• Նրանք խաբել են Մահին - Արոն Ռալստոն

    Արոն Ռալստոն

    Ծանոթացեք. Արոն Ռալստոնը «Ինտել» ընկերության ինժեներներից է: Առավոտյան գնում է աշխատանքի, երեկոյան գալիս է տուն, ազատ ժամանակը սիրում է անցկացնել բնության գրկում:

    Այս մարդը խաբել է Մահին:





    Մի օր Արոնը վեր կացավ, գնաց զբոսնելու և վերադարձավ հինգ օր անց՝ առանց աջ ձեռքի: Նա ինքն էր կտրել իր աջ ձեռքը:

    Արոնը սիրում էր լեռներ մագլցել, կամ իջնել զանազան քարանձավների մեջ: Օրերից մի օր՝ հերթական միայնակ արշավի ժամանակ, երբ նա պարանով իջնում էր ինչ-որ նեղ ճեղքի մեջ, մի ահռելի քար գլորվեց ներքև ու իր տակ ճզմեց Արոնի ձեռքը: Մարդը մենակ էր, քաղաքակիրթ աշխարհից շատ հեռու և առանց որևէ կապի միջոցի: Հինգ օր շարունակ նա ապարդյուն փորձում էր տեղից շարժել ժայռի կտորը: Ապա նա հասկացավ, որ կմեռնի, եթե վճռական քայլերի չդիմի:





    Հաշվի առնելով, որ սեփական վերջույթը պարզապես կտրել-պոկելու միտքը գուցե այնքան էլ չզարմացնի մեր ամենափորձառու ընթերցողներին, հարկ ենք համարում նշել, որ Արոնը նախ ստիպված էր կոտրել իր ձեռքը՝ այն խփելով հենց նույն քարին, որի տակ այն ճզմված էր: Ապա եկավ ամենադժվար գործի հերթը. կտրել սեփական կենդանի մարմինը:





    Բարեբախտաբար՝ Արոնի հետ էր իր հավատարիմ ծալովի դանակը: Դժբախտաբար՝ այդ հավատարիմ ծալովի դանակը մի շատ սովորական անորակ զիբիլ էր՝ երևի Նոր Տարվա կամ տարեդարձի էժանագին նվերներից մնացած: Գումարած սրան՝ ասել, որ մարդը բախտավոր է, երբ սեփական ձեռքը կտրելու գործիք ունի, մոտավորապես նույնն է, եթե ասես, որ դու բախտավոր ես, եթե վրադ կարագ է քսած, երբ քեզ ողջ-ողջ խորովում են վառարանի մեջ:





    Ամեն դեպքում՝ Մահը չէր ուզում այդքան հեշտ հանձնվել: Իր ձեռքի միսը փոքրիկ դանակով կտրելուց հետո Արոնը ստիպված էր օգտագործել աքցանը՝ պոկելու համար սեփական ջլերը, որ բթացած դանակը արդեն չէր կտրում: Եթե ձեզ թվում է, որ մինչև հիմա ներկայացրած մանրամասնությունները դեռ այնքան էլ սարսափելի չեն, ապա առաջարկում ենք դիտել ներքևի հարցազրույցը: Այնտեղ Ռալստոնը պատմում է, թե ինչպես իր ձեռքն արդեն սկսել էր փտել, երբ ինքը վերջապես պոկվեց քարից:





    Ի վերջո՝ Արոնը ազատվեց քարից, չարախնդաց Մահվան երեսին ու գնաց օգնություն գտնելու: Իսկ կորցրած ձեռքը նա փոխարինեց մագլցելու համար նախատեսված փոքրիկ քլունգով՝ այդպիսով ևս մեկ քայլ մոտեցնելով մարդկությանը մեր էվոլյուցիայի երանելի վերջին կետին:





    Եվս մեկ անգամ դիտեք վերևի տեսանյութն ու մտածեք. իսկ դուք կկարողանայի՞ք:
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Նրանք խաբել են Մահին սկսել է Հայկօ Նայել օրիգինալ գրառումը
    Մեկնաբանություն 2 Մեկնաբանություն
    1. Ֆոտոն-ի ավատար
      Ֆոտոն -
      Հա՛մ սարսափազդու է, հա՛մ քաջ արարք, իսկապես ինձ չկարողացա պատկերացնել նրա տեղում:
    1. Հայկօ-ի ավատար
      Հայկօ -
      Բա շարունակությու՞նը ուր ա :