Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ակումբի համակարգը թարմացվել է: Ինչպես թերևս շատերդ գիտեք ակումբն աշխատում է vBulletin համակարգի հենքի վրա: Այս համակարգի նոր՝ 4-րդ տարբերակը թողարկվեց դեկտեմբերի 21-ին, դրանից ընդամենը օրեր անց ակումբը սկսում է իր գործունեությունը այդ նոր տարբերակով:
Առիթից օգտվելով նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Philosopher-ին, ով ակումբի համար ձեռք բերեց համակարգի նոր տարբերակը: Կայքի զարգացման գործում այս նոր քայլը անելուց ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր ակումբի պատմության ընթացքում օգնել են նրա զարգացմանն ու կայացմանը: Եթե որոշեմ թվարկել բոլորին, ապա գրառումս շատ կերկարի, այնքան շատ են այդ մարդիկ, դրա համար պարզապես սահմանափակվեմ ասելով, որ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ակումբում երբևէ մոդերատոր, ավագ մոդերատոր և ադմինիստրատոր եղած մարդկանց, ովքեր բոլորը նպաստել են համակարգի զարգացմանը, այս կամ այն չափով իրենց լուման են ներդրել, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ դրամական կամ այլ ձևով օգնել են ակումբին, գովազդել են, տրամադրել են ինտերնետային տարածք և այլն: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ակումբցիներին, քանի որ ակումբն առանց նրանց ակումբ չէր լինի ու նրանցից յուրաքանչյուրն իր ավանդն է բերել համակարգի կայացմանը:
Նոր համակարգին անցնելով ակումբը փոքր ինչ շեղվում է ֆորումային ձևաչափից: Շուտով ակումբը թերևս կունենա հետևյալ կառուցվածքը, հետևմյալ հիմնական բաժինները.
- Ֆորում,
- Բլոգային համակարգ,
- Բովանդակային հատված,
- Զրուցարան:
Զրուցարանը, նախկինում ակումբում եղած զրուցարանի նման համակարգը, թերևս կավելացվի առաջիկա օրերին: Իսկ այս տարբերակի մեծ նորությունը թերևս «Բովանդակային հատվածն» է: Թե այս հատվածը ինչպիսի զարգացում կունենա, կտեսնենք միասին: Բայց ենթադրվում է, որ այստեղ ի թիվս լրատվական ու վերլուծական նյութերի տեղ կգտնեն ակումբցիների առավել հետաքրքիր, բովանդակային, արժեքավոր գրառումները: Բոլոր նյութերը կդասակարգվեն ըստ թեմատիկայի ու այս հատվածը բոլոր այցելուների համար կդառնա հետաքրքիր մի անկյուն, ուր կարող են ուղղակի գալ հետաքրքիր նյութեր գտնելու, ինչու ոչ, աշխարհում կատարվող նորություններին ծանոթանալու:
Ակումբի համակարգը դեռևս ամբողջովին պատրաստ չէ և մի քանի օր կտևի մինչև այն ամբողջապես ներկայանալի տեսք ունենա, իսկ մինչ այդ խնդրում եմ տեղեկացնել թարգմանության նկատված վրիպակների մասին:
Հարկ եմ համարում նշել, որ նախկինում ակումբում եղած մի շարք հնարավորություններ այս պահին առկա չեն: Դրանք այն հնարավորություններ են, որոնք լրացուցիչ ծրագրերի տեսքով էին տեղակայվել, այլ ոչ թե vBulletin համակարգի մի մասն էին: Դրանք ևս առաջիկա օրերին կավելացվեն:
Դե ինչ, ինչպես միշտ ցանկանում եմ հետաքրքիր ու հաճելի քննարկումներ:
Ես էլ, ձեր թույլտվությամբ, գնամ քնելու: Կարծում եմ, որ վաստակել եմ հանգիստս:
Ֆորումի հաղորդագրություն