• Ավետման և մայրության ու գեղեցկության տոն

    Ապրիլի 7-ը հռչակված է Մայրության ու գեղեցկության տոն (հեռուստաեթերից երբեմն հավելվում է նաև սիրո տոն արտահայտությունը, ինչին արդեն մի փոքր դժվար է բացատրություն գտնել), և ուրախությամբ կարելի է արձանագրել, որ այս գեղեցիկ տոնը մեծ ընդունելության է արժանացել մեր հասարակության կողմից: Սակայն պիտի նշել նաև, որ հաճախ, մասմաբ նաև ԶԼՄ-ների թերի մատուցման պատճառով, ստվերի մեջ է մնում այն կարևորագույն հանգամանքը, որ այն, ըստ էության, Ս. Կույսի` Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անշարժ կերպով նշում է ապրիլի 7-ին: Տոնին առավել մեծ ժողովրդականություն հաղորոդող ազդակ է հանդիսացել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությունը, համաձայն որի վերջին տարիներին Ավետման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:
    ՙԱվետել՚, ՙավետիս տալ՚ նշանակում է բարի լուր հաղորդել: Մարդկությանը հաղորդված մեծագույն ավետիսը Ս.Կույսին տրված երջանիկ լուրն է` Աստվածորդու մարդեղացման եւ փրկության ուղու բացման ավետումը:
    Առաջին մարդկանց` Ադամի ու Եվայի մեղանչումով մարդկությունը զրկվեց Աստծո շնորհից և դատապարտվեց մեղքի ու մահվան իշխանությանը: Սակայն ամենագթածն Աստված մարդուն ընդմիշտ չզրկեց ողորմածությունից, այլ ուխտ կապելով նրա հետ` պատրաստում էր այն մեծ փրկությանը, որ ծրագրել էր: Դարեր ու հազարամյակներ շարունակ մարդկությունն սպասում էր խոստացված փրկությանը` Մեսիային, որ պետք է ծնվեր կնոջից և մարդկանց փրկեր չարի գերությունից: Եվ ահա աստվածաշնորհ մարգարեներն սկսեցին ազդարարել Փրկչի մոտալուտ գալուստը. Եսային մարգարեացավ, որ ՙԱհա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ՚ (Եսայի7:14, Մատթ.1:23):
    Ղուկասու Ավետարանը բացվում է մի պատմությամբ, ըստ որի Գաբրիել հրեշտակապետն Աստծո կողմից առաքվում է Հրեաստանի քաղքներից մեկը` ավետելու Զաքարիա քահանային նրա որդու` Հովհաննես Մկրտչի ծնունդը, ով պետք է դառնար Աստվածորդու Կարապետը` պատրաստելու մարդկությանը Նրա Գալստյանը (Ղուկ. 1:5-25): Այնուհետև վեց ամիս հետո Գաբրիելը նոր առաքելությամբ ուղարկվում է Գալիլիայի Նազարեթ քաղաքը` Մարիամ անունով մի կույսի մոտ, որը նշանված էր Դավթի ցեղից Հովսեփ անունով մի արդար մարդու հետ: Հայտնվելով կույսին` Գաբրիելը ողջունում է նրան. ՙՈւրախացիր, ով շնորհընկալ, Տէրը քեզ հետ է՚ և ապա ավետում, որ նա կոչված է դառնալու Մեսիայի մայրը. ՙ…ահա դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես: Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի: Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր` Դավթի աթոռը, եւ նա յավիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագավորութիւնը վախճան չի ունենայ՚ (Ղուկ. 1:31-33): Մարիամի այն հարցին, թե դա ինչպես կարող է պատահել, քանի որ ինքը կույս է, հրեշտակը պատասխանում է.ՙՍուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զորությունը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծո որդի կը կոչուի(Ղուկ. 1:35), ապա հայտնում է նաև նրա ազգականի` Զաքարիայի կին Եղիսաբեթի հղիության մասին: Մարիամը պատասխանում է. ՙԱհաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ՚, և ապա հրեշտակը հեռանում է նրանից (Ղուկ. 1:5-38);
    Մարիամի այս խորին խոնարհությամբ մարդկության համար բացվում է նոր կյանքի արշալույսը: Եվ ՙեղիցին՚ (թող լինի), որ տիեզերքում առաջին բառն է` հնչած արարչության սկզբին Աստծո կողմից, որով էլ եղավ լույսը (Ծննդ. 1:3), երկրորդ անգամ հնչում է մարդու կողմից, իբրև հոգևոր ու բարոյական նոր աշխարհի արաչության և Աստվածային Լույսի ծագման` Հիսուսի Քրիստոսի ծննդյան սկիզբ: Աստված մարդուն երկրորդ անգամ առաջարկում է հավիտենական երանավետ կյանքի սկիզբը, և Մարիամը` մարդկության արժանավոր ներկայացուցիչը, վերացնելով այդ առաջարկը մերժած նախածնողների սխալը, ընդունում է այն` մարդկային ցեղի առջև բացելով կորուսյալ դրախտի փակված դռները: Այս մեծագույն իրողության հիշատակն էլ հենց հավերժացրել է Եկեղեցին` հաստատելով Աստվածամոր Ավետման այս գեղեցիկ տոնը:
    Այս տոնը կրկնակի ուրախություն է պարունակում բոլոր կանանց համար, քանի որ եթե Եվայի խաբվելով մեղքն աշխարհ մտավ և կինն անեծքի տակ ընկավ, ապա Մարիամի խոնարհությամբ ու սրբությամբ կինն ազատվեց այդ անեծքից և օրհնության արժանացավ:
    Մեկնաբանություն 2 Մեկնաբանություն
    1. Monk-ի ավատար
      Monk -
      Բնականաբար երևի հարց կառաջանա, թե ինչու՞ է ուշացումով հայտնվել հոդվածը: Ես ապրիլի 7-ին եմ տեղադրել, տեխնիկական խնդիր կար, որի պատճառով չէր երևում: Մերսի Չուկին ուղղելու համար
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Ես իմ կողմից ներողություն եմ խնդրում լուծումն ուշացնելու համար, ինչպես նաև Monk-ին շնորհակալություն հայտնում հերթական օգտակար ու արժեքավոր հոդվածի համար