• Ակումբը, հայերեն.ամ նախագիծն ու կայքերի մրցույթները

    Անցնող 2010 տարում Հայաստանում անցկացվեց միանգամից երկու կայքերի մրցանակաբաշխություն. սկզբից ArmNet Awards 2010 մրցույթն էր, ապա Էլ. բովանդակության V համահայկական մրցույթը:

    «Դար» ակումբ և Հայերեն.ամ նախագիծ կայքերը երկու մրցույթներին էլ մասնակցեցին: Ժամանակն է ամփոփելու արդյունքներն ու նվաճումները:

    ArmNet Award 2010 մրցույթը նախատեսված էր անցկացնել երկու փուլով: Առաջին փուլը հանրային քվեարկության փուլն էր, որի ժամանակ ինտերնետի օգտվողները պետք է քվեարկեին իրենց նախընտրած կայքերի օգտին, առավելագույն ձայներ ստացած 70 կայքերը պետք է անցնեին եզրափակիչ փուլ՝ հանձնվելով ժուրիի դատին: Հանրային քվեարկության ընթացքը շատերին մտահոգեց, ստիպեց մտածել, որ այն իրեն չի արդարացրել: Քվեարկության ավարտից քիչ առաջ 11 կայքեր, այդ թվում «Դար» ակումբը և Հայերեն.ամ-ը տարածեցին մրցույթի հանրային քվեարկության ընթացքի մասին հայտարարություն, որում մանրամասն շարադրեցին իրենց մտահոգությունները: Հայտարարությունը հրապարակվեց մամուլում, ուղարկվեց կազմակերպիչներին: Մրցույթի կազմակերպիչները հաջորդ օրը տարածեցին հաղորդագրություն, որով տեղեկացրին, որ հանրային քվեարկությունը չեղարկվում է, նշելով նույն մտահոգությունները, որոնք նշված էին 11 կայքերի տարածած հաղորդագրության մեջ: Չնայած այս ամենին, հանրային քվեարկության ընթացքին, դրա՝ իրեն չարդարացրած լինելուն, իմաստավորված է նորից նայել արդյունքները:

    «Դար» ակումբ կայքը ստացել էր 892 քվե, բոլոր կայքերի մեջ զբաղեցնելով 15-րդ, իսկ «Ֆորումներ և պորտալներ» կատեգորիայում՝ 1-ին տեղը:

    Հայերեն.ամ նախագիծը ստացել էր 415 քվե, բոլոր կայքերի մեջ զբաղեցնելով 39-րդ, իսկ «Համակարգիչներ և ինտերնետ» կատեգորիայում՝ 3-րդ տեղը:

    Երկու կայքերն էլ, անկախ ամեն ինչից, անցնում էին եզրափակիչ ու հայտարարության կազմակերպչական աշխատանքներին մասնակցելն ու դրան միանալը պայմանավորված էր միայն ու միայն նկատած անարդարության հետ անհամաձայնության, այլ ոչ թե ձեռք բերած սեփական արդյունքների հետ, որոնք պարտավորեցնող ու բավարարող էին: Ստացված բոլոր քվեները մեր համար խիստ կարևոր ու ոգևորիչ են, որոնք հարկադրելու են սկսած գործերը շարունակել նույն եռանդով, նվիրումով:

    ArmNet Awards 2010 մրցույթի եզրափակիչ փուլ մտան բոլոր՝ 600-ից ավելի կայքերը, հանձնվելով ժուրիի դատին: Սա ավելի լուրջ ու դժվար մրցակցություն էր, քան կարող էր լինել, եթե անցնեին միայն 70 կայքերը, որտեղից անարդարացիորեն դուրս էին մնացել բազմաթիվ արժանի ու լավ կայքեր. մրցույթի եզրափակիչ փուլում հաղթած կայքերից միայն երկուսն էին, որ առաջին փուլի ժամանակ մտել էին առաջին 70 կայքերի շարքը, այն էլ՝ վերջին հորիզոնականներով: Ի վերջո մրցույթի 5 հիմնական անվանակարգերում նոմինացվեցին 4-ական կայքեր (այդ անվանակարգերից բացի կար գլխավոր մրցանակ, որը տրվելու էր այդ հինգից մեկին, հատուկ մրցանակ՝ սահմանված Orange ընկերության կողմից և մեկ խրախուսական-շնորհակալական մրցանակ, որը շնորհվեց freenet.am կայքին): Նոմինացված, հաղթանակի հավակնորդ կայքերից մեկը hayeren.am-ն էր՝ «Լավագույն նորարարություն» կատեգորիայում, թեև հաղթող ճանաչվեց e-gov.am կայքը: Այսպիսով, ժուրիի կողմից hayeren.am կայքը համարվեց 4 լավագույն նորարական կայքերից մեկը: Սա նույնպես ոգևորիչ ու պարտավորեցնող արդյունք էր, որը մեզ ստիպելու է շարունակել մեր աշխատանքը, վերազինել ու նորացնել, ավելի լավացնել մեր կայքը:

    Մրցույթում հաղթած ու նոմինացված կայքերի ամբողջական ցանկը, ինչպես նաև հանրային քվեարկության արդյունքները կարելի է գտնել մրցույթի պաշտոնական էջում:



    Այսպիսով ավարտվեց ArmNet Awards 2010 մրցույթն էր, սկսվեց Էլ. բովանդակության V համահայկական մրցույթը: Ի տարբերություն նախորդի՝ սա առաջին փորձը չէր, հինգերորդն էր, և ի տարբերություն նախորդի չուներ հանրային քվեարկության փուլ:


    Մրցույթին մասնակցում էին 300-ից ավելի կայքեր, ժուրին գնահատում էր բոլոր կայքերը: Ժուրիի մեջ տասից ավելի մարդ կար, բոլորը ՏՏ ոլորտում հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալներ: Դեկտեմբերի 30-ին «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Սահմանված էր 16 մրցանակ, 8 գլխավոր և 8 առաջին կարգի, նաև խրախուսական մրցանակներ: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Հայերեն.ամ նախագիծը արժանացավ առաջին կարգի մրցանակի՝ շահելով 150000 դրամ: Այս հաղթանակը նույնպես ոգևորում ու պարտավորեցնում է մեզ՝ հարկադրելով նորից ու նորից շարունակել նախագծի զարգացումը: Շահած գումարն ամբողջովին ներդրվելու է նախագծերի զարգացման ու տեխնիկական սպասարկման գործին:

    Այս մրցույթի հաղթողների ամբողջական ցանկը կարող եք գտնել մրցույթի պաշտոնական էջում: Մենք շնորհավորում ենք բոլոր հաղթողներին՝ ցանկանալով նորանոր նվաճումներ:



    Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ մրցույթներով հագեցած 2010 տարին մեր նախագծերի համար լավ ու գնահատականի արժանացման տարի էր, որի տված ոգևորության արդյունքները մեր այցելուները կճաշակեն հաջորդ՝ 2011 տարում:
    Մեկնաբանություն 8 Մեկնաբանություն
    1. Moonwalker-ի ավատար
      Moonwalker -
      Ըստ էության երկրորդ մրցույթի ու դրան 2 նախագծերի մասնակցության մասին իմացա միայն հոդվածից: Ի սրտե շնորհավորում եմ Հայերեն.ամ-ին: Նախագիծն անկասկած արժանի էր գնահատանքի ու մրցանակի:
      Հայերեն.ամ-ին մաղթում եմ բաժինների ու բաղադրիչների ավելացում, իսկ աճի տեղ անգամ ես՝ ՏՏ-ից ոչ լավատեղյակս տեսնում եմ: Նմանատիպ կայքը մեզ՝ հայերիս շատ է անհրաժեշտ:
      Իսկ Ակումբին նոր տարում մաղթում եմ հետաքրքիր անդամների նոր «խմբաքանակ» ու իմաստալից գրառումների նոր բազմազանություն: Ու մի բան էլ. իմ կյանքի մի մասնիկը դարձած այս կայքի որոշ բաժիններում էլ հանդուրժողականություն ու փոխըմբռնումը թող մի՜ քիչ ավել լինի:
      Հա ու էս 2 նախագծերի նախաձեռնող-իրականացնողներին կուզենայի անկեղծ շնորհակալությունս հայտնել: Շարունակեք նույն ոգով: Չնայած ձեզանից ոչ մեկից անձնապես չեմ ճանաչում, բայց բոլորովդ էլ հպարտանում եմ: Երանի ձեր նման նվիրված էտնուզիաստները տարբեր ոլորտներում շատ լինեն: Աստված ձեզ հետ:
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Մրցույթի մասին հաղթող մեկ այլ կայքում՝ bravo.am-ում: Նյութում կա նաև նկար՝ իմ ու Արշակի դիպլոմը ստանալու պահից.



      Առիթից օգտվելով շնորհավորում եմ bravo.am կայքի բոլոր ստեղծողներին ու շահագործողներին: Կայքը նույն անվանակարգում էր, ինչ ակումբը, ու ես առանց որևէ ձևականության ասում եմ, որ համարում եմ, որ Բրավոյինն արժանի հաղթանակ էր:
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Մրցույթի մասին կարող եք կարդալ նաև մեկ այլ մրցանակակրի՝ 1in.am-ի կայքում: Սիրով շնորհավորում եմ 1in.am-ի մեր գործընկերներին ու մաղթում նորանոր հաջողություններ: Կարճ ժամանակում կայացած լրատվական կայք, որն արդեն դարձել է շատ-շատերի ամենօրյա այցելության լրատվական աղբյուր: Վստահ եմ, որ համագործակցության մասին նախնական պայմանավորվածությունը հրաշալի պտուղներ կտա:
    1. ars83-ի ավատար
      ars83 -
      Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
      Մրցույթի մասին հաղթող մեկ այլ կայքում՝ bravo.am-ում: Նյութում կա նաև նկար՝ իմ ու Արշակի դիպլոմը ստանալու պահից.
      Շնորհավորում եմ մրցանակ ստանալու կապակցությամբ, և առիթից օգտվելով՝ շնորհակալություն հայտնում ֆորումի հիմնադիրներին:

      Կայքը նույն անվանակարգում էր, ինչ ակումբը, ու ես առանց որևէ ձևականության ասում եմ, որ համարում եմ, որ Բրավոյինն արժանի հաղթանակ էր:
      Որպես շարքային օգտագործող հետևեցի տեղադրված հղմանը և հայտնվեցի bravo.am կայքում, որն ինձ դիմավորեց «Դիտեք. Էմմիի "Don't Feel Good" տեսահոլովակը Videos բաժնում» (անհասկանալի միջակետով կետադրությամբ), ստանդարտ փայլփլուն պաստառով, իրար վրա կիտած լուրերի վանդակներով, կիսաթարգմանված բաժինների վերնագրերով: Ինչն առավել զարմանալի էր. կայքը գնահատվել էր որպես լավագույնը e-Contents (!) մրցույթում, ասել է, թե ժյուրին համարել է, որ լավագույն պարունակությունն ունի տվյալ կայքը: Ցավոք, իմ անձնական կարծիքով, սա խոսում է միայն ժյուրիի ոչ կոմպետենտության և մրցույթի ցածր մակարդակի մասին: Ստիպված եմ չհամաձայնել հետդ, Արտակ:
    1. ArmBoy-ի ավատար
      ArmBoy -
      Շնորհավորանքներս hayeren.am-ին, իրոք, արժանի հաղթանակ էր:

      Բավականին տարակուսեցի էլ.առողջապահության բաժնում լավագույնին (կրկնեմ նախորդ մեկնաբանողի միտքը՝ խոսքը ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅԱՆ մրցույթի մասին է) ընտրելու չափանիշներից: Միտքս շարադրված է այստեղ, որպես որպես ՍԻՍ-ի մեկնաբանություն: Համ էլ՝ շնորհավոր բոլորիս Ամանորը:
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Շնորհակալություն շնորհավորանքների համար

      Ինքս ուզում եմ զերծ մնալ մյուս կայքերի արժան-անարժան լինելը նման կերպ քննարկելուց: Որքան որ նայել եմ, նկատել եմ, որ արժանի կայքեր են հաղթողները, ինչը բնավ չի նշանակում, որ չհաղթածներն անարժան են, կամ թե այլ ժուրիի դեպքում իրենք չէին հաղթի:
    1. Universe-ի ավատար
      Universe -
      Միանում եմ շնորհավորնքներին: Հայերեն.am ին երկար կյանք...
    1. akarp-ի ավատար
      akarp -
      Շնորհավորւմ եմ