• Գանդիի հակաբռնության մեթոդը՝ «Սատյագրահա»

    Գանդիի հակաբռնության մեթոդը՝ «Սատյագրահա»





    «Երբ մի այտիդ են հարվածում, մյուսն էլ դեմ տուր»:




    Յուրաքանչյուր ոք իր նպատակին հասնելու ճանապարհին բախվում է մյուսների շահերին ու հաճախ, հաշվի չնստելով դրանց հետ, բռնություն է կիրառում իր ճանապարհին հայտնվածի հանդեպ: Նման պահվածքը նմանատիպ պատասխանի է աժանանում ու առաջացնում վրեժի ցանկություն: Այդպես իրար հաջորդող ագրեսիվ գործողությունների շնորհիվ խորացող կոնֆլիկտը շարունակական բնույթ է սկսում կրել: Միակ ելքը այս փակ շրջանը կոտրելու մեջ է: Ինչ-որ մեկը պետք է կանգ առնի: Չարը չեն հաղթում չարով: Այս մասին խոսել են բոլոր մեծ ուսուցիչները, այդ թվում Հիսուսն ու Բուդդան: Մինչ այժմ համարվում էր, որ այդպես կարող են վարվել միայն շատ քչերը, որոնք իրենք իրենց դատապարտում են տառապանքի ու չհասկացվածության: Բայց Մոհանդաս Կարամչանդ Գանդին իր մշակած Սատյագրահայի մեթոդով ցույց տվեց, որ այս սկզբունքը կարելի է արդյունավետ կիրառել թե անհատական, թե մասսայական պայքարում: Իսկ դրա արդյունավետության մասին վկայում են 20-րդ դարում տեղի ունեցած մի շարք կարևոր պատմական դեպքեր:




    Մոհանդաս Կարամչանդ Գանդի/Mohandas Karamchand Gandhi





    Գանդին ծնվել է 1869թ հոկտեմբերի 2-ին Գուջարաթ մարզի Պորբանդար քաղաքում վայշայական կաստային պատկանող ընտանիքում: Ամուսնացել է 13 տարեկանում: Նրա ընտանիքը բավական ապահովված էր երեխաներին լավ կրթություն տալու համար: 19 տարեանում Մոհանդասը գնում է Անգլիա իրավաբանություն ուսումնասիրելու համար: Համալսարանն ավարտելով` 1893թ-ին նա պայմանագիր է կնքում Հարավային Աֆրիկայի մի առևտրային ընկերության հետ ու մեկնում աշխատանքի:

    Հարավային Աֆրիկայում հայտնվելու առաջին իսկ օրվանից նա տեղի իշխանությունների կողմից ճշումների է ենթարկվում: Երբ տեսնում է, որ նման վերաբերմունքի են արժանանում բոլոր հնդիկները, որոշում է պայքարել նրանց իրավունքների վերականգման համար: Քսանմեկ տարի տևող նրա պայքարը հաջողությամբ է պսակվում:

    Գանդին մշակել է գործողության մի մեթոդ` հիմնված է արիության, ճշմարտության և հակաբռնության սկզբունքների վրա: Այդ մեթոդը կոչվում է Սատյագրահա: Նա հավատում էր, որ նպատակին հասնելու միջոցները շատ ավելի կարևոր են , քան նպատակները: Սատյագրահան քարոզում է ոչ բռնի ուժի կիրառումը/հակաբռնությունն ու քաղաքացիական անհնազանդությունը` որպես քաղաքացիական և հասարակական նպատակներին հասնելու առավել նախընտրելի ձև:

    1915թ-ին նա վերադառնում է Հնդկաստան և 15 տարվա ընթացքում դառնում հնդկական ազգայնական շարժման առաջնորդ: Օգտագործելով Սատյագրահայի սկզբունքները` Գանդին ղեկավարեց Հնդկաստանի Մեծ Բրիտանիայից անկախացման համար մղվող պայքարը: Բազմիցս բանտարկվել է ու ընդհանուր առմամբ բանտերում է անցկացրել յոթ տարի:

    1947թ-ին Հնդկաստանը անկախություն է ձեռք բերում ու բաժանվում երկու մասի` Հնդկաստանի և Պակիստանի: Սրան հաջորդում են հինդուների և մուսուլմանների միջև կոնֆլիկտները: Գանդին միացյալ Հնդկաստանի կողմնակից էր:

    1948թ-ի հունվաի 13-ին նա հացադուլ է հայտարարում` արյունահեղությունը դադարեցնելու նպատակով: Հինգ օր անց ընդդիմադիր ուժերի առաջնորդները խոստանում են դադարեցնել մղվող պայքարը, ու Գանդին դադարեցնում է հացադուլը: Քսան օր անց ֆանատիկ Նատխուրամ Գոդսը երեք անգամ կրակում է Գանդիի վրա ու սպանում նրան: Մահվանից առաջ նա ժեստերով ցույց է տալիս, որ ներում է հանցագործին ու հեռանում է կյանքից` “Ջեյ Ռամ, Ջեյ Ռամ”՝ Ռամայի անունը տալով:


    «Սատիագրահա»՝ հակաբռնության հայեցակարգ




    19-րդ դարի վերջում ՀԱՀ-ում բնակվող hնդիկ գաղթականների վիճակը ծանր էր: Այստեղ նրանք դատապարտված էին խղճուկ կյանքի, նվաստացման եւ ստրկական աշխատանքի: Անելանելիությունը ծնում էր հպատակության և անհուսալիության զգացողություն: Իսկ հայրենիք վերադառնալու մասին մտածելն իսկ անիմաստ էր, քանի որ այդ ժամանակաշրջանում Հնդկաստանում տարեկան միլիոնավոր հողազուրկ գյուղացիներ մահանում էին սովից:

    Հարավային Աֆրիկայում հայտնվելու առաջին իսկ օրվանից Գանդին հանդիպում է բացահայտ ռասիզմի . նրան ուժով դուրս են հանում առաջին կարգի վագոնից և թույլ չեն տալիս նստել «սպիտակամորթների» համար նախատեսված հանրակառք, ոստիկանները անգամ արգելում են նրան քայլել «սպիտակամորթերի» համար նախատեսված մայթերով: Հենց ադ ժամանակ Գանդին իմանում է, որ այդ երկրում նվաստացումների եւ ճնշումների են ենթարկվում բոլոր «գունավորները»` այդ թվում նաև հնդիկները` անկախ իրենց սոցիալական դիրքից եւ կարգավիճակից: Չնայած այս ամենին` Գանդին որոշում է մնալ Հարավային Աֆրիկայում:

    «Այն զրկանքները, որոնց ենթարկվում էի, վկայում էին լուրջ հիվանդության` ռասսայական խտրականության, մասին : Ես պետք է փորձեի որքան հնարավոր էր արմատախիլ անել այն, և հանուն այդ նպատակի կրել բոլոր զրկանքները»,- ասում է Գանդին:


    Գանդին սկսում է ռասիզմի հետ բախման դեպքում սեփական պահվածքի վերաբերյալ սկզբունքներ մշակելուց: Նա որոշում է ամեն անգամ կիրառվող կամայականություններին պատասխանել հարգալից, բայց անկոտրում դիմադրությամբ, ու երբեք հատուցում չպահանջել իրեն հասցրած վիրավորանքների դիմաց :

    Հայրենակիցների իրավունքների համար պայքարը եւ Աֆրիկայում հնդիկների վիճակի փոփոխության ձգտումը դառնում է Գանդիի կյանքի հիմնական նպատակը:

    1894թ-ի մայիսին Գանդին բոլոր հնդիկներին հրավիրում է ժողովի և հրապարակայնորեն ելույթ ունենալով` հանգամանլից նկարագրում է հայրենակիցների կարգավիճակը Տրանսվալեում: Ընդգծելով, որ անհրաժեշտ է մոռանալ բոլոր կաստային, ազգային և հավատալիքների տարբերությունները` նա առաջարկում է միավորվել մի ասոցացիայի մեջ, որի անունից հնարավոր կլինի դիմել իշխանություններին` կիրառվող ոտնձգությունների վերաբերյալ:

    «Ես պատրաստակամություն հայտնեցի այդ խնդրին տրամադրել այնքան ժամանակ եւ ջանք, որքան կկարողանայի: Քիչ ժամանակ անց Պրետորիայում չմնաց մի հնդիկ անգամ, որին ես չճանաչեի անձամբ և ծանոթ չլինեի նրա կենսապայմաններին»,- հիշում է Գանդին :
    Նրա կողմից ստեղծված Հնդկական Կոնգրեսը նպատակ էր հետապնդում օրենքի շրջանակներում գործելով` հասնել հնդիկների և եվրոպացիների իրավունքների հավասարության:

    Գանդին որոշում է դեռ երկար մնալ Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանից իր մոտ է բերում կնոջն եւ երկու երեխաներին: Հնդկաստանում Գանդին հրատարակում է “Կանաչ գրքույկը”, որում պատմում է Հարավային Աֆրիկայում հնդիկների իրավիճակի մասին: Հրապարակված նյութերը մեծ արձագանք են գտնում Անգլիայում, Հնդկաստանում եւ Հարավային Աֆրիկայում:

    Երբ հնդիկ գաղթականների երկու նավերը հասնում են Դուրբան (Հարավային Աֆրիկա) նավահանգիստ ( որոնցից մեկում գտնվում էին Գանդին եւ նրա ընտանիքը), պարզ է դառնում, որ «սպիտակոմորթները» ցանկանում են «գունավորներին» նետել ծովը: Իշխանությունները առաջարկում են գաղթականներին ետ վերադառնալ: Բայց հնդիկները հավաքվում են Գանդիի շուրջ և 23 օր տևած դիմակայությունից հետո «սպիտակամորթները» զիջում են: Երբ բոլոր ուղևորները, այդ թվում և իր ընտանիքը ափ են հասնում, Գանդիին անմիջապես շրջապատվում են ու դաժան ծեծի ենթարկվում: Գանդին մահից փրկվում է միայն ոստիկանության միջամտության շնորհիվ: Այս միջադեպը լայն արձագանք է ստանում և Անգլիայի կառավարությունը պահանջում է պատժել մեղավորներին: Կառավարության անդամներից մեկը հրավիրում է Գանդին իր մոտ և ասում, որ պատրաստ է ձեռբակալել մեղավորներին, եթե Գանդին ճանաչի նրանց: Ի պատասխան ` Գանդին ասում է, որ ոչ թե անհրաժեշտ է պատժել իր վրա հարձակվողներին, այլ նրանց ղեկավարներին, այդ թվում նաև հենց այդ կառավարության ներկայացուցչին: Այս պատասխանը մեծ ազդեցություն է թողնում Դուրբանի բնակիչների վրա: Այդ պահից սկսած «սպիտակամորթների» մոտ Գանդին և հնդիկների շարժումը մեծ հարգանք են վայելում:

    Հաջորդ տարիները Գանդիի համար դառնում են խորը ինքնաճանաչման, կյանքի իմաստի որոնումների և սկզբունքների ձևավորման ժամանակաշրջան: «Ես իմ կրոնը ծառայության կրոնը դարձրեցի, քանի որ զգում էի, որ միայն այդպես է հնարավոր ճանաչել Աստծուն… Աստծուն փնտրելով` ես գտա ինձ: Եվ հենց այստեղ կրոնական ոգին դարձավ իմ կյանքի հենարանը»,- ասել է Գանդին:
    Հենց այդ տարիներին Գանդին իր համար բացահայտում է Լև Տոլստոյին: Չարին բռնությամբ չպատասխանելու ուսմունքը, ճնշումներին չենթարկվելը և ճնշված վիճակից դուրս գալու որոնումները ցնցում են Գանդիին: «Ռուսաստանը` ի դեմս Տոլստոյի, ինձ ուսուցիչ տվեց, որը հանդիսացավ իմ բռնություն չկիրառելու տեսության հիմքը», - նշում է Գանդին:

    Տոլստոյի գաղափարները նա միավորում է հին հնդկական աշրամ-բնակավայրերի ավանդույթի հետ, որտեղ գաղափարակիցներն ապրում են որպես մի ընտանիք` միասին ապրելով և հոգեպես կատարելագործվելով:

    Հենց այդ ժամանակ էլ նա իր համար մշակում մի հիմնական սկզբունք, որին հետևում է իր ամբողջ կյանքում: Այն է. «Մարդուց երբեք մի պահանջիր այն, ինչ չես անում ինքդ»:

    1906թ-ի օգոստոսի 22-ին Տրանսվալեի կառավարությունը մի օրենք է հռչակում, համաձայն որի հնդիկ բորոր տղամարդիկ, կանայք եւ 8 տարեկանից մեծ բոլոր երեխաները պետք է գրանցում անցնեն ոստիկանությունում, թողնեն իրենց մատնահետքերը և ստանան հատուկ վկայականներ, հակառակ դեպքում նրանց կձերբակալեին և հետ կուղարկեին: Նման գրանցումը հնդիկներին հավասարեցնում էր հանցանքի մեջ կասկածյալներին: Միևնույն ժամանակ ոստիկանությունը իրավունք է ստանում գրանցումները ստուգելու նպատակով ներխուժել հնդիկների տները ,անգամ կանանց և երեխաների համար նախատեսված հատվածները, ինչը շատ նվաստացուցիչ էր հատկապես մուսուլման հնդիկների համար:

    Այդ օրենքը կարդալով` Գանդին ասում է.«Ավելի լավ է մեռնել, քան համաձայնել նման օրենքի հետ»: Շատ հնդիկներ հայտարարում են, որ պատրաստ են սպանել յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր մտնել իրենց տուն: Գանդին դիմադրության այլ ուղի է առաջարկում. «Մենք չենք դիմի համաշխարհային հանրության կարծիքին, քանի որ հնդիկները ունակ են իրենք իրենց պաշտպանել: Յուրաքանչյուր ոք, ով երդվում է չենթարկվել այդ խայտառակ օրենքին թող ինքն իր համար որոշի, արդյոք այդքան խիզախություն կունենա պահել իր երդումը` հաշվի չառնելով հալածանքները և անգամ մահը: Պայքարը հնարավոր է շարունակվի երկար ժամանակ,նույնիսկ տարիներ, բայց ես համարձակ եւ համոզված հայտարարում եմ , որ եթե նույնիսկ քչերը մնան հավատարիմ իրենց խոսքին, մեր պայքարը կավարտվի միայն ու միայն հաղթանակով»:

    Գանդին առաջին անգամ է առաջադրում կամայականությունների, անարդարության դեմ պայքարի իր զենքը` անվանելով այն «Սատիագրահա» , որը թարգմանվում է որպես հաստատակամություն կամ համառություն ճշմարտության մեջ: Հակաբռնության սկզբունքը, որը դրված է Սատիագրահայի հիմքում որպես քաղաքական պայքարի նոր մեթոդ, հնդկական հոգևոր ավանդույթներում իր խորը արմատներ ունի:


    «Սատիագրահա» բառը ճիշտ է բնութագում Դիմադրության հայեցակարգի էությունը: Սա ո՛չ ուժեղի առջև թույլի հարկադրված պասիվությունն է, ո՛չ էլ «ակն ընդ ական» սկզբունքը: Այստեղ բռնությանը հակադրվում է ոգու ուժը և սեփական ճշմարտության մեջ համոզվածությունը:
    Գանդին կառավարությանը զգուշացնում է, որ նման օրենք ընդունելու դեպքում , հնդիկները Սատիագրահա կհայտարարեն: Չնայած դրան` օրենքը ընդունվում է:

    Սատիագրահան սկսվում է 1908 թ-ի հունվարի 1-ի Յոհանեսբուրգի հանրահավաքներից, որի ընթացքում հնդիկները գիտակցաբար վառում են իրենց գրանցման ծանուցագրերը: Գանդին բանտարկվում է, սակայն շարժումն էլ ավելի է ակտիվանում, “գունավորները” անտեսում են օրենքը, բանտերը լցվում են բանտարկյալներով, բայց ճնշումները ոչնչի չեն հանգեցնում : Բանտից դուրս գալով` Գանդին ամբողջ Հարավային Աֆրիկայի մասշտաբով է սկսում Սատյագրահան կիրառել: 1913 թ– ին նրան հաջողվում է հանքագործներին գործադուլի դրդել, որն էլ արագ տարածվում է ամբողջ երկրով մեկ: Հանքագործների դեմ սկսում են զենք կիրառել, և անգամ մի քանի աշխատողներ աշխատելուց հրաժարվելու պատճառով սպանվում են: Բանտերում հայտնվում են հազարավոր մարդիկ, այդ թվում և’ կանայք, և՛ անչափահաս երեխաներ: Մարդաշատության և անհիգենիկ պայմանների պատճառով շատերը մահանում են: Գանդին նույնպես հայտնվելով բանտում` փորձում է մեղմացնել հիվանդ կալանավորների տառապանքը: Սակայն շարժումը ավելի է ակտիվանում և կառավարությունը ստիպված ազատ է արձակում Գանդիին:

