Հանգիստն ինտերնետում
Տարիներ առաջ հանգստի պատկերացումներն այլ էին: Փոքրերը հանգիստը պատկերացնում էին հեքիաթներ կարդալով կամ մեծերի պատմած հեքիաթները լսելով, խաղերի տեսքով. այդ խաղերը բազմաբնույթ էին` տանը խաղում էին կոնստրուկտորներով, խաղաթղթերերով, մոնոպոլիաներով, կամ ուղղակի բազմաթիվ խաղեր կային, որոնք կարող էին խաղալ հասարակ թղթով և գրիչով, իսկ բակում խաղում էին բազմապիսի բակային խաղեր, որոնք ցավոք սրտի այսօր կամաց-կամաց մոռացության են մատնվում: Այսօր շատ հազվադեպ կգտնեք երեխաների, ովքեր խաղում են մեր մանկության խաղերը`պախկվոցի, պարան, ռեզին, բատմինտոն, հալա-մուլա, գործնագործ, անուն գոռոցի և բազում այլ հետաքրքիր խաղեր:
Մեծերը հանգիստը պատկերացնում էին գրքեր կարդալով, բակում կամ այգում զբոսնելով կամ ուղղակի ընտանիքի անդամների հետ զրուցելով, ընկերների հետ արշավի գնալով, որի ժամանակ անպայման խարույկ էին վառում և կիթառ էին նվագում, հիշում էին բազմաթիվ պատմություններ:
Իսկ այսօր հանգիստը պատկերացնում են տանը՝ համակարգչի առջև` ինտերնետում: 21-րդ դարի հիվանդությունն է ինտերնետը. և մեծերը, և փոքրերը իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում ինտերնետում: Աշխատանքից կամ դասից հետո գալիս են տուն ու անմիջապես նստում են համակարգչի առջև: Մեծամասամբ ինտերնետն օգտագործում են խաղեր խաղալու և ծանոթություններ հաստատելու համար: Եվ միայն շատ քիչ մասն է, որ ինտերնետն օգտագործում է որպես ինֆորմացիայի աղբյուր, բայց չէ՞ որ այն ի սկզբանե ստեղծվել էր ինֆորմացիա փոխանցելու համար: Այսօր երեխաները գրքեր կարդալու, բակային խաղեր խաղալու փոխարեն, որտեղ նաև շփվում էին իրենց հասակակիցների հետ, համակարգչով տարբեր ագրեսիվ խաղեր են խաղում, որոնք ազդում են նրանց ներաշխարհի ձևավորման վրա, նրանք պարզ մարդկային շփում շատ քիչ են ունենում իրենց հասակակիցների հետ, ինչը հետագայում մեծ բարդույթներ է առաջացնում նրանց մեջ ավելի հասուն տարիքում: Իսկ երիտասարդներն էլ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են բազմաթիվ անհասկանալի կայքերում, որտեղ ոչ մի հետաքրքիր բան չկա, դա միայն կարող է հետաքրքրել 12-13 տարեկաններին, քանի որ այդ տարիքում նրանք ցանկանում են ամեն ինչից տեղյակ լինել, բայց շատ ավելի լավ է հուզող հարցերի պատասխանները ստանալ ծնողների, մասնագետների, գրականության միջոցով, այլ ոչ ինտերնետի. դա ամենասխալ տարբերակն է:
Մեր հասարակության մեծամասնությունը փորձում է ընկերներ գտնել ինտերնետի միջոցով, ու հետո էլ բողոքում են, որ ևս մեկ անգամ խաբվել են, և սկսում են մեղադրել բոլորին՝ բացի իրենցից: Շատ հեշտ է համակարգչի դիմաց նստել և խաբել խոսակցին, հատկապես այն դեպքում, երբ միմյանց չեք ճանաչում, բայց ինչպես ասում են՝ այս կյանքում ոչինչ հավերժ չէ, և օրերից մի օր կտեսնվեն իրար և կպարզեն, որ երկուսն էլ խաբել են: Էլ չեմ ասում բազում սոցիալական կայքերի մասին, որտեղ, ինչպես ես եմ սիրում կրկնել, «շունը տիրոջը չի ճանաչում»
Կամ եթե ընկերներ էլ չեն փնտրում, ապա ինտերնետով զրուցում են կամ ավելի ճիշտ է ասել` գրվում են իրենց ընկերների հետ, որն էլ պատճառ է դառնում իրար ուշ-ուշ տեսնելու և օրերով հեռախոսով չզրուցելու:
Էլ չեմ խոսում բազմաթիվ հիվանդությունների մասին, որ կարող են առաջանալ ինտերնետում կամ համակարգչի առջև շատ գտնվելու արդյունքում:
Այս հարցը մտահոգում է նաև ժամանակակից հայ գրողներին. Կարեն Անտաշյանը գրում է. «Գնալով պակասում են առիթները, երբ մարդիկ դիպչում են իրար»։
Դե ինչ, եկեք դիպչենք միմյանց. դուրս գանք ինտերնետից, զրուցենք տան անդամների հետ, ինչը ինտերնետի պատճառով հազվադեպ էր դարձել, դուրս գանք զբոսնելու ընկերների հետ կամ մենակ, շնչելու մաքուր օդ, տեսնելու մարդկանց դեմքերը: Զանգենք մեր ընկերներին, տեսնենք նրանց, որոնց ձայնը հաստատ կարոտած կլինենք, դեմքերն էլ՝ մոռացած (դե այս մեկն արդեն չափազանցրեցի):
Ես ուզում եմ դիպչել իմ ընկերներին, ընտանիքիս անդամներին, հարազատներիս, ծանոթներիս, իսկ դո՞ւ:![]()