Սեպտմեբերի 8-ն իմ անձնական օրացույցում մի փոքր առանձնահատուկ նշանակություն ունի: Այս օրը, երբ ՀԱԵ-ն նշում է Աստվածամոր ծննդյան տոնը, 1996թ.-ից սկսած դարձել է նաև իմ հոգևոր ծննդյան տոնը. 14 տարի առաջ այս օրը մկրտվել եմ Շուշիի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Իսկ 2000թ. սեպտեմբերի 8-ին՝ ուղիղ 10 տարի առաջ, հոգևորական դառնալու ճանապարհին կատարեցի առաջին մեծ ու վճռական քայլս՝ առաջին անգամ դուրս եկա Արցախի սահմաններից և Պարգև Սրբազանի հետ մեկնեցի Մայր Աթոռ՝ ընդունվելու Գևորգյան Ճեմարան: Երկու օրերն էլ առանցքային են եղել իմ կյանքում և հիմք են դրել մեծ փոփոխությունների՝ թե բնավորության, թե մտածելակերպի, թե հոգեկերտվածքի և թե բազում այլ առումներով: Նոր՝ քրիստոնեական ընկալումով հոգևոր մարդու կերտման ճանապարհին այս երկու մեծ ջրբաժանների հսկայական նշանակությունն ինձ համար թերևս ավելի լավ կընկալեն այն սակավաթիվ մարդիկ, ովքեր լավ էին ճանաչում նվաստիս դրանցից առաջ և հետո: Իհարկե, փոփոխությունների գործընթացը դեռ ահռելի ճանապարհ ունի անցնելու, բայց, ամեն դեպքում, չեմ կարող անտեսել այն փաստը, թե ինչպիսինն էի, և ինչքան եմ կարողացել փոխվել: Հուսամ, որ ինքնանորոգման այս ուղին շարունակական ընթացք կունենա, և պարբերական նահանջները կսակավանան: Տա Աստված: