Նայել RSS հոսքը

Ձեռի հետ

Արտույտների ու բվերի մասին

Գնահատել այս գրառումը
Էս գրառումս ամիսներ անցբլոգումս բոլորովին անսպասելիորեն մեկնաբանություն ստացավ: Ես էլ մտածեցի՝ էստեղ էլ դնեմ:

Ժամանակին մինչև հոգուս խորքը համոզված էի, որ արտույտներ և բուեր չկան, կան մարդիկ, որոնք ապրում են իրենց ռեժիմին համապատասխան: Սակայն վերջին մի շաբաթվա ընթացքում իմ սեփական մաշկի վրա և շրջապատում որոշ վերլուծություններ կատարելուց հետո պարզեցի, որ ամեն դեպքում մարդկությունն իմաստուն է, որ ստեղծել է այդ երկու տերմինները:

Վերջին շաբաթվա ընթացքում համալսարանի ամենախիստ ամբիոնում ու գուցե նույնիսկ ամենալավ ամբիոնում դասի էինք: Քանի որ այնտեղ դասերը սկսվում են ուղիղ ժամը 9-ին, ստիպված պետք է 8-ից ոտքի վրա լինեի. անցել են ուսանողական տարիներս, երբ կարող էի 8:45 արթնանալ ու ամեն ինչ հասցնել՝ առանց դասից ուշանալու: Պետք է ասեմ, որ գիշերները քնել եմ 6-9.5 ժամ (նայած օր), բայց առանց բացառության ամեն առավոտ աչքերս բացելուց և նույնիսկ սրճելուց հետո ուշքի չէի գալիս: Լինում էր՝ գլուխս դնում էի հյուրասենյակի սեղանին, մորս խնդրում, որ 5 րոպեից արթնացնի, որ դասից չուշանամ: Ավելին՝ օրս բավական շշմած էր անցնում, և ուժերի գերլարում էր պետք, որպեսզի լսեի իսկապես հետաքրքիր դասախոսությունները: Եթե պաթֆիզի փոխարեն ուրիշ ամբիոն լիներ, հավատացած եմ, որ առանց քաշվելու գլուխս կդնեի սեղանին ու կքնեի:

Ընդհանրապես, դասի ժամանակ քնելը բավական հին սովորություն է: Ու բոլորովին պարտադիր չէ, որ դա տեղի ունենա խիստ անհետաքրքիր թեմա լսելիս: 2 տարի առաջ անգամ հոգեբուժության ժամանակ, ինչքան էլ պայքարել եմ, որ աչքերս չփակվեն, մի քանի դեպք եղել է, որ գոնե դասամիջոցին հասցրել եմ լրիվ անջատվել: Դասընկերներս պնդում էին, որ անեմիա ունեմ: Սակայն բուհն ավարտելուց հետո նկատեցի, որ այս երևույթը վերացավ:

Օրդինատուրայի ժամանակ խիստ հազվադեպ էր լինում, որ քնկոտություն զգայի, այն էլ լինում էր երկու օր իրար հետևից յոթ ժամից պակաս քնելու և, ինչպես հետո հասկացա, առավոտյան շուտ զարթնելու հետևանքով, ինչը խիստ հազվադեպ էր տեղի ունենում վերջին վեց ամիսների ընթացքում: Նախկինում դա բացատրում էի սուրճ խմելու սովորությամբ, բայց հետո հիշեցի, որ այն ձևավորվել է դեռևս ուսանողական տարիներից ու զարմանալիորեն ոչ միշտ է օգտակար եղել:

Այսպիսով, հասկացա, որ քնկոտությունս ավելի լուրջ պատճառ ունի, քան քիչ քնելը կամ սուրճ չխմելը: Զրուցեցի տարբեր մարդկանց հետ: Շատերը խոստովանեցին, որ մինչև առավոտյան ժամը 10-ը զարթնելու դեպքում, անկախ նրանից, թե գիշերը քանի ժամ են քնել, հաճախ օրվա ընթացքում շշմած են լինում, մինչդեռ եթե արթնանում են 10-ից հետո, թեկուզ հինգ ժամ աչքերը փակած լինեն, բավական առույգ են լինում: Էստեղ ես մի քանի եզրակացություն արեցի:

Նախ, մարդիկ իսկապես բաժանվում են արտույտների ու բուերի, և դրա դեմ ոչինչ անել չես կարող: Երկրորդ, ցանկալի կլիներ, որ դասերը կամ աշխատանքը հարմարացնեին մարդկանց քնի ռեժիմին: Այդպես երևի պրոդուկտիվությունն ավելի բարձր կլիներ: Հիմա հասկանում եմ, որ եթե ուսանող ժամանակ իմ դասերը սկսվեին 11-ին, շատ ավելի առույգ կլինեի ու մեծ ուշադրությամբ կլսեի դասախոսներին, ոչ թե մինչև դասամիջոց մնացած րոպեները կհաշվեին, որ կարողանամ հանգիստ գլուխս դնել: Երրորդ եզրակացությունս էլ այն է, որ ամեն դեպքում բու կամ արտույտ լինելն այնքան էլ հավերժ չէ, և կյանքի տարբեր փուլերում կամ տարվա տարբեր հատվածներում արթնանալու ժամը կարող է տատանվել: Հիշեցի ինքս ինձ, որ մայիսին սովորաբար հանգիստ աչքերս բացում եմ 7-8-ին ու բացարձակապես շշմածություն չեմ զգում: Հիշեցի մարդկանց, որոնք մի ժամանակ քնում էին մինչև 11-ը, իսկ հիմա անկախ իրենցից ժամը 6-7-ից ոտքի վրա են:

Ուղարկել «Արտույտների ու բվերի մասին"» Digg-ին Ուղարկել «Արտույտների ու բվերի մասին"» del.icio.us-ին Ուղարկել «Արտույտների ու բվերի մասին"» StumbleUpon-ին Ուղարկել «Արտույտների ու բվերի մասին"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Չամիչ-ի ավատար
    Ճշմարտության մասնիկ, իհարկե, այս ամենի մեջ գուցե եւ կա, բայց հետեւելով նախադպրոցական տարիքի երեխաների վարքին, ամեւեվին չի երեւում, որ մարդիկ, այս առումով երկու տիպի են լինում: Բոլոր երեխաները անխտիր, 22-00-ից հետո հաճույքով քնում են եւ 7-00-ի կողմերը հանգիս արթնանում: Ամեն ինչ սկսվում է դպրոց հաճախելու ժամանակ: Երեխաները սկսում են հոգնել, չեն դիմանում ծանրաբեռնվածությանը, ավելի շուտ ձանձրույթին, երբ ցերեկը ստիպված են դասերը սովորել, ամենօրյա միապաղաղ պարտավորությունները կատարել, իսկ երբ արդեն մթնում է, դասերը արված են ուզում են մի փոքր էլ օրը լրացնել խաղով, էտ պատճառով էլ չեն ուզում քնել, որովհետեւ չեն բավարարել իրենց պահանջները, իսկ առավոտյան էլ դժգոհությամբ են զարթնում, որովհետեւ ամեն ինչ նորից պիտի կրկնվի: Համոզված եմ, որ չկան արտույտներ եւ բվեր, քաղաքակրթությունն է սրա ձեւավորման պատճառը հանդիսացել:
  2. StrangeLittleGirl-ի ավատար
    Բայց իմ սեփական օրինակը շատ պարզ է. առավոտյան 10-ից շուտ արթնանալու դեպքում ամբողջ օրս շշմած եմ անցկացնում անկախ նրանից, թե գիշերը քանիսին եմ պառկել: Փորձում եմ հիշել իմ նախադպրոցական տարիքը: Մայրս ասում է, որ ինձ քնացնելը լուրջ խնդիր է եղել, բայց որ քնում էի, արթնացնել չէր լինում... էնպես որ մարդիկ, միևնույն է, տարբեր են:
  3. einnA-ի ավատար
    ես քնելու հետ խնդիր չունեմ, արթնանալու հետ էլ արդեն հարմարվել եմ... բայց այ շաբաթ կիրակի, երբ ուզածս չափ կարող եմ քնել, ուշ արթնանալիս գրեթե միշտ ամբողջ օրը գլուխս շշմած վիճակում է լինում...
    շուտ արթնանալն իմ համար դուրս է գալիս ավելի լավ է, բայց ահավոր քնկոտ եմ, ուզում եմ քնել