...համր զրույց
...համր զրույց
Համր մի զրույց՝գարնան թաց շուրթից,
Հեղգ ծղրտոցով պոկվեց գրկիս մեջ,
Գույնով ոսկեցող՝սեր բառից վերցրած,
Խուլ զգացմունքներ համեմեց իմ մեջ:
Անտարած հինով իրեն պարփակած՝
Եսիս ափերին անցյալն արթնացավ,
Կաթնագույն ցայգի կարոտ ձեռքերով
Խղճիս բեզարած հուշերն իմ տարավ:
Մոմերի տխուր թարթող կապույտում
Ծխաց մի անուրջ արդեն խունացած,
Ու գիշերագիր հեքիաթիս հևքում
Հյուսեց շողերը հույսիս վերգտած:
Գիշերից ծնված վաղորդայնի հետ
Անթափանց գոյը մոմերը փչեց,
Քրտնած ամպերի զբոսանքի մեջ՝
Իմ կորցրած գույնը փնտրելով հալվեց:
Նելլի Ռումել©