• Ավագ Շաբաթ

    Ավագ Շաբաթ
    29 մարտի - 3 ապրիլի

    Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին` Սբ. Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առանձին դեպքեր, հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, չարչարանքները, մահը եւ հարությունը: Ավագ Շաբաթվա հիմնական արարողությունները սկսվում են Ավագ Հինգշաբթի:

    29 մարտի - Ավագ երկուշաբթի առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են ՙԱնիծված թզենու՚ պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին` վկայելով. ՙԵւ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք՚ (Մատթ. 21:18-22) : Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու, թզենին ՙթլպատված ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս եւ պտուղ չգտավ, այլ միայն ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով չորացան՚:

    30 մարտի - Ավագ երեքշաբթի հիշատակվում է ՙՏասը կույսերի՚ առակը (Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն եւ հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը:
    Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգը ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը` հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին:

    31 մարտի - Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը եւ Տիրոջ մատնությունը:
    Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. ՙԱղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմվի նրա հիշատակի համար՚: Կնոջ կողմից Հիսուսի օծումը կանխանշում էր Նրա թաղվելը: ՙԻմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց՚,- ասում է Քրիստոս:
    Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո ունեցած սերն ու վստահությունը եւ հիշելով մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:

    1 ապրիլի - Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին` իբրեւ Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը, այնպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը եւ ապա` օծում օրհնված յուղով:
    Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որ արդեն վերաբերում է Ավագ Ուրբաթին` խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա ձերբակալվելը, Պետրոսի ուրանալը:

    2 ապրիլի - Ավագ ուրբաթ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության« մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը` պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից պտտում են եկեղեցու շուրջ` ի տես հավատավոր ժողովրդի:

    3 ապրիլի - Ավագ շաբաթ նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը եւ արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի՚: Այս ավետիսով ավարտվում է Պահքը և սկսվում Սբ. Զատիկը:
    Մեկնաբանություն 2 Մեկնաբանություն
    1. davidus-ի ավատար
      davidus -
      Monk ջան, ավագ հինգշաբթի օրը ծոմ պահելու օրը չի?
    1. Monk-ի ավատար
      Monk -
      Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
      Monk ջան, ավագ հինգշաբթի օրը ծոմ պահելու օրը չի?
      Դե Պատարագ կա այդ օրը, մանավանդ որ Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակն է նշվում: Ցանկալի է նախորդ երեկոյից ծոմ պահել ու Պատարագին հաղորդվել: Բայց պարտադիր կարգ չկա, որ անպայման ծոմ պահելու օր է: