Նայել RSS հոսքը

Անուկապատում

Հայկական եկեղեցին ու ոչ հայախոս հայերը

Գնահատել այս գրառումը
Երեկ որոշել էինք գնալ մեր քաղաքում գտնվող միակ հայկական եկեղեցին։ Դե, մտածեցինք՝ հայկական միջավայր կլինի, հայկական շունչ կզգանք, գուցե նաև հարմարվի հայերի հետ ծանոթանալ։ Մինչև էդ միայն մի անգամ էինք եղել էնտեղ՝ մի կես տարի առաջ, երբ եկեղեցու մոտակայքում հայկական մեծ փառատոն էր կազմակերպվել։

Ճանապարհին, երբ արդեն քիչ թե շատ մոտ էինք եկեղեցուն, շրջակայքի առանձնատների շքեղությունից ենթադրեցինք, որ հարուստների թաղամասով ենք անցնում։ «Երևի սրանց մեջ հայերի տներ էլ կլինեն»,– ասաց ամուսինս։ Հնարավոր էր, բայց դե ո՞նց պիտի իմանայինք։ Էդպես անցնելով գնում էինք, մեկ էլ ամուսինս ասաց. «Վայ, խաչքա՛ր, նայի»։ Նայեցի տան պատուհանին. իսկապես պատուհանագոգին դեպի դուրս նայող խաչքար էր դրված։ Փաստորեն, մեկին «բռնացրինք»։ ) Դրանից հետո արդեն նույն ակնկալիքով ինչքան նայում էինք պատուհաններին, բաէդպես էլ ուրիշ խաչքարի չհանդիպեցինք։

Մտանք եկեղեցի, ահագին մարդաշատ էր, ենթադրաբար՝ հայաշատ։ Պարզվեց՝ տեղի կիրակնօրյա դպրոցի սաների ավարտական հանդիսավոր արարողությունն էր։ Ու, որքան հասկացանք, ներկաների մեջ մենակ մենք էինք պատահական մարդիկ։ Ես էլ արդեն ուզում էի արտահայտման սահմանափակման դիսկոմֆորտի մեջ ընկնել, ու միաժամանակ հույսով հա ականջ էի դնում, որ գոնե մեկի բերանից հայերեն խոսք լսեմ, համոզվեմ, որ ազգակիցներիս մեջ եմ, հարազատություն զգամ, բայց բոլոր կողմերից միայն անգլերենն էր ծակում ականջս։ Մենակ մի պահ մի տարիքով մարդ մի կնոջ ինչ–որ բան ասաց արևմտահայերենով, ականջներս սրեցի, էն էլ վերջինս անգլերենով պատասխանեց մարդուն, և հենց այդտեղ էլ ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց եկեղեցում լսածս հայերենը... Ճիշտ է, «Հայր մեր»–ն ու որոշ եկեղեցական երգեր երգվեցին հայերեն, որոնց ժամանակ, թեև երբևէ եկեղեցական երգերի նկատմամբ առանձնապես համակրանք չեմ ունեցել, բայց որոշակի հարազատություն զգացի, իսկապես հաճույքով էի լսում։ Բայց նույնիսկ երգերի արանքներում հնչող քահանայի խոսքն անգլերենով էր... Էդ էլ քեզ հայկական միջավայր...

Չգիտեմ՝ ում համար ինչն է հայ լինելու նշան, բայց ինձ համար նախ և առաջ լեզուն է, ոչ թե կրոնը կամ որևէ այլ բան։ Ու երբ ազգակիցներս խոսում են ոչ հայերեն, ճիշտն ասած, ինձ համար շատ դժվար է լինում ինքս ինձ համոզել, որ հայի հետ եմ շփվում...

Ուղարկել «Հայկական եկեղեցին ու ոչ հայախոս հայերը"» Digg-ին Ուղարկել «Հայկական եկեղեցին ու ոչ հայախոս հայերը"» del.icio.us-ին Ուղարկել «Հայկական եկեղեցին ու ոչ հայախոս հայերը"» StumbleUpon-ին Ուղարկել «Հայկական եկեղեցին ու ոչ հայախոս հայերը"» Google-ին

Պիտակներ: ամերիկա, հայերեն Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Apsara-ի ավատար
    Ինչ ծանոթ զգացում և նույնիսկ պատմությունէ: ճիշտ է ես շատ ավելի կարճ ժամկետով ԱՄՆ-ում եղա, բայց հայախոս միջավայրին հասցրեցի կարոտել, և ինձ թվաց, թե հրաշք է կատարվել, քանզի ասեցին, որ մի հայ կա այդ գյուղում, որը հյուրանոց ունի, ես մյուս օրը անհապաղ այցելեցի նրան, բայց երբ նա սկսեց խոսել անգլերեն, ասած, որ հայերեն չգիտի, երբեք չի եղել Հայաստանում, ամուսնացել է թուրքի հետ փոխել իր հին յան-ով վերջացող ազգանունը, հուզմունքը և արցունքները սկսեցին խեղդել ինձ, կոկորդումս գունդ հայտնվեց և խանգարեց խոսել, երբ փորձեցի մի բառ ասել արցունքները ակամայից սկսեցին հոսել, նա լռեց և ամերիկյան հիմար ժպիտով նայում էր վրաս, ես էլ շուռ եկա և վազելով դուրս գնացի: Մի գիշեր լացել եմ դրա պատճառով