Սկիզբը
Նա նայեց շուրջը: Ցուրտ էր, դա հստակ երևում էր դողացող տերևների վայրէջքից: Միայն այդ պահին զգաց, թե ինչպես ցուրտը սողոսկեց մարմնից ներս` դեպի կրճտացող ոսկորները: "Ես ուժեղ եմ, նույնիսկ եթե ուրիշները դա չեն տեսնում", - ասաց ինքն իրեն, ու ինչ-որ երգ մռմռացնելով շարժվեց այգու խորքում նշմարվող ծեր պատերին, որոնք անձրևից պաշտպանվում էին կարմիր կղմինդրածածկ տանիքով: Փայտե կիսաբաց դռան մոտ երկար կանգնեց` նայելով կիսախավարում դժվարությամբ նշմարվող սենյակի պատին: Լավ հասկանում էր` ներս մտնելուց հետո այլևս ինքն ուրիշ մարդ կլինի` հետևում թողնելով իր անունը, հուշերը, երազանքները: "Ներսում էլ է ցուրտ" միտքը հոսեց նրա միջով: Ցուրտ... Արդեն երկար ժամանակ է, ինչ չի տաքացել, համենայն դեպս արդեն չի հիշում, թե երբ է մարմինը լսվել ջերմությամբ: Ներսում էլ է ցուրտ, բայց կան պատեր, կա տանիք: Էնտեղ ազատություն էլ կա, կամ ավելի ճիշտ էնտեղի ազատությունը սահմանափակված է պատերով, որոնք ոչ ոք չի հանդգնի հատել, ինչը չի կարելի ասել այգու մասին: "Ներսում ես իմ լույսը կստեղծեմ, ինչպես նաև իմ ջերմությունը կպարփակեմ էնտեղ: Ինքս իմ անունը կընտրեմ և ինքս իմ արտաքինն ու ներքինը կկերտեմ", - ինքն իրեն ասաց և փայտե դուռը փակեց ետևից: