• Մերին և Մաքսը / Mary and Max

    Մերին և Մաքսը / Mary and Max




    Ավստրալիա, 2009

    Ռեժիսյոր՝ Ադամ Բենջամին Էլիոտ
    Սցենարիստ՝ Ադամ Բենջամին Էլիոտ
    Դերերում՝ Տոնի Կոլետ, Ֆիլիպ Սեյմուր Հոֆման, Էրիկ Բանա, Բերի Համֆրիզ, Բետանի Ուիթմոր, Ռընե Գեյեր, Ջուլի Ֆորսայթ և ուրիշներ
    IMDb-ի գնահատականը՝ 8.3/10 (4,369 ձայն)
    Ժանրը՝ կոմեդիա, դրամա, մուլտֆիլմ
    Պաշտոնական սայթը՝ http://www.maryandmax.com/


    Նամակագրական մտերմություն… Սա հեռավոր ավստրալիական քաղաք Մելբուռնի արվարձաններում ձանձրացող 8-ամյա աղջնակ Մերի Դինկլի և Նյու-Յորքում բնակվող 44-ամյա միայնակ մարդու՝ Մաքս Հորովիցի զարմանալի ընկերության պատմությունն է: Չնայած իրենց միջև եղած մայրցամաքներին ու տարիքային հսկայական տարբերությանը՝ Մերին ու Մաքսը տարիներ ի վեր ամուր են պահում իրենց բարեկամությունը: Իրենց նամակներում նրանք քննարկում են այն ամենն, ինչ անհանգստացնում ու հետաքրքրում է նրանցից յուրաքանչյուրին: Սա հուզիչ, սակայն ոչ երբեք՝ պարզունակ պատմություն է…



    Մեր օրերում մեծահասակների համար մուլտֆիլմերը, այն էլ՝ էրոտիկ բովանդակություն չունեցող, խիստ հազվագյուտ երևույթներ են: Հենց թեկուզ միայն այս պատճառով Ադամ Էլիոտի նոր աշխատանքն արժանի է առանձնահատուկ ուշադրության: Եվ մի՛ զարմացեք կամ անհանգստացեք, եթե ռեժիսյորի անունը ձեզ անծանոթ լինի: Ավստրալացու մեծ պոտենցիալի մասին սկսեցին խոսել դեռ 2004 թվին, երբ նա արժանացավ ամերիկյան Կինոակադեմիայի մրցանակին՝ լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմի՝ «Հարվի Կրամպետի» համար: «Մերին և Մաքսը» ռեժիսյորի լիամետրաժ դեբյուտն է: Եվ այս դեբյուտը աշխարհով մեկ՝ միջազգային տարբեր կինոփառատոններում, արդեն բազմաթիվ մրցանակներ է շահել և շարունակում է իր հաղթական արշավն ամբողջ աշխարհի մեծ էկրանների վրա:



    Էլիոտի գրած սցենարի հիմքում իրական պատմություն է, որը կարող էր տեղի ունենալ միայն մեր դարում: Մեր դարում, երբ գրեթե երեսուն տարվա տարիքային տարբերությունը չի խանգարում հաղորդակցվելուն: Մեր դարում, երբ մարդը կարող է ապրել բազմամիլիոնանոց մեգապոլիսի կենտրոնում ու մենակ լինել: Ուրբանիզացիայի այս Ոսկեդարում, որը կուտակում է մարդկանց ահռելի խմբերի մեջ և միայնակներին հասկացված լինելու շանս գրեթե չի թողնում… Եվ երբեմն մարդկային խելագար «հոսքից» դուրս մնացածներին մնում է միայն մեկ բան՝ սովորական նամակագրությունը: Նամակագրություն՝ բացարձակապես ոչ մի բանով քեզ չնմանվող մարդու հետ, ում հետ ոչ մի ընդհանուր բան չունես: Տարբեր տարիքներ, տարբեր կենսափորձեր, տարբեր աշխարհագրական դիրքեր… Եվ այդուհանդերձ՝ զարմանալի հոգևոր մտերմություն. գուցե՝ սահմանափակ, սակայն այնուամենայնիվ՝ մտերմություն: Իսկ գուցե՝ ևս մեկ ապացույց, որ այս աշխարհի երեսին յուրաքանչյուր ոք ունի իր հոգևոր կեսը:



    Բացի այդ՝ «Մերին և Մաքսը» հագեցած է բազմաթիվ նուրբ, բայց կարևոր մանրուքներով, կինեմատոգրաֆիական գրավչության ու հմայքի մի ողջ փնջով, որոնց ոչ միշտ է հնարավոր տրամաբանական բացատրություն տալ, սակայն որոնք հստակ աշխատում են զգայական մակարդակում: Օրինակ՝ գլխավոր հերոսների նամակագրական կապը ոչ թե այսօր արդեն սովորական դարձած էլեկտրոնային փոստի միջոցով է, այլ հասարակ թղթե նամակներով, ինչը միայն լրացուցիչ շարմ է հաղորդում մուլտֆիլմին: Բացի բուն ռեժիսուրայից՝ մուլտֆիլմի մեջ «սուզվելուն» նպաստում են նաև երկու առանցքային գործոններ՝ համակրելի, թեկուզև՝ մի քիչ մռայլ պատկերը և հրաշալի երաժշտությունը: Հատկապես հաջող է ստացվել ֆիլմի վիզուալ բաղադրիչը. «տիկնիկային», պլաստիլինե գրաֆիկայի ու ուրույն գունային գամմայի համադրությունը մի առանձնահատուկ ու անկրկնելի մթնոլորտ է ստեղծում Էլիոտի ստեղծագործության ողջ ընթացքում: Հերոսներից յուրաքանչյուրի մասին պատմող հատվածները ձևավորված են սեփական առանձին գույներով. Մաքսին հատուկ է համատարած գորշ գույնը, Մերիին՝ խամրած դարչնագույնը: Իսկ երբեմն-երբեմն էկրանին փայլող վառ գույների կաթիլներն ասես հիշեցնում են հանդիսատեսին, որ նույնիսկ ա՛յս աշխարհում ուրախություն ու պարզություն կա, սակայն այդ պահերը չափազանց քիչ են, և ուրեմն՝ դրանք հարկավոր է հատկապես թանկ գնահատել:



    Եզրափակելով՝ նշենք, որ «Մերին և Մաքսը» մուլտֆիլմ է՝ ըստ ձևի, բայց ոչ՝ ըստ բովանդակության: Իր բովանդակությամբ սա լիարժեք դրամա է, որ լի է ամենատարբեր (և ոչ միշտ՝ պայծառ) հույզերով: Իսկ տեխնիկական իրականացման առանձնահատկությունների շնորհիվ հանդիսատեսի ու հերոսների միջև կապը ավելի արագ է հաստատվում. ի վերջո՝ շատ ավելի հեշտ է քեզ նույնացնել պլաստիլինե աբստրակտ ու ճկուն կերպարի հետ, քան թե՝ կոնկրետ, կենդանի դերասանի: Մուլտֆիլմի՝ մինչև այսօր ստացած բազմաթիվ արձագանքների ճնշող մեծամասնությունը խիստ դրական է: Իսկ սա նշանակում է, որ կինոթատրոնների էկրաններին ծնվել է հերթական փոքրիկ հրաշքը: Հրաշք, որ արվեստի յուրաքանչյուր իսկական երկրպագու պարզապես պարտավոր է տեսնել:



    Բոնուս. 2004 թվականին «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում Օսկարի մրցանակակիրը՝ «Հարվի Կրամպետ».


  • Հարցում

    Բանակում ծառայե՞լ ես (ձայն: 129)

    1. Ծառայել/ծառայում եմ, լավ էր (ձայն: 28)

    2. Ծառայել/ծառայում եմ, վատ էր (ձայն: 16)

    3. Սովորում եմ (ձայն: 11)

    4. Ազատված եմ (ձայն: 23)

    5. Ծառայելու եմ մեծ ցանկությամբ (ձայն: 6)

    6. Ծառայելու եմ, կամքիս հակառակ (ձայն: 12)

    7. Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում (ձայն: 2)

    8. Աղջիկ եմ (ձայն: 31)