• Աչքերը այծերի վրա չռած մարդիկ / The Men Who Stare at Goats

    Աչքերը այծերի վրա չռած մարդիկ / The Men Who Stare at Goats



    Ռուսական կինովարձույթում՝ Безумный спецназ
    ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2009

    Ռեժիսյոր՝ Գրանտ Հեսլով
    Սցենարիստներ՝ Պիտեր Ստրոհան, Ջոն Ռոնսոն
    Դերերում՝ Ջորջ Քլունի, Յուեն ՄակԳրեգոր, Ջեֆ Բրիջես, Քեվին Սփեյսի, Սթիվեն Լենգ, Ռոբետ Պատրիկ, Վալիդ Ցայտեր, Սթիվեն Ռութ, Գլեն Մորշաուեր, Նիկ Օֆերման և ուրիշներ
    IMDb-ի միջին գնահատականը՝ 6.7/10 (10,428 ձայն)
    Համաշխարհային վարձույթում հավաքած գումարը՝ $47,477,899
    Ժանրը՝ կոմեդիա, արկածային
    Պաշտոնական սայթը՝ http://www.themenwhostareatgoatsmovie.com/

    Լրագրող Բոբ Ուիլտոնը որոշում է գնալ իր բախտը որոնելու այնտեղ, ուր պատերազմ է՝ Իրաք: Ինչ-որ մեկը գուցե սա խենթություն կհամարի, սակայն իրականում Բոբին այլևս ոչինչ չի կապում իր տան հետ. կինը լքել է նրան՝ գնալով ուրիշի մոտ… Պատահաբար ծանոթանալով հատուկ նշանակության ջոկատի վետերան Լին Քեսիդիի հետ՝ վայ-լրագրողը մեկնում է մի ճամփորդության, որը լրիվ կփոխի նրա կյանքը: Չէ՞ որ սկզբում նա նույնիսկ չէր էլ ենթադրում, որ Լինը կատարում է կառավարական հատուկ, գաղտնի ու մահացու վտանգավոր մի առաջադրանք…



    Կինոքննադատներն արդեն հասցրել են «Աչքերը այծերի վրա չռած մարդիկ» ֆիլմը կնքել որպես այս ձմեռվա ամենաինտելեկտուալ կոմեդիա, և հարկ է խոստովանել, որ նման հայտարարություն անելու համար անհրաժեշտ բոլոր հիմքերը կան: Նախ և առաջ՝ կինոնկարը հիմնված է բրիտանացի լրագրող Ջոն Ռոնսոնի համանուն գրքի վրա, որը նկարագրում ու ամփոփում է նրա կատարած խիստ լուրջ լրագրողական հետաքննությունը մի շարք իրական բանակային փաստերի վերաբերյալ: Թեթև շարադրանքն ու հեգնանքի մեծ չափաբաժինն օգնեցին, որ այդ գիրքը մաքուր դոկումենտալիստիկայի դարակից տեղափոխվի ժամանցային գրվածքների բաժին. այնուամենայնիվ՝ հերյուրանքի համար լրագրողին մեղադրելու ո՛չ համարձակություն և ո՛չ էլ բավարար հիմքեր ոչ ոք այդպես էլ չունեցավ: Գրանտ Հեսլովը չէր կարող չհավանել Ռոնսոնի տեսակետը, առավել ևս՝ եթե հաշվի առնենք ռեժիսյորի սեփական վերաբերմունքը ֆիլմում նկարագրվող իրադարձությունների վերաբերյալ: Չնայած ռեժիսյորական իր փոքր փորձին (չմոռանանք, սակայն, նրա խաղացած ավելի քան 50 դերերը և գրած մի քանի հաջող սցենարները, այդ թվում՝ «Բարի գիշեր և հաջողություն» ֆիլմի համար)՝ Հեսլովը երբեք էլ անտարբեր չի եղել «խելոք» և, միաժամանակ, բոլորի համար հասանելի կինոյի նկատմամբ: Եվ դատելով ըստ ամենայնի՝ նրան լիովին հաջողվել է «Աչքերը այծերի վրա չռած մարդիկ» կինոնկարը համապատասխանեցնել այդ սահմանմանը:



    Ուշադրութան է արժանի նաև առաջին մեծության աստղերից կազմված դերասանական փայլուն կազմը: Թե ինչպես են պրոդյուսերները կարողացել գայթակղել ու նկարահանման հրապարակ բերել Ջորջ Քլունիին, Յուեն ՄակԳրեգորին, Ջեֆ Բրիջեսին ու Քեվին Սփեյսիին և այդուհանդերձ՝ տեղավորվել չնչին՝ 25 միլիոնանոց բյուջեի մեջ, կատարելապես անհասկանալի է. սակայն փաստը մնում է փաստ: Ոչ պակաս ուշագրավ են նաև նրանց ստանձնած դերերը. նրանք Երկրի Նոր Բանակի՝ գերգաղտնի ռազմական ստորաբաժանման մարտիկներ են և իրենց ունակություններով չեն զիջում անգամ ջեդայներին: Այս մարդիկ հզորագույն մտավոր կարողությունների տեր են, որոնց շնորհիվ կարող են անցնել պատերի միջով, տեսնել ապագան և նույնիսկ… հայացքով սպանել: Ամեն դեպքում՝ գոնե տեսականորեն պիտի կարողանան: Իսկ իրականում պարզվում է, որ Նոր Բանակը տխմարների հավաքածու է, որոնց ղեկավարում է նույնքան անմեղսունակ գնդապետը: Նա իր մարտիկների գլխին «համաշխարհային խաղաղության ու սիրո» մասին երկարաշունչ քարոզներ է կարդում, առատորեն թմրանյութեր է ավելացնում նրանց սննդաբաժնի մեջ և համառորեն չի ուզում նկատել իր սաներին հետապնդող անհաջողությունները:



    Ոճական առումով ֆիլմն ամենաշատը հիշեցնում է Կոեն եղբայրների վերջին աշխատանքները, հատկապես՝ ամերիկյան հատուկ ծառայություններին ձոնված «Կարդալուց հետո այրել» կինոնկարը: Անգամ տրեյլերը նայելիս արդեն իսկ կարելի է գնահատել ամերիկյան ռազմակույտի շաբլոնները քարուքանդ անող նուրբ հումորը, հեգնանքը, իսկ երբեմն՝ նաև բացահայտ ծաղրը: Իսկ եթե այս ամենին ավելացնենք հազարավոր հանդիսատեսների դրական գնահատականները, Քլունիի փայլուն դերասանական խաղը (քննադատները հաստատում են) և ընդհանուր առմամբ օրիգինալ սյուժետը, ստացվում է «must see» դասի ֆիլմ: Սակայն, անշուշտ, ոչ բոլորի համար: Հատկապես լուրջ կինոմանները թերևս գերադասեն շրջանցել «Այծերը», քանի որ այն, ինչ կատարվում է էկրանի վրա, տեղ-տեղ նմանվում է իսկական զառանցանքի: Բայց եթե աբսուրդ իրավիճակները ձեզ չեն շփոթեցնում, և հումորի առումով էլ ամեն ինչ կարգին է, ապա «Աչքերը այծերի վրա չռած մարդիկ» ֆիլմը կինոթատրոն այցելելու հրաշալի առիթ կարող է դառնալ: Բարի ժամանց: