2010 թ. փետրվարի 24-ին Խնկո-Ապոր անվան գրադարանի դահլիճում կայացավ «Խոսող գրքեր» ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրը իրագործել է «Խատուտիկ» կրթական հասարակական կազմակերպությունը: «Խոսող գրքեր» ծրագրի իրականացման համար իր շնորհակալ դերն է ունեցել նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը՝ իր սատարող նամակով: Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի, Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, Ջինիշյան հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցության շնորհիվ: «Խոսող գրքեր» ծրագրին մասնակցել են տեսողության խանգարումներով երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի, հենաշարժական համակարգի խախտումներով երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի և Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի բաժանորդ աշակերտները:
Ծրագրի նպատակն այս երեք խմբերին միավորելն էր, նրանց սովորեցնել հարգել միմյանց, իրար նկատմամբ հանդուրժող լինել: Դրան հասնելու համար օգտագործվել է գրականություն, անցկացվել են իրավունքի ու հանդուրժողականության դասընթացներ, կազմակերպվել են միասին ստեղծագործելու միջոցառումներ, բանավեճեր:
Հայ և համաշխարհային գրականության 20 ստեղծագործություն ադապտացվել և ձայնագրվել են 5 սկավառակների վրա՝ «Խոսող գրքեր» ընդհանուր անվանումով: Երեխաների դատին ներկայացվել են Հ. Թումանյանի, Վ. Անանյանի, Վ. Սարոյանի, Կունի և Ն. Դումբաձեի ստեղծագործությունները:
Երկու դպրոցում և Խնկո-Ապոր անվան գրադարանում ստեղծվել են երեք ակումբ, որոնցում էլ կազմակերպվել են «Երեխայի իրավունքներ» և «Հանդուրժողականություն» թեմաներով դասընթացներ: Այս ակումբների երեխաները խառը խմբերով անցկացրել են պարապմունքներ և քննարկումներ, խոսել են իրենց հուզող հարցերից, տրված թեմայով միասին ստեղծագործել են, փոխանակել կարծիքներ, ակտիվ շփվել միմյանց հետ:
Շնորհանդեսին 3 ակումբի երեխաները և՛ առանձին, իրենց ակումբով, և՛ միասին ներկայացրին այն ամենը, ինչ սովորել էին վերջին 9 ամսվա ընթացքում, բեմադրեցին հայտնի հեքիաթներ՝ դրանք ներկայացնելով հանդուրժողականության տեսանկյունից: Ծրագիրը ներկայացրեց «Խատուտիկ» ԿՀԿ-ի ղեկավար Շուշան Գյուլխասյանը: Վերջում «Խոսող գրքեր» ծրագրի բոլոր մասնակիցներին վկայագրեր և նվերներ հանձնեց «Խատուտիկ» ԿՀԿ-ից Սիլվա Մամիկոնյանը:
Աղբյուր՝ Armedu.am
Ֆորումի հաղորդագրություն