ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. Orange Armenia ընկերությունը չորեքշաբթի Հայաստանի երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում, սկսել է մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող նորագույն 3G+ տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցի փորձարկումը:
«Նոր ցանցը թույլ է տալիս հաշված վայրկյաններում Ինտերնետից ներբեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, առցանց խաղեր խաղալ, ինչպես նաև Ինտերնետով նույնիսկ HD ձևաչափով առանց խափանումների ֆիլմեր դիտել»,- լրագրողների համար ցանցի շնորհանդեսի ընթացքում ասաց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ըստ նրա՝ այսօր Orange Armenia-ի ցանցը Հայաստանի ողջ տարածքում մինչև 14,4 ՄԲ/վ արագություն է ապահովում, սակայն ընկերությունը որոշել է դրանով չսահմանափակվել:
«Հայտնի է, որ Հայաստանի ինտերնետ օգտվողների 45 տոկոսը գերադասում են բջջային Ինտերնետը, այդ պատճառով մենք որոշեցինք նորագույն տեխնոլոգիական նվաճումների կիրառմամբ նրանց ավելի շատ արագություն ապահովել»,- ասաց Դյութուան՝ ընդգծելով, որ Հայաստանը Մոլդովայից հետո երկրորդ է այն երկրների շրջանում, որոնք ծածկում է France Telecom-ը, որտեղ գործարկվում է 3G+ ցանցը:
Միաժամանակ նա նշեց, որ Orange Armenia-ի բաժանորդները դեռ չեն կարողանում օգտվել 3G+ ցանցի հնարավորություններից: «Դեռ մենք թեստային թողարկում ենք անում, մենք նաև պատրաստվում ենք շնորհանդեսին հրավիրել մեր բաժանորդներին, որպեսզի լսենք նրանց առաջարկները: Ցանցն արդեն լիովին կգործարկվի միայն այն բանից հետո, երբ մենք վստահ կլինենք, որ ապահովում ենք մեր հաճախորդների բոլոր պահանջները և երբ կավարտվի ցանցի տեխնիկական թեստավորումը»,- ավելացրեց նա:
Դյութուան զերծ մնաց 3G+ ցանցի պաշտոնական գործարկման տարեթվի և ծառայության սակագների վերաբերյալ հարցին պատասխանելուց՝ ասելով, որ նոր սակագներն այնքան էլ չեն տարբերվի արդեն գործող սակագներից: