Նայել RSS հոսքը

Գիշերային

Վերջալույս

Գնահատական. 13 ձայն, 5.00 ընդհանուր:
Ուզում էի, որ բլոգիս սկիզբը մի քիչ վերացական, լուսնային, մի քիչ ուրախ, մի քիչ տխուր, մի քիչ իրականությունից կտրված ու մի քիչ բոլոր իրականություններին պատկանող լիներ: Թեթև ու պարզ: Բայց ստացվեց այն, ինչ ստացվեց:

Գիտե՞ս... Մոմի լույսը, մութը, ցուրտը, ընդհանրապես՝ այդ տարիների ցանկացած դժվարություն չի կարելի միանշանակորեն որակել որպես վատը: Բնականաբար՝ տաք ու լուսավոր սենյակը մութ ու ցուրտ տնից միշտ գերադասելի է, բայց ախր էդ տարիները ինձ էնքա՜ն բան տվեցին, որ պայմանների՝ մի քիչ ավելի լավը լինելու դեպքում երբեք չէի ստանա... Կարդալ սիրել սկսել եմ այդ տարիքում: Որովհետև հեռուստացույց չկար: Զբաղմունք չկար: Կարդում էի անխտիր ամեն ինչ, անդադար, նույն գիրքը՝ մի քանի անգամ: Կարդում էի գեղարվեստական, գիտահանրամատչելի, պատկերազարդ, առանց նկարների, հաստ, բարակ, երկար, կարճ, ինչ ձեռքս ընկներ: Գիշերները ամեն օր տանը չափածո էինք բարձրաձայն ընթերցում. Թումանյանի քառյակները, պոեմները, բալլադները, Տերյանի բանաստեղծությունները, Իսահակյան, Չարենց... Քրոջս քնեցնելուց Խնկո Ապեր էին արտասանում, երգում էին... Անգիր գիտեմ հիմա: Նկարում էի, ու բավականին լավ: Ու, ամենակարևորը, դրանք ինձ դիմացինիդ սիրել, հարգել, լսել, գնահատել սովորեցրին: Այլ կերպ հնարավոր չէր. հակառակ տարբերակը անվերջ վեճերն ու քայքայված ընտանիքն էր: Հա՛, դժվար էր, հա՛, տեսողությունս ա՛յդ ընթացքում վատացավ, հա՛, եղել է, որ գժի նման ուրախացել եմ, երբ լույսերը տվել են ու գժի նման էլ լացել, երբ մուլտի կեսից լույսերը նորից գնացել են: Եղե՛լ է, որ մինչև ամառ մնացել եմ ձմեռային կոշիկներով: Ութ-տասը տարեկան եմ եղել, չեմ հասկացել, թե ինչու են մարդիկ վիճում, կռվում իրար հետ, թե ինչ դժվար է եղել այդ տարիներին ամուսնու համար կարողանալ սիրել ու հարգել կնոջը, հոր համար՝ լսել, թե երեխան ոնց է նվվալով շոկոլադ ուզում... Կամ՝ հաց: Ու փառք Աստծու, որ չեմ հասկացել: Բայց ապրել ենք: Կարողացել ենք: Ասում եմ՝ «ենք», որովհետև վստահ եմ, որ նույնն էլ ես կանեի իմ ընտանիքի համար: Ու հիմա համոզված եմ, որ հետ նայելով ապրելը սխալ է: Փոշմանել, ափսոսալ, ենթադրություններ անել, թե որ էնպեսը էդպես չլիներ, ուրիշ կերպ կլիներ ամեն ինչ: Եղել է: Մերն է: Մենք ենք: Ես, դու, մյուսները: Դա ժխտել հնարավոր չի: Ու փառք Աստծու, հիմա բոլորս էլ քիչ թե շատ նորմալ վիճակում ենք: Բայց դու հետ ես նայում ու նույն տեղում տեսնում ես մութն ու ցուրտը, իսկ ես՝ անկախությունն ու հաղթանակը: Ո՛չ միայն պետության հաղթանակը պատերազմում, այլև մե՛ր հաղթանակը հենց այդ նույն մթի ու ցրտի դեմ: Տարբերությունը զուտ մտածական է. իմ ու քո տեսակետների հակասությունից ո՛չ իննսունականների մութը կվերանա պատմության միջից, ո՛չ էլ հաղթանակը կդադարի հաղթանակ լինելուց: Ինչ եղել է, եղել է: Բայց ես իմ մթին հաղթել եմ, դու՝ չէ: Մութը դեռ քո մեջ է: Ես կարիք չունեմ մութն ու ցուրտը հիշելու. ինձ համար դա անցած փուլ է՝ մեկ, և, ինչու չէ, տհաճ է հիշելը՝ երկու: Ու եթե իմ՝ դա հիշելուց ոչ մի բան, միևնույն է, չի փոխվելու, գերադասում եմ թաղել դրանք հիշողությանս խորքերում: Իսկ հաղթանակի ու անկախության գիտակցումը կարևոր է ինձ համար, թող շատ ճոռոմ չհնչի:

Գիտե՞ս...
Կյանքը մեր կեղտոտ այս ջրափոսն է,
Ուր լուսնի դատարկ ափսեն է շողշողում.
Կան մարդիկ, որոնք այնտեղ թքում են,
Իսկ ոմանք լուսին են որոնում:

Ուղարկել «Վերջալույս"» Digg-ին Ուղարկել «Վերջալույս"» del.icio.us-ին Ուղարկել «Վերջալույս"» StumbleUpon-ին Ուղարկել «Վերջալույս"» Google-ին

Թարմացել է 20.05.2009, 04:02 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Rhayader-ի ավատար
    :-)
  2. Գալաթեա-ի ավատար
    Ապրես, Հայկ: Լավն էր շատ:
    Ահավոր հարազատ էր:
  3. Kuk-ի ավատար
    Լավ ես գրել, Հայկօ ջան: Ես էլ հարազատություն զգացի տողերիդ մեջ: Բայց կան մարդիկ, ովքեր կկարդան սա, ու էլի կմնան նույն մութ ու ցուրտ հոգու տերը, կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ 2008-ի փետրվարին Ազատության Հրապարակից մեզի հոտ էր գալիս.. Հավատացնում եմ՝ էդ հոտն իրենց վրայից են առել. մինչ այդ չեն առել այդ հոտը, որովհետև այնպիսի մաքուր միջավայրում, ինչպիսին Ազատության Հրապարակն էր այդ օրերին, երբևէ չէին եղել. մտել են այդ մաքուր միջավայրը, և իրենց վրայի մեզահոտն իսկույն իրեն զգացնել է տվել:
    Կներես, որ բլոգդ ախտոտեցի՝ նման տականքների մասին հիշատակելով:
  4. Ռուֆուս-ի ավատար
    Կարծես իմ մասին լիներ գրած....

    Լավն էր...
  5. Chuk-ի ավատար
    Հիշեցի հավաքները, մեր տանը: Հարևանի տանը: Մյուս հարևանի տանը: Ողջ հարևանությամբ, մեծ ու փոքր, ահել ու ջահել, աղջիկ ու տղա, կին ու տղամարդ, ջերմ, ուրախ, ժպտերես: Իսկական ընկերություն, իսկական հարևանություն ու մարդկություն: Թեյի տաք բաժակներ, վառարանի ժեշտին կպցնելով խորոված կարտոֆիլ, մոմի լույսի տակ լոտոյի խաղեր, գոտու վրա էլի մի ծակ անելով չունևոր հարևանի համար մի պարկ ալյուր առնել: Դժվար մանկություն, բայց իսկական մարդկություն: Կարոտել եմ էդ մարդկությանն ու էդ ջերմությանը
  6. Հայկօ-ի ավատար
    Ապրեք, ժողովուրդ ջաններ :

    Հա, Չու՛կ, վառարանի տաքությունն ուրիշ ա: Վառարանի շուրջ տիրող ջերմությունն էլ:
    Թարմացել է 20.05.2009, 23:53 ըստ [ARG:5 UNDEFINED]
  7. Երկնային-ի ավատար
    ապրես, ջան, ինձ շատ դուր եկավ…
  8. Apsara-ի ավատար
    , ինձ էլ է հարազատ, ես էլ որպես մանուկ ոչ մի վատ բան չեմ զգացել ու հիշել, միայն մեծանալուց հետո սկսեցի վերլուծել այդ ամենը, նկատել հետևանքները
  9. Surveyr-ի ավատար
    Իրոք մեր սերունդի համար հարազատ էր այս ամեն ինչը, ապրես , յուրաքանչյուրի մոտ ինչ որ առանձնահատկություններով, բայց ընդհանուր ֆորմատը լրիվ ընդունելի իրականություն է:
  10. Ֆրեյա-ի ավատար
    Հիմա երբ մեկ մեկ երեկոյան ժամերին հոսանքն անջատում են, այնքան եմ ուրախանում Վերջապես կտրվում ես սարքերից ու իսկական մարդկային շփում ես վայելում...
    Չէ, չեմ ասում, թե լավ էր, էդպես պետք է լիներ, բայց չարացած չեմ
    Ապրես, Հայկ
  11. Երվանդ-ի ավատար
    Շատ լավ ես գրել Հայկ ջան, ապրես
  12. Smokie-ի ավատար
    Շատ լավն էր: Լիովին համամիտ եմ քեզ հետ:
    Թարմացել է 15.07.2010, 10:29 ըստ [ARG:5 UNDEFINED]
  13. Մինա-ի ավատար
    Շատ լավ է գրված :Շնորհակալություն Հայկ ջան:
  14. Arpine-ի ավատար
    Այդ տարիների մասին երբեք այսքան դրական չէի լսել: Կարդալու ընթացքում մի այլ զգացում ապրեցի, չգիտեմ ինչ էր, բայց երևի դրական էր: Շնորհակալություն.
  15. Avira-ի ավատար
    Վառարանի վրա մտովի "պլեճ" դրեցի,ավելի դրական բան չհիշեցի,թերեվս հավաքված հարեվաններիս ,բայց կար մի աներեվույթ հանդուրժողականություն ու տոկունություն դիմագրավելու,շնորհակալ եմ այս գեղեցիկ շարադրանքի համար :