Նայել RSS հոսքը

davidus

ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 3)

Գնահատել այս գրառումը
Կարևորելով համայնքների բնակչության թվաքանակի միջև եղած տարբերությունները տարբեր առում¬ներով, նաև նկատի ունենալով, որ պետությունը համայնքների նկատմամբ որոշակի քաղաքականություն իրականացնելիս մեծ կարևորություն է տալիս այդ ցուցանիշին` ներկայացնենք համայնքների դասակարգումն ըստ այդ ցուցանիշի, առանձնացնելով 5 խմբեր։ Առաջին 2-ը՝ մինչև 100 և 101-500 բնակիչ ունեցող խմբերը դիտարկելով որպես փոքր համայնքների խումբ, 3-րդ և 4-րդ ՝ 501-1000 և 1001-ից 1500 բնակիչ ունեցող խմբերը՝ միջին, իսկ վերջինը՝ 1500-ից ավելի բնակիչ ունեցող խումբը՝ որպես խոշոր։
Ըստ մշտական բնակչության թվաքանակի համայնքների դասակարգման արդյունքների մասին պատկերացում է տալիս գծապատկերը, որտեղ ներկայացված է առանձնացված համայնքային խմբերի բաշխվածությունը (թվերը ներկայացված են 2009թ-ի հունվարի մեկի դրությամբ)։



Գծապատկերը թույլ է տալիս նկատել, որ հանրապետության համայնքների կազմում առավել մեծ թիվ են կազմում 1500 և ավելի բնակիչ ունեցող համայնքները` 355 համայնք, նրանց թիվը ընդհանուրի մեջ կազմում է 38%: Սա պայմանավորված է նրանով, որ այս խմբում են ընդգրկված քաղաքային համայնքների մեծամասնությունը: Մինչև 100 բնակիչ ունեցող համայնքները կազմում են ընդհանուրի 3%-ը (թվով 25 համայնք), 101-ից 500 բնակիչ ունեցող համայնքները իրենց թվով երկրորդն են ընդհանուրի կազմում` 27% (թվով 252 համայնք): Միջին մեծության համայնքները` 501-ից 1000 և 1001-ից 1500 բնակիչ ունեցող, ընդհանուր թվով իրար մոտ են և կազմում են 17% (163 համայնք) և 15% (138 համայնք) համապատասխանաբար:
Հանրապետության համայնքների ըստ առկա բնակչության առանձնացված խմբերի մարզային կտրվածքով բաշխումը ներկայացված է հաջորդ գծապատկերում։



Ինչպես երևում է Գծապատկեր 2-ից, ըստ համայնքների մեծության (բնակչության թվաքանակի հիման վրա սահմանված) ՀՀ մարզերն էապես տարբերվում են միմյանցից: Եթե Արարատի և Արմավիրի մարզերում համայնքների 60%-ից ավելին (62.9% և 69.1% համապատասխանաբար) ունեն 1500-ից ավելի բնակչություն, ապա Սյունիքի մարզում դրանց տեսակարար կշիռը մոտ 5 անգամ փոքր է (11.9%), և այս մարզում փոքր` մինչև 500 բնակիչ ունեցող համայնքների թիվը կազմում է 50.5%: Նշենք նաև, որ 25 գերփոքր (մինչև 100 բնակիչ) ունեցող համայնքներից 18-ը Սյունիքի մարզում է, որոնք կազմում են մարզի համայնքների 16.5%-ը: Վայոց ձորում նույնպես մինչև 500 բնակիչ ունեցող համայնքները բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն` 43.2%:
Կատարված ուսումնասիրությունը թույլ է տալիս նկատել, որ մինչև 500 բնակիչ ունեցող համայնքների տեսակարար կշիռը ընդհանուրի կազմում բավականին մեծ է`27% (թվով 252 համայնք): Առաջին հայացքից էլ պարզ է, որ այս համայնքները ի վիճակի չեն իրականացնելու իրենց լիազորությունները անգամ համահարթեցման դոտացիաները ստանալուց հետո: Բացի խնդրի ֆինանսական կողմը, փոքր համայնքները ապահոված չեն համապատասխան մարդկային ռեսուրսներով` լիազորությունների իրագործումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Նույնը վերաբերում է նաև մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներին. Որոնք ընդհանուրի մեջ կազմում են 17% (163 համայնք):
Ներկայումս հրատապ խնդիր է նման փոքր (թե ֆինանսական, թե մարդկային ռեսուրսների անբավարարության իմաստով) համայնքների խոշորացումն ու ֆինանսական միջոցների կենտրոնացումը: Ակնհայտ է, որ այս համայնքները զարգացման ճանապարհին այնպիսի լուրջ խոչընդոտների են հանդիպում, ինչպիսին է ֆինանսական միջոցների պակասը, հեռավորությունը, բարձրադիրությունը, ընդհանուր սոցիալական հուսահատությունը: Սրանք պատճառ է դառնում տեղական բնակչության միգրացիային, որը տանում է դեպի համայնքների քայքայումը:




Ուղարկել «ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 3)"» Digg-ին Ուղարկել «ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 3)"» del.icio.us-ին Ուղարկել «ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 3)"» StumbleUpon-ին Ուղարկել «ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 3)"» Google-ին

Մեկնաբանություն