Ազգային զարթոնքն այլեւս սկսուած է
Մի մարդ, որ միշտ ազնիւ ձեւով է վաստակել, որ երբէք աչք չի տնկել ուրիշի ունեցուածքին, որ այն ինչի հասել է իւր շնորհքով է հասել, երբէք էլ չի հասկանայ թէ ինչ բան է ուրիշի ունեցուածքին աչք տնկելը, ուրիշից գողանալը, եւ այլ այդպիսի ճիճուական բաներ:
Ինչո՞ւ ճիճու, որովհետեւ այդպիսի մարդկանց մօտ այդպիսի անբարո վարքերի տէր մարդիկ նման են նրանց ոտքի տակ խաղացող ճիճուների: Նրանք չեն էլ նկատում այդ ճիճուներին, եւ երբէմն պատահաբար կոխ են տալիս, եւ խեղճ ճիճուները սատկում են:
Երբէմն լինում է, որ հացի արժեքը քրտինքով չափող մարդը մտնելով իւր ամբարը, յանկարծ նկատում է մի գողի եւ զարմանքով հարցնում.
- Ի՞նչ ես ցանկանում:
Գողը իհարկէ վախենում է, երբէմն հրաշքով ամաչում, որ նրան կոխ տալու փոխարէն, մարդը հարցնում է ի՞նչ ես ցանկանում:
- Ասա ինչ է ուզածդ, ի՞նչ նեղութիւն ունես, կօգնենք:
Այս մարդը չի հասկանում ինչ բան է գողանալը, նա պատրաստակամութիւն է յայտնում իւր օգնութիւնը, չնայած գիտակցում է, որ գողը ցանկանում էր թալանել իւր վաստակը: Այսպիսի մարդկանց համար միշտ էլ զարմանալի է, թէ ինչու՞ են մարդիկ գերադասում գողանալը, աշխարհի ամենամեծ երջանկութիւնից, սեփական քրտինքով իւր հացը վաստակելուց, եւ սեփական ջանքերով այլ մարդկանց օգտակար լինելուց: Եւ նրանք միշտ պատրաստակամ են իրենց օրինակով, վերաբերմունքով դաստիարակել այդ գողերին: Բայց շատ յաճախ նրանք չեն հասկանում, եւ ժամանակի ընթացքում սատկում են մի օրինավոր մարդու ոտքի տակ, պատահական, երբ նա չի էլ նկատում, որ ճիճու տրորեց: Նման ուղտի եւ մկան յայտնի առակին:
Իսկ մեր կեանքում, մենք հայերս, միշտ աչքի ենք ընկել հէնց առաջին տիպի հատկանիշներով: Սա է եղել մեր ազգային դիմագիծը եւ սա է գլխավոր խթանիչներից մէկը, որ այսքան դարեր մենք կանք, չնայած այն բանին, որ շատերն են վերացել: Չեմ կարող նշել նրանց վերացման պատճառները, բայց դրանցից շատերը վերացել են, որովհետեւ ճիճուներ էին: Սովոր չէին իրենց վաստակով ապրել: Իսկ մենք հպարտ քայլելով, զարմանքով էինք նշմարում նրանց ճիճւութիւնները, եւ ափսոսանքով նկատում, որ երբէմն նրանք տրորվում էին սրա նրա ոտքի տակ:
Հիրաւի, կան նաեւ ազգային գողութիւններ, երբ թալանում են մի ամբողջ ազգ: Թալանում են թէ՛ նրա վաստակը, եւ թէ՛ նրա արժանիքները: Նրանցից շատերը նախանձով են նայում, թէ ինչպէս է հայը հպարտութեամբ քայլում եւ արարում, իւր քրտինքով ստեղծում իւր հացը: Երբէմն ցանկանում են նմանուել իրենց, բայց աւա՜ղ: Իսկ երբ չեն կարողանում, ի մի են բերում տարբեր տեսակի ճիճուների, եւ սկսում կծմծել այդ մեծին, փորձելով տկարացնել նրան: Չեն կարողացել, չեն կարողանում, բայց դեռ փորձում են:
Այո, պատմութիւնից մեզ յայտնի են բաւականին շատ դէպքեր, երբ գողանում էին հայ երեխաներին, իրենց գեները լւանալու համար, կանչում էին հայ արուեստավորներին իրենց երկրները շենացնելու համար, ամէն պայման ստեղծում էին: Եւ մենք շատ յաճախ չէինք էլ հասկանում, որ նրանք ճիճուական գողութեամբ էին զբաղւում:Որ նրանցից շատերը չունեն ազգային արժանապատւութիւն, խո՛րթ է նրանց դա: Ինչպէս գողին խորթ է, անհասկանալի, թէ ինչ վեհութիւն է սեփական ձեռքերով արարելը:
Այսօր էլ տեսանելի է, թէ ինչպէս շատերը մեր տարբեր գիտնականների, արուեստագէտների, համաշխարհային մեծութեան տարբեր մարդկանց հրաւիրում եւ խառնում են իրենց, յուսալով մի քիչ նմանուել, ժառանգել վեհութիւն կոչուածից: Մի քիչ կազդուրուել: Մի քիչ առողջանալ: Իհարկէ, մենք չենք հասկանում, թէ ինչ բան է դա, մենք աշխարհին նայում ենք հայերէն եւ յոյս ենք փափագում, թէ նրանք իրօք մի օր կ'ըմբռնեն այդ արժեքները:
Բայց աւա՜ղ, փորձը ցոյց է տալիս, որ ինչպէս ճիճու եղել են, այդպէս էլ մնում են: Եւ շարունակում են գողանա՜լ, գողանա՜լ, ու նախանձից չեն դիմանում, միեւնոյն ժամանակ փորձում են տկարացնել ու ոչնչացնել հային: Իսկ հայն անըդհատ ելնում է, ու շարունակում շենացնել, արարել ու պահպանել իւր Սուրբ օրէնքները՝ միշտ հաւատարիմ մնալով դրանց:
Եթէ ժամանակին շատ ազգութիւններ առիթը բաց չէին թողնում նշելու, որ իրենք հայկական ծագում ունեն, կամ ինչ որ տեղ, ինչ որ ձեւ առընչուել են հայերին, այսօր ատամները սեղմած ուրանում են, եւ ամէն բան անում կործանելու Հայկական ամրոցը եւ տիրանալ Հայոց աւարին:
Իսկ ես վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, որ նրանք անառակ որդիների պէս պիտի նորէն հպարտանան այդ առընչութիւններով, որ երբեւէ, եղել են հայի կողքին, կամ հայկական ծագում ունեն: Ու նրանք կը վախենան, կամ հրաշքով կամաչեն նոյն գողի պէս, որ պատահաբար բռնւում է, երբ օրինավոր ու բարի մարդը մտնում է իւր ամբարը:
Որովհետեւ հայը ոչ թէ մեռնում է, այլ հառնում է: Այո, ազգային զարթոնքն այլեւս սկսուած է: Եւ հայն արդէն ամուր ոտքերի վրա, նորէն սկսել է հերկել իւր դաշտերը, կառուցել իւր երկիրը: