ տանող նոր ասֆալտապատ ճանապարհ, սակայն ոչ վաղ անցյալի այդ հատվածում հանքավայրի կառուցման ձախողված փորձը, հատկապես տարեց գյուղացիները լավ էին հիշում: Դեռ Խորհրդային տարիներից Թեժ լեռը գրավում էր իր հարուստ ընդերքով: Մոտ կես դար առաջ փորձ արվեց այստեղ նոր հանքվայր բացել, սակայն նախագիծը կիսատ մնաց բնապահպանամական լուրջ ռիսկերի պատճառով: Նախագծային աշխատանքների հետևանքով բնակավայրը հայտնվեց սողանքի գոտում, սակայն սողանքը այդքան էլ վտանգ չէր ներկայացնում կարծես թե, քանի որ սկսվեց գյուղի վերաբնակեցման հարցը քննարկվել: Բայց մի գեղեցիկ օր նախագիծը արգելվեց և լեռան բարձունքի լեռնահարստացուցից կոմբինատի կառուցման աշխատանքները անակնկալ կերպով դադարեցվեցին: Պաշտոնական տեղեկություններով հիմնական պատճառը շահավետ չլինելն էր, սակայն միայն տարիներ անց պարզ դարձավ, որ հանքավայրի շահագործումը արգելվել էր լեռան այսպես կոչված «վտանգավոր» լինելու պատճառով: Այստեղ հայտնաբերվել էր ռադիոակտիվ տարրերի կուտակումներ ու հանքի թե՛ փակ, թե՛ բաց շահագործումը կարող էր հանգեցնել էկոլոգիական աղետի: Շատերը չգիտեին շահագործման դադարեցման իրական պատճառների մասին, սակայն գիտեին, որ Թեժ լեռը շարունակում է մնալ գաղտնիքներով պարուրված…
Շարունակել...

Ուղարկել «Քողարկված ճշմարտություն"» Digg-ին Ուղարկել «Քողարկված ճշմարտություն"» del.icio.us-ին Ուղարկել «Քողարկված ճշմարտություն"» StumbleUpon-ին Ուղարկել «Քողարկված ճշմարտություն"» Google-ին

Մեկնաբանություն

  1. Պայծիկ-ի ավատար
    Շատ ցավոտ թեմա է,բայց լավ է գրված:Կառավարությունը պետք է մտածի: