• Սրբոց մասունքների հարգանքը և Գյուտ նշխարաց տոնը

    Սրբոց մասունքները կամ նշխարները բնական կամ մարտիրոսական մահվամբ իրենց մահկանացուն կնքած սրբերի նյութական-մարմնական մնացորդներն են, ինչպես նաև նրանց անձի հետ կապված իրերն ու առարկաները: Դեռևս Հին Կտակարանում առկա են սրբերի մասունքների հրաշագործ զորությունների և դրանց նկատմամբ եղած հարգանքի նախադեպեր (օրինակ` Դ Թագ. 2.13-14): Քրիստոնեական Եկեղեցում այն վառ սկսեց արտահայտվել հենց ամենավաղ շրջանից: Պատմական ամենաառաջին վկայությունը թերևս կարելի է համարել 2-րդ դարից մեզ հասած ՙՄարտիրոսություն Պողիկարպոսի՚ երկը, ուր սրբոց մասունքները գնահատվում են ՙավելի թանկագին, քան ամենաթանկագին քարը, և ավելի ցանկալի, քան ամենաազնիվ ոսկին՚: Քրիստոնեության հալածանքներին հաջորդող շրջանում սրբոց մասունքների հարգանքը լայն տարածում գտավ թե’ Արևելքում և թե’ Արևմուտքում: Դա պայմանավորված էր այն մեծագույն սիրով ու հարգանքով, որ վայելում էին իրենց կյանքով և անգամ մահվամբ քրիստոնեական վարդապետության ճշմարտությունը վկայած և դրանք իրական կյանքի վերածած, սեփական անձը Սուրբ Հոգու ներգործարան դարձրած սրբերը: Նրանց մահվանից հետո էլ Եկեղեցին շարունակում էր վայելել նրանց իրական ներկայությունը նյութեղեն մասունքների միջոցով, որոնց հրաշագործ զորությունը սրբոց բարեխոսության ու մարդկանց ունեցած նրանց անմար սիրո աեհավատչյան էին:

    Նախապես սրբոց նշխարները պահվում էին հատուկ պատրաստված գերեզմաններում: Հետագայում մասունքների համար սկսեցին պատրաստվել հատուկ պահարաններ` տուփերի, խաչերի կամ աջերի (վերջինիս մեջ պահվում էին աջ ձեռքի մասունքները) տեսքով:

    Ենթադրվում է, որ Հայ Եկեղեցում մասունքներ պահելու ավանդույթը հիմնականում սկզբնավորվել է 4-րդ դարի սկզբից, երբ Ս. Գրիգոր Լուսավորիչը, ձեռնադրվելով Կեսարիայում, Հայաստան վերադարձին իր հետ բերում է Ս. Հովհաննես Մկրտչի և Ս Աթանագինեի մասունքները: Հետագայում լայն տարածում են գտնում նաև սրբոց այլ մասունքներ: Դրանք հիմնականում ամփոփվում էին իրենց պատվին ու անվամբ կառուցվող եկեղեցիների ու վանքերի հիմքում, որոնք հետագայում վերածվում էին ուխտավայրերի և լայն ժողովրդականություն վայելում:

    Մեր Եկեղեցու և ժողովրդի համար միշտ էլ հատուկ նվիրական ու սրբազան նշանակություն և արժեք են ունեցել հատկապես ՙՀայոց հավատի հայր՚ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները, որոնք մեծ հարգանք են վայելում նաև ողջ քրիստոնեական աշխարհում: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու կարևորագույն իրադարձության առթիվ սահմանել է հատուկ տոն` ՙԳյուտ նշխարաց սրբոյն Գրիգորի Լուսավորչին մերոյ՚, որը նշվում է Հոգեգալստի երրորդ շաբաթ օրը, այս տարի` հունիսի 19-ին:

    Սուրբ Լուսավորչի կյանքի վերջին ժամանակահատվածն անցավ մարդկանցից հեռու և անտես` ճգնության մեջ Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այր անունով հայտնի քարայրում, որտեղ ապրել էր Հռիփսիմյանց կույսերից Մանեն: Նրա մահվան հանգամանքներն անհայտ են: Պատմությունը բավարարվում է հայտնելով, որ Մանյա այրի առանձնության մեջ կնքեց իր մահկանացուն և նույն այրում թաղվեց հովիվների ձեռքով: Սա Լուսավորչի նշխարների առաջին գյուտն էր: Հետագայում նրա նշխարների մոռացության մատնված տեղն Աստված տեսիլքով հայտնում է Գառնիկ անունով մի ճգնավորի, ինչն էլ Լուսավորչի նշխարների երկրորդ գյուտն էր: Ս. Լուսավորչի նշխարները բերվեցին և ամփոփվեցին Դարանաղյաց գավառի Թորդան ավանում, որը նրա հայրենական սեփականությունն էր:

    Հայտնի չէ, թե Լուսավորչի` Թորդանում ամփոփված նշխարները որ ժամանակներից սկսած բաժանվեցին տարբեր վայրեր: Նրա Ս. Աջը, որը պահվում է Մայր Աոթռ Ս. Էջմիածնում, եղել և մնում է Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնական նշանակը: Խաչափայտի և Գեղարդի մասունքների հետ այն մեռոնի օրհնության ժամանակ գործածվող գլխավոր սրբություններից է: Ըստ որոշ տեղեկությունների` 5-րդ դարում Բյուզանդիայի Զենոն կայսեր (474-491 թթ.) հրամանով Լուսավորչի նշխարները Թորդանից բռնությամբ տեղափոխվում են Կ. Պոլիս: Հայաստանում է թողնվում միայն Լուսավորչի Աջը: Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկության համաձայն` Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը (641–661 թթ.), Զվարթնոցի տաճարը կառուցելիս, Լուսավորչի ոսկորների նշխարները բաժանում և դնում է չորս հաստահեղյուս սյուների տակ, իսկ գլուխը ոչ թե խորքում, այլ դրսում` Ս. Սեղանի տակ գզրոցի մեջ է զետեղում` փափագողների հույսի ու հիվանդների բժշկության համար: Վարդան պատմիչը նշում է, որ նշխարները Գրիգոր Պատրիկ Մամիկոնյանը 7-րդ դարում Կ. Պոլսից է բերում, և այնուհետև դրանք տեղադրվում են Զվարթնոցում: Սակայն Մովսես Կաղանկատվացին, երբ նկարագրում է Արցախի Իսրայել եպիսկոպոսի` Գրիգորի նշխարներից ծնոտի մի մասը Գլխովանքում ամփոփելու դեպքը, գրում է, որ այն հենց Թորդանից տարվեց Արցախ: Հետագայում Ս. Գրիգորի գլուխը, որոշ ոսկորներ և տանջանքի գործիքներից շղթայի մի մասը հայ կույսերը Զվարթնոցի տաճարից տեղափոխում են Նեապոլ (Իտալիա), որտեղ եկեղեցի է կառուցվում ի պատիվ Լուսավորչի (ըստ այլ աղբյուրների` Լուսավորչի նշխարները Նեապոլ են տեղափոխվել Կ. Պոլսից` տեղի վանքերից մեկի միաբանության կույսերի կողմից): Դրանք մինչ այժմ էլ մեծ պատվով պահվում են Ս. Գրիգոր եկեղեցում` մեծ ջերմեռանդությամբ հարգվելով բարեպաշտ նեապոլցիների կողմից: Նեապոլի պահապան սուրբ Գենարիոսից հետո Գրիգորը ճանաչվում է քաղաքի երկրորդ պահապան սուրբը և ունի հատուկ տոն` սեպտեմբերի 30-ին: 2000 թ. նոյեմբերի 8-11-ը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վատիկան, որտեղից հայրենիք բերեց Գրիգոր Լուսավորչի մասունքներից, որոնք ի նշանավորումն քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի` Կաթոլիկ Եկեղեցին վերադարձրել էր Հայ եկեղեցուն:

    ՙՀայոց մեծ սուրբ Գրիգորին՚ 5-րդ դարից սկսած պատվել են նաև Բյուզանդիայում: Այժմ էլ Հունաստանի եկեղեցիներում կան Գրիգոր Լուսավորչին նվիրված խորաններ, սրբապատկերներ, որմնանկարներ, խճանկարներ, ինչպես նաև` մասունքներ ու նշխարներ, որոնք ամփոփված են մասնատուփերում: Իսկ Ռուսաստանում` Կարմիր հրապարակում, Վասիլի Երանելու տաճարական համալիրի մեջ է մտնում նաև ՙՀայոց Գրիգորի եկեղեցին՚, որը կառուցվել է Իվան Ահեղ ցարի հրամանով: Ս. Գրիգորին նվիրված սրբապատկերներ կան նաև Կրեմլի Ավետման ու Սպասկի տաճարներում, Կոլոմնայի, Պսկովի, Ռոստովի եկեղեցիներում, ինչպես նաև` Նովգորոդի Ներեդիցա տաճարի պատերը զարդարող որմնանկարներում:
    Մեկնաբանություն 7 Մեկնաբանություն
    1. Խաչիկ-Ապեր-ի ավատար
      Հոդվածի հեղինակը ծանո՞թ է արդյոք 1881 թ.-ին «Թեոսոֆիստ» ամսագրի համարներից մեկում տպագրված Հիլարիոն Սմերդիսի «Նամակ սուրբ Հովհաննեսի վանքից» գործին: Եթե ոչ, ապա պատրաստ եմ ուղարկել դրա ռուսերեն կամ հայերեն թարգմանված տարբերակը: Դրանում խոսք է գնում նաև Գրիգոր Լուսավորչի կողմից սուրբ Հովհաննեսի վանքի պատերի տակ թաղված Հովհաննես Մկրտչի մատի ու կողոսկրի մասին:
    1. Monk-ի ավատար
      Monk -
      Մեջբերում Խաչիկ-Ապեր-ի խոսքերից Նայել գրառումը
      Հոդվածի հեղինակը ծանո՞թ է արդյոք 1881 թ.-ին «Թեոսոֆիստ» ամսագրի համարներից մեկում տպագրված Հիլարիոն Սմերդիսի «Նամակ սուրբ Հովհաննեսի վանքից» գործին: Եթե ոչ, ապա պատրաստ եմ ուղարկել դրա ռուսերեն կամ հայերեն թարգմանված տարբերակը: Դրանում խոսք է գնում նաև Գրիգոր Լուսավորչի կողմից սուրբ Հովհաննեսի վանքի պատերի տակ թաղված Հովհաննես Մկրտչի մատի ու կողոսկրի մասին:
      Եթե նեղություն չի, ուղարկեք monk-deaconշնիկmailկետru հասցեով: Նախապես շնորհակալ եմ:
    1. Ambrosine-ի ավատար
      Ambrosine -
      Իսկ այդ նյութը ծավալու՞ն է: Հնարավոր չէ՞ հայերեն տարբերակը տեղադրել հենց այս թեմայում, որ բոլորս էլ կարդանք:
    1. Խաչիկ-Ապեր-ի ավատար
      Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
      Իսկ այդ նյութը ծավալու՞ն է: Հնարավոր չէ՞ հայերեն տարբերակը տեղադրել հենց այս թեմայում, որ բոլորս էլ կարդանք:
      Հարգելի Astgh, որպեսզի պարզ դառնա, թե ով է Հիլարիոն Սմերդիսը, ինչ աղբյուրներից է օգտվել նշված նամակը շարադրելիս, որքանով են հավաստի ու արժանահավատ այդ աղբյուրները և այլն, հարկ կլինի ֆորումականներին ծանրաբեռնել իրոք որ ծավալուն և ի մի չբերված գրականությամբ, ինչը նրանց դուրս կբերի սկսած թեմայի շրջանակներից:
      Վաղն առավոտյան Monk-ին կուղարկեմ նամակի ռուսերեն և հայերեն թարգմանությունը` նրա հայեցողությանը թողնելով ֆորումականներին այն մատչելի դարձնելու կամ չդարձնելու որոշումը:
    1. Խաչիկ-Ապեր-ի ավատար
      Տևական լռությունից ենթադրում եմ, որ Monk-ը ինչ-ինչ պատճառներով դժվարանում է կողմնորոշվել Հիլարիոնի «Նամակ...»-ի հրապարակման կամ չհրապարակման հարցում: Ուստի հանձն եմ առնում ես ինքս դա անել, բայց ավելի հարմար թեմայի շրջանակներում: Տես՝ «Պատմություն» -> «Ովքեր ենք մենք իրականում»
    1. Monk-ի ավատար
      Monk -
      Մեջբերում Խաչիկ-Ապեր-ի խոսքերից Նայել գրառումը
      Տևական լռությունից ենթադրում եմ, որ Monk-ը ինչ-ինչ պատճառներով դժվարանում է կողմնորոշվել Հիլարիոնի «Նամակ...»-ի հրապարակման կամ չհրապարակման հարցում: Ուստի հանձն եմ առնում ես ինքս դա անել, բայց ավելի հարմար թեմայի շրջանակներում: Տես՝ «Պատմություն» -> «Ովքեր ենք մենք իրականում»
      Չկողմնորոշվելու խնդիր չունեմ, դեռ չեմ կարդացել, իսկ չկարդալու պատճառը ժամանակի սղությունն է:
    1. Խաչիկ-Ապեր-ի ավատար
      Հասկանում եմ և ընդունում:
      Մաղթում եմ բարի ժամանց...