Նայել RSS հոսքը

Ձեռի հետ

Jethro Tull-ը Երևանում. տոն երաժշտասերների համար

Գնահատական. 4 ձայն, 3.00 ընդհանուր:
Համերգին գնացի մենակ, բայց դա ինձ համար սովորական է դարձել: Դեռ հայկական խմբերի վրա սովորել էի, որ կարող է այնպես ստացվի՝ ոչ ոք ինձ չընկերակցի: Մի խոսքով, հոգեբանորեն պատրաստ էի դրան:

Դահլիճը լիքն էր: Ում ասես, չէիր տեսնի այնտեղ: Եկել էին բազմաթիվ լրագրողներ ոչ թե լուսաբանելու, այլ հենց Ջեթրոյին վայելելու, ռուսախոս "ինտելիգենցիան", որն այնքան մեծ էր այսօր, որ մի պահ թվաց՝ Հայաստանում չեմ, մեր դասարանի Գայանեն, որը դպրոցում պատմավեպեր էր կարդում, հայտնի ու անհայտ երաժիշտներ, երեխաներ, որոնք Ջեթրոյի տակ են մեծանում, հասակավոր մարդիկ, որոնք սկզբում զուսպ էին, բայց հետո չդիմացան, սկսեցին ջահելների նման թռվռալ ու գոռալ, Քալանթարյան Ալիսան (ի՞նչ Ջեթրո առանց նրա), "Բուրգի" Աննան, որին վերջին անգամ մի ութ տարի առաջ էի տեսել, Արթուր Ծուլիկյանն ու նրա եղբայրը, որոնց համերգից համերգ եմ հանդիպում, ռադիոյի բազմաթիվ այլ հին դեմքեր, մեր երրորդ-չորրորդ կուրսեցիներից (երևի փոքրերից էլ լինեին, բայց չեմ ճանաչում), մեր կուրսի Նունեն, որին հազար տարի չէի հանդիպել, մեր դասախոսներից, որոնցից մեկը երեկոյան զգեստով էր եկել, երկու տարիքով կին, որոնց տարիներ առաջ ռոք համերգների ժամանակ էի տեսնում, մի աղջիկ, որն իմ կապույտ վերնաշապիկի կարմիրից էր հագել, իսկ ես կարմիրը չգնեցի, որովհետև իմ չափսը չկար, մեկ ուրիշը՝ նույնի կանաչով, Չուկը՝ ընտանիքով, այլ ակումբցիներ, մարդիկ, որոնք համառորեն հայտարարում էին, թե Ջեթրոյին տանել չեն կարողանում, արտասահմանցիներ, տարբեր գույնի ու ձևի, չափսերի լևոնականներ, բլոգերներ, Ամառուն, որին համերգից հետո միայն կարողացա բռնացնել, Սեդան, որի հետ տասը տարի առաջ այնքա՛ն մտերիմ էի, Կիտան, որը միայն անունով կանչվելուց հետո շրջվեց դեպի ինձ, տարբեր հին ու նոր ծանոթներ, որոնք այնպիսի արագությամբ էին ներխուժում դահլիճ, որ ես հազիվ էի կարողանում ըստ ժամանակագրության դասավորել հիշողությանս մեջ: Հետաքրքիր էր, որ փայլփլուն շորերով ու մեծ ծիծիկներով ռուսախոս կնանիք այսօր առաջին շարքերում չէին: Ընդհանրապես չկային:

Համերգը սկսվեց: Ասում են՝ Յան Անդերսոնը ծերացել է: Թեև բավական վատն էր տեղս, և ես հեռվում էի, բայց դժվար չէր նկատել 70-ականների կուռքին՝ հասակն առած: Բայց դա չէր խանգարում, որ նա վազվզեր բեմի վրայով, ֆլեյտայով աներևակայելի խաղեր տար, կանգներ՝ ձախ ոտքը ծնկան հոդում ծալելով և ոտնաթաթը աջ ոտքի ծնկանը մոտեցնելով: Մի հրաշք...

Կատարեցին գրեթե բոլոր հայտնի երգերը: Իսկ դահլիճը թնդում էր... Ծափեր, բղավոցներ, թափահարվող գլուխներ: Համերգին մենակ գնալու առավելություններից մեկն էլ հենց էդ է, որ կողքդ անծանոթ մարդիկ են, և դու հանգիստ լացում ես՝ սիրածդ երգերը լսելով, ժպտում ֆլեյտայի հնչյունների տակ, գլուխդ թափ տալիս, թռվռում, ոտքով գետնին խփում, հենվում աթոռին, աչքերդ փակում ու երազում:

Անհամբերությամբ սպասում էի, թե երբ կկատարեն ամենասիրածս երգը ("Too Old To Rock 'N' Roll, Too Young To Die"): Չերգեցին: Բայց ես դժգոհ չեմ: Ուրիշ բան է անընդհատ նույն անկենդան սկավառակը պտտացնելը, լրիվ ուրիշ՝ տեսնել բեմի վրա կանգնած միս ու արյուն ունեցող մարդկանց, որոնք սկավառակից հնչող երգերն են կատարում: Ձայնագրությունն ասես ընդամենը մարմին լինի, իսկ համերգի ժամանակ բեմ բարձրացած մարդիկ մարմնին շունչ ու հոգի են տալիս:

Ի՛նչ էր կատարվում վերջում՝ խմբի ձևական հրաժեշտից հետո: Բոլորը ոտքի էին կանգնել, գոռում, ծափահարում, դոփում էին գետնին: Էն աստիճանի էր, որ թվում էր՝ դահլիճը կպայթի: Ուրիշ համերգների ժամանակ ուղղակի ծափ են տալիս, իսկ էստեղ բառիս բուն իմաստով պահանջում էին, որ վերադառնան: Եվ վերադարձան... Վերջում արդեն չէի կարողանում տեղս նստել: Կանգնեցի, պարեցի, հիշեցի էն հին ու լավ ժամանակները, երբ ամեն մի զիբիլի տակ տժժում էի: Էս անգամ զիբիլ չէր, հենց Ջեթրոն էր՝ մի խումբ, որն այն քչերից է, որի սկավառակը կարող եմ օրը մի քանի անգամ լսել, որն իմ սիրած կատարողների լավագույն տասնյակում է, որն արդեն 40 տարուց ավելի գոյություն ունի, բայց Յան Անդերսոնն էներգիան դեռ չի սպառել:

Ուղարկել «Jethro Tull-ը Երևանում. տոն երաժշտասերների համար"» Digg-ին Ուղարկել «Jethro Tull-ը Երևանում. տոն երաժշտասերների համար"» del.icio.us-ին Ուղարկել «Jethro Tull-ը Երևանում. տոն երաժշտասերների համար"» StumbleUpon-ին Ուղարկել «Jethro Tull-ը Երևանում. տոն երաժշտասերների համար"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ռուֆուս-ի ավատար


    Համերգը իրոք արտակարգ էր, դու էլ ամեն ինչ էնքան լավ ես նկարագրել....
  2. cold skin-ի ավատար
    Երևակայությունս աշխատեց, փաստորեն հավես օր եք անցկացրել
  3. Ձայնալար-ի ավատար
    Լավ ես գրել Բյուր, վերապրեցի
    Իսկականից կայֆ էր, 2 ժամ որոկյալ երաժշտություն, որակյալ կատարում, լեփ-լեցուն դահլիճ, որտեղ հավաքված էին մեր քաղաքի լավ դեմքերը՝ առանց խառա-խուռայի, առանց լակոտ լուկուտների, առանց հանկարծ հարստացածների, որոնք համերգի են եկել, որովհետև…մի խոսքով: Էդ ամենին գումարած լեգենդար բիձեքը, որոնք իրենց գործի վարպետներն են, երգեր, որոնց տակ հազար ու մի բան ես մտածել ժամանակին, մի գուցե նաև երազել երնևէ կենդանի կատարմամբ լսել դրանք…
  4. Yellow Raven-ի ավատար
    Ապրես, շատ լավ ես նկարագրել

    Ի դեպ ես էլ նույն կերպ սպասում էր,որ Wind Up-ը կերգեն,բայց ավաղ...
  5. Ռեդ-ի ավատար
    Լավն էր
    Իսկ իմ սիրած երգը հենց ամենաառաջինը կատարեցին /Cross-Eyed Mary/