    1913 թ-ի նոյեմբերի 6- ին, նա սկսել է իր հայտնի խաղաղ բողոքի երթը Նատալից դեպի Տրանսվաալ: Դա մի մարզից մյուս մարզ հնդիկներին անցնել արգելող օրենքի ցուցադրական խախտում էր: Այդ օրենքը խախտողներին ազատազրկում էր սպասվում: Գանդին գնում էր հազարավոր մարդկանցի բաղկացած երթի առջևից, որոնց թիվը օր օրի աճում էր: Կառավարության զորքերը չէին համարձակվում կրակել` փորձելով ձիերով ցրել ցուցարարներին, սակայն այդ ժամանակ շարժման մասնակիցները պառկնում էին գետնին, իսկ ձիերը չեն անցնում պառկած մարդկանց վրայով:

    Հարավային Աֆրիկայից եկող նորությունները ցնցում են Եվրոպայի եւ Ամերիկայի հասարակական կարծիքը: Ի աջակցություն հնդիկներին` ելույթ էին ունենում Ա. Էնշտեյնը, Բ. Շոուն, Բ. Ռասսելը, եւ շատ հայտնի քաղաքական գործիչների : Կառավարությունը ստիպված ետ է նահանջում: Մեկ ամիս տևող երկկողմանի լարված բանակցությունների արդյունքում 1914թ-ի հունիսի 30-ին ստորագրվում է համաձայնագիր, համաձայն որի հնդիկների համար բոլոր առավել վիրավորական օրենքները չեղյալ են համարվում:

    Գանդիի 20- ամյա պայքարը Հարավային Աֆրիկայում ավարտվում է հաղթանակով և նա վերադառնում է Հնդկաստան:

    Իսկ Հնդկաստանում հնդիկները շատ ավելի լավ կարգավիճակում չէին, քան Աֆրիկայում. գաղութատերերը թալանում էին երկիրը, մեծ չափերի հասնող հարկերը խոչընդոտում էին Հնդկաստանի զարգացմանը, գյուղացիները գտնվում էին սովամահության եզրին: Անկում էր ապրում կյանքի համար կարևոր մի համակարգ` հողերի ոռոգումը:

    Գանդին Հնդկաստանի ժողովրդին երկրի վերականգնման համար սկզբունքորեն նոր ուղի է առաջարկում: Դա ոչ զինված ապստամբությունն էր, և ոչ էլ գաղթատերերին հանրագիր ներկայացնելը : Նա առաջարկում է երրորդ` «Ահիմսայի»` հակաբռնության ուղին: Սատիագրահան ամենից շատ համընկնում է ահիմսայի սկզբունքի հետ: Այն է. չարիք չպատճառել այն ամենին, ինչ կենդանի: Այն ինչ-որ ընդհանուր բան ունի Եվրոպական պացիֆիզմի հետ, սակայն Ահիմսան շատ ավելի խորը հասկացություն է, որն ենթադրում է հատուկ վերաբերմունք աշխարհի , որպես մեկ ամբողջական կենդանի օրգանիզմի հանդեպ, որի ՙբջիջները փոխկապակցված են, այդ իսկ պատճառով մի հատվածի վնաս հասնցնելը ` բացասկան ազդեցույուն է ունենում նաև ամբողջի վրա, և առաջին հերթին այն մարդու վրա, որն հանդիսացել է բռնության աղբյուրը:

    Աշխարհում ընթանում է ոչ թե պայքար լավ ու վատ մարդկանց միջեւ, այլ ` Կյանքի ու Մահվան միջեւ, յուրաքանչյուր մարդու հոգում՝ Բարու ու Չարի միջև: Յուրաքանչյուրն ունակ է հրաժարվել Չարին աջակցել, իսկ Չարն անզոր է այդ որոշման դեմ: Միաժամանակ Չարի գործերին մասնակցելուց հրաժարվելը մարդուն մղում է մի նոր աշխարհի ` Բարու Աշխարհի կառուցման Ուղղուն:

    Գանդին հնդիկներին առաջարկեց մի ծրագիր, համաձայն որի նրանք չպետք է համագործակցեին գաղութատերերի հետ. սկսում են բոյկոտներ պետական կառավարման մարմինների դեմ, հրաժարվում են օտարերկրյա ապրանքների սպառումից, հարկեր վճարելուց, նվաստացնող օրենքներին ենթարկվելուց: Սա ոչ միայն քանդում էր անգլիական իշխանության հիմքը, այլ նաև հնդիկների մեջ արթնացրնում էր ազատության եւ համերաշխության ոգին: Պատմության մեջ առաջին անգամ նրան հաջողվում է ստեղծել ոչ բռնի զանգվածային շարժում: Սատիագրահան անցկացվում էր համաձայն հակաբռնության ոգու վրա հիմնված սկզբունքների, որոնք են հրապարակայնությունն ու թափանցիկությունը, բոլոր գործողությունների մասին հակառակորդին նախապես զգուշացնելը և միայն բոլոր հնարավոր թույլ միջոցների կիառումից հետո ուժեղ՝ կտրուկ քայլերի դիմելը: Սատիագրահան կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուր մասնակից հստակ պատկերացնում է պայքարի իմաստն ու հետևանքները և վստահ է հակաբռնության ոգու ուժին : Շարժման մասնակիցները չպետք է վատը ցանկանային հակառակորդին` ձգտելով միայն հասնել իրենց առջև դրված նպատակին: Հենց այս սկզբունքներն էլ թույլ են տալիս պահել հակաբռնության ոգին նույնիսկ ամենազանգվածային գործողություններում:
    Սատիագրահան խաղաղ ապստամբության է, անզիջում պայքար առանց չարության ու կրակոցների, որտեղ մարդիկ իրենց կյանքից բացի մեկ այլ զենք չունեն եւ որին մարդիկ գնում են , քանի որ այլ կերպ չեն կարող վարվել:

    Գանդին միշտ շեշտում էր, որ հակաբռնությունը ոչ մի ընդհանուր բան չունի թուլության ու վախկոտություն հետ: « Նա, ով վտանգին հանդիպելով, իրեն պահում է մկան նման, արդարացիորեն կոչվում է վախկոտ: Նա, ով իր սրտում բռնություն եւ ատելություն է կուտակում, կսպանի իր թշնամուն, եթե դրանով իրեն իսկ չվնասի: Այսպիսի մարդը չի կարող կիրառել հակաբռնության կոնցեպցիան»: Գանդին հանդուրժողականությամբ է վերաբերվել մարդկային թուլություններին, բայց վախկոտությունը` իր մեջ քողարկված բռնությամբ զզվելի է նրա համար:

    Հակաբռնությունը ոչ միայն ուժեղների դիրքորոշումն է, այլ ինքնիրենով շատ ուժեղ դիրքորոշում է: Դեռ Հարավային Աֆրիկայում պաշտոնյաներից մեկը Գանդիին խոստովանել է. «Ես երբեմն ուզում եմ, որ դուք դիմեք բռնության: Այդ ժամանակ մենք կիմանանք, թե ինչպես վարվել ձեզ հետ»:

    Գանդիի համար հակաբռնության կիրառումը Մարդու համար տարվող պայքար է:

    Կարելի է շատ վիճել Սատիագրահայի արդյունավետության շուրջ: Սակայն Անգլիան ինքնակամ «դուրս եկավ» Հնդկաստանից` հրաժարվելով իր գաղութատիրական նկրտումներից:

    Նրանք, ովքեր չեն տեսել Գանդիի մասին այս պատմական ֆիլմը, կարող են նայել: Բավական հետաքրքիր է:





    Բայց հատկապես ձեր ուշադրությունն եմ հրավիրում «Ավելին, քան ուժը» վավերագրական այս ֆիլմի վրա, որն այն մասին է, թե ինչպես է Գանդիի մեթոդը կիրառվել տարբեր երկրներում ու ինչ արդյունքների է այն բերել:






    «Ես հայտնաբերել եմ, որ ավերակների մեջ էլ կյանք կա, և, հետևաբար, պետք է ավելի բարձր օրենք գոյություն ունենա, քան ավերելու օրենքն է: Միայն այդպիսի օրենքի դեպքում հասարակությունը խելացի և ճիշտ կառուցված կլինի, և կյանքն արժանի կլինի նրան, որ ապրենք: Եվ եթե դա է կյանքի օրենքը, մենք պետք է դա կիրառենք ամենօրյա կյանքում: Որտեղ էլ որ վեճն առաջանա, որտեղ էլ ընդդիմախոսը ձեզ դիմադրի, նրան սիրո՜վ նվաճեք: Իմ կյանքում տարերայնորեն սրան եմ հանգել: Սա չի նշանակում, որ իմ բոլոր խնդիրները լուծված են: Բայց նկատել եմ, որ սիրո այս օրենքն այնպես է գործում, ինչպես ավերման օրենքը երբեք չի գործել: Այս օրենքի ամենալայնամասշտաբ գործունեության համոզիչ ցուցադրությունը Հնդկաստանում տեսանք: Դրանից ելնելով՝ չեմ պնդում, թե բոլոր երեք հարյուր միլիոն մարդն էլ անպայման համակված էր հակաբռնությամբ, բայց պնդում եմ, որ այն թափանցել էր ավելի խորը, քան ցանկացած այլ գաղափար, ընդ որում՝ անհավանական կարճ ժամանակամիջոցում: Մենք բոլորս հակաբռնության միատեսակ համախոհներ չէինք, և ճնշող մեծամասնության համար հակաբռնությունը քաղաքականության հարց էր։ Բայց այնուամենայնիվ ուզում եմ հասկանաք, որ երկիրը հակաբռնության գաղափարի օգնությամբ է հսկայական առաջընթաց քայլ արել:

    Բավականին լարված նախապատրաստություն է անհրաժեշտ, որպեսզի հակաբռնությունը դառնա մենթալիտետի բաղկացուցիչ: Ամենօրյա կյանքում դա պետք է կարգապահության ճանապարհը լինի (չնայած ոմանց սա կարող է և դուր չգալ), ինչպես, օրինակ, զինվորի կյանքն է: Բայց համաձայն եմ, որ քանի դեռ գիտակցության կողմից ուժգին անկեղծ աջակցություն չկա, կարգուկանոնի միայն արտաքին պահպանումն ընդամենը դիմակ կլինի՝ վնասակար ինչպես կրողի, այնպես էլ ուրիշների համար։ Վիճակի կատարելության կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ միտքը, մարմինն ու խոսքը համաձայնության մեջ են: Բայց դա լարված մտավոր մշտական աշխատանք է: Չի կարելի ասել, թե ես ընդունակ չեմ, օրինակ, ցասման, բայց համարյա բոլոր դեպքերում ինձ հաջողվում է ղեկավարել իմ զգացմունքները:

    Արդյունքն ինչ էլ լինի, իմ մեջ միշտ գիտակցական պայքար կա հակաբռնության օրենքին նպատակասլաց ու անընդհատ հետևելու համար: Այդպիսի պայքարը մարդուն ավելի ուժեղ է դարձնում հետագա պայքարի համար: Խաղաղությունն ուժեղների զենքն է: Թույլերի մոտ դա հեշտությամբ կարող է վերածվել երեսպաշտության: Վախը և սերը հակասական հասկացություններ են: Սերը խենթորեն տալիս է՝ չմտածելով, թե փոխարենն ինչ կստանա: Սերը պայքարում է ամբողջ աշխարհի դեմ, ինչպես և ինքն իր դեմ, և ի վերջո իշխում է մնացած բոլոր զգացմունքներին: Իմ (նաև ինձ հետ աշխատող մարդկանց) ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ ցանկացած խնդիր լուծելի է, եթե վճռականորեն տրամադրված ենք ճշմարտության և հակաբռնության օրենքը կյանքի օրենք դարձնելու։ Ինձ համար ճշմարտությունը և հակաբռնությունը նույն մեդալի կողմերն են:

    Սիրո օրենքը միշտ գործում է, ինչպես ձգողականության օրենքը, անկախ նրանից՝ դա գիտակցում ենք, թե ոչ: Ինչպես գիտնականն է հրաշքներ է գործում՝ տարբեր ձևերով օգտագործելով բնության օրենքը, այդպես էլ սիրո օրենքը խնամքով կիրառող մարդը կարող է ավելի մեծ հրաշքներ գործել: Խաղաղության ուժը անսահման ավելի նուրբ և հրաշալի է, քան բնության նյութական ուժերը, ինչպես օրինակ՝ էլեկտրականը: Սիրո օրենքը բացահայտած մարդիկ ավելի մեծ գիտնականներ են եղել, քան ժամանակակից որևէ գիտնական: Ուղղակի առայժմ մեր հետազոտությունները բավարար չեն, այդ պատճառով էլ բոլորը չեն կարող տեսնել հաջողությունները: Համենայն դեպս այսպիսին է պատրանքը (եթե պատրանք է), որն ինձ օգնում է, որ աշխատեմ: Ինչքան շատ եմ դիտարկում այս օրենքը, այնքան ավելի շատ եմ զգում կյանքի ուրախությունը, մեր տիեզերքի կառուցվածքում առկա ուրախությունը: Դա ինձ հակաբռնություն է տալիս և բնության այն գաղտնիքների բացատրությունը, որոնք անկարող եմ նկարագրել»:


    Մահաթմա Գանդի

    Թարգմանություն՝ Հովիկ Չարխչյան

    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Գանդիի հակաբռնության մեթոդը՝ Սատյագրահա սկսել է way Նայել օրիգինալ գրառումը
  • Հարցում

    Ըստ Ձեր պատկերացման երբևէ ընդունելի՞ է Արցախի հիմնախնդրի փոխզիջումային տարբերակը (ձայն: 24)

    1. Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով (ձայն: 14)

    2. Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը (ձայն: 8)

    3. Դժվարանում եմ պատասխանել (ձայն: 2)

    Եթե ընտրությունը լինի առաջիկա կիրակի օրը, ունենաք ընտրելու իրավունք, հնարավորություն (ձայն: 34)

    1. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն (1. Խաչատուր Քոքոբելյան 2. Հրանտ Բագրատյան 3. Ստյոպա Սաֆարյան) (ձայն: 0)

    2. «Ելք» դաշինք (1. Էդմոն Մարուքյան 2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան) (ձայն: 13)

    3. «Ժառանգություն-Համախմբում-Հաղթանակ» դաշինք (1.Սեյրան Օհանյան 2. Արմեն Մարտիրոսյան 3. Վարդան Օսկանյան) (ձայն: 0)

    4. «Ծառուկյան» դաշինք (1 Գագիկ Ծառուկյան 2 Իշխան Զաքարյան 3 Նաիրա Զոհրաբյան) (ձայն: 1)

    5. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք (1. Լևոն Տեր–Պետրոսյան 2. Ստեփան Դեմիրճյան 3. Լևոն Զուրաբյան) (ձայն: 9)

    6. Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1. Տաճատ Սարգսյան 2. Վազգեն Սաֆարյան 3. Գագիկ Մանուկյան) (ձայն: 2)

    7. «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն (1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան) (ձայն: 1)

    8. «Հայկական Վերածնունդ» կուսակցություն (1. Արթուր Բաղդասարյան 2. Մհեր Շահգելդյան 3. Հեղինե Բիշարյան) (ձայն: 0)

    9. Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն (ՀՅԴ) (1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Դավիթ Լոքյան) (ձայն: 0)

    10. Կբոյկոտեմ ընտրությունները (ձայն: 4)

    11. Չի հետաքրքրում կամ չեմ կողմնորոշվել (ձայն: 4)

    12. Քվեաթերթիկս կդարձնեմ անվավեր (ձայն: 0)

    Ո՞ր թարգմանություն(ներ)ն եք ամենաշատը հավանում. (ձայն: 21)

    1. Տարբերակ 1 (ձայն: 4)

    2. Տարբերակ 2 (ձայն: 4)

    3. Տարբերակ 3 (ձայն: 7)

    4. Տարբերակ 4 (ձայն: 2)

    5. Տարբերակ 5 (ձայն: 1)

    6. Տարբերակ 6 (ձայն: 14